суббота, 10 октября 2015 г.

Մենք՝ ադամորդիքս...

* * *
Այդ ի՞նչ ուժ կա քո մեջ,
Ո՜վ կինարմատ  արարած,
Որ ունակ է արթնացնելու հրաբուխները հանգած…
Որ կարող է չարին գույն տալ՝ կապույտ կամ էլ վարդագույն,
Բարին սարքել խնդություն կամ տխրություն
Ու իր այրող լավայի մեջ
Տղամարդուն սարքել շուն,
Սարքել առյո՜ւծ,
Նապաստա՜կ,
Բուի նման իմաստուն,
Վագրի նման կատաղած,
Ավանակի նման հեզ… Դո՛ւրս արի կի՛ն քո պատյանից
Տե՛ս թե ինչե՜ր ես արել
Ադամորդու կամքի հետ…

Մի Մեծ պոետ գրեց այսպես.
« Մարդ կա աշխարհն է շալակած տանում…»
Չմանրացավ, նա շա՜տ էր Մեծ, որ բացատրեր -
Կի՛նն է  աշխարհը շարժում…
Շարունակեց, որ մարդ էլ կա
Ելե՛լ է շալակն աշխարհի,
Ինքն Ադամորդի էր, չէր կարող գրել,
Թե  Կինն է Ադամին  բարձրացրել՝
Դրել շալակն աշխարհի…

Դեռ շատ վաղո՜ւց էր, որ կինն իր լեզվով
Համոզեց Ադամին դրախտում,

Իսկ մենք՝ ադամորդիքս, իրար խաբելով
Մեզ տերեր ենք կարծում աշխարհում…

Ս.Ումառ-Հարությունյան


Ցերեկը

*  *  *
Արագ է անցնում ցերեկը,
Լուսաբացին երկար ես սպասում,
Այսօրդ՝ սոսնձված քո երեկվան
Դանդաղ մահանում է ապակուն:

Անմաստ խաղեր են քո պատուհանին,
Լուսնի մի բեկոր է ապակուց անցնում,
Տեղավորվում է կողքդ՝ հատակին
Միայնության հետ տխուր անկյունում:

Էլ չես հավատում կյանքիդ փոփոխմանը
Գիտես – ոչինչ էլ  չի փոխվել կյանքում,
Նույն առաստաղն է, հատակը, պատուհանը
… և  բացակայությունդ իմ զարկերակում:

Արագ է անցնում ցերեկը
Մահանում է օրը՝ ստվեր ծնելով,
Լսվում է գիշերվա լալագին երգը
Ու աչքդ է փակվում կարոտով:


Ս. Ումառ- Հարությունյան

четверг, 8 октября 2015 г.

Ճշմարտությունը




Ճշմարտությունը
Ցորենի հատիկի մեջ է,
Հասկի՜,
Ալյուրի՜,
Խմորի՜,
Հացի՜,
Հա՛ց թխող ձեռքերի մեջ է,
Հա՛ց տվող սրտերի մեջ է,
Ա՜յն հոգիների մեջ է,
Որոնք ծնվել են Կիսելու համար
Մի վերջի՜ն պատառ…

…Եվ բոլորովին էլ պարտադիր չէ
Որ հոգուդ միջով սուր պիտի անցնի
Հանգիստդ փառավոր լինելու համար:

Ճշմարտությունը աչքերի մեջ է,
Ո՛չ քո աչքերի
Այլ այն Աչքերի,
Որոնք հսկում են անդունդից մինչև
Գողգոթա տանող ողջ ճանապարհը
Փուշ ու տատասկից,
Օձ ու կարիճից
Քեզ զգուշացնելու,
Սատանաների լարած թակարդից
Հեռու պահելու:

Ճշմարտությունը աչքերի մեջ է,
Ո՛չ քո աչքերի,
Այլ ա՛յն Աչքերի,
Որոնք վերջին փշուրը կիսելու պատրաստ
Սրտերի նման,
Կիսում են մեղքդ՝ թեթևացնելու,
Քեզ հետ բարձրանում դեպի Գողգոթա-
Ստորոտից-կատար…

…Եվ բոլորովին էլ պարտադիր չէ
Որ հոգուդ միջով  պիտի լույս անցնի
Հանգիստդ՝ հանգիստ լինելու համար:

Ճշմարտությունը ցորյան սրտում է
Ու հավատարիմ Աչքի բիբում է:

Ս.Ումառ-Հարությունյան



Բարև ճանապա՜րհ, բարև՜



Ասո՜ւմ են
«Գնա՜, ճանապարհդ հա՜րթ լինի»
Եվ ո՞ւմ է հարկավոր նման ճանապարհը,
Երբ սիրտդ չի՛ թպրտալու կյանքի ճանապարհի
խորդուբորդ լինելուց,
Երբ անվերջանալի թվացող ճանապարհն իր հարթ լինելուց
Կփակի՜ աչքերդ,
որոնց առաջ անըդհատ միապաղաղ կտատանվի
Հորիզոնի ուղիղ գիծը…

Ճանապարհները պե՛տք է լինեն ոլորաններով,
Դա՛ր ու փոսերով՝
Լի անակընկալներով
ու հաճելի արկածներով…
ամեն մի ոլորանի ետևում պետք է գտնես
աչքերի նո՛ր արտահայտություն,
ձեռքերի նո՛ր շարժում,
ոտքերի ա՜յլ օրորում,
խոսքերի նո՜ր ջերմություն…

… ամեն մի դա՛ր ու փոսից հետո
սիրտդ պե՛տք է ելնի - դուրս գա բերանովդ
կամ
ընկնի՜ ու սոված կատվի ձագի նման մլավելով
ոտքերիդ փաթաթվի …

Ճանապարհը պետք է մարմինդ
մի նո՛ր ձևով,
մի նո՛ր ուժով կոտրատի՝
քեզ տալով մի նո՛ր մարմնական ցանկություն,
մի նո՜ր հոգեկան ցնցում…

Պետք է համոզվես,
որ ճանապարհը-ճանապարհ չէ առանց քեզ՝
տգե՛ղ է և անիրատես,
վստահ լինես, որ քո ճանապարհին
չես լքում ոչ մեկին…
ճանապարհը քո՛ սլացքն է,
քո՛ գնացքն է,
քո՛ կյանքը, որին
դու՝ ճանապարհիդ միակ ուղևորը
տալիս ես  քո վերջի՜ն մի պտղունց
քնքշանքը…

Հարթ ճանապարհը լինում է վերջի՜նը,
երբ քեզ հրաժեշտ տալու համար եկած ցանկացած մարդ
իր լուման է ներդնում, որ դու առանց ցնցումների անցնես ու
հասնես քո վերջի՜ն…վերջին կանգառին…
երևի հենց այստեղ է պետք ասել.
«Գնա՜, ճանապարհդ հա՜րթ լինի»


Ս.Ումառ-Հարությունյան

четверг, 1 октября 2015 г.

Իմ ամենաերկար պատմությունը



Իմ ամենաերկար պատմությունը -
Լռությունն է,
որը դանդաղ թերթում է էջերն օրերի,
Դանդաղ հպվելով արագ անցնում  է,
հասնում
կորցրած օրերի մացառուտներում թաքցրած
մի երգեհոնի…

Մի երգեհոնի,
որի մեղեդին ո՛չ ինձ համար է,
ո՛չ էլ լսողի…
Արևից հյուսված տառերով,
անձրևի դրված շեշտերով,
խենթացած բառերի գրկախառնումով -
Դա մեղեդի է անցած օրերի…

Դա պատմություն է
լռության մասին՝
տառերի,
բառերի,
անդեմ մի ունայնությո՜ւն…

Դա լռությո՜ւնն է՝
մի երկա՜ր պատմություն…

Ս.Ումառ-Հարությունյան