пятница, 8 марта 2019 г.

Սերը...



Ասո՜ւմ են Սերը լինում է
կարմի՜ր,
Ու նաև կապո՜ւյտ,
կանա՜չ  կամ դեղին,
Ապակու նման լինում է անգո՜ւյն
Սիրող աչքերը դարձնում
Ցայտուն:

Ասո՜ւմ են բուրո՜ւմ է
մեկօրյա ծաղկող ծաղիկի նման
Ու ջերմացնում է մոր
մատների նման,
Քրոջ նման գթառա՜տ է,
Եղբոր նման ջերմեռա՜նդ,
Հո՜ր հոգու պես անաղարտ է՝
Ո՛չ սկիզբ ունի՜
Ո՛չ ավարտ…

Մանկան փափլիկ թաթիկի պե՜ս
Քեզ շոյո՜ւմ է, գուրգուրում,
Գարնան տտիպ արբունքի պե՜ս
Հասունացնո՜ւմ,
Խենթացնում:

Ասո՜ւմ են սերը անլեզո՜ւ, անձայն
Մի տարածությո՜ւն է  
առանց մասնիկի,
որտեղ համահունչ պարե՜ր են պարում-
Զգացմունքի այրող մատներով սարքված
Սի՜րտը ու հոգին:

Դե ե՛կ ու արհամարիր նրա գոյությունը
և աչքերիդ մեջ,
և սրտիդ խորքում,
և մոշու այրող փշերի նման
լեզուդ ծակծկող նրա անունը,
և պարը հոգուդ…

Ասե՜լ են… ասո՜ւմ են…
Ես էլ ի՛մն ասեմ.
Կարմի՜ր, կապո՜ւյտ, կանա՜չ, դեղի՜ն…
Գրողի ծո՜ցը գույներն աշխարհի,
Թե մի սի՜րտ ունեմ ու պե՛տք է սիրեմ,
Սերը սև՜ լինի
Մե՛կ է
Կսիրե՜մ…

среда, 6 марта 2019 г.

Չասված բառերի գերեզմանոցում


Ես չգիտեմ գողտրի՜կ ու նո՜ւրբ
Թաքստոցների տեղերը,
Որտեղ իրենց մա՜հն են գտնում
Չարտահայտված բառերը:
Տեղին չասված բառի մա՜հը
Մի կորո՜ւստ է ցավագին,
Ասես կյանքի քաղցր հա՜մը
Դառնանո՛ւմ է արցունքներից
Լալագին:
Փո՛րձ ես անում փնտրե՜լ-գտնե՜լ
Բա՛ռը սպանող դահիճին,
Փորձել անդարձ ոչնչացնե՜լ
Լեզու խայթող կարիճին:
Քեզնից բացի ո՞ւմ է տանջում
Չասված բառի կորուստը,
Քեզնից բացի ո՞վ է փորձում
Խախտել ոսկի լռությունը:
Չգիտես ինչո՞ւ, չգիտես ի՞նչ կերպ
Հանկարծ հայտնվում ես
Չասված բառերի գերեզմանոցում,
Մի քա՜ր ես գտնում անշո՜ւք ու տձև՝
Մի մխիթարանք ունայնությունում:
Չէ՞ որ քո՛ մեջ է բառը մահանում,
Քո՛ լեզվի վրա,
Սրտո՜ւմ կամ հոգո՜ւմ,
Քո՛ մեջ է բառը դառնում գերեզման,
Իսկ դու փորձո՜ւմ ես գտնել շատ հեռվում:

ՍԵՄ ԳՈՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



Թո՜ւյլ տուր մի վերջի՜ն տողով
Սգա՛մ հավերժիդ ճանապարհը,
Անիծեմ մա՜հը, որն իր ձեռքերով
Կոտրե՛ց պոետիկ ու նուրբ քնարդ:
… Եվ սևե՜ր հագան տանդ հայելիները,
Պատուհաններդ՝ աչքերի կարոտ,
Անտո՜ղ մնացին սառած մատներդ
Ու անշարժացա՜ն կանգնած սրտիդ մոտ:
… Պատուհանիդ տակ ծղրի՜դը երգեց-
Տխո՜ւր, անսովո՜ր մեղեդի,
Կյանքի փոխարեն ծղրի՛դն ամաչեց,
Որ կյանքը պարտվեց անամոթ մահին:
Քեզ բարի՜ ճամփա դեպի աստղերը-
Կապո՜ւյտ երկնքի կապույտնե՜րն անվերջ,
Մեզ հետ կմնան քո խե՜նթ տողերը
Եվ քո բանաստեղծ անունը հավերժ…
Ստեփան Ումառ-Հարությունյան

Բարև՜, ի՛մ Գարուն




Բարև՜ Երջանկություն,
Վերջապես քեզ գտա՜,
Եկել եմ քե՜զ մոտ՝
քո սեփական տուն,
Հուսով եմ  քեզ մոտ երկա՜ր կմնամ…
Վերադառնալու չունե՜մ ցանկություն

Շա՜տ անգամներ եմ երթուղուց շեղվել,
Արահետնե՜ր եմ խառնել բազմաթիվ,
Ինչպես տեսնում
ես չե՛մ մոլորվել,
Բա՜յց … տարիներ եմ կորցրել անհաշիվ:

Տեսնո՜ւմ եմ ուրախ չե՜ս, քեզ ի՞նչ է եղել,
Նայում ես անթա՜րթ ու ձայն չես հանում,
Միթե՞ երջանկությունը կարող է հոգնե՜լ,
Կարող է լինել անկարո՜ղ կամ թույլ…

Թե սրտո՜վդ չեմ, այդպես էլ ասա՜,
Խոսքերով չընկնես սա՜ր ու ձոր,
Ես նպատակիս վերջապես հասա՜,
Չե՛մ ուզում ետ դառնալ գլխիկոր:

Լո՜ւռ է իմ տեսած երջանկությունը,
Կրկնօրինակը ափ նետված ձկան,
Ու թփրտո՜ւմ է նորելուկ Գարունը-
Փորձում է խոսել ինձ նման:

Հասկացա՜, խոսել դեռ չի՛ սովորել,
Մարդկանց ճանաչե՜լ – չգիտի՜…
Աստվա՜ծ իմ, միթե՞ նորի՛ց եմ սխալվել
Եվ օրիորդ Գարնան հյո՜ւրն եմ առաջին:

Բարև՜, ի՛մ Գարուն,
դու չե՛ս ուշանում,
Դա ե՛ս եմ շտապում իմ բնավորությամբ,

Երջանկությո՜ւն էի փնտրում շատ հեռվում
… Իսկ նա լցվում է իմ մեջ ժամ առ ժամ:

четверг, 24 января 2019 г.

ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ՄԻ ԿԵՍԳԻՇԵՐ




Իսկ ձյունն իջնո՜ւմ է երգով
Իմ թափառող ուսերին,
Տրորվում է ոտքերով
Հունվարյան ցուրտ մեղեդին:

Կեսգիշեր է ցո՜ւրտ ու մութ,
Ինձ հետ քայլում է քամին
… Տունս թվո՜ւմ է հեռու -
Ասես ծայրո՜ւմ աշխարհի:

Ցրտից սիրտս քիչ կաղո՜ւմ է՝
Մի կերպ շնչում դողալով,
Երբ մտրակի պես դաղո՜ւմ է
Հունվարը իր մատներով:

Հանդա՜րտ, սպիտա՜կ քող է իջել
Եկեղեցու գմբեթին,
Տեսնես արդյոք մի վառվող մոմ
Մնացե՞լ  է այս ժամին:

Փաթիլները օրերի պե՜ս
Երկնից թափվում են հողին,
…Ե՞ս եմ և այս հունվարը ծե՜ր
Գիշերվա ուշ այս պահին…