четверг, 24 мая 2018 г.

Փախուստ


Գնացքը հևո՜ւմ է, առա՜ջ է սուրում
Ետևո՜ւմ մնացին լույս աչքեր,
Կապտազգե՜ստ,
Կապտաչյա՜,
Կապտավո՜ւն մի կինա
Ու կրծքի՜ն խաչված զույգ ձեռքեր…
Գնացքը արագ տանում է հեռո՜ւ
Իսկ միտքս՝ արագ գնացքից,
Գնում եմ հեռո՜ւ, անհայտ ապագա-
Թողնելով զույգ աչքեր հուզալից…
Արդեն երեկո՜ է, աստղե՜րն են փայլում
Կողքի՜ց,
Դիմացի՜ց,
Վերևի՜ց,
Ետևում մնացած աչքե՜րն եմ հիշում…
Ու թվում է թե
Կանչո՜ւմ են նորից:

ժամանակի խոնավ քիթը

Արդեն տհաճ է
ժամանակի խոնավ քիթը,
Ու ժամանակը լորձոտում է ճանապարհս՝
լցված քաղաքական մեռելներով:
Մի կերպ բարձրացնում եմ ոտքերս-
Իջեցնելու տեղ չկա,
Ոմանք աղոթում են,
Ոմանք արտասվում
ուրախությունից նաև
տխրությունից,
Ոմանց մի բանակ անճարակությունից
լղոզվում է ժամանակով,
Նայում է վերև, որտեղ առաջ ինքն էր,
Մերկացնում է պարանոցը
ոչ թե հանրային ծառից կախվելու
այլ մի կերպ շնչելու համար…
Եվ տհաճ է հարբուխ ընկած
Ժամանակը…
10.05.18 Երևան

воскресенье, 6 мая 2018 г.

ԵՎ ԱՐԹՄՆԻ ԵՎ ՔՆԱԾ


Երեկվա օրն այս առավոտից
Բաժանում է մի անաստված գիշեր,
Որն էլ իր երկա՜ր, սառը մատներով
Թվում է հավերժ…
Հո՜ւյսը երեկվա մեռնո՛ւմ է դանդաղ-
Ամեն ինչ շրջվում է ինչպես որ կյանքում,
Ասես մի երկա՜ր, երկա՜ր ճանապարհ
Մեկ իսկ հպումով
Թաղա՜նթ է դառնում:
Ու պատռվո՜ւմ է թաղանթն այդ բարակ,
Ու ընկղմվում ես խո՜րքը անդունդի,
Որից կառչելու փորձերդ դատարկ
Խեղդում են քո մեջ
Ձա՜յնը կենդանի…
Ծանր կոպե՜րդ չե՛ս ուզում բանալ,
Դատարկության մեջ դատա՜րկն ես փնտրում-
Միևնույն է նույնիսկ եթե արթնանաս՝
Կողքդ ինչպես մի՜շտ
Փո՛ւչ ես տեսնելու…
Ս.Ումառ-Հարությունյան

… the battle

Կյա՜նքը թատրոն է,
Ի՛նքն էլ սցենարի հեղինակ,
Ի՛նքն էլ դերասան,
Ի՛նքն էլ ռեժիսոր,
Ի՛նքն էլ հուշարար,

    

Երկիրս նորի՜ց կիսա՜տ-պռատ է՝
Թավշյա ծածկոցով
Աչքի՜ց անտեսված…

    

Դատարկ ձեռքերս ո՞ւմ ուսին դնեմ,
Կյանքի հետ խաղամ դե՞րը հիմարի -
… Մնո՜ւմ է ձեռքերս բարձրացնե՜մ,
Որ գազանն ինձ հանգիստ հոշոտի:

    

Երկիրս նորի՜ց կիսա՜տ-պռատ է
Եվ Աչքը վերից տագնապ չի՛ տեսնում,

    

Միգուցե իրո՞ք սա Հայի բա՜խտն է,
Որ տրտնջում է
Ինչպես անցյալում:

    

Երկիրս նորի՜ց կիսա՜տ-պռատ է
Քաղաքականության մոլուցքով լեցո՜ւն,
Որտեղ հարգի է արյան հեղումը-
Այլ ոչ թե ձեռքե՜ր դատարկ ու մաքուր…

Վերնագիրը չգիտեմ (Շարմազանովի դուստր Նարեին)

Այնտեղ, որտեղ թվում է լռություն է, բղավում են մտքերը…ու մի միտք բղավեց «Շարմազանովի դստեր նամակը» վերնագրով:
     Ի՞նչ տարբերություն թե ով էր գրել, հասուն թե դեռատի
     Ի՞նչ տարբերություն ո՞ւմ դուստրն էր գրել, Շարմազանովի թե մի այլ մարդու,
     կարևորը, որ գրվել էր ու ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ կար այդտեղ, ասեմ ավելին, որ եթե նույնիսկ Նարեն չի հեղինակը այդ տողերի ապա ՀԱՍՏԱՏ կարդացել է այն ինչ գրվեց այս գրողը տարած ճահճահոտ համացանցում:
Հաստատ կարդացել է, կարդացել են նաև համադասարանցիներն ու ընկերները ու ինչքան էլ փորձ անի ժպտալով ծածկել զգացած ցավը կամ վիրավորանքը այն անպայման կմնա կյանքի դառը կողմը դեռ չտեսած մաքուր աչքերում:
… որտեղի՞ց այդքան թույն մարդկանց մեջ…
     Միթե՞ իրոք քսան տարում ՀՀԿ-ն է ներարկել ու փոխել մարդկային կերպարը:
     Միթե՞ կարելի էր երեխային նման բաներ գրել, պիտակներ կպցնել, հորեղբոր անմարդկային արարքները բացատրել…
Չեմ ցանկանում ձեր մասին վատը մտածել, բայց…լավը մտածել չի ստացվում:
Միթե՞ ինչ-որ բան փոխվեց ու համոզվեցիք, որ հույսն է իրոք ամենավերջում մահանում-
     Սխալվո՜ւմ եք
     Ամենավերջում մահանում է կոտրված սիրտն ու ոտնատակ ընկած անմեղ հոգին:
Նարե ջան,
     կապ չունի թե ով է հայրդ, պաշտպանիր նրան քո իսկ ուժերիդ չափով, որպես հոր,
     փորձիր ատամերով պահել-պահպանել հայրական պատիվը,
     եթե դա չանես ապա վաղը ընկերոջդ չես պաշտպանի,
     մյուս օրը Հայրենիքդ:
Գրածներս գեղեցիկ խոսքեր չեն ու շատ կցանկանամ որ կարդաս ու անպայման մի պայմանով, որ սա լինի համացանցում կարդացածդ վերջին գրառումը մինչ հասունանալդ:
Հաջողություն քեզ կյանքում