вторник, 8 апреля 2014 г.

Սովորի´ր սպանել



…Ես ուղարկված եմ սրով: 
Իմ վարդապետության քարոզիչները ո´չ փաստերի
թող դիմեն, ո´չ համոզման, այլ սրով կոտորեն այն մարդկանց, որոնք չեն հնազանդվի Իսլամի օրենքներին: Ճշմարիտ հավատի համար մարտնչողը թե´ հաղթելու, և թե´ սպանելու դեպքում փառավոր վարձատրություն կստանա:
Սուրը երկնքի բանալին է:
«Ղուրան»

1990 թվական:
Դաշտային ուղեկալներիի բոլոր պետերի այսպես կոչված <կաբինետները> միանման են:
Փոքր, կոկիկ, հատակը` դիզելային յուղով լվացած (մոծակների դեմ):
Գարիկը՝ մայոր Ղուկասյանը, տեղավորվեց կիսաքանդ բազկաթոռի մեջ:
- Զինվո՜ր:
Ներս մտավ կարճափող ինքնաձիգը ուսից կախած մի զինվոր:
- Արթիկցի Լյովին ասա´, գա:
- Լսու՜մ եմ:
«Գժվեցրին սրանք, հենց ոտս քաշում եմ մի բան անում են: Փորձանք են, ա~յ մարդ»:
Ներս մտավ կապուտաչյա մի զինվոր:
- Պարո´ն…
- Էդ «Բելառուս»-ը որտեղի՞ց է հայտնվել ուղեկալում:
Շատ լավ գիտեր, որ Արթիկցի Լյով մականունով զինվորը՝ Լևոն Մուրադյանը, մի քանի գյուղ այն կողմ`թուրքի մի գյուղում` այգիների մեջ հայտնաբերել էր մի տրակտոր, օրերով վերանորոգել իր ուժերով ու քշել բերել ուղեկալ:
Ուղեկալի միակ ենթասպան իրեն արդեն զեկուցել էր:
- Ասի` տղերքը մեղք են, ձեռով են փորում, ես էլ տրակտորով կքանդեմ:
Հեսա կովշն էլ դնեմ, կլնի թամամ:
- Արա՜, փոխանակ տանկ գողանաք, տրակտո՞ր եք գողանում: Լավ, գնա´: Ուղեկալից ռա´դ արա, պատի էն կողմը կանգնեցրո´ւ:
- Մայո´ր ջան, մի բան ասեմ: Մի երկու հարյուր մետր այն կողմ մի քանդած մատուռ կա, հայկական է: Մի քիչ սարքենք, երկու ռելսի կտոր կախենք, թելով կապենք, կլինի զանգ: Էդ էլ թո´ղ մեր եկեղեցին լինի:
- Պապադ տերտե՞ր ա:
- Չէ՜, մեր գյուղում տրակտորիստ:
- Գնա՜, աչքիս չերևա´ս:

* * *
1090 թվական:
…Սյունիքի երկրորդ հոգևոր դպրոցի` Վահանավանքի հիմնադրումից անցել էր ինը տասնամյակ, բայց բարեփոխիչները շարունակում, գեղեցկացնում էին նոր կառույցներով:
Կամարների կառուցմանը մասնակցում էին սրբակրոն եկեղեցականներն ու քրձական  աշակերտները:
Սենեքերիմ արքան դիտում էր այդ ամենը, տապակվում չոր, խառնիխուռն մտքերի մեջ:
Մի պահ պատկերացրեց հանկարծահաս ոսոխին ու փլատակների վերածված վանքերն ու հոյակերտ բերդերը:
Հետո նայելով Շահանդուխտ թագուհուն՝ ամաչեց իր մտքերի համար:
Ծանր ու թեթև արեց ժամանակի կշռաքարերը ու նախազգացումով տեսավ անխուսափելի ճակատամարտը:
Սելջուկյան ցեղերը համախմբված էին Սունջուկի Շերիֆ դրոշի ներքո:
Կապրի նա, ով ուժեղ է:

* * *
1990 թվական:
Երկաթն արծաթաձայն չէր, բայց հնչողության խորհրդավորությամբ նման էր եկեղեցական զանգերին:
«Զանգը» միշտ ղողանջում էր առավոտյան և երեկոյան նույն ժամերին:
Ե´վ առավոտյան, և´ երեկոյան զանգերից հետո լսվում էին օրվա հերթապահի սովորական դարձած ընդհանուր հրամանները:
Երեկո էր:
- Ուղեկա´լ, շարվի´ր ընթրիքի:
Ուղեկալի շենքի հետևի կողմից` բակում նստած են սպաներ, զինվորներ:
- Այսօր ի՞նչ ես եփել, Համո´:
- Կրիայից ապուր է, պարո´ն մայոր, սովորել ենք արդեն:
- Ոչի´նչ, մթերքը երկու օրից կլինի:
Սեղանին, որն արևից պաշտպանված էր պաղպաղակ վաճառողների մեծ հովանոցով, մոտեցավ հետախույզ Արթուրը:
- Գարի´կ, դռան մոտ մի գնդապետ է: Կատաղեց, երբ զինվորը ներս չթողեց: Քեզ է ուզում:
Մի քիչ հարբած է:
- Է~, էլի հարամվեց ճաշս…
Հեռվից տեսավ անգլխադիր գնդապետին: Ծխում էր:
- Արի´, արի´, մայո´ր: Էս ի՞նչ բերդ ես սարքել, մտնել չի լինում: Բարև´,- մեկնեց ձեռքը:
- Բարև´, դե´, կարգ է, այդպես է ընդունված:
Սեղմեց ձեռքը: Օղու հոտ էր գալիս բերանից:
Քիչ հեռու կ
ողապակիների փոխարեն երկաթյա ճաղերով զոդված մի «Գազել» էր կանգնած:
Մեքենայից իջան մի կապիտան ու մոտ 10-12 տարեկան  մի տղա`նման գնդապետին:
- Կարո՞ղ ենք ներս գալ: Համ կարգին կծանոթանանք, մի-մի բաժակ կխմենք իրար հետ, համ էլ գործ կա:
- Իհարկե´, համեցեք: Ձե՞ր տղան է:
- Դե լավ, դու-ով խոսիր, ի՞նչ ես ընկել…. Այո´, տղաս է, հերոս է,- ծիծաղեց:
- Վարդա´ն, մեքենայից չիջնես, -բղավեց «Գազելի» վարորդին, որը գլխով արեց:
Մոտեցան սեղանին:
- Կրիայից ճաշով կարող ենք հյուրասիրել, ուրիշ բան չկա: Մի երկու օրից կբերեն:
- Բա խի՞ չես ասում, օգնենք: Ես Ղափանի բրիգադից եմ, մի երկու կիլոմետրի վրա: Երբ կապնվես, ինչ ուզես, կուղարկեմ: Բա տենց հարևանություն են անո՞ւմ:
Հյուր կապիտանը գրպանից հանեց օղու շիշը:
- Համո´, բաժակներ էլ բեր:
Մայորին դուր չեկավ, բայց, դե, չցանկացավ խախտել դրությունը:
Զինվորները կամաց-կամաց հեռանում էին ընթրելուց հետո:
- Ուրեմն, մայո´ր ջան,- բաժակը բարձրացրեց գնդապետը,- այս տեղանքից ինձ օպերատիվ անհրաժեշտ է Արաքսի խորությունը, օրը երկու անգամ: Ես գիտեմ, որ ուրիշ գնդերին հաղորդում եք: Սա էլ մեր հաճախությունները՝ ռադիոհաղորդման համար: Մինչև ուղարկեմ կենտրոն, մինչև գա, ուշ կլինի: Հարևանաբար` ինձ էլ հաղորդիր, լա՞վ:
Հենց Արաքսի ջուրն իջեցնում են, շան ծնունդներն անցնում են այս կողմ: Այսօր էլ երկու հոգու բռնեցինք:
- Շա´տ լավ, հիմա կփոխանցեմ կապավորիս: Ես գիտեմ այդ մասին:
Խմեցին:
Հետո` էլի~, էլի~:
- Ուրեմն ճակատի հետ գործ չունեք, հա՞,Գարի´կ ջան: Բա, որ գնաս տուն, էրեխեքդ հարցնեն քանի թուրք ես սպանել, ի՞նչ ես ասելու: Խաբելո՞ւ ես:Սրանք էլ քո նմա՞ն,- ձեռքով ցույց տվեց սեղանի շուրջ նստած սահմանապահ սպաներին:
Շուռ եկավ դեպի կապիտանը:
- Գնա´, դրանց բե´ր, թո´ղ իմ նվերը լինի:
Կապիտանը դուրս եկավ: Քիչ հետո վերադարձավ ձեռքերը կապած երկու ազեր զինվորների հետ:
Կապիտանը ոտքի հարվածներով նրանց կանգնեցրեց քիչ հեռու` նոր զուգարանի համար փորված փոսի մոտ: Պարանով կապեց կիսախարխուլ ցանկապատից:
- Ձեզ նվեր, տղե´րք ջան, սատկացրեք:
Մայորը, ինչպես նաև մնացած սպաները, զարմացած նայում էին հարբած գնդապետին:
- Անզեն մարդու վրա կրակե՞նք:
- Ես եմ զինաթափել, ի՞նչ անզեն: Դու, որ իրեց ձեռքն ընկնեի~ր…
- Ավելի լավ չէ՞, Մայի´ս ջան, -մայորը դիմեց գնդապետին,- հանձնի´ր, կփոխանակեն մեր գերիների հետ: Մենք չենք կարող:
Մայորը նայեց մյուս սպաներին: Նրանք գլուխները կախել էին:
- Ռազմի´կ, արի´ այստեղ,- գնդապետը իր տղային էր կանչում:
Տղան մոտեցավ:
- Ա´ռ , սատկացրո´ւ էս շներին,- ատրճանակը դրեց տղայի ձեռքը:
Տղան ձեռքն իջեցրեց:
Հայրը կատաղեց:
- Քեզ կսպանեմ, որ դրանց չկրակես, հասկացա՞ր: Դու իմ տղան չե՞ս:
Տղայի շալվարը վախից թրջվեց: Լաց էր լինում:
Զինվորները  հեռվից նայում էին:
- Լա´վ, Մայի´ս, վերջացրո´ւ, հանգստացի´ր: Չե՞ս տեսնում տղայի վիճակը:
Թուրք զինվորները անհասկանալի հայացքով նայում էին ու  անհասկանալի էր` վա՞խն էր չոքել նրանց ուղեղում, թե՞ շրջապատի անորոշությունը:
- Արա´, դու՞ք եք սրանց դեմն առնելու, ձեր հայ ասողի…
Գնդապետը մի քանի քայլ մոտեցավ գերիներին:
- Լրբի ծնունդնե´ր, չոքե´ք, այսօր ձեր աստվածը ես եմ: Խնդրե´ք, բաց կթողնեմ,- ռուսերենով դիմեց արդեն մի քիչ հանգստացած գնդապետը:
Գերիներից մեկը ծնկի իջավ:
Ինչ-որ բան էր ասում իր լեզվով` գլուխն անընդհատ խփելով գետնին:
Մյուսը կանգնած էր ու վայրի գազանի` գայլային աչքերով մեկ նայում էր դեռ լաց լինող տղային, մեկ` գնդապետին:
Հետո արհամարական ժպիտով նայեց մայորի կողմն ու թքեց գետնին:
- Գնա´, ազա´տ ես,- չոքած գերուն դիմեց գնդապետն ու ցույց տվեց ցանկապատի վրա բացված տեղը` դեպի Արաքս գետ տանող արահետը: Կապիտանը պարանն անջատեց ցանկապատից:
Գերին վեր թռավ ու վազեց դեպի գնդապետի ցույց տված ուղղությամբ:
Գնդապետը մոտեցավ, իր տղայի ձեռքից խլեց ատրճանակն ու նշան բռնեց վազող գերուն, որն անընդհատ հետ ետ էր նայում` համոզվելու, որ ազատ է:
Կրակոցը հնչելու պահին տղան կախվեց հոր ձեռքից:
- Պա´պ, խնդրո~ւմ եմ:
Գնդակը գերուն տապալեց:
Բոլորը, բացի մյուս գերուց, շունչները պահած նայում էին հեռվում գետնին ընկած գերուն:
Գերին բարձրացավ: Աջ ուսն արյունոտ էր: Շարունակեց վազել դեպի փրկությունը` դեպի Արաքս գետ:
Անսպասելիությունից, թե կրակոցից ասես խլացած` չլսեցին տրակտորի շարժիչի հռնդյունը:
Մյուս ազեր զինվորը, որը գնդակից չէր վախեցել, սարսափահար նայում էր դեպի ուղեկալ մտնող երկաթե հրեշը:

* * *
1090 թվական:
-…Եթե վաղը սելջուկն այս հոյակապ կառույցն ավերի, քո վանականներից ոչ մեկը ձեռքը չի մեկնի զենքի, թեկուզ իր անձը պաշտպանելու համար:
- Աստվա´ծ իմ, ինչե՞ր ես խոսում,արքա´:
- Ուզո՞ւմ ես հաստատեմ իմ ասածների ճշմարտությունը, Բաղա´ց եպիսկոպոս, մոտենա´նք շինարարներին:
Արքան մոտեցավ մի վանական աշակերտի, որը Կտակարանը սեղմած կրծքին հիացմունքով դիտում էր վանքի նոր կառուցվող կամարը:
- Եթե վաղը սելջուկը հարձակվի վանքի վրա ու հրի մատնի մեր բոլոր կտակարանները, դու ի՞նչ կանես:
- Ես նրան կանիծեմ,- երկար մտածելուց հետո պատասխանեց աշակերտը:
- Ի՞սկ եթե սուր քաշի քո վրա…
- Աստված կօգնի ինձ:
- Միամի´տ գառնուկ,- ասաց արքան ու մոտեցավ որմնադիր աշակերտին:
- Եթե վաղը սելջուկը հարձակվի ու քո աչքի առաջ ավերի այս գեղեցիկ կամարները, դու ի՞նչ կանես:
- Ես այս որձաքարով կջախջախեմ իմ պատիվն անարգողի գանգը, արքա´:
- Ապրե´ս, տղա´ս,-արքան համբուրեց նրա քրտնած ճակատը,- Գրիգոր եպիսկոպոսն ինձ ասելիք չունի՞…
- Ոչ…

* * *
1990 թվական:
Ուշքի եկան այն ժամանակ, երբ տրակտորի միջից արթիկցի Լյովը գոռում էր` «Հեռո~ւ», ու տրակտորը քշում էր դեպի հավաքվածները:
Փախան տրակտորի դիմացից:
Երկաթե ձին վայրի հռնդյունով մոտեցավ ու տակով արեց ազեր գերուն:
Հետո իր ահռելի՝ երկաթյա ձայնով բղավեց.                                                                  
 - Դո՞ւք եք սրանց դեմ առնելու: Ձեր հա´յ ասողի…
Տեղում պտույտ կատարեց ու սկսեց արնաշաղախ հողը մարմնի մնացած կտորների հետ լցնել նոր սարքվող զուգարանի փոսը:
Երեկո էր:
Վայրի լռության մեջ դեռ լսվում էր տրակտորի աշխատող շարժիչի ձայնը, որը խլացնում էր մատուռից եկող զանգի ձայները:



Մի կտոր կավ Կամ Բախտը` ափի մեջ



Երբ Տերը կավահողից ստեղծեց Մարդ արարածին, ավելացավ մի կտոր կավ:
Հարցրեց Տերը Մարդուն.
- Ի
՞նչ ստեղծեմ քեզ համար այս կտորից:
- Բախտ
,- պատասխանեց Մարդը:
Տերն անխոս կավի կտորը խոթեց Մարդու ձեռքը,
շուռ եկավ ու հեռացավ:

* * *
Բանալին դռան փականի մեջ պտտվեց դժվարությամբ:
Արամը ներս մտավ դժկամությամբ
: Էլի աշխատանք չճարեց, ինչպե՞ս են տատի հետ  ծայրը ծայրին հասցնելու մինչև հերթական թոշակը:
Այսօր երկու հոգով դատարկեցին մի վագոն կարտոֆիլ, երկուսով ստացան 6000 դրամ:
Զզվելի է կյանքը
: Հագավ հողաթափերն ու մտավ սենյակ:
Տատը
 դիտում էր հեռուստսերիալ` <Դժվար ապրուստ>:
- Տա
´տ, էլի՞ էս հիմարությունն ես նայում: Այսօր ուրբաթ է, ֆուտբոլ կա:
- Արա
´մ ջան, բա չիմանա՞մ վերջն ինչ եղավ: Կարտոշկա եմ եփել, մի քիչ էլ ձուկ կա: Ի´նքդ դիր, կեր, հա՞:
<Վաղը Լուիզի ծնունդն է
: 3000 դրամով ինչպե՞ս եմ գնալու>:
Ափսե
ն ու մի կտոր հացը ձեռքին` տեղավորվեց բազկաթոռի մեջ: Հնչեց դռան զանգը:
- Ձայն մի
´ հանիր, մի´ էլ բաց: Երևի էլեկտրիկն է: Եկել է փողի հետևից:
Դառնահամ թվացող կարտոֆիլի կտորը մի կերպ ծամելով
`  մոտեցավ դռանը:
Դռան մեջ կանգնած էր քառակուսի
, մի սև երևույթ:
Արամն ակամայից
հետ-հետ գնաց:
- Ո
՞ւմ եք ուզում:
- Քեզ
:
 Թվաց, թե երևույթը ժպտում է, ու պարզ երևում են կարմիր լնդերը:
- Քո Բախտն եմ: Էլ ո՞ւմ պետք է ուզեմ:
- Բայց դու սև ես:
- Երևի լավ չլսեցիր, հա՞, ես ՔՈ Բախտն եմ:
Սենյակի խորքից լսվեց տատի ձայնը:
- Արա´մ, ո՞վ է, ի՞նչ է ուզում:
- Բախտն է, տա´տ, ի´նձ է ուզում:
Երևի տատը չլսեց:
- Փող չտա´ս: Հաց ու պանիր տո´ւր, մի հատ էլ` պամիդոր, թո´ղ գնա:
Բախտն անճոռնի շարժումներով փորձեց մտնել ներս:
Տղան դուռը շրխկացրեց նրա երեսին:
Հետո մտածեց. <Մի՞գուցե թողնեմ>:
Բացեց դուռը:
Դատարկություն .... ինչպես իր սրտում:
<Կամաց-կամաց խելքս գցում եմ>,- մտածեց ու փակեց դուռը:
- Հո չե՞ս մոռացել, վաղը հունիսի 13-ն է`մորդ ծննդյան օրը: Հրանուշից խունկ եմ վերցրել: Կգնաս, չէ,՞գերեզմանոց:

* * *
Գերեզմանոցի պահակը`Իմաստուն Նաղաշը, ամառ-ձմեռ վերարկուն հագին, նույն մարդն է, որին ճանաչում են հիմնական այլցելողները:
Այսինքն` դեռ կա, աշխատում է:
Բոլորը զարմանում են, թե ինչպես է կարողանում անսխալ գտնել ցանկացած հանելուկ:Այդ պատճառով էլ անունը կնքել էին Իմաստուն:
Մի անգամ, օգոստոս ամիսն էր, չդիմացավ, հարցրեց. <Չե՞ս մրսում, Նաղա´շ պապ>:
- Է~հ,Արա´մ ջան, արդեն 50 տարի կլինի աշխատում եմ այստեղ ու ոչ մի անգամ չեմ լսել, որ մարդ շոգից մեռնի: Դու է´ն ասա, թազա հանելուկից- բանից չգիտե՞ս:
Հասավ գերեզմանին: Անխնամ չէ, բայց, դե, սարքած էլ չէ: Անձրևներից քայքայվում են քարը, ճաղերի ներկը…. Ժամանակ չկա, ի՞նչ անի:
Համբուրեց մոր նկարը: Էժանագին ծաղիկները դասավորեց քարի վրա: Կրակ վառեց:
Հաճելի խնկահոտը տարածվեց: Խունկ վաճառող փոքրիկ աղջիկն ասաց, որ արգենտինահայերն են բերել, լավ խունկ է:
Ծաղիկների շուրջն անընդհատ պտտվում էր մի թիթեռ: Ձեռքով, չգիտես ինչու, փորձեց քշել և պատահմամբ բռնեց թիթեռին: Ափի մեջ զգաց, որ թիթեռը կենդանի է: Մի քիչ թուլացրեց մատները, զգաց թևերի թպրտոցը…
Մոտեցավ գերեզմանոցի մուտքին (մտածեց`թե՞ ելքին):
- Նաղա´շ պապ, ձեռքումս թիթեռ է: Կարո՞ղ ես ասել կենդանի՞ է, թե՞ սատկած:
Պատի տակ նստած անգործ գերեզմանափորները (երանի միշտ անգործ մնային) հետքրքրությամբ սպասում էին:
<Եթե ասի կենդանի է, մատներով կսեղմեմ թիթեռին,կսատկի: Իսկ, թե ասի սատկած է, բաց կթողնեմ>:
Պահակը երկար նայեց Արամի աչքերին ու ասաց:
- Ամեն ինչ քո ձեռքում է, տղա´ս:

* * *
- Լուի´զ, շրջազգեստդ փոխի´ր: Այդ կարճ զգեստով հյուր չեն դիմավորում: Բաբկեն Արամիչն իր կնոջ և տղայի հետ է գալու:Մի լա´վ կնշենք ծնունդդ:
Մայրն է` Մոնիկա Երվանդովնան (անձնագրով անունը Մայրանուշ է, ծնված Տավուշի մարզի Կաթնաղբյուր գյուղում)` ֆրոյլեն Մոնիկան, ինչպես կասեր Արամը:
Արա~մը:
Ուր է,արդեն մի շաբաթ է ոչ զանգում է, ոչ դիմավորում համալսարանի մոտ:
- Հա´, ճիշտ է ասում, Լո´ւզ ջան,- լողարանից դուրս եկավ սափրված հայրը,- համ էլ Էդմոնդը գիտե՞ս ինչ տղա է:
- Ի՞նչ տղա է, պա´պ,- հազիվ է զսպում արցունքները:
<Արամն ինչու՞ չի զանգում, ինչու՞ չի շնորհավորում: Միգուցե ես զանգ տամ>:
- Ո՞նց թե: Համ էլ գալու են նոր մեքենայով: Թե չէ կպել ես այդ տղային`իր ջոնջոլ կոստյումով: Երևի պապն է հետը բերել պատերազմից:
Չի կարողանում պահել արցունքները:
- Լա´վ, Սե´րժ (հոր անունը Սարգիս է), հանգի´ստ թող աղջկան: Ժամանակավոր բան էր, այսօրվանից կանցնի-կգնա, չէ՞, Լուիզ ջան:
Զանգ :
Հեռախոսին առաջինը հասավ Մոնիկա Երվանդովնան:
- Լսում ենք: Բարև´, Արա´մ, ինչպե՞ս ես: Մերսի, մերսի…հիմա կփոխանցեմ:
- Արա՞մ…Շնորհակալություն... Ու՞ր ես… Գալու՞ ես…. Ի՞նչ գերեզման: Ոչի´նչ, թո´ղ խնկահոտ լինի... Խնդրում եմ…
Տիեզերական արագությամբ մոր ձեռքից խլած ընկալուչը նույն արագությամբ էլ իջավ հեռախոսին:
<Չեմ ների կյանքում>,- մտածեց ու փլվեց բազմոցին:
Տագնապով հագեցած  զույգ աչքերն ուրախացան միաժամանակ:

* * *
Արծաթագույն Մերսեդեսը կանգնեց համալսարանի մոտ:
Արդեն մեկ շաբաթ է, Էդմոնդի հետ մեքենայով են գալիս:
Այսօր բակում ինչ-որ խառնաշփոթ է: Հավաքվել են բազմաթիվ ուսանողներ:
Երևի էլի ինչ-որ ակցիայի են նախապատրստվում:
Ուսանողուհիներից մեկն առանց բարևի մոտեցավ:
- Լո´ւզ, գիտե՞ս ինչ է եղել,- աչքերը վառվում են:
- Ի՞նչ,-հարցրեց Էդմոնդը:
- Բակի դիտահորը, որի կափարիչը բաց էին թողել, Բախտն է ընկել: Բոլորը մոտեցել են ու գոռում են իրենց ցանկությունները…
Էդմոնդն անցավ գործի:
Մոտեցավ, բոլորին համոզեց հեռանալ.
- Մոտենում ենք մեկ-մեկ, կամաց ասում ցանկություններն ու հեռանում: OK, ես առաջինն եմ:
Գոյացավ սպասված ու կարծես անվերջանալի մի հերթ:

Հերթում նույնիսկ դասախոսներից կային, և զարմանալի չէր, որ նրանց թվում նաև <Աստվածաբանության> դասախոսն էր:
Լուիզան մնաց հերթից դուրս կանգնած`միայնակ ու զարմացած:
…Դիտահորը, որտեղ անօգնականությունից թպրտում էր քառակուսի, մի սև երևույթ, լցվում էր անվերջանալի ու զանազան ցանկություններով…

* * *
Անտարբեր քայլերով համալսարանի բակ մտավ մազերն անխնամ ու կարծես վաղուց չսափրված, ջոնջոլե կոստյումով մի տղա:
Արհամարելով իրեն ուղղված հայացքները` մոտեցավ դիտահորին:
Արմունկով հրեց դիտահորի մոտ կանգնած <Աթեիզմի> դասախոսին, ծնկեց ու նայեց ներս:
Հանեց կոստյումը, դրեց ասֆալտին ու ձեռքերը պարզեց ներս:
Մի քանի վայրկյան տանջվելուց հետո ծռմռելով սև քառակուսու կառուցվածքը` հանեց նրան դիտահորից:
Նայեց մեղավոր հայացքով: Բախտն էր…
Ոտքի կանգնեց, թափ տվեց  ծնկներն ու մոռացած ջոնջոլե կոստյումը` դանդաղ հեռացավ…
Մալևիչի հանրահայտ ծնունդը, աչքերը ճպճպացնելով, զարմացած նայում էր կողքերը: Դեռ ուշքի չէր եկել: Հետո սկսեց աչքերով բազմության մեջ փնտրել:
Սև գույնի մեջ նշմարվում էին կարմիր լնդերը:
Երկար փնտրեց աչքերով:
Չգտավ:
Գետնից վերցրեց ջոնջոլե կոստյումը, գցեց ուսին ու … վազեց հասնելու հեռացող տղային:

Եվ նայելով քո դիմանկարին...



Հայելին ձվաձև էր, նուրբ զարդանախշերով` հատ-հատ պատրաստված գիպսից ու խնամքով սոսնձված:
Վահանի աշխատանքն է:
Սրանք էլ իր նվիրած ականջօղերը, որոնք ես
կրում եմ, երբ ցանկանում եմ, որ Վահանն ինձ առանձնահատուկ ուշադրություն դարձնի:
Շրթներկիս գույնն էլ Վահանի սիրած գույնն է` բաց շա
գանակագույն:
Շրրջազգեստս` սպիտակ փոքրիկ ծաղիկներով, Վահանի բերածն է` Մոսկվա կատարած գործուղումից:
Վահան, Վահան:
Միայն թե չարթնանա, մինչև մտնեմ կողքի դուռը ու մորս երկար-բարակ համոզեմ, որ գոնե երկու-երեք ժամ մնա Վահանի մոտ, մինչև աշխատանքից վերադա
ռնամ:
Ամեն անգամ մորս տուն մտնելիս սկսվում է...
Մի անգամ էլ նայեմ: Ամբողջ գիշեր
աչք չփակեց: Առավոտյան կողմ քնեց և մինչև հիմա հանգիստ քնած է:
Դռան զգույշ ու գողունի թակոց: Մայրս է`տիկին Արփինեն, ինչպես Վահանն էր կոչում նրան: Բայց ինչու եմ անցյալով խոսում:  
Դե, արդեն ութ ամիս կլինի, Վահանը գրեթե չի խոսում ու չի գիտակցում լսածը:
Ամեն ինչ սկսվեց … Աշխարհում հազարավոր վիժումներ են լինում ու ոչինչ, բայց իմ վիժումը , իմ սիրելի ամուսնու համար եղավ ճակատագրական:
-Գնում ես, Գայա´ն ջան, իսկ սրան էլի թողնո´ւմ ես ինձ,- չար կին է մայրս:
-Մա´մ, այդպես մի´ խոսիր, քո փեսան է և իմ ամուսինը:
Քեզ համար էլ քիչ բան չի արել:
՞նչ է արել քո այսպես կոչված ամուսինը: Քանդեց տունդ, աղջի´կ ջան: Ինքը` ճարտարապետ, փոխանակ սարքելու, քանդեց:
-Մա´մ, խի´ղճ ունեցիր:
Այն, որ ծայրամասում գտնվող տունդ փոխանակեց, բերեց կենտրոն` իմ դռան հարևանությամբ, հերիք չէ՞: Գիտե՞ս ինչ չարչարանք քաշեց ու ինչքան ծախս արեց:
-Պա´հ, պա´հ, մի սրա´ն նայեք:
Իսկ, որ ամբողջ գիշեր առանց տղամարդու ախ ես քաշում, կարծում ես պատի այն կողմում չի՞ լսվում: Ես էլ մայր եմ, սիրտս ցավում է քեզ համար: Գա´յ ջան, մեկին ճարի´, էլի, մեկ է` սրանից է´լ տղամարդ չի լինի, բա, ես թոռ չպե՞տք է ունենամ:
Կատաղությունից ինձ ուտում եմ, բայց դե...
-Մա´մ, կենդանի ամուսնուս օրոք, այդ ինչե
՞ր ես խոսում:
-Բժիշկները ձեռք են քաշել, հարազատ-բարեկամները` նույնպես, միայն քո նման հիմարն է, որ…
-Մա´մ, վերջացրո´ւ, ուշանում եմ, ու մի´ մոռացիր, որ սրանից երկու տարի առաջ քեզ վիրահատելու համար  ո´չ քույրդ, ո´չ էլ եղբայրդ արյուն չտվեցին:
Էլի Վահանն էր, որ կանգնեց կողքիդ, ու իր արյունը տվեց: Մոռացե՞լ ես:
-Շատ պետքս է էդ ապուշի արյունը: Արյուն տալուց հետո գլխումս անընդհատ ճարտարապետական հաշվարկներ են, թե քանի ժամ է գիշերվա մեջ սեփական աղջիկս տանջվում: Քոռանամ ես, էդ ճարտարապետի արյունն էր ինձ պակասում:
Հիմա էլ մտածում եմ դրա պատճառով ես էլ հանկարծ չգժվեմ:
Իմ լա´վ Վահան, ի
՞նչ եղավ քեզ: Մի՞գուցե երեխա ունենալու քո անսահման ցանկության ու աչքերիդ առաջ փշրված երազանքիդ պատճառո՞վ, թե՞ իմ ցավից էր, որ այդպես... Տղամարդու սիրտդ նուրբ է: Գոնե աչքերիդ առաջ չլիներ, է~խ:
-Լա´վ, վերջացրո´ւ մամ:
-Աղջի´կ ջան, բայց չէ
՞ որ ես փոքրիկի համար արդեն բարձ, վերմակ ու ներքնակ եմ կարել, վերմակն էլ` տղայի հմար է` կապույտ գույնի: Գա´յ ջան, եղբայրդ պատերազմում զոհվեց, ուզում էի ամուսին կոչվածիդ համոզել Աշոտիս անունով կոչեիք երեխային, բայց...
-Մա´մ, առաջինը` աղջիկ էր, ու վերջացրու, մի
՞գուցե դեռ ամեն բան վերջացած չէ՞: Երկրորդը` Աշոտը պատերազմում չի զոհվել, այլ ավտովթարից: Ինչե՞ր ես հորինում բոլորի մոտ: Ի՞նչ Արցախ, ի՞նչ ազատամարտիկ: Ինձ էլ ես խաբում:
-Յա~, բա, Գայա´ն ջան, Ղարաբաղ գնալուց չզոհվե
՞ց, բա դու չգիտե՞ս:
-Տիկի´ն Արփինե, էլ ո´չ մի խոսք:
Մնո՞ւմ ես, թե՞ ոչ: Եթե ոչ, հարևանի աղջկան կանչեմ:
- Մնում եմ, գնա´, բայց վերջին անգամ, երեսը չեմ ուզում տեսնել:
Կամաց դուրս եկա սենյակից:
Վահան
ը գիշերները չի քնում, փոքրիկ երեխայի նման բռնում է կուրծքս, կծկվում ու աչքերը փակում է:
Պրոֆեսոր Բարսեղյան
ն ասաց, որ դա կարող է անցնել , բավական է մի պատահական  սթրես, և ամեն բան կկարգավորվի:
Ներքևի հարկում թակում եմ հարևան Անահիտի դուռը:
- Բարև´, Ա´ն ջան, Նվարդիկին կուղարկե
՞ս մեր տուն: Դե, գիտես, էլի, մայրս կարող է թողնի գնա, իսկ Նվարդիկը թող Վահանի սեղանի մոտ հանգիստ պարապի:
- Գնա´, գնա´,  հանգի´ստ եղիր, մի հինգ րոպեից կուղարկեմ:
...Երեկոյան ամբողջ մուտքը Վահանենց տանն էր:
Վահանն այդպես էլ առանց աչքերը բացելու մահացել էր (տիկին Արփինեի խոսքերով):
Տիկին Արփինեն այդ օրն իր բնակարանից դուրս չեկավ:
Բժիշկներ
ն արձանագրեցին թթվածնի անբավարարություն:
Վահանի մահը ոչ մեկի համար անսպասելի չէր:
Թաղումից չորս օր հետո Գայանեն
ու տիկին Արփինեն Վահանի սենյակը հավաքելիս չգտան Վահանի օրագիրը: Գայանեն հաստատ գիտեր, որ Վահանը գրում էր:
Երեկոյան մոր հետ հերթական վիճաբանությունից հետո Գայանեն մնաց մենակ և երբ պատրաստվում էր քնելու, դուռը թակեցին: Հարևանուհի Անահիտն էր:
- Գա´յ, մենա
՞կ ես,- ձեռքին ինչ- որ տետր էր, որից Գայանեն աչքը չէր կարողանում հեռացնել: Վահանի օրագիրն էր:
- Մի բան պետք է ասեմ, Գա´յ ջան, բայց...
- Ասա´, հիմա ինձ ոչինչ անակնկալի չի կարող բերել:
- Չնեղանաս էլի, հիշու՞մ ես Վահանի մահվան օրը` առավոտյան, երբ Նվարդիկին ուղարկեցի ձեր տուն:
Նա շատ արագ վերադարձավ ու առանց ոչինչ ասելու , գույնը գցաց` լալիս էր: Հոր` շատ ստիպելուց հետո ասաց, որ երբ մտել է տուն տեսել է, թե ինչպես է մայրդ ձեռքով փակել
Վահանի բերան
ն ու սեղմած պահել: Անձայն վերցրել է սեղանից այս տետրն ու դուրս փախել:
Դե գիտես, Նվարդիկը Վահանի աշակերտուհին է, նրա նման վառ երևակայությամբ, մի հավատա բայց…
Կներես էլի, չէի կարող չասել, ամուսինս ստիպեց պատմել:
Սա էլ` տետրը:
Գայանեն կորցրեց գիտակցությունը:
... Ուշքի եկած Գայանեն խնդրեց Անահիտին բարձրաձայն կարդալ տետրը`համոզված, որ պատի այն կողմում մայրն անպայման լսում է:
Առաջին էջում ճարտարապետի նուրբ ձեռքով նկարված էր մի փոքրիկ աղջկա դիմանկար`ժպտուն աչքերով, երկու կողմից փոքրիկ պոչիկներ կապած մազերով, այնքան նման Գայանեին:
Նկարի տակ Վահանի գեղեցիկ ձեռագրով գրված էր. <Սիրելի դստերս` Արփենիկին>:
...Երբ Գայանեն նորից աչքերը բացեց, անսահման ցանկություն զգաց այդ աշխարհ չեկած կամ տիեզերական արգությամբ աշխարհը լքած աղջնակին սեղմելու կրծքին, համբուրելու, համբուրելու...
Պատից Գայանեին  էր նայում սև ժապավենով երիզված Վահանի դիմանկարը: