пятница, 25 мая 2018 г.

… Չի՛ նկատում քեզ Աստված




Ամբողջ մի ցա՜վ ուսիդ բարձած
Քայլում ես ծանր քայլվածքով,
… Չի՛ նկատում քեզ Աստված
Կամ նայո՜ւմ է կասկածով:

Գիտե՛ս, կյանքը մի դպրոց է՝
Դասերը բա՜րդ ու խճճված,
Բախտ կոչվածն էլ մի քաոս է,
… Չի՛ նկատում դա Աստված:

Լինես բարի՜ թե չարակամ՝
Մեղավոր ես անկասկած,
Եվ քանի դեռ դատավո՜ր չես
… Չի՛ նկատի քեզ  Աստված:

Բեռդ շա՜տ է ծանր թվում,
Քայլո՜ւմ ես մեջքդ կռացած,
Ո՞ւմ կամ ի՞նչ ես փնտրում կյանքում
Երբ … չի՛ տեսնում քեզ Աստված:

Ցանում ես բարի՜ն - հավաքում չա՜րը,
Չա՛ր բան ես անում առ Աստված,
Արդյունքը մե՜կն է՝ այս աշխարհը
Անտեսե՜լ է տեր Աստված:

Մնաց հոգի՜դ՝ պայծա՜ռ ու ջինջ,
Որ կախված չէ ո՛չ մեկից,
Մե՜կ էլ սիրտդ, որ զայրույթից
Դո՜ւրս է գալիս իր հունից:

Թե չե՜ս տեսնում ինքդ քեզ
Կամ նայո՜ւմ ես կասկածով,
Ինչո՞ւ պետք է ման գա՜ս գտնես
Ինչ-որ մեկին մեղավոր:

Տա՜ր քո բեռը, Մա՜րդ արարած՝
Հոգիդ մաքո՜ւր, սի՜րտդ պարզ,
Ի՜նքդ ես Աստված,
Աստվածների՜
Պաշտամունքի առարկա…


четверг, 24 мая 2018 г.

Լուսաբա՜ց է…


Լուսաբա՜ց է…
ու շողերի արանքում
Ստվերները հո՜ւյս են քամում տերևից,
…Հրաշագեղ մի աղմո՜ւկ է աշխարհում,
Սի՛րտս էլ ասե՜ս դուրս է թռել իր տեղից:

Սրտիս տեղը
մի մեծ կարո՜տ է լցվում,
Որ եկել է բարձունքներից երկնային,
Սրտիս տեղում երազնե՜ր են գոյանում՝
Անիրակա՜ն խոստումներով բերկրալի:

Ո՜վ Տիրանայր,
քո անունը չե՛մ հիշում,
Գիտե՞ս, ունեմ քո փախարեն ես մեկի՜ն,
Ու աչքերիս մի պատկե՜ր է գոյանում
Ու ծխո՜ւմ է սիրտս մի երգ ցավագին:

Ո՞վ կսրբի
արցունքները աչքերիս,
Ե՞րբ կարթնանամ լուսաբացին անարցունք,
Ո՜վ  Տիրամայր, մոռացել ես դու էլ ի՜նձ
Ու սրտիս մեջ  ցավի հուր է բռնկվում:

Ես վաթսո՜ւնս
դեռ երեկ եմ բոլորել,
Սակայն դա՛ չէ պատրվա՜կն իմ տխրության,
Սուրբ Տիրամոր փոխարեն ուրիշ կի՜ն եմ նախընտրել
Ու հմայվել նրա խաղաղ պարզությամբ:

Տե՜ր խնդրում եմ,
տո՛ւր համբերություն
Մինչև մեղավոր պա՜հը հանդիպման,
Թո՛ղ որ թաթախվեմ մեղսոտ աշխարհում,
Թո՛ղ որ ես ինքս ի՛մ մեջ մարդանամ:

Լուսաբա՜ց է…
ստվերների արանքում
Լույս շողերը ողջունո՜ւմ են տերևին,
…Հրաշագեղ մի աղմո՜ւկ է աշխարհում,
Սիրտս էլ ասե՜ս լուռ սպասում է պարգևի:


Ես գտա ինձ


Կորցրե՜լ էի ինձ:
Կորել էի իմ մտորումների մեջ ու ո՛չ մի կերպ, ո՛չ մի ճանապարհ չէի գտնում վերադառնալու…ո՞ւր վերադառնալու չգիտեի:
Իրականությունը մի ավտոբուս էր, շատ սիմվոլիկ 22 համարով, որտեղ կար ամե՜ն ինչ, սկսած սկսած տհաճ հոտերից, վերջացրած քրտինքի ու ֆրանսիական թվացող օծանելիքի բուրմունքներով:
Կանգնած եմ գնում, կանգնել եմ մի նստարանի մոտ, որտեղ նստած է մի կին:
Նայում եմ վերևից:
Մազերը շագանակագույն են, հաստատ ինքն իր ձեռքով է ներկել, մազարմատների մոտ սպիտակին են տալիս ներկից թաքնված բազմաթիվ մազեր:
Կլինի մոտ 57-58 տարեկան:
Պարանոցից դեպի ուսն ընկած հատվածում մի քանի հնադարյա ծալքեր կան, որոնք ապացուցում են նրա տարիքի հետ ունեցած իմ կանխորոշումները:
Մտածում եմ.
Աղջիկ չունի, քանի որ նման մազերի հետ վառ կարմիր շրթներկ չեն օգտագործում, կանաչ գույնի շոր չեն հագնում, սև պայուսակ չեն բռնում:
Դուստր ունենար ճիշ խորհուրդ կտար:
Ամուսին չունի, անցավ մտքովս երբ ուշադիր նայեցի պայուսակի կաշեփոկերի միացման տեղում անտանելի վատ հագցրած երկաթյա կիսաօղերին:
Մի ինչ-որ կանացի բնազդով երևի հասկացավ, որ իր մասին եմ մտածում ու վեր կենալով իր տեղից շատ տարօրինակ բարձր ձայնով ասաց.
- Նստի՛ր հայրիկ ջան, - գրավելով առավոտյան տխուր դեմքերով աշխատանքի գնացող ավտոբուսի մարդկանց ժպիտը:
Հասկացա, որ ուզում էր շատ երիտասարդ երևալ, մի ակնթարթ մեղքս եկավ ճիշտն ասած:
Ծիծաղս մի կերպ զսպելով, որ չվիրավորեմ, անկախ ինձնից ավելի բարձր ձայնով պատասխանեցի.
- Ոչինչ ես կկանգնեմ աղջիկ ջան, դու նստիր:
Ավտոբուսում պայթեց ծիծաղը…
Պայթյունից ես վերջնականապես գտա ինձ, բայց ինչ-որ մեկը կորցրեց իրեն:
Բոլորը ծիծաղում էին, բացի ինձնից ու ինձ նայող կնոջից, որ կանգնած շարունակում էինք ընթանալ…ո՞ւր, չգիտեինք:

Երկու խոսքով հարյուրի մասին


Ես գարուններից ծաղիկ չունեցա,
Ես ծաղիկների՛ց քաղեցի գարուն,
Մեղվախայթոցներ բառերս դարձա՜ն,
Խոհերս՝ խռովքնե՜ր իմ հոգու:
Ես ծաղիկների՛ց քաղեցի գարուն,
Հիմա գարո՜ւնն է վխտում մայթերին,
Այրող մի հո՜ւշ է ասես մակարդվում
Իմ արցունքոտ այտերին:
Ես ծաղիկների՛ց քաղեցի գարուն,
Արժանի՛ դարձա լույսին երկնքի,
Ծաղկեցին վառած մոմերս վանքո՜ւմ
Ու լույսը մաղվեց իմ խեղճ ուղեղին:
Ես ծաղիկների՛ց քաղեցի գարուն,
Լռի՜ն խորհեցի լռությունս թանկ,
Տիրոջ հետ վիճեցի անհույս խավարում-
Քանզի գիտեի ցավից մղկտալ:
Ես ծաղիկների՛ց քաղեցի գարուն,
Բայց արդեն ծե՜ր եմ՝ ընկուզենու պես
Եվ փորփորո՜ւմ է սրտիս մեջ տրտում
Տարիներ հաշվող կկո՜ւն աղեկեզ:
Ես գարուններից ծաղիկ չունեցա՜
Ես ծաղիկների՛ց քաղեցի գարուն,
Կե՜ղծ էր գարունն այդ, ինչպես այն ընծա՜ն,
Որ նվիրում են վերքն ամոքելու…

Թե կենդանի լիներ մեծն Բանաստեղծը


Մի գյուղացի Հայաստանում
Խանութ սարքել, բան էր ծախում։
Օրվան մի օր մոտիկ գյուղից,
իր եղբոր հետ Մահակն ուսին,
Ներս է մտնում մի զըռ չոբան.
— Բարի օր քեզ, ա՛յ Հայաստան,
Մեղրը չունե՞ս,
Մի քիչ տաս մեզ։
— Ունեմ, ունեմ, չոբան ախպեր.
Եղբայրդ ո՞ւր է, գրպանը բեր,
Ինչ տեղից որ ինքդ կուզես,
Էս սըհաթին քաշեմ տամ քեզ։
Էսպես հանգիստ, էսպես սիրով,
Մեղրից անուշ լավ խոսքերով
Մեղր են քաշում. մին էլ հանկարծ
Մի Դոդ կաթիլ ծորում է ցած։
— Տը՛զզ, էն կողմից մի ճանճ գալի,
Էս կաթիլին վեր է գալի։
Ճանճի վըրա, թաքուն-թաքուն,
Մի գեղացի ճմրթած Մուկ
Դուրս է ցատկում,
Թաթով զարկում...
Բայց հենց Մկան ցատկելու հետ
էս չոբանը իր եղբոր հետ
Հաֆ են անում,
Կեսը ուզում
Խեղճ Մուկիկին
Ձեռաց խեղդում:
— Խեղդե՜ց, խեղդե՜ց, իմ մկանը,
Բարկանում է Հայաստանը
Ու ձեռն ընկած մոտիկ բանը
Տուր՝ թե կտաս էդ չոբանին,
Շուռ են տալի մկան կողքին։
- Տո՛, կոպիտ արջ, տո՛, վայրենի,
Էս տեսակ էլ բա՞ն կըլինի.
Դու առուտուր եկար անես,
Թե՞ մեր տանը մարդ ըսպանես...
Մին ասում են՝ տասը զարկում,
Աղցան անում, մեջտեղ ձըգում,
եղբոր կողքին երկար ու մեկ։
- Դե՛, ձեր մեռելն եկեք տարեք։
- Հա՜յ, օգնությո՜ւն... ըսպանեցի՜ն...
Վերի թաղից, ներքի թաղից,
Ճամփի վըրից, գործի տեղից,
Ճիչով, լալով,
Հարայ տալով,—
Էլ Հերմինե .
էլ հրանուշ,
Շարմազանով
ՕԵԿ Արտուր
Էլ ասֆալտի գեներալներ
Մանվել Սեյրան
Ֆլան, ֆստան
Գալիս են ու անվերջ գալիս,
ով գալիս է դոշ չի տալիս
Ով գալիս է՝ փող է տալիս.
Ու դիմում են դիվանբաշուն.
- Տո՛, էսպես էլ անիրավ գյո՜ւղ.
Ոչ խիղճ ունեն, ոչ ահ-երկյուղ.
… Գործը տվին Նիկոլ փաշուն:
Դե Նիկոլն էլ ծանր ու մեծ
«Բու՛հ» է անում,
ջահելներին դուրս է հանում,
Ամեն մինը առած մի բան.
Որը ձեռին մի հրացան,
Որը եղան, ցաքատ կամ սուր,
Որը թի, բահ, որը շամփուր,
Որը կացնով, որը փետով,
Որը ձիով, որը ոտով,
Որն անգըտակ, որը բոբիկ —
Դեպի դուշման օտար մարդիկ։
Դե Նիկոլն էլ բարձր տեղից
- Հանուն պատվի, արդարության,
Հանուն թափված անմեղ արյան,
Հանուն ազատ մեր աշխարհքի,
Հանուն աստծու և իր փառքի —
Բարձրացնում ենք մեր ձայնն ահա
Ու մեր սուրը նորա վըրա։
Ու ըսկսեց կըռիվն ահեղ։
Շռինդ, որոտ էստեղ, էնտեղ։
Կըրակն ընկավ շեն ու քաղաք,
Արյուն, ավեր, ճիչ, աղաղակ,
Ամեն կողմից սարսափ ու բոթ,
Ամեն կողմից մեռելի հոտ...
Մեկը փախավ Ամերիկա
Մեկը՝ Փարիզ, մեկը Մոսկվա,
Մեկը Լոնդոն կամ Կարակաս,
Ծաղկեց երկիրն ամայացած...
Իսկ մնացած մարդիկ իրար
Նայում էին ուրախացած-
Թե ո՞րտեղից արդյոք ծագեց
Էս ընդհանուր Շարժումը մեծ։