суббота, 22 июля 2017 г.

Կին առեղծված



Չհասկացա -
Ա՞չքս էր հոգնած
Թե՞ ուղեղս մթագնած,
Երբ պատահմամբ տեսա ինչպես
Խաչին մի Կի՜ն էր գամված…

Ո՞վ էր տաջվում-
Ե՞ս թե՞ Կինը,
Իրակա՞ն էր թե՞ երազ,
… Կյա՞նքն էր  նիզակ խրել սիրտը
Ձեռքերով բի՜րտ ու դաժան…

Մի պուտ արյուն
Կրծքից կախվե՜լ -
Ծորացե՜լ էր ձախ կոնքին,
Ու կիսամերկ բորբ մարմնից
Խա՜չն էր տանջվում ցավագին…

Բե՛ռը-խաչի՜ն,
Խա՛չը-բեռի՜ն,            
Հոգու ծուծքը լճացե՜լ էր չոր գետնին,
… Հողն իր ագահ կոկորդով
Բույրն էր ըմպում  կանացի…

Չէ՜, լաց չկա՜ր,
Չկա՛ր բողո՜ք,
Ցա՜վը կո՛ւլ էր գնացել,
… Փո՛րձ էր անում գամված ձեռքով
Աչքին կախված
Մազափունջը հեռացնել…

Սկիզբը չկա՜ր,
Վե՛րջն էր սկզբում,
Չկար պատկերի իմաստը թաքուն,
… Ո՞վ կհասկանա  քեզ Կին առեղծված -
Խաչի՜ն,
Հողո՜ւմ,
Երկնքո՜ւմ…

Ս.Ումառ-Հարությունյան

22.07.17   Երևան

вторник, 11 июля 2017 г.

ԿԻՍԱՐԹՈւՆ ԻՄ ԵՐԱԶ



Կարծես ներշնչա՜նք են ամռան
անձրևները,
(առավոտ կանուխ նման ներշնչանք)
կարծես մեղեդի՜ են նրանց ձայները,
… Ու չե՜ս ցանկանում քնից արթնանալ:

Կարծես երկնքում մի կի՜ն է լալիս
և ուրախության արցունքներ թափում,
կարծես անցյալդ ներկա՜ է գալիս,
…Ու ցանկությունդ մարմի՛ն է առնում:

Ամռան անձրևները գո՜լ ու հաճելի
թափվո՜ւմ են գետնին  կատաղած,
կարծես քնա՜ծ ես խորքում դրախտի,
Կո՛ւյր կարոտախտի գլուխը գրկած:

Մարմիններ դարձած ցանկություննե՜րդ
տաճարի քրմուհու ստինքերի նման -
կրքոտ այրո՜ւմ են փակված կոպերդ,
Որոնց փորձո՜ւմ ես ինչ-որ կերպ բանալ:

Անձրևոտ օրը - անհուն  հայացքներ
անձրևոտ օրը - երգեր  անավարտ՝
անձրևոտ օրը - պարող թիթեռներ,
… Ու չե՜ս ցանկանում քնից արթնանալ:

Անձրևների տակ կարոտն անգո՜ւյն է,
սպասումը դառնո՛ւմ է թափանցիկ շղա՜րշ,
ամռան անձրևը հոգևոր  գարո՜ւն է,

… Ու չե՜ս ցանկանում քնից արթնանալ:


Ս.Ումառ-Հարությունյան

11.07.17   Երևան

понедельник, 10 июля 2017 г.

Սպիտակ Ագռավ



Այգում միայն աղավնիներ են ուերկամյա թոռնիկս՝ Աննան:
Վազում է, փորձում է բռնել կարմիր թևերով ու կարմիր տոտիկներով աղավնունչի ստացվում:
Ինչու հենց նրան, որովհետև տեսնում է, որ ամենագեղեցիկն է:
Բնական երևույթ է ձգտել ամենագեղեցիկին,
ունենալ ամենագեղեցիկը,
գրկե՜լ, գուրգուրե՜լ,
սիրե՜լ ամենագեղեցիկին…բնական է նաև որ ամենագեղեցիկը ամենաանհասանելին է – ինչպես և հասուն  կյանքում:
Բայց այս ամենը ընդամենը լիրիկա է…

Կանցնի մի քանի տարի, կմեծանա թոռնիկս, կդառնա օրիորդ,  հիշողության մեջ ունենալով այն գեղեցիկ կարմիր թևերով ու կարմիր տոտիկներով աղավնուն ու նրան անպայման կթվա, որ աշխարհի ամենագեղեցիկը հենց այն աղավնին էր, որին չկարողացավ բռնե՜լ…ունենա՜լ:

- Պապի՛կ, ամենագեղեցիկը աղավնի՞ն է:
- Ո՛չ:
- Կարա՞պը:
- Ո՛չ:
- Սիրամա՞րգը:
- Ո՛չ:
- Թութա՞կը:
- Ո՜չ:
- Ի՜…կատա՞կ ես անում:
- Ո՜չ, ամենագեղեցիկը Սպիտակ Ագռավն է:

Ես կտեսնեմ նրա մի քիչ նեղացկո՜տ, փքված շուրթերը, արցունքոտվելու պատրաստ ու անվստահություն արտահայտող աչքերը, կշտապեմ պատասխանել դեռ կյանք չմտած այդ անեմեղ արարարածին, որ արտաքին գեղեցկությունը դա միայն ժամանակավոր խաբկանք է, որ կան ավելի գեղեցիկ երևույթներ, որոնք կարող են փոխել մի ամբողջ կյանք…
- Ագռա՞վը:
- Ո՜չ, Սպիտակ ագռավը:
- Ինչո՞ւ…
- Որովհետև բացառությո՜ւն է, դու կտեսնես կարապների երամ, սիրամարգի ընտանիք,  թութակների խումբ, աղավնիների՝ տարբեր գունավորմամբ, բայց երբեք չես կարող տեսնել սպիտակ ագռավների երամ, ոչ ոք աշխարհում նման բան չի տեսել: Հակառակ դեպքում ամեն ինչ կկորցնի իմաստը:

Ցանկությամբ սպիտակ ագռավ չեն լինում, դա կոչո՛ւմ է, դա տաղա՜նդ է, այդպես ծնվում են:
Հաճախ կյանքում սև ագռավները թավալվում են ալյուրի կամ կավիճի մեջ, ներկվում են սպիտակ գույնով բայց դրանից նրանք սպիտակ չեն դառնում:
Սպիտակ ագռավին կարելի  է սևացնել, բայց դրանից նա սև չի դառնա, նա Սպիտակ է ու կմնա սպիտակ: Նա ամենահրաշալին է քանի որ նրան ամենադժվարն է հասնում, նա Բացառություն է:
Նա ամենաերևացողն է ամբողջ երամում ու հենց այդ պատճառով էլ դառնում է թիրախ բոլորի համար, ոչ ոք նրան չի սիրում, և ցանկացած երամի մեջ որտեղ որ լինում է հենց այդպես էլ ասում են, երամ որտեղ Ստիպակ ագռավն է:
- Որովհետև բացառությո՞ւն է:
- Ո՜չ, որովհետև ամենամեծ պատասխանատվության զգացումով է ու դա ինքը գիտի: Իրենով հիշում են ամբողջ խմբին կամ երամին ու դա նա շատ լավ գիտակցում է:
Լինել բացառություն  բոլոր կանոններից - դա մեծ զգացում է:
- Կյանքում նման բաներ չե՞ն լինում, պապիկ:
-  Կյանքո՞ւմ, միգուցե, չգիտեմ, կամ հազվադեպ է լինում, բայց այ արվեստում առանց նրանց կյանք չկա…

- Լավ, Աննա ջան, մի հատ սուրճ սարքիր ու ուշադիր նայիր թե ինչպես է մի գդալ սուրճը հասարակ ջուրը դարձնում հոյակապ, բուրումնավետ խմիչք:
Կան նման մարդիկ, որոնք ոչ մի դրության մեջ  չեն փոխվում, իրենք են փոխում դրությունը դարձնելով մի նոր հաճելի դրություն, կյանքը դարձնելով
հետաքրքիր:
Հիշիր Աննա ջան, կյանքից չի հեռանում նա ով մահանում է, այլ նա՝  ով մոռացվում է:
- Պապիկ, նայում եմ քեզ, քո սպիտակ մազերին, սպիտակ մորուքին, սպիտակ վերնաշապիկին ու մտածում եմ, որ միգուցե դո՞ւ էլ ես Սպիտակ Ագռավ:
Ծիծաղում եմ:
- Ո՜չ, ե՛ս ոչ, այ օրինակ դիվան (բազմոց) հնարողը սպիտակ ագռավ է:
- Ինչո՞ւ:
- Հնարեց բազմոց, վրան պառկեց ու էլ ոչինչ չհնարեց:
Ծիծաղում ենք երկուսով:

Գրողի ծոցը բոլոր ագռավները՝ սպիտա՜կ, սև՜, դարչնագո՜ւյն, կարմի՜ր, նարնջագո՜ւյն…
թոռնիկի հետ միասին ծիծաղելը մի առանձին հաճույք է՝ վեր ամեն ինչից,
նույնիսկ Սպիտակ Ագռավից…

Ս.Ումառ-Հարությունյան


четверг, 29 июня 2017 г.

Գնացած տղաներին



Միգուցե կյանքը ելե՞լ է հունից
Ու կատաղե՛լ է սամումի նման,
… Հերոսներ ենք թաղում իրար ետևից-
Տեսնես ո՞ւմ համար:
*
Կհիշի՞ արդյոք գալիքի հայը
Անցա՜ծ-հեռացած կյանքերը ջահել,
Կհնչի՞ արդյոք հայկական ձայնը
Հողում իմ ավեր:
*
Վստա՛հ եմ, երկինքը կապո՜ւյտ կլինի
Հայի կապտաչյա աչքերի նման,
Բայց  հողից ծնված ծաղիկը կարմիր
Սև սիրտ կունենա:
*
Այսօր մենք դեռ կա՛նք ապրելու տենչով
Հողում հագեցած մահով քաջերի,
Ո՜վ գալիքի հա՜յ, օտար ափերում
Վաղն ի՞նչ իմանաս,
թե ի՞նչ կլինի…
*
Կյանքի պես ծարավ իր որդիներին
Դու այսօ՛ր ես պետք - հողիդ հարազատ,
Վա՞ղը, չէ՜, վաղն  ո՜ւշ կլինի -
Մահվան պես դաժան:
*
Վաղը դու կգաս զբոսաշրջիկի
Տեսքով անտարբեր…
Գուցե և ծո՜ւնր կիջնես հողիդ-մայր,

Իսկ մենք այսօր ենք թաղում հերոսներ-
… Տեսնես ո՞ւմ համար:


Ս.Ումառ-Հարությունյան

Բառե՜րդ չասված



*
Օրե՞ր,
Ինձ համար էլ օրեր չկա՜ն,
Օրերն ինձ համար բառե՜ր են սպասված,
Օրերն ինձ համար
Տողատակերի խորքում թաքնված
Բառե՜ր են չասված…

*
Անցած տարիներս բառերով չափված
Հաստափոր մի գիրք են՝
Անհայտ բառարան,
Կամ ավելի ճիշտ լոկ մի թա՜ց հայացք,
Որի էջերը դեռ չի հաջողվել
Ոչ մեկին կարդալ…

*
Ի՛նքս էլ չեմ կարող այդ գիրքը կարդալ,
Մեկնաբանե՜լ կամ
Մի՜տքը հասկանալ,
Եվ դուրս է գալիս, որ մի ամբո՜ղջ կյանք
Կախված է միայն բառերից չասված…

*
Աղոթքի նման պա՜րզ ու հասարակ,
Մեկնության նման անհասկանալի՜,
Սեղմո՛ւմ եմ կրծքիս բառե՛րդ չասված
Ու ինքս դառնում անհասկանալի գիր…