пятница, 28 августа 2015 г.

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն


Բարև Ձե՜զ, բառեր….


 Մեկնում ես ձեռքդ բարևում`
Բարևող չկա,
Բոլոր ձեռքերը զբաղված են
Աղոթքով-
Տեսնես ո՞ւմ  համար:

Քայլ ես անում դեպի բեմ-
Ներկայացում է՝ պատկեր,
Որտեղ մեկը սպանում է մյուսին,
Ծափահարում են բոլոր ձեռքերը
Համերաշխ-
Միասին:

Ձեռքդ ե՛րգ է գրում,
Երգում է տմարդին,
Բառդ վիրավորվում է
Ընկնում դիմացի մայթին:

Մայթով քայլում է մի ժպիտ-
Տրորում բառդ,
Շրջվում ես  անսպասելի
Ու ինքդ ես ժպտում
Բացվող դռանդ:

Մեկնում ես ձեռքերդ
Գրկում մի պատկեր:

Պատկերը՝ երգեր ալեհեր,
Այրվող թռչուններ են օդում,
Վերադառնում են բումերանգի պես,
Գլուխ խոնարհում:

Քաղցրանում է արյունդ դեղձի հյութի նման…
Ծավալվում է քո մեջ
Բա՛ռդ վիրավոր,
Խառնուրդն այդ թանձր
Մերկ կնոջ նման մոտենում է քեզ
Մեկնում ես ձեռքդ բարևում՝
Բարև Ձե՜զ,
Բարև Ձե՜զ բառեր….

Ս.Ումառ-Հարությունյան





четверг, 27 августа 2015 г.

Լեզուն անցյալի


Գլխիդ վրա հիմա սավառնում են թևեր
Խոսո՜ւմ են քեզ հետ-
Չե՛ս լսում նրանց,
Թափվում են քեզ վրա ցայգացող ծաղիկներ՝
Ճեղքում հուշերիդ հորձանուտն անձայն:

Այնքա՜ն բնական կարծես կողքիդ են
Հեռացա՜ծ, բայց ներկա
Հարազատ դեմքեր,
Ձեռքիցդ բռնած եթեր-ճամփեքով
Քեզ ուղեկցում են դեպի հեռուներ:

Մի՛ տխրիր, մենա՛կ չես, լո՛ւյսի է  փոխվել
Սիրտդ կարոտող
Ու բարձրացել է լույսը սրտիցդ՝
Դարձել աղոթող…

Կար մի ժամանակ, երբ հավաքվում էինք
Ուրախանալու
Չնչին պատճառով,
Հիմա ուրախանում ենք, երբ հանդիպում ենք
Նույնիսկ շատ տխուր առիթով:

Ի՞նչ արած,
Նոսրանո՜ւմ ենք,
Պակասո՜ւմ,
Գլխներիս վրա ավելանում են թևեր-
Խոսում անցյալով:

Ս.Ումառ-Հարությունյան





Երկխոսություն



Երկխոսությունը այսպե՛ս է սկսվում…
Դու հա՛րց ես տալիս-
Լսել չես ուզում՝
Այսինքն ուզում ես լսել ա՛յն
Ինչ ի՛նքդ ես ուզում,
Ես էլ խոսում եմ
Ու քեզ չե՛մ լսում-
Այսինքն ուզում եմ լսել այն՝
Ինչ ե՛ս եմ ուզում,

Մի վարագույր է աստղերին ծածկում,
Լուսնին՝ քմծիծաղը շուրթին,
Մի տապան է հայտնվում երկնքում
Ու հանդարտ իջնում կոպերին:

Դու ո՞ւմ որդին ես
Եվ կամ էլ դուստրը,
Որ չես հասկանում լեզուն բնության,
Երեկոն հագնում է իր գույնը
Խոսում իր լեզով դյութական:

Արդյո՞ք խորթ է մեզ սիրո առոգանությունը
Ու  էլ չի շոյում ձա՛յնը
Կարոտի՜,
Կրքի՜,
Մեղքի հրակեզ,
Դու հա՛րց ես տալիս,
Լսե՜լ չես ուզում,
Ես էլ խոսո՜ւմ եմ
Ու չե՛մ լսում քեզ:


Ս.Ումառ-Հարությունյան

Ուղղակի գիշեր


Կուլ չգնացող սև հացը-
Պատուհանիդ թառած սև ագռավ,
Ընդամենը պատկեր է
Ո՛չ թե  կյանքը դառնացած:

Քամու ձեռքով բացված դռանդ
Ճռինչը
Ո՛չ ավետիս է և ո՛չ էլ գուժկան…
Ծառից վայր ընկնող կկվի ճիչը՝
Լռությո՛ւնն է սպասման մեջ,
Ոչ թե սպասումը լռության…

Քայլող ծերունու ձեռքի փայտը
ուղեկցող չէ այլ հենակ,
Գուլպայի միջից թղթադրամ հանող
այրու դողացող ձեռքը
Ցա՛վ չէ, կսկի՜ծ չէ
Այլ ժամանակ…

Կուլ չգնացող սև հացը-
Պատուհանիդ թառած սև ագռավ,
Ուղղակի գիշե՜ր է,
Ուղղակի աչքեր-
Քարացած…


Ս.Ումառ-Հարությունյան