вторник, 8 сентября 2015 г.

Օրերս...

* * *
Արևի թույլ վերջին ճառագայթի նեղ հետքով
օրը չհասցրեց հեռանալ
Աշունն իր սառնությունից ծանր մարմնով
ընկավ պատուհանիս տակ մոլորված օրվա վրա,
Օրը մահացավ պատուհանիս տակ…

Պատուհանիս տակ օրերի գերեզմանն է,
օրերի, որոնք չեն հասցրել հեռանալ արևի շողերով,
օրերի որոնց ես եմ պահել մի քանի րոպե ավելի ըմբոշխնելու
նրանց բույրով, որ մնում էր
Նրա հեռանալուց հետո:

Աշունը լորձոտ ձեռքերով լղոզում է պատուհանիս ապակիները,
փորձում գտնել մի ճեղք ներս սողոսկելու
ու իր դահիճ դեմքով սեղմված ապակուն կիսաժպտում է:

…- Ի՞նչ արեցիր, ո՞ւր է իմ ժպտուն աչքերով,
բաց ոտքերով, դեղնավարս տաք աղջիկը՝իմ ամառ սիրուհին,
ես դեռ նրա մեջ եմ ապրում -
ինչքան ապրում այնքան ավելի  սիրում,
առանց նրա հիմա մերկ են իմ օրերը, իմ սերը…
 ու օրերիս գերեզմանն էլ պսակ չունի:

- Այդպես է հարկավոր, հասկանո՞ւմ ես,
հավերժական չէ այս աշխարհը, ինչ էլ անես քեզ կայցելի օրվա մահը…
Իսկ ես որպես ժամանակի իմաստուն մունետիկ
պետք է հսկեմ թե ինչպես է պահպանվում, հսկվում իդեալի գերեզմանը

Թե սիրել ես ու սիրում ես,
քեզ վայել չէ պահվել տանը,
Դու սիրում ես օրը պայծառ,
ես ատում եմ այգաբացը
Դե բա՛ց արա պատուհանը
կամ ինձ ներս թող,
կամ էլ ինքդ պահակ կանգնիր քո օրերի գերեզմանին…

…Մրսում են օրերս պատուհանի տակ,
դողացող ձեռքերով չոր տերևները քաշում են,
փորձում պաշտպանվել ցրտից,
սիրո օրերը աչքերիս առաջ
դանդաղ ջնջվում են
հիշողությունից…


Ս.Ումառ-Հարությունյան

воскресенье, 6 сентября 2015 г.

Կորցնում ենք ակամա, Նեղանում ենք անիմաստ…




Փնտրե՜լ եմ, ինձ քո մեջ եմ տեսել՝                                         

Վայրի՜, մեղրահո՜տ մի տարածք,                                        

Հոգուս իրական ձայներն եմ լսել՝                                         

Մի ամբո՜ղջ այրվող գրադարան…                                      

Բորբ մարմինդ եմ տեսել կաթնահոտ,                                            

Զույգ  աստղեր- դաջված ստինքերիդ,                                            

Ինչ-որ բան ման եկող հայացքով                                                      

Ձիթավառ կանթեղը ձեռքիդ:                                                  

Փնտրելը  Ցա՜վ է,  Կսկի՜ծ է,  Մորմո՜ք,
                                                                                 
Գտնելը՝  մի ամբո՜ղջ տիեզերք,                                             

Աստվա՛ծ իմ, կգտնե՞մ քեզ արդյոք,                                      

Թե՞ նորից կմնամ առանց Քեզ:                                   

Միայնակ մնացած սիրահարը,                                             

Նման է ծերունու աչքերի,                                            

Որտեղ անկատա՛ր է աշխարհը,                               

Բայց Սպասո՜ւմը հաղթո՛ւմ է մահին:                                

Աստիճանները Կյանքի դեպի քեզ են տանում,                 

(Անհեթեթ  հիմար մի սանդղակ)                              

Չգիտեմ բարձրանո՞ւմ եմ, թե՞ իջնում -                   

Մեղավորության մաքուր մի հարթակ…                

Ես քո մեջ եմ եղել, եղե՛լ եմ այնտեղ,

Որտեղ երազում են լինել հողմերը,              

Ես կյա՛նքն եմ տեսել խելահեղ,

Քո մեջ մոխրացել իմ  հուշերը…            

Ի՞նչ է պատահել աշխարհում արար,       

Հեռացել  են երկիրն ու երկինքն իրարից,

Ընդամենը՝  Կորցրել ենք իրար,                                       

Անիմաստ  Նեղացել աշխարհից…


Ս.Ումառ-Հարությունյան



Մենակ ինչպես երբեք…



Մեջքով դեպի սենյակն էր կանգնած:
Չէր ցանկանում շրջվել,
նայել հայելուց իրեն նայող  համառ ու բութ հայացքին
Չէր ցանկանում տեսնել գլորվող արցունքներն ու
կարմրած աչքերը
Չէր ցանկանում ու վերջ,
կարծես դրանով լուծվում էր ցանկացած հարց:
Դրսում ձմեռն էր, որն իր իսկ սառնությունից
դարձել էր մանուշակագույն ու
թվացող գեղեցիկ գույնն ավելի էր սառը
սառը մանուշակագույն:
Մեջքով դեպի սենյակը…:

Մեջքով կանգնած էր դեպի հավաքված աղջիկները:
Ցանկանում էր շրջվել, նայել բոլորի աչքերին
ու կռահել թե նրանցից, որը կբռնի իր նետած ծաղկեփունջը
բայց չէր շրջվում, գիտեր,
որ հաստատ կբռնի այն աղջիկը,
որը չէր ցանկանում ամուսնանալ
Տարօրինակ հարսանիք էր՝ փեսա չկար,
հարսը չքվել էր ինչ որ տեղ,
հարսի սպիտակ գլխադիրը հայտնվել էր իր գլխին ու
ոչ մեկին չէր անհանգստացնում նման իրավիճակը,
կարևորը ծաղկեփունջն էր որ պետք է նետվեր
Իր հարսանիքը չէր, բայց հաճելի էր ու
ստիպված էր ապրել,
սիրել,
հավատալ ու զգալ պահը:
Ինչ որ մեկի աչքերի ջերմությունը տաքացնում էր
սարսափելի էր,
շուրջը ոչինչ չկար:
Ինչ որ մեկը հարբած ծիծաղում էր:
Փակեց աչքերընետեց ծաղկեփունջը:
Զգաց, որ իր իսկ նետած ծաղկեփունջը
բռնել էր հենց ինքը ու լաց եղավ
Սենյակում ձմեռ էր, ցուրտ ինչպես երբեք:
Սենյակում մենակ էր, մենակ ինչպես երբեք
Սերը մեղք էր, բայց հաճելի:
Ենթագիտակցության մեջ նկարվեց Նրա անունը:
Հասկացավ որ Նրա անունը չի ջնջվի երբեք:

Մեջքով կանգնած էր դեպի Նրա անունը:
Չէր ուզում շրջվել:
Կյանքը պատուհանի մոտ շատ արագ էր ընթանում,
այնպիսի արագությամբ
ինչպիսին մատիտն էր թղթի վրա
 քերծում չասված բառերը…
Պատուհանին թախիծն էր գոլորշու տեսքով,
որ գրվել էր նրա աչքերով:
Թղթի փոքրիկ պատառիկները,
որոնցից ամեն մեկի վրա Նրա անունն էր,
թափված էին հատակին…
Չէր ուզում շրջվել…
Չէր ցանկանում ու վերջ…


Ս.Ումառ-Հարությունյան


четверг, 3 сентября 2015 г.

Երկուսը հովանոցի տակ



Արդեն քանի՜ տարի է…
     Ամեն անգամ հանդիպելիս տեսնում էր թե ինչպիսին կարող է լինել ժպիտը, որը նույնիսկ անծանոթ մարդուն դարձնում է հարազատ ու մոտիկ: 
     Նրա աչքին անծանոթուհին վեր էր ածվում մի այլ՝ գոյություն չունեցող էակի, կարծես մի այլ մարդկային սեռի, որն ուղղակի ապրում է կողքի շքամուտքում ու բոլորին ժպտում: 
     Անունը չգիտեր, գիտեր որ ընտանիք ունի՝ ամուսին, ամուսնացած որդի ու թոռ: 
     Մի՞թե դա կարող էր խանգարել նրան սիրելու սեփական հարևանուհուն, որին սիրում էր վաղուց արդեն քանի՜ տարի…
     Սա մի այլ զգացմունք էր, մի այլ ձգտում մոտենալու, գրկելու, համբուրելու և քանի որ նման զգացմունքն անուն չունի, նա անվանում էր սեր
     
     Հաճախ էր մտածում, որ այս զգացմունքը հիմարություն է, պետք է մոտենալ, ծանոթանալ ինչպես անում են հազարավոր մարդիկ, միգուցե նա մի բան ասի, մի վատ բան ու ինքը հիասթափվի ու ազատվի այս տանջանքից: 
     Ամեն անգան նման բաներ մտածելիս հիշում էր նրա շուրթերն ու ետ կանգնում նման մտքերից: 
     Ինչպես էր երազում գնալ նրա աշխատատեղը, անձրևի ժամանակ բացել իր հովանոցը ու հրավիրել նրան իր հովանոցի տակ կանգնելու…
     Հպվել նրա կիսաբաց վերարկուին, նրա կրծքի ամրությանը…
     Զգալ նրա շունչը իր շնչի տակ…
     Ազդրերով հպվել նրա ազդրերին…
     Զգալ բարակ զուգագուլպաների մեջ իրեն ոչ հարմար զգացող ոտքերի դողալն ու թաթերի վրա բարձրանալը՝ համոբուրվելու համար
     Հովանոցի տակ կասեր նրան.
     - Մի փակիր աչքերդ համբուրվելիս, խնդրում եմ, ուզում եմ ակնոցների, աչքերի  միջով զբոսնել նրա քո  հեռուներում…
     
     … Վերջապես եկավ այդ տխուր, չարաբաստիկ պահը: 
     Դուրս եկավ շքամուտքից, բարակ անձրև էր մաղում: 
     Բացեց հովանոցը, հարևանուհին բակում էր
     Մոտեցավ, հովանոցը փակում էր նրա ամուսնու, տղայի, իր կնոջ ու դստեր ներկայությունը, կռացավ համբուրեց կնոջ շուրթերը՝ կնոջ աչքերը փակ էին: 
     Ցածր, շատ ցածր ձայնով ասաց: 
     - Ես խնդրել էի քեզ համբուրվելիս աչքերդ չփակել…
     Լսեց սգո արարողությունները կարգավորողի ձայնը. 
     - Մոտենում ենք, բարձրացնում, երեք անգամ պտտում ու…

Ս.Ումառ-Հարությունյան


среда, 2 сентября 2015 г.

Բղավելով աղոթք չեն անում,

Բղավելով աղոթք չեն անում,
Ոչ էլ քմծիծաղով վիճում տրամաբանության հետ,
Հաճախ չենք տեսնում
Մեր իսկ սխալները, երբ Բառերն են մարտնչում 
Գեղեցկության դեմ…

Բառը Գեղեցկությանը
Չի կարող հաղթել,
Գեղեցկությունն էլ անզոր է Բառի դեմ,
Բղավոցն է ծնում Անտարբերությանը,
Ու աղոթքդ դառնում է
Մի Բեռ…

Բեռը թուլացած ոտքերիդ,
Քեզ քաշում,
Քեզ ետ է տանում,
Արհավիրքն է դառնում բարեկամ,
Ժամանակը հագնում է իր չար վերարկուն
Ամբողջ ծանրությամբ ընկնում քեզ վրա:

Սատանայից խաբված քահանայի նման
Ծնկած դողում ես խորանում,
Բղավում ես.
-  Օգնի՜ր, օգնիր Տե՜ր:

… Բղավելով աղոթք չեն անում,
Քմծիծաղով չեն վիճում
Տրամաբանության հետ:


Ս.Ումառ-Հարությունյան