четверг, 4 мая 2017 г.

ՄՏՈՐՈւՄ



Երազնե՜րս անդեմ ստվերներ,
Մեկնությունները՝ զավե՜շտ կամ կատակ
… Աչքերս եմ բացում Արեգակի հետ՝
Դատարկությո՜ւն է՝
Դատա՜րկ մի տարածք…

Ու խարխափո՛ւմ եմ դատարկում այդ լո՜ւռ,
Փորձո՛ւմ եմ գտնել ինչ-որ լույսի շո՜ղ,
Ինչ-որ ճանապա՜րհ,
Չգիտե՜մ, գուցե՜
Մեղավոր հոգուս
Փրկության համար:

Հոգիս մեղավո՞ր…
Իսկ այդ երբվան՞ից դարձավ մեղավոր,
Գուցե այն օրի՞ց,
Երբ մարդ-արարածի ստեղծած մկրատով
Կտրեցին պորտալարս
Մորս հետ կապող…

Հայրս բախտավո՜ր,
Մայրս բախտավո՜ր,
Ես աշխարհ եկա հոգով մեղավո՞ր…

Մեղավո՞ր,
Որ չե՞մ հագեցել դեռ կյանքի բույրից,
Սիրո ուռճացած այրող ցավերի՞ց,
Ատելությունի՞ց,
Որով նայում են ինձ վարի՜ց ու վերից….
Քնած աշխարհի դարավոր նինջի՞ց
…և Աստվածների՞ց, որ ո՛չ մի անգամ
Նեցուկ չեղան ինձ…

Եթե այդպե՜ս է, ուրեմն վերցրե՛ք,
Տալի՛ս եմ հոգիս
Մեղավոր ու մեղկ,
Բաժանեք միլիո՜ն-միլիոն մասերի
Ու անարգանքի սյուներին գամեք…

Գուցե թե այնժա՜մ
Ըմբոստ ու համառ հոգիս հասկանա -

Ի՞նքն է խորթ ծնվել աշխարհի համար,
Թե՞ աշխարհն է խորթ դարձել իր համար…


Ս.Ումառ-Հարությունյան

среда, 3 мая 2017 г.

ՄԵ՜ՆՔ…



1.
Մեր Մայրերը՝ բարի՜, հլո՜ւ
Մեր Քույրերը՝ նազելի՜ ու հեզահամբո՜ւյր,
Մեր Դուստրերը՝ մեր սարերի կատարների նման
Մաքո՜ւր…
Մեր այրերը Աստվածատո՜ւր..

…Ու թվում է թե մեր սե՜րը
(Ժամանակի՜ն թե ուշացա՜ծ)
Պետք է լինի նրանց նման
Խո՜ր ու տոկուն -
Արմատներով կառչած լինի
Միայն հողի՜ն,
Միայն հոգո՜ւն…

…Չի՜ հասկացվում, թե ի՞նչու է լինում այնպե՜ս,
Որ մեր սե՜րը հայրենիքին
Այսպես դաժա՜ն տանջո՛ւմ է մեզ…

2.
Գա՜վ ենք բարձրացնում, որ կենա՛ց ասենք՝
Թախի՜ծ ենք ըմպում,

Մեր մտածածը չասելու համար՝
Լեզու չե՜նք կծում,

Հա՜յ ենք
Ու հայի նման ենք սիրում:

Մեր սարերի պես վե՜հ
Մեր գետերի պես գի՜ժ
Մեր արյան պես վարա՜ր
Շա՜տ ենք տարբերվում ցեղերից վայրագ

և…մնացածի՜ց,

Սակայն միշտ ներկա ենք մնում նրանց սեղանին՝
Ա՜յն աղի նման,
Որը, որ համն է փոխում կերածի…
և առանց որի ո՛չ կյանք կա ո՛չ մահ:

Միգուցե շա՜տ է մեր ունեցածը՝
Ա՜ղը,
Ու ստիպված լցնում ենք մեր իսկ վերքերի վրա՜,
Մոռանալով, որ մենք ենք հնարել
Դժոխք (դրախտ) բառը
Բոլորի համար…

3.
Փո՞քր ենք, չգիտե՜մ -
Մեզ մե՜ծ ենք կարծում,
Մե՞ծ ենք՝
Մեր հողում չե՛նք տեղավորվում,

Հայրենիք ունենք- գիրկը դատա՜րկ է,
Գինի՜ ենք քաշում -
Հա՜մը տառապանք է,

Չապրելը զանցա՛նք է,
Ապրելը՝ պատիժ,
Տուժե՜լ ենք,
Տուժո՜ւմ ենք
Հենց «հայի խելք»-ից:

Հա՜յ ենք
Ու մտածում ենք հենց հայի նման…

Հայի նման սիրո՜ւմ ենք,
Հայի նման պահանջո՛ւմ,
Հայի նման վաճառո՜ւմ ենք,
Հայի նման վաճառվո՛ւմ,

Ու…
Զավեշտը նա՛ է միայն,
Որ ո՛չ մի կերպ չե՜նք հասկանում,
Թե ի՞նչու ենք այսքան դաժա՜ն,
Այսքան անխի՜ղճ պատժվում…

4.
Իմ ընթերցո՛ղ…
Թվում է թե
Քո աչքե՞րը պետք է խղճամ,
Որ չկարդա՞ն տողերս,
Լեզո՞ւս կծեմ ու թաքցնե՞մ մտքերս,

Չէ՜,  նման բան չե՛մ անի ես,

… Գուցե միայն ա՜յն ժամանակ,
Երբ հայտնվեմ
օտա՜ր հողում, օտա՜ր մայթում -
Ձեռքս պարզա՜ծ,
Գլխահա՜կ…

6.
Ժայռո՜տ,
Քարո՜տ,
Արյո՛ւն խմած
Իմ պապերի հողին կանգնել,
Սրտիս հետ եմ զրուցում,

Այո՛, Հա՛յ եմ,
Մտածում եմ հային վայել,


Ինձ վրե՛ժն է փրկելու…

вторник, 2 мая 2017 г.

Թե անձրևը նեղանա՜ր…



Ո՞ւմ հետ կխոսեր,
Ո՞ւմ կբողոքեր մարդկային  Սիրտը
Խելագա՜ր-մոլո՜ր,

… Թե անձրևը նեղանա՜ր
Ու հեռանար մի օր….

Այդ ո՞նց պետք է թեթևացներ
Մարդն իր Աչքը
Ծանրության բեռից տխրամած  ու չո՜ր,

… Թե անձրևը նեղանա՜ր
Ու հեռանար մի օր….

… Մարդու հոգին Կհամրանա՜ր.
Կմոխրանար անդարձ
Բուռն կարոտից տոչո՜ր,

… Թե անձրևը նեղանա՜ր
Ու հեռանար մի օր….

Ո՛չ ծիածան  կլիներ-
Ո’չ հույզերի լավաներ,
Ո՛չ  Հմայքի քող…

… Թե անձրևը նեղանա՜ր
Ու հեռանար մի օր….

Կլիներ մութ մի մոլորակ,
Կամ էլ միայն Արեգակ-
Արհավիրքի սովոր,

… Թե անձրևը նեղանա՜ր
Ու հեռանար մի օր….

Ի պահ չէ՛ր տա երկինքը
Հո՜ւյսն իր, հո՜ւյզն իր
Երկրագնդին՝
Եվ անմեղ և մեղավոր…

… Թե անձրևը նեղանա՜ր
Ու հեռանար մի օր….

Մարդը արձան կդառնար՝
կանգնած
Հողին դարավոր,

… Թե անձրևը նեղանա՜ր

Ու հեռանար մի օր….

(աենապոեմ)



Չե՛մ պատկերացնում 
Ի՞նչպես կապրեի,
Թե որ չլիներ
Գյուղը այն փոքրիկ -
Լեռան ստորոտին,
Լեռան կատարից իջնող
Գետի այն ափին,
Որտե՜ղ որ ձմռան ցրտաշունչ մի օր
Աղաղակ լսվեց՝
Ճի՜չ էր ծնունդի…
(Գիտեմ սիրելի՜ս, դու ինձ կներե՜ս՝
Առանց աղաղակ չե՛մ պատկերացնում քեզ)

… Չե՛մ պատկերացնում
թե ի՞նչ կլիներ,
Որ երկրագնդի ահռելի ծոցում
Այդ փոքրիկ գյուղը

…Հանկա՜րծ չլիներ:


Վերջին անգամ



Սսկվել ես բախտի իմ ժանգոտ անիվ,
Էլ չե՜ս պտտվում
Առաջվա նման,
Ես՝ միամիտս, ի՞նչ իմանայի,
Որ չեմ դիմանա կատակիդ դաժան…

Գուցե ընդամենը մե՞կն է մնացել՝
Մի պտույտ կյանքի
կամ էլ թե մահվան-
Մի աստղ է կարծես լեռան կատարին-
Ուր որ է ասես ընկնելու է ցած:

Թե չե՛ս կատակում, մի էլ պտտվիր,
Ես չեմ մեկնի քեզ
Ձե՛ռքն իմ օգնության,
Քա՛ր չեմ, հավատա՜, ի՜մ Ճակատագիր-
Մարդ-դերասան եմ,
Հպա՜րտ եմ սակայն:

Հիմա այնպիսի լռություն է, որ
Ապրելը դարձել է
Առավե՛լ դյուրին,
Ես էլ չեմ քայլում քո ոտնահետքով-
Ինձ իր հետ տանում է օտա՜ր մի քամի…

… Գիտե՜մ, որ մի օր վերջի՜ն ճռինչով,
Մի պտույտ կանես՝ շա՜տ երկար սպասված,
Կճանապարհես ինձ
Տանից դեպի Հո՜ղ,
Պտույտդ կանես

Մի վերջի՜ն անգամ…