четверг, 11 июня 2015 г.

Բարև՜ տղաս…



*
- Բարև տղա՜ս, բարև՜,
Կներես, որ այսպես ստացվեց,
Որ հիմա քո կողքին չեմ, գրկե՜մ, համբուրե՜մ:
Դու լա՞վ ես:
- Բարև, մա՛մ, լա՛վ եմ:
- Մի բան կերե՞լ ես:
- Այո՛, կերել եմ:
- Դպրոցում հո՞ չեն նեղացնում:
- Հայրիկից վախենում են:
- Հայրդ ի՞նչպես է, խորթ մա՞յրդ:
- Լա՛վ են, ի՞նչ կա:
- Կարոտե՜լ եմ, կերևա՞ս:
- Լավ մա՛մ, ժամանակ չկա՛…

*
- Բարև տղա՜ս, լա՞վ ես:
- Լա՛վ:
- Լսել եմ բժի՞շկ ես դառնալու,
Ինստիտուտում գործերդ լա՞վ են:
- Լա՛վ են,մամ:
- Հիվանդ չե՞ս, կարոտե՜լ եմ:
- Նորմա՛լ եմ, մամ:
- Հա՞յրդ
- Լա՛վ է, ի՞նչ կա:
 - Կարոտե՜լ եմ, կերևա՞ս:
- Լավ մա՛մ, ժամանակ չկա՛…

*
-
Բարև տղա՜ս, շնորհավորո՜ւմ եմ,
Ապրե՛ս, որ հորդ անունն ես դրել:
Շատ կցանկանայի գրկել առաջնեկիդ:
Առո՞ղջ է:
- Հա՛, մամ, նորմա՛լ:
- Կի՞նդ, հա՞յրդ:
- Լա՛վ են:
- Մի բան կերե՞լ ես:
Կարոտե՜լ եմ, կերևա՞ս:
-
Մա՛մ, աշխատանքի եմ, ժամանակ չկա՛:

*
Բարև սիրելի՜ս, գործերդ ի՞նչպես են,
Գիտե՜մ, դուստր ես ունեցել, աչքե՜րս քոռանան
Չտեսա թոռներիս:
Դու լա՞վ ես, այսօր մի բան կերե՞լ ես:
Այդպես էլ քեզ չտեսա,
Չսպասեցի,
Կներե՜ս…
- Բարև մա՜մ, չէ մի քիչ լավ չեմ, իսկ դու որտե՞ղ ես:
Ինձ Ների՜ր:
- Ե՞ս, ես երկնքում եմ արդեն,
Քեզ լա՜վ նայիր…

Ս.Ումառ-Հարությունյան



среда, 10 июня 2015 г.

Մայրիկ


Մի կնոջ հարցրեցին թե, ո՞ր երեխայիդ ես ամենաշատը սիրում.
Պատասխանեց.
- Նրա՛ն, ով հիվանդ է, քանի դեռ չի առողջացել,
Նրա՛ն, ով տանից դուրս է եկել և դեռ չի վերադարձել,
Ամենափոքրիկի՛ն, քանի դեռ չի մեծացել,
Եվ բոլորի՜ն, քանի դեռ  չեմ մահացել…

Մայրիկ

Մի պահ աշխարհը բերանն իր փակեց,
(Ինչ-որ բան փոխվեց մեծ տիեզերքում)
Չարակա՜մ, քինո՜տ աղմուկը սսսկվեց`

Մի մայր էր ծնկած աղոթում…

Բարակ մատները սեղմել էր իրար,
Ինչ-որ անուն էր շրթին մրմնջում,
Որդո՞ւ, ամուսնո՞ւ թե՞ դստեր համար -

Մի մայր էր ծնկած աղոթում…
     
… Ոչ լա՛ցն է հուզում, ոչ էլ ժպի՜տը,
Ո՛չ ամառ է, ո՛չ ձմեռ աշխարհում,
Երբ անհանգիստ է մայրական Սիրտը,

Երբ  մա՜յրն է ծնկած աղոթում…

… Մի՛ փնտրեք, չկա՛ն ուրիշ Աստվածներ,
Մեկն է Աստվածը՝ «Մայրի՜կ» անունով,
Մե՛կն է Հավատը ՝ Մայրական Ձեռքե՜ր,
Մեկ Սի՜րտ՝ քեզ համար բաբախող…

…Չկա՜, մի՛ փնտրեք դրախտ երկնքում,
Այստե՜ղ է Դրախտը՝ քո՛ կողքին,
Դրախտը - երբ գլուխդ ես դնում
Մայրական Հոգնած Ծնկներին:

Ս,Ումառ-Հարությունյան


воскресенье, 7 июня 2015 г.

Ամուսինների Շահագործման (օգտագործման) Հ Ր Ա Հ Ա Ն Գ ՄԱՍ 2



Ամուսին
Շատ նման է Երկիր մոլորակի վրա բնակվող բանական տղամարդ էակին:

Արտաքին տեսքին նայելիս, անմիջապես աչքի է զարնում երկարաժամկետ խնամքի պակասը:
Համադրվում է բնակարանի ցանկացած իրի հետ, բազկաթոռ, բազմոց, հեռուստացույց…
Հիմնական գոյության վիճակը հորիզոնական է:

Շահագործում

1. Կերակրել օրը 3 անգամ

2. Պահպանել ցանկացած հարվածներից, զգայացունց նորություններից, զրկել անձրևին երկար նայելու հնարավորությունից

3. Ամիսը մեկ անգամ ստիպողաբար տանել թատրոն կամ կինո

4. Վեց ամիսը մեկ, կանխարգելիչ նպատակներով պատժել, հյուր տանելով կնոջ ծնողների մոտ

5. Ամեն երեքշաբթի, ֆուտբոլ նայելու ռոմանտիկ սովորությունից ետ վարժեցնելու համար, կոնքատազով փակել հեռուստացույցի տեսանելիությունը, ձեռքերը բռունցք արած հենել կոնքերին ու հարցնել «Շաբաթ օրը կարող է դոլմա եփեմ, թփո՞վ ես ուզում թե՞ կաղամբով»

5.1 Պատասխանի չարժանանալու դեպքում, չարաճճի աչքերով հարցնել. «Միսը դո՞ւ կաղաս թե՞ հարևան Գառնիկին խնդրեմ»

6. Ամիսը երկու անգամ դատարկել գրպանները

7. Սովորեցնել գնալ խանութ, սկզբից թեթև առևտուր անելուն հետո կամաց-կամաց ավելի բարդ առևտրի, որպիսզի չփչանա արտաքին տեսքն ու հայացքը

8. Ամեն օր գիշերվա 23.30 րոպե ուշադիր ու երկար նայել աչքերին, լիցքավորելով նրան հարևանների կանանց չար աչքերից խուսափելու

9. Շաբաթը մեկ անգամ՝ շաբաթ կամ կիրակի օրերին լողացնել և պարտադիր ցույց տալ երեխաներին, փաղաքշական ասելով, որ
«Երեխանե՜ր, սա ձեր հայրի՜կն է»

10. Երաշխիքային ժամկետներում լիովին օգտագործելու համար, 3 ամիսը մեկ գնել վերնաշապիկ, 8 ամիսը մեկ կոշիկ:

11. Հիշել, որ նրա վերևի վերջույթները նախատեսված են լվացքի, հատակը լվանալու, պատին մեխ խփելու, տոնական օրերին ճաշ պատրաստելու համար

12. Չմոռանալ, որ նրա ներքևի վերջույթները անընդհատ քայլելու, վազելու համար են միայն այն պայմանով, որ դրամ աշխատեն

13. Նրան միշտ Թարմ ունենալու համար հարկավոր է ժամանակ առ ժամանակ ուտել ներվերը, հանել հավասարակշռությունից:
a) Նրա հարցին «Որտե՞ղ է արդուկված վերնաշապիկս» անթարթ աչքերով պատասխանել «Որտե՞ղ է»
b) Նրա հարցին «Վաղը ի՞նչ եմ հագնելու» ձեռքերը ծալել կրծքին ու անմեղ ձայնով պատասխանել «Ի՞նչ»
c) Նրա հարցին «Ինչո՞ւ աղբը չես թափել» պատասխանել «Ինչո՞ւ»   և

14. Կանգնեցնել նրան ուղղահայաց դիրքում, ձեռքը զգույշ, շատ զգույշ դնել աղբադույլի բռնակը, 16 ամյա երեխայի ձեռքից վերցնել Պլանշետը, GPS-ով նշել բնակարան- աղբամաններ ճանապարհը և թեթև ուսին շոյելով ասել
«Սիրելի՜ս, ժամանակ եմ պահել, դե՜ քե՛զ տեսնեմ»

ԸՍՏ ՀՐԱՀԱՆԳԻ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՈՒՄ ԱՄՈՒՍՆՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՄԻՉԵՎ 68 ՏԱՐՎԱ


Ս. Ումառ-Հարությունյան

Ամուսինների Շահագործման (օգտագործման) Հ Ր Ա Հ Ա Ն Գ ՄԱՍ 1



Կին
Երկիր մոլորակի վրա բնակվող բանական (?)  ԶԱԳՍ-ի (Զանազան Անախորժությունների Գրանցման Սեղան) կողմից  Լիցենզիա ունեցող էգ արարած, որը հիմնականում հանդես է գալիս իր լրացման՝ մայրիկի հետ միասին:

1. Ուշադրություն, լցված է հատուկ, անսպառ հեղուկով, որին արցունք է ասում և կարողանում է ցանկացած պարագայում առաջացնել համաշխարհային ջրհեղեղի տպավորություն:

2. Կամակոր է, անկառավարելի, շատ է սիրում իր բարձրակրունկի տակ հայտնված տղամարդկանց հասցնել անելանելի վիճակի:

3. Նշանակությունը (առաքելությունը)
ուղիղ հավասարաչափ, արագացող շարժման օրենքով դատարկել տղամարդու դրամապանակը և բանկային քարտը:

4. արձագանքում է իր անվան ցանկացած փաղաքշական ձևին

5. Անկանխատեսելի պայթյունավտանգ է՝ իր բոլոր ավերիչ հետևանքներով

6. Հասարակության մեջ նրա հայտնվելը առանց դնչկալի կարող է հանգեցնել անուղղելի հետևանքների

7. Տեսքը խելացնոր գեղեցիկ է, աֆրիկյան շատ ցեղեր նրան օգտագործում են որպես կոկորդիլոսներին ջրից ափ դուրս բերելու անփախարինելի խայծ

8. Սանրվածքի տակ գտնվող մասում, որը տղամարդկանց մոտ կոչվում է գլուխ, Բրոունյան շարժումով քաոսային վիճակ է

9. Ողնաշարից 4-5 սմ  ներքև գտնվում է նրա Աքիլլեսյան գարշապարը
Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում ափի թեթև նուրբ հարվածով
համոզվել տվյալ պահին պիտանելիության աստիճանը
Եթե արձագանքի «Վա՜յ, գործ եմ անում» - նշանակում է պատրաստ է
Եթե արձագանքի «Ապո՛ւշ, բան ու գործ չունե՞ս» - նշանակում է, որ պետք է նրանից գտնվել զգալի հեռավորության վրա

10. Իրեն համարում է թույլ արարած, չնայած կարողանում է նավաստիներին հատուկ ծովային բարդ հանգույցով կապել տղամարդու ոտքերն ու ձեռքերը

11. Ամուսնական պարտականությունները կատարել չցանկանալու դեպքում, ունի կայուն, համոզիչ վստահ պատասխան
«Գլուխս ցավո՜ւմ է»
12. Ամուսնու կողմից ամուսնական պարտականություններ չկատարելը որակավորում է ստանդարտ երկու բառով
«Անհոգի՜, սրիկա՛»

13. Ունի անթերի հոտառություն զգալու այլ, օտար կնոջ օծանելիքի բույրը

14. Ունի հոյակապ տեսողություն տղամարդու շորերի վրա անսխալ գտնելու 2-3 սմ երկարությամբ ցանկացած այլ կնոջ մազ

15. Բացարձակ չի զգում ժամանակը, ինչը հնարավորություն է տալիս իր հագնվելու ընթացքում update  անել համակարգչի Windows-7 ծրագիրը (3-4 ժամ)

ՊԻՏԱՆԻ Է ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (շահագործման) ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ


Ս. Ումառ-Հարությունյան

воскресенье, 31 мая 2015 г.

10+1 ՊԱՏՎԻՐԱՆ



Մի՛ ՄՈՌԱՑԻՐ  որ աշխարհում գտնվելու քո առաքելություններից մեկը դիմացինին ՕԳՆԵԼՆ Է

Մի՛ ԽԱԲՆՎԻՐ  այն կեղծ գաղափարին, որ օգնելով պահի տակ թույլ գտնվող մարդուն դու ՈՒԺԵՂ ես նրանից

ՄԻ՛ ՀԱՎԱՏԱ, որ կյանքում քո ճանապարհին պատահական հայտնված մարդը ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է

Մի՛ ԾԻԾԱՂԻՐ զգացմունքների վրա,(նույնն է երբ ծիծաղում ես հղի կնոջ կազմվածքի վրա ) դա կդառնա բնավորություն ու կծնի ՆԱԽԱՆՁ

Մի՛ ԱՐՏԱՍՎԻՐ դիմացինդ մոտ, նա դրանից կհասկանա քո ԱՆԿԵՂԾ ու ՈւԺԵՂ լինելը, դրանից նա կհիասթափվի ինքն իրենից

Մի՛ ՍՏԻՐ ինքդ քեզ, դա ամենաթունավոր երևույթն է, որ ապականում է ՀՈԳԻԴ

Մի՛ ԹԱՔՑՐՈւ նվիրական զգացմունքներդ, դրանից դու առավել խոցելի ես լինում ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՄԱՐ

Մի՛ ՇՐՋԻՐ երեսդ, երբ բախտը փորձում է թքել քո վրա ու հեռանալ, նա դրանով իր ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ է հաստատում, նա երբեք չի հեռանա իր մյուռոնից

Մի՛ ԲԱՐՁՐԱՑԻՐ սիրածդ էակի առաջ ծնկած դիրքից, դրանով կկորցնես նրա քո համար ԲԱՐՁՐ լինելը

ՄԻ՛ ԵՂԻՐ սղոցի պես ՛՛մին դեպի քեզ մին դեպի ինձ՛՛, եղիր միշտ դեպի ՆԱ, դա նրան միշտ պահող երաշխիքն է

+1  
ՄԻ ԱՐՀԱՄԱՐԻՐ ՈՉ ՄԵԿԻՆ արհամարանքը բումերանգ է

Ս.Ումառ-Հարությունյան