вторник, 30 июня 2015 г.

Քո դեմքը


* * *
Պատուհանից ինձ նայում է քո դեմքը՝
Սպիտա՜կ, թափանցի՜կ, առանց աչքերի ու շուրթերի…
Դեմքդ վարագուրում են մազերդ…

Ձեռքերդ խաչել ես կրծքիդ,
ոտքերդ ծալապատիկ,
աջ ուսդ առաջվա նման բաց  չէ…

Իմ մերկացած նյարդերից մեկը
ճակատիցդ ձգվում է մինչև ոտքերիդ մատներն ու
ջղաձիգ կծկումներով թպրտում…
խանգարում է համբուրել պատկերդ…

Դու – պատկերդ, մազերիդ միջից նայում ես
իմ հայելուն՝ ծաղկեփնջերի մի ամբողջ հավաքածու…
Նայում ես ինքդ քեզ…

Քո ծիծաղը մոտակա խաչմերուկից հասնում է ինձ…
Բառե՜րդ…

- Դե, ի՞նչ, սպառվեցի՞ր, իսկ ասո՜ւմ էիր…
Ժպիտդ չի երևում, բայց ես զգում եմ նրա բույրը –
Բույր ժպիտի…
Դա այն ջերմ շղարշն է,
երբ փաթաթվում էր ինձ ու տանո՜ւմ, տանո՜ւմ…

- Սպառվեցի՜ր, սպառվեցի՜ր, , իսկ ասո՜ւմ էիր…

Մոտենում եմ ապակուն, շուրթերով հպվում ու անկարող զսպել ինքս ինձ ցածրաձայն շշնջում.

-         Ես համբուրում եմ քո ամեն մի բա՜ռը…


Ս.Ումառ-Հարությունյան

Տե՜ս, ծնկել եմ քո առաջ

* * *
Տե՜ս, ծնկել եմ քո առաջ,
Գրկել ոտքե՜րդ, հպվե՜լ ծնկներիդ,
Որ երբեք չհեռանաս…
Սե՜ր իմ…կարո՜տ իմ
Լռակյաց…

Դու մի գիրք ես ինձ համար
Սրբազա՜ն,
Անընթեռնելի, ցանկալի,
Ես թերթելով կուլ եմ տալիս
քո էջերը բաղձալի…

Դու գեղեցիկ ձմեռ ես,
Նուրբ փաթիլները կրծքիդ,
Ինձնից փախչո՜ւմ, հեռանում ես
… Ես կարոտում եմ քայլերիդ…

Խոսում եմ սրտիդ հետ, ասես
Ինքս ինձ հետ զրուցում կիսաձայն.
Սեր իմ ի՞նչու ես այդպես
Ոչ երկրային ու դաժան:

Տե՜ս, արցունքի երկու կաթիլ
Կաթում են   ոտքերիդ մատներին,
Կարծես Քե՛զ եմ գտել,
Սե՜ր իմ…
Որպես վշտի փրկագին:

Աղոթքի երկու տող են շուրթերս
Երգում,
Սահո՜ւմ, բարձրանում քո մարմնով,
Տե՜ս, մի մեղու է զարմացած նայում,
Հորանջում ծույլ բերանով:

Ծնկե՜լ եմ, գրկե՜լ,
Հպվե՜լ աղոթքիս,
Չե՛մ ցանկանում հեռանալ,
Սե՜ր,
Քո լուսե շողն է ընկել մազերիս,
Որ հետո պետք է  չքանա…

Ս.Ումառ 

09.05.14 Երևան

понедельник, 29 июня 2015 г.

Ամպապաշտ

Ի՞նչպես պատահեց, որ հայտնվեցիր
Իմ հենց ա՜յն ժամին, երբ ձեռքերս պարզած
Փորձ էի անում ամպի մի կտոր պոկել
Երկնքից…

Պատահականությո՞ւնն էր իր
Պատահական լինելուց ձանձրացե՞լ,
Անգործ լինելուց թանձրացե՞լ,
Թե մի ինչ-որ անհայտ երևույթ էր
Իր կրակե անթևիկով
Գլուխ բարձրացրել…

Հայտնվեցի՜ր ու
Օրհնյալ լինի հայտնությո՜ւնդ…

Բայց ինձ բո՛ց չէր պետք քաղել երկնքից,
Որ կուլ տա՛մ, այրվե՜մ,
Այլ անշե՜ջ կրակ,
Որ ոտքերիս տակ
Զգամ ջերմությունդ ու առաջ քայլեմ…

…Դեպի ամպերը
Բա՜րձր, բայց հասանելի
Գեղեցիկ՝ չափի մեջ,
Ամպե՜րը…
որոնց սիրում եմ  բոլորից էլ շա՜տ,
Որոնց հպվելիս ինքս կորցնում եմ ի՜նձ
Ու հիացմունքից դառնում ամպապա՛շտ…

Օրհնյալ լինի հայտնությո՜ւնդ,  այն
Աննյութեղեն կառույցից, երբ
Փորձ էի անում ամպի մի կտոր պոկել
Երկնքից…

Ս.Ումառ-Հարությունյան


воскресенье, 28 июня 2015 г.

Մայրամուտների գույներ

* * *
Սովորեցրեցի քեզ
Մայրամուտների գույներին  նայել
Արևածագի տրամադրությամբ…

Չեմ կարող մեղքս թաքցնել`
Չսովորեցրեցի քեզ
Քղամիդդ հանելուց առաջ
զգուշացնել Նախապես …

Ինչպես զգուշացնում են օդերևութաբաները
անձրևի՜ց,
ձյունի՜ց,
փոթորկի՜ց,
աղետի՜ց
բնության ա՜յլ վտանգներից
շատ ժամեր առաջ…

Իսկ ով չի տեսել պոետի
դեմքը ապշահար,
Չի տեսել թե ինչպես
թեթևաբարո աչքերն անպակառ
դառնում են  խոնարհ երկու անցք դատարկ-
Նա չի էլ կարող
Մայրամուտների գույներին  նայել
Արևածագի տրամադրությամբ…

Քո մերկությունը՝
Խելագար պատկեր,
Գիշերվա մթում լուծված վարսերդ-
Պոետի համար կորուստ ցավաբեր
Ու
Արևածագի տրամադրությամբ
Մայրամուտների գույները ներկող,
Մարմնիցդ ժայթքող
Դեղի՜ն ու կարմի՜ր
Թիթեռնե՜ր
Թիթեռնե՜ր…

Հետո էլ ասում են պոե՜տ ես
Ուրեմն
Խե՜նթ ես…

Ախր ի՞նչու եմ խենթ,
Այդ ի՞նչ եմ արել,
Մի՞թե խենթություն է, որ ողջ տիեզերքի մեջ
Ամենագեղեցիկ,
ամենակատարյալ
Էակին՝ կին արարածին,
Ես կո՞ւռք եմ սարքել..

Եթե այդպես է թող որ լինեմ խենթ Ձեր ախտորոշմամբ
Ու
Մայրամուտների գույներին  նայեմ
Արևածագի տրամադրությամբ:


Ս.Ումառ-Հարությունյան


Վերջի՞ն Սեր կամ նույնն է ինչ Վերջին բանաստեղծություն


Ի՞նչու է այսքան ճնշում երկինքը,
Արդյո՞ք երկնում է մի նո՜ր
Մի նոր Բա՞ն,
Ի՞նչու է այսքան տխուր Լուսինը -
Փարթամ կնոջ փարթամ ստինքերի նման:

Մի՞թե նրանից, որ արևը շփոթվել ու
Մայր է մտել- ծածկվել  քո մարմնով-
Դանդա՜ղ ծորում է մածուցիկ շառագույնը
Ոտքերիդ  վրայով:

Մայրամուտն իր տեղն է փոխել -
Մի նո՛ր գույն երկնել քո մարմնից,
Մորեգույն մի թախիծ է իջել
Կիսափակ աչքերիս….

Ամոթի գրկում վա՛խն է մահանում՝
Դառնում Արևներ մտրակող ձիավար,
«Վերջին»  անունով մի սեր է ծնվում
(Կարծես մոտեցող պատահար:)

Տխո՜ւր է լուսինը՝ գիշերվա տե՛րը,
Ա՛րևն է քո մարմնում խենթանում,
Ծաղկում են անգամ մոլախոտե՜րը,

Աստվա՜ծ իմ,
Այս ի՞նչ է կատարվում …

Ս.Ումառ-Հարությունյան

Հունիս 2015 թ.
Արա լեռ