среда, 30 апреля 2014 г.

Քնքշություն...



Լուսանում էր:
Քնքշությունը ամաչեց խարույկի կրակից ու դառը ծխի հետ լողաց, փորձարեց հեռանալ:
Աստղերն էլ իրենց քնքշությունը տվեցին առավոտյան սառը ցողին:
Քնքշությունը լաց լինող ջութակ էր ու թավջութակի հոգոց,
նա իր նուբ ձայնով կանչում էր արծաթավուն սրնգին ,
իր ետևից քաշում,տանում էր կլարնետի թախծոտ ձայնը:
Կծկվել էր այրվող տերևների ծխահոտից…
… այնպես ինչպես լուսատիտիկն է կծկվում դաշտում մնացած վերջին չորոցած խոտի ետևում:
Ձեռքիս ափը չի կարողանում բաց թողնել քո ափը ու մատներիս արանքում զգում եմ սրտիդ զարկերը, որոնք իմ զարկերից մեկուկես անգամ արագ են:
Կրծքերդ ուրախանում են առաջին ձյունը տեսած երեխաների նման ու ուրախությունից փքվում:
Քնքշությունը ձգտում էր անսահմանության, որից պտտվում էին մեր մարմինները՝ հակառակ բոլոր օրենքների:
Քնքշությունն ապրում էր վերջին շունչը մեր իսկ օրենքներով:
Հինգշաբթի էր:
Քնքշությունն իր վերջին քայլերն էր անում ոտքի վրա մնալու համար:
Քնքշությունն իր բոլոր երանգներով խաղում էր իմ և քո հոգիների հետ:
Քնքշությունը քո մատների բարձիկները գրկած  անցնում էր
Իմ սրտի վրայով, սրտիս վրա զգույշ նկարում էր սիրտ:
Սիրտս տեղից ելել, ուզում էր թռչել, հեռանալ քնքշության հետ,
սիրտս անմոռաց պարում էր կրծքերդ վրա:
Քնքշության զույգ քույրերը՝ քո ափերը փակել են աչքերս ու շշնջում են.
« Մի նայիր հեռացող ոչ մի բանի, ես ատում եմ ճանապարհները,
ես վախենում եմ, սարսափում, որ կարող է դու էլ հեռանաս…
Հեռանալը մահ է…
Հեռանալի վերջն է…
Բայց ժամանակն էր հեռանալու ու նա հեռանում էր…
իմ աչքն էլ նրա ճանապարհին:
Քնքշությանը չդիմացավ նոր բացվող օրվա արևի այրող ճառագայթներին,
չկարողացավ պաշտպանվել մի քանի ժամվա անցյալի կրծքի տակ,
վայր ընկնող աստղի լացակումած ձայնին:
Հեռանալով շոյեց առավոտյան սառը ցողի այտերն ու…
Սառը ցողը վերածեց մի տաք արցունքի կաթիլի:
Լուսանում էր…

Ս.Ումառ

понедельник, 28 апреля 2014 г.

Քամին ու կակաչը




Քամին հայկական էր՝ տաք, կրքոտ, միայնակ ու քթի տակ երգելով երգ Երեքնուկի մասին, թափառում էր սարերում:
Քաղաքում անելու գործ չուներ, քաղաքը հանգիստ չէր սարերի ու սարալանջերի նման, որտեղ կարելի է հանգիստ, առանց շտապելու վայելել անդորրը…
Քամին հայկական էր, սառը, տխուր ու թևերին բարձած կրքի ուղեբեռը, շարունակում էր քթի տակ երգել այն Երեքնուկի մասին:
Քաղաքում անելու բան չուներ, եթե ինչ որ բան գտներ մխիթարվելու ապա դա լինելու էր այստեղ՝ սարերում կամ սարալանջերին:
Պատահականությունը Տիեզերքի կեղծանունն է ու հենց դա էր պատճառը, որ ընդհատվեց քամու երգը, երբ երեքնուկի փոխարեն հանդիպեց մի կակաչի:
Կակաչը կոկետ էր ու սև քրթը դուրս հանած կարմիր զգեստների միջից հոտոտեց քամուն…
Նա սիրում էր շոգ ամառը, ամպրոպը, գիշերը:
Տարօրինակ է, բայց սիրում էր նաև խուճուճ ու գորշ ամպերին:
Կակաչի երազանքն էր թռչել ու գնալ հեռու հեռվում երևացող սարերի գագաթների նստել, նայել վերևից անտառին ու ամառվա տապին շնչել սարերի ցուրտ օդը:
Կակաչն ուներ բոլոր երազանքները սիրելու ու սիրվելու:
Սիրահարվեց ինչը որ բնական էր… քամու համար, նաև կակաչի…
Քամին սկսեց նուրբ շոյել կակաչին, կակաչն էլ հոգնել էր վաղուց միայնակ մնալուց ու սկսեց պատասխանել քամու շոյանքներին, որն արտահայտվում էր իր գույնով ու բույրով:
Քամին սովորեց նրա պատասխաններին ու մտածեց, որ եթե նրան ավելի ուժեղ շոյի, սիրի, ապա ավելին կստանա նրանից:
Քամին ուժեղ մի վայրենի փնչոցով ընկավ նուրբ ու փխրուն ծաղիկի վրա:
Կակաչը չդիմացավ քամու կրքին ու կոտրվեց:
Քամին պտտվում էր նրա շուրջը, լաց լինում, աղոթում, օգնության էր կանչում ինչ որ երկնային ուժերի, շնչում էր ավելի նուրբ, գերնուրբ շնչով, որը չգիտես ինչու պահել էր իր մեջ, բայց կակաչին բարձրացնել չէր հաջողվում:
Վայրկյան առ վայրկյան թոռոմում էր գեղեցիկ ծաղիկը:
Կատաղությունից քամին բղավեց հայերեն.
- Ես քեզ տվեցի սիրո ամենամեծ ուժը, որ կար իմ մեջ, բայց սխալվեցի, քո մեջ չկար այն սիրո ուժը, որը կարող էր դիմանալ ինձ, դու ինձ չսիրեցիր…
Կակաչը ոչինչ չպատասխանեց ու մահացավ:
Լուսինը բարկությունից կարմրած ձգվեց ու ձեռքը դնելով քամու ուսին ատամների արանքիս ասաց:
- Սերը չի չափվում ուժգնության ու կրքի չափով, այլ նրբությամբ ու հուզումնալից հարաբերությամբ, ավելի լավ է զսպեիր քեզ, իսկ հիմա կորիր աչքիս…

Քամին մինչ օրս գլխիկոր փնտրում է…
Երբ հոգնում է փնտրելուց կատաղում է…
Հանգստանում է, նորից է փնտրում…
Նորից կատաղում…

Ս.Ումառ

Ինքնախաբեություն



«Ինքնախաբեություն» բառը փոխեցի
«Ազատություն» բառով…
Ու սլանում եմ  մետրոյի շարժասանդուղքով,
Այն միայն իջնում է,
Բարձրացողը չի աշխատում…
Ինչպես խաղամ - վեր ու վար…
Ցուրտ է, մրսում եմ,
Փորձում եմ ձեռքերս տաքացնել շնչովս,
Ստացվում է, բայց դրանիս սիրտս ավելի է մրսում…
Սիրտս տաքացնելու համար չեմ կարողանում ասել
«Տաքացրու»…
«Ինքնախաբեություն» բառը փոխել եմ
«Ազատություն» բառով …

Դեղատուն-Հայացք

-Մենք-
Երկար ժամանակ է հանդիպում ենք…
միայն հայացքներով:
Ժպտում ենք իրար, ու … անցնում:
Պակասում է ինչ որ բան, ոչ ես, ոչ Նա
Չենք հասկանում…
Օգնության է հասնում դեղատունը:
«Դե ասա, ի՞նչ ես ուզում», մտքում հարցնում է Նա:
Նա Կին է, ուժեղ ինչպես փոթորիկը…
Սպիտակ խալաթի մեջ Նա ավելի գեղեցիկ է քան փողոցում:
Փոթորիկները սպիտա՞կ են լինում…
Ես ժպտում եմ, Նա ժպտում է…
ու նորից մենք հանդիպում ենք հայացքով…

-Ես-
Օգնության է հասնում դեղատունը:
Նորից նայում ենք իրար…
Այնքան մոտիկ ենք իրար, որ կորցնում ենք
թաքնված մտքերի Հսկողությունը:
Երկուսիս աչքերն էլ փայլում են…
Առանց իրար հետ համաձայնության նայում ենք
Դռանը, որտեղից մարդ չի մտնում ներս,
գիշերը գեղեցիկ է Նրա նման:
Ուշ է… դեղատունն էլ գիշերային:
Ես…
Նա…
Շրջապատը կախարդական է ու…
Ուժեղը նա է…
- Քեզ սա կփրկի, վերցրո՛ւ, գուցե և ինձ…
Ձեռքերս այրում է այդ թղթի կտորը
Սեղմած կրծքիս դուրս եմ փախչում դեղատնից:

- Ես-
Հանգցնում եմ տանս բոլոր լույսերը
Վառում եմ մի մոմ – ռոմանտիկ,
Սափրվում եմ մոմի տակ, նստում
Գրասեղանիս մոտ ու վերջապես
Բացում եմ ծալած թղթի կտորը…
Հանդիպել էինք հայացքներով ես և Նա…
Ոչինչ չեմ հասկանում, աչքերս կարդալ չգիտեն,
Նրա ձեռքերն էլ գրել չգիտեն…

-Նա-
Նա գուցե կարդալ չգիտի, նա սպասել գիտի,
Նա գիտի հայացքով պատմել
Թե ինչպես է սիրում:
Նա թույլ է, տղամարդ,
Երկչոտ է, բայց…
Ինչքան կարելի է սպասել, բոլոր վառած մոմերս
Արդեն վերջանում են,
Գրողի ծոցը այդ դեղատունն էլ, աշխարհն էլ,
Գրողի ծոցն էլ այս զգեստը, որ հագա որը
Չունի սկիզբ, որը չունի վերջ…
Գրողի ծոցը նա ով հնարել է մենակությունը…
Բայց ինչո՞ւ մենակ, մի՞գուցե կգա…
Կգա՜…
Կսպասեմ, Նա ուղղակի ուշանում է…

-Վերջաբան-
Վազք աստիճաններով
Չէ որ առավոտ է,
Սլացք ավտոբուսով, ուշանում եմ…
Մեկ ուրիշ դեղատուն, Նա չէ իհարկե:
Նա չի կարող լինել միաժամանակ բոլոր
Դեղատներում:
Մի հաստ ակնոց է նայում դեմքիս
- Ձեզ ի՞նչ է հարկավոր:
- Սա, չկարողացա կարդալ, բժշկի ձեռագիր է:
Ակնոցը կարդաց գրածը, հետո դուրս եկավ դեմքից
Ու թառեց գլխի վրա:
- Երիտասարդ, սա դեղատուն է ոչ թե կատակատուն:
- Իսկ ի՞նչ է գրված, չկարողացա կարդալ, բժշկի ձեռագիր է:
Հայացքը երկար է, հարթ մակերեսով, այնպիսի հայացք
Որ շոյել չի լինի,
Փախչել չի լինի,
Պետք է դիմանալ:
Դիմանալ, դիմանալ մինչև որ կբացվեն զոդված
Շուրթերը ու դեղի անունը նետի արագությամբ
Կխրվի ականջս, կլցվի սիրտս ու…
- Այստեղ հասցե է, Փափազյան 24, բն. 8: