четверг, 29 июня 2017 г.

Գնացած տղաներին



Միգուցե կյանքը ելե՞լ է հունից
Ու կատաղե՛լ է սամումի նման,
… Հերոսներ ենք թաղում իրար ետևից-
Տեսնես ո՞ւմ համար:
*
Կհիշի՞ արդյոք գալիքի հայը
Անցա՜ծ-հեռացած կյանքերը ջահել,
Կհնչի՞ արդյոք հայկական ձայնը
Հողում իմ ավեր:
*
Վստա՛հ եմ, երկինքը կապո՜ւյտ կլինի
Հայի կապտաչյա աչքերի նման,
Բայց  հողից ծնված ծաղիկը կարմիր
Սև սիրտ կունենա:
*
Այսօր մենք դեռ կա՛նք ապրելու տենչով
Հողում հագեցած մահով քաջերի,
Ո՜վ գալիքի հա՜յ, օտար ափերում
Վաղն ի՞նչ իմանաս,
թե ի՞նչ կլինի…
*
Կյանքի պես ծարավ իր որդիներին
Դու այսօ՛ր ես պետք - հողիդ հարազատ,
Վա՞ղը, չէ՜, վաղն  ո՜ւշ կլինի -
Մահվան պես դաժան:
*
Վաղը դու կգաս զբոսաշրջիկի
Տեսքով անտարբեր…
Գուցե և ծո՜ւնր կիջնես հողիդ-մայր,

Իսկ մենք այսօր ենք թաղում հերոսներ-
… Տեսնես ո՞ւմ համար:


Ս.Ումառ-Հարությունյան

Բառե՜րդ չասված



*
Օրե՞ր,
Ինձ համար էլ օրեր չկա՜ն,
Օրերն ինձ համար բառե՜ր են սպասված,
Օրերն ինձ համար
Տողատակերի խորքում թաքնված
Բառե՜ր են չասված…

*
Անցած տարիներս բառերով չափված
Հաստափոր մի գիրք են՝
Անհայտ բառարան,
Կամ ավելի ճիշտ լոկ մի թա՜ց հայացք,
Որի էջերը դեռ չի հաջողվել
Ոչ մեկին կարդալ…

*
Ի՛նքս էլ չեմ կարող այդ գիրքը կարդալ,
Մեկնաբանե՜լ կամ
Մի՜տքը հասկանալ,
Եվ դուրս է գալիս, որ մի ամբո՜ղջ կյանք
Կախված է միայն բառերից չասված…

*
Աղոթքի նման պա՜րզ ու հասարակ,
Մեկնության նման անհասկանալի՜,
Սեղմո՛ւմ եմ կրծքիս բառե՛րդ չասված
Ու ինքս դառնում անհասկանալի գիր…



ԵՎ ԱՐԹՄՆԻ ԵՎ ՔՆԱԾ



Երեկվա օրն այս առավոտից
Բաժանում է մի անաստված գիշեր,
Որն էլ իր երկա՜ր, սառը մատներով
Թվում է հավերժ…

Հո՜ւյսը երեկվա մեռնո՛ւմ է դանդաղ-
Ամեն ինչ շրջվում է ինչպես որ կյանքում,
Ասես մի երկա՜ր, երկա՜ր ճանապարհ
Մեկ իսկ հպումով
Թաղա՜նթ է դառնում:

Ու պատռվո՜ւմ է թաղանթն այդ բարակ,
Ու ընկղմվում ես խո՜րքը անդունդի,
Որից կառչելու փորձերդ դատարկ
Խեղդում են քո մեջ
Ձա՜յնը կենդանի…

Ծանր կոպե՜րդ չե՛ս ուզում բանալ,
Դատարկության մեջ դատա՜րկն ես փնտրում-
Միևնույն է նույնիսկ եթե արթնանաս՝
Կողքդ  ինչպես մի՜շտ
Փո՛ւչ ես տեսնելու…

Առավել դյուրին է ապրել երազում

Երազում ծնվում ես նաև մահանում,
Բայց հարյո՜ւր անգամ:


Ս.Ումառ-Հարությունյան

среда, 14 июня 2017 г.

ՍՊԱՍՈւՄ



Աշխարհում ինձնից
Հարուստ մարդ չկա՜ -
Ես գերհարուստ եմ իմ չունեցածով…

Ընկած կյանքի ընթացքի մեջ
Անգիր արած խորհո՜ւրդ ու խոհ
Չե՛մ էլ հիշում մինչև հիմա
Ո՞ւմ եմ սպասել սրտի դողով

…և ցավագին այրո՜ղ ու տաք,
Առավոտյան հրճվանքներով,
Կոպերիս տակ թրթռացող
Ունեցածս երջանկությամբ,

Երբ ջո՜ւր էր պետք հո՛ւր եմ խմել,
Երբ բա՜ռ էր պետք տո՛ղ եմ գրել,
Երբ գի՜ր էր պետք ե՛րգ եմ ձոնել,
Ու սպասե՜լ եմ, սպասել այնքա՜ն,
Որ…չսպասեմ…


вторник, 13 июня 2017 г.

Պարտություն մտքի՜ Ու նաև խղճի՜…

Գալիքը՝
Դատա՜րկ անապատ,
Օրերը՝ դահիճ,
Մարդիկ  թիապարտ…
… Խաբնվում ենք արթնացող կրքերից
Ու կորցնո՜ւմ ենք
Կապույտ մի Գարո՜ւն,
Ոսկե մի Ամառ:

Ուրախությունը՝
Անկատա՜ր,
Երջանկությունը – կիսամեռ,
… Փակված սրտերին հասնելու համար
Դեռ մի ամբողջ կյանք
Պետք է որ անցնենք:

… Ու տենչանքնե՜րն են կորում ճամփեքին
… Ու էլ տենչալու բա՛ն էլ չի մնում
… Ու նմանվո՜ւմ ենք ցլամարտիկի,
Ով  ծափերի տակ ընկնո՜ւմ է -
Մեռնում…

Ամեն հաղթանակ նաև պարտությո՜ւն է,
Պարտություն մտքի՜
Ու նաև խղճի՜…
Ինչպես որ գոհանալը
Պարտականությո՜ւն է՝
Թեթև մի զեփյուռ կամ

Հասարա՜կ քամի…