суббота, 15 апреля 2017 г.

Էլ սիրտ չմնաց…



Երազանքներս
Եղևնու նման կանաչ մնացին,
Չկարմրեցի՜ն,
Չհասունացա՜ն,
Քունքս ճերմակեց,  տխուր ժպտացի,
Ճերմակ լուսնի մեջ
Աչքերս տեսա…

Օրերս անցան ժպիտ ցանելով,
Քամին ցրում էր ժպիտներս տաք,
Ասես ծաղկաթերթեր էին լեռնային վարդի,
Որ պարում էին խելագար մի պար:

Բալենու ծաղիկները գետին թափվեցին-
Ծանրության ցավից
Հո՜ղը տրտնջաց,
Ժպտացի արևին՝ չպատասխանեց,
Դեղին էր, փոխվե՜ց
Կարմիր գույն հագավ…

Գո՞ւցե անսիրտ էին  ժպիտներս-
Ծառահատին հաց տանող կնոջ
Դա՜ռն ու անարդար ժպիտի նման,

Այնքա՜ն ժպտացի…
Այնքա՜ն ժպտացի…

Էլ սիրտ չմնաց ժպտալու համար…


Ս.Ումառ-Հարությունյան

суббота, 25 марта 2017 г.

Մեր Մայրերը



Մոր արցունքը այրող հո՛ւր է,
Ջո՜ւր է, կյանքն իր մեջ առած,
Մայրը մեզ հետ ամենո՜ւր է,
Մայրը՝ մի մե՜ծ Առեղծված:
*
Սիրտը նրա անհանգիստ է
Որսորդ տեսած վիթի պես,
Մայրը ոտքից գլուխ խի՜ղճ է՝
Հոգին հանած-տված քեզ:
*
Մեկ –մեկ այնպես  խե՜ղճ է թվում -
Կրակն ընկած գրքի պես,
Մե՛կ էլ վայրի գազան դառնում,
Երբ տագնապն է սպառնում քեզ:
*
Գիրկը նրա - խենթ մի ամառ,
Ձեռքերը  ձեռք չեն՝ այլ թևեր,
Ու թվում է թե քեզ համար
Մի նոր աշխարհ է բացվել:
*
Որտեղի՞ց է այդքան ջերմը-
Մի բուռ մարմնում գտել բույն,
Ա՜խ,  ինչո՞ւ մոր արցունքները
Երբե՜ք, երբեք չեն հատնում…
*
Ի՜նչ էլ տեսան մոր աչքերը
Նախամարդուց մինչ այսօր,
Նույնը մնաց նրանց սերը-
Անփոփոխ, անմնացորդ:
*
Միամիտ են մայրերը մեր
Ծաղկաթերթի նման նուրբ
Չեն սովորել լացը պահել
Վշտից դաղված աչքերում:   
*
Միշտ էլ բարձը թաց է եղել
Մոր անհանգիստ գլխի տակ,
Մայրն ի՞նչպես է գլուխ դրել,
Ի՞նչպես  քնել բարձին այդ:
*
Միշտ մի բա՜ն է նրանց մտքո՜ւմ,
Շրթի՜ն, աչքի՜ն ու սրտո՜ւմ.
- Է՜հ, գիշերվա կե՜սն է արդեն,
Ո՜ւշ է, որդիս չեկավ տուն:
*
Հարցե՜ր,  հարցե՜ր …մո՞րը ուղղված,
Թե՞ մայր ստեղծող Արարչին,
… Այս աշխարհում այլասերված
Միայն մայրն է  պայծա՜ռ, ջի՜նջ:
*
Հնարել ենք հեծանիվ,
Սի՛րտը ճեղքել ատոմի,
Դեգերել ենք տիեզերքի
Անհուններում ամայի:

Ոչ մայրական լեզվի գա՜նձը,
Տա՜ք, գուրգուրո՜ղ`ու քնքուշ,
Ոչ մոր սրտի առեղծվածը
Դեռ չե՛նք գտել այս կյանքում:
*
Մայրերը չե՜ն ծերանում -
Բերք չտվող ծառի պես,
Տարիքն առնո՜ւմ փոքրանո՜ւմ են,
Կծկվո՜ւմ՝ դառնում լո՜ւռ ու հեզ:
*
Մոր արցունքը այրող հո՛ւր է,
Ջո՜ւր է, կյանքն իր մեջ առած,
Մայրը մեզ հետ ամենո՜ւր է,
Մայրը՝ մի մե՜ծ Առեղծված:


Ս.Ումառ-Հարությունյան

суббота, 18 марта 2017 г.

ԱՐԹՈւՐԻՆ



… Երբ անկոչ հյուրի նման աներես
Սովն է մոտենում դռանդ շեմին,

Մի հին հարցական է անվերջ տանջում քեզ՝
Ո՞վ է քեզ տալու պատառն իր վերջին:

Երբ նոր է ծնվում արևածագը,
Շուրջդ դեռ մութ է- անլո՜ւյս մի տարածք,

Բայց լուսավոր է լեռան գագաթը,
Ու չի հասկացվում -
Լո՞ւյս է, թե՞ խավար:

Ու մոգեր չեն գալիս  երկրպագելու,
Ու Լույսը միայնակ է մնում խավարում,

…Չի՜ մնում,  գնո՜ւմ է գլխահակ ու լուռ
Նահատակներին իր հացը տալու…
------------------------------------------
Ցմահ անիծվի ձե՛ռքն այն մեղավոր,
Որ Հաց Բերող քեզ  մեզնից հեռացրեց,

Լուսավոր լինի հոգիդ Հա՛ց  Բերող,
Դու հող չդարձա՜ր -
Մե՛նք մնացինք հող…


Ս.Ումառ-Հարությունյան

Հայացք



Սի՛րտդ էի ուզում տեսնել -
Հայացքդ տեսա,
Գիշերվա  նման անգութ ու  մռայլ

Սրտիս պատերը քարուքանդ անող
Լուտա՛նքդ շռայլ…

Ու փլվե՜ց,
Քանդվե՜ց
Երազի մի պատ՝
Փոշի ու աղմուկ հանելով,
… Ո՞վ էր մեղավոր, դա՞րը այս դաժան,
Թե՞ քո հայացքը
Անմե՜ղ-մեղավոր…

Սի՛րտդ էի ուզում տեսնել -
Հայացքդ տեսա
Ահավոր դարի ճիրանների մեջ,
Կարծես թե մի բուռ հո՜ղ էր սեղմված
Աղոթքներ մերժող ձեռքի ափի մեջ…

Մայրամուտները կքվեցի՜ն
Դարձան կորացած ինչու- ներ,

Դատա՜րկ մի տարածք,
Դատա՜րկ մի հայացք,

Ու հարցականնե՜ր…

Ու հարցականնե՜ր…      13.03.17