понедельник, 30 марта 2015 г.

Կարոտն ափի մեջ



- Տեսնես հիմա Ամերիկայում ժամը քանի՞սն է:
- Առավո՜տ է, կինո՛ն նայիր, լա՜վ կինո է:
- Ի՞նչն է լավ, տասնհինգ րոպե է արդեն երեքով նստած հեռուստացույց են նայում:
Տեսնես Մարիամս…
- Մարիա՛մ չէ, Մա՛րի է:
- Լավ, թող լինի Մարի, ի՞սկ Անդրանիկը երևի իր առավոտյան սուրճն է վայելում:
- Անդրանի՛կ չէ, Անդրե՛ է, ա՜յ մարդ կինոդ նայիր էլի, լավ կինո է:
- Ի՞նչն է լավ: Գևորիկս էլ երևի պատրաստվում է մանկապարտեղ գնալուն, միայն չասես Գևորգ չէ՝ այլ Ջորջ:
Ամուսինը հանեց ակնոցն ու տեղից վեր կացավ:
Կինը նայեց ամուսնուն:
«Աստված իմ այս ի՞նչ արագ  ծերացանք, և ընդամենը երե՜ք տարում»:
- Ո՞ւր, բա կինո՞ն, լավ կինո է:
- Զուգարան, հիմա կգամ:
Գևորգը գնաց դեպի ննջարան:
Կինը նայեց նրա ետևից ու գլուխը կախեց:

Դստեր՝ Մարիամի ընտանիքի Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելը քարտաշ Գևորգը ծանր տարավ:
Օդանավակայանում գրկից հազիվ վերցրեցին փոքրիկ Գևորիկին:
Ամբողջ կյանքում քարերի հետ գործ ունեցած, «քար սիրտ» ունեցող ուստա Գևորգը բարձրաձայն լալիս էր` անտարբեր շրջապատին:
- Ա՛յ մարդ, դե թող գնան լավ ապրեն, ջահե՜լ են, մնան ի՞նչ անեն, համ էլ մեծ մարդ ես չգիտե՞ս որ ճանապարհի վրա լաց չեն լինում: Մեզ ի՞նչ է եղել ոտքո՜վ, ձեռքո՜վ…
- Անիծվի էս ինքնաթիռ հնարողը, անիծվի էն Կոլումբոսը…
Տուն վերադարձան առանց մի բառ փոխանակելու:
Քարտաշ Գևորգի քարերի մեջ կոպտացած ափում Գևորիկի աջ ձեռքի ձեռնոցն էր, որ կնոջից թաքուն դրեց բարձի տակ…
Կինը վաղուց էր նկատել ձեռնոցը, բայց ամեն անգամ անկողինը փոխելիս դնում էր նույն տեղը, հաճախ, երբ մենակ էր լինում հանում էր, սեղմում կրծքին, հետո համբուրո՜ւմ, համբուրո՜ւմ:

Հեռուստացույցի էկրանին երկու տղաներ էին ու մի աղջիկ, որոնք իրենք էլ էին նայում ինչ որ ֆիլմ՝ Ամերիկյան հնդիկների մասին:
- Գևո՛րգ, դե արի հիմա կսկսվի:
- Գալիս եմ, ի՞նչն է սկսվելու, տեսե՞լ ես այս ֆիլմը:
- Չէ՜, բայց գիտեմ, այ այն աջ կողմի տղան հիմա վեր կկենա, գրպանից կհանի դանակն ու կսպանի այն մյուս տղային: Նայի՜ր, լավ կինո է…Լեհական:


Ս.Ումառ-Հարությունյան

воскресенье, 29 марта 2015 г.

Սպիտակ Մերսեդեսը



Ա՛հ գիտնայի՜ք թե մարդ ի՛նչպես
Կուլա մինակ, անընտանիք,
Երբեմըն գեթ իմ փողոցես
Դուք կ՛անցնեիք:                       Սյուլլի Պրյուդոմ


Լույսը նոր  էր բացվել ու անհասկանալի էր թե ի՞նչպես և ինչո՞ւ էր հայտնվել Նալբանդյան փողոցում:
Քաղքաքը դատարկ էր, անմարդ:
Վերջին երեք հատ հազարանոց դրամները ու մեկ երկու հարյուրանոց մետաղադրամը դրամապանակով կարծես իրենց բովանդակ ծանրությամբ բաճկոնը ձգում էին ներքև:
Լույսը նոր  էր բացվել ու անհասկանալի էր ինքն ավելի թեթև էր իր գրպանի փողերից թե ոչ:
- Երկու տուփ ծխախոտ – 600 դրամ, մեկ թթվասեր- 580 դրամ, 3 հաց- 330 դրամ, հա մոռացա դեռ իննը օր կա մինչ հաջորդ թոշակ՝ շաքարավազ և սուրճ, համայնատիրության գումարը մինչև հունիս ամիս…փողն ավարտվել էր, իսկ ինքը դեռ հաշվում էր:
Կողքը կանգնեց մի հինգ հարյուր կիլոգրամանոց փողերի կույտ՝ անիվների վրա:
Մերսեդես էր: Սպիտակ:
Մեքենայից իջավ մեկը ու մոտեցավ իրեն, ձեռքերով ինչ որ բան էր հարցնում:
Սկզբից ցանկանում էր հարցնել թե ինչո՞ւ հատկապես իրեն, բայց ժպտաց, հիշեց որ փողոցում ուրիշ մարդ չկար:
Մարդը ձեռք ու ոտքով ինչ որ բան էր ասում, քաշում բաճկոնի թևերից, շոյում ուսը:
Հասկանում էր, որ չկարողանալով արտահայտվել մարդը բարկանում էր իր անկարողության վրա:
Հետո մարդը չոքեց, ձեռքերի մատների ծայրերը միացրեց իրար, քաշեց բաճկոնի գրպանից ու խաչակնքեց:
- Հա՜, եկեղեցու տեղն ես հարցնո՛ւմ, դե այդպես էլ ասեիր, Աստված քեզ ինձ մո՛տ ուղարկեց, թե ինձձ՝ քեզ մոտ:
Մարդը հասկացրեց, որ ինքն է եկել իր մոտ:
 - Ուրեմն նայի՜ր, կգնաս այս փողոցով,- ձեռքով ցույց տվեց ու բացատրեց, մարդն էլ երևի հասկացավ, արագ ոտքի կանգնեց ու վազելով մոտենալով մեքենային միացրեց շարժիչն ու հեռացավ:
- Երևի պրոբլեմները շատ են որ այս ժամին եկեղեցի է գնում: Ես ի՞նչ պետք է անեմ մինչ խանութների բացվելը:
Ոտքերն էլ անհասկանալի պատճառով տարան ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Եկեղեցուն չհասած տեսավ մի ծեր, փող հավաքող կնոջ, սառը աստիճաններին նստած:
Հիշեց երկուհարյուր դրամանոցն ու ձեռքը մտցրեց գրպանը:
Դրամապանակը չկար:
Ժպտաց կնոջը, գրպանից հանեց թաշկինակը, փռեց աստիճանին ու նստեց կնոջ կողքը…

Ս.Ումառ-Հարությունյան

суббота, 28 марта 2015 г.

Ուրվակա՞ն թե՞ պոլթերգեյստ



Կարծես ամեն ինչ բարեհաջող էր ընթանում և ծնողների և իր բնակարանը վաճառելուց, հինգ սենյականոց բնակարան գնելուց հետո, երբ դարձան մի մեծ ընտանիք՝ տատիկ պապիկով, երեք երեխաներով՝ ութամյա Արմինեն, հնգամյա Ռոբերտը, չորսամյա Արթուրիկը դե ինքն ու կինը՝ Անահիտը…
Ճիշտ է բնակարանը ութերորդ հարկում էր, բայց վերելակը աշխատում էր անխափան, ջուրն էլ էր բարձրանում:
Իրենք Արթուրիկի հետ քնում էին մեկ սենյակում, ծնողները մեկ այլ, Արմինեն և Ռոբերտն էլ ունեին իրենց սենյակները:

1

Ամեն ինչ սկսվեց մի երկուշաբթի օր, երբ առավոտյան սուրճ խմելու համար խոհանոց մտնելով տեսավ հորն ու մորը կարծես կազմ պատրաստ ինչ որ տեղ գնալու:
Կինը քիչ ուշ էր արթնանում, պատրաստում  երկրորդ բաժակ սուրճն ու ճանապարհում աշխատանքի, մինչ այդ ծնողները քնած էին լինում:
- Մա՞մ, պա՞պ, ի՞նչ է եղել, առավոտ շուտ:
- Ոչինչ տղա ջան, եթե կինդ չի ցանկանում մեր ներկայությունը մենք կգնանք քրոջդ մոտ ապրելու, բայց վախեցնել:
- Պապ, ի՞նչեր ես ասում, ի՞նչ վախեցնել:
Մայրը շարունակեց.
- Արդեն քանի տարի է, որ ես սովոր եմ, որ իմ ձեռնափայտը լինում է կողքս դրած, երեկ ձեռնափայտս հայտնվել էր հյուրասենյակում, ի՞նչպես:
- Դե միգուցե…
- Այսօր էլ հայրիկիդ կողքը դրած աթոռի վրա, որտեղ միշտ ծխախոտն է դնում, երկու կոտրված ծխախոտ էր, այն էլ թաց, դրան ի՞նչ կասես:
- Մա՛մ, պա՛պ, հո երեխա՞ չեք, Անահիտն ի՞նչու պետք է նման բան աներ:
- Էլ ո՞վ, ուրվակա՞ն կա այս տանը:
Ներս մտավ Անահիտն ու զարմացած նայեց հավաքվածներին:
- Ի՞նչ է պատահել, առավոտ շուտ, ի՞նչու եք հագնված կարծես հեռավոր ճամփորդության մեկնելիս լինեք:
- Խնդրեմ տղաս, լսեցի՞ր, իր բերանով է ասում:
- Բայց ի՞նչ ասացի որ, ինչո՞ւ եք այդպես ինձ նայում:
Իմանալով պատահածը Անահիտը ծիծաղեց:
- Եթե ես գիշերը վեր կենայի պետք է անցնեի ձեր տղայի վրայով ու արթնացնեի, այնպես որ ուրիշ, խելքին մոտիկ բաներ հնարեք: Իմ մահճակալը պատին է կպած:
Ռոբե՛րտ, պայուսակդ հավաքիր ուշանում ենք, - խոհանոցից բղավեց ու դուրս եկավ:
Սենայկից լսվեց մոր աղջկա խոսակցությունը.
- Մա՛մ, Արթուրիկի կոշիկի թայը չգտա, ինքդ կհագցնես, ես Ռոբի հետ գնացի, չուշանանք:
- Ի՞նչ է նշանակում չգտա, մահճակալի տակ նայեիր, գժական օր է, լա՜վ գնացեք:
Երեքով ամբողջ տունը տակնուվրա արեցին, այդպես էլ կոշիկի թայը չգտան:
Երկուշաբթի էր:


2
Հաջորդ օրը չգտան Ռոբերտի սև գնդիկավոր գրիչն ու նրա թղթի վրա նկարած ավտոմեքենայի վրա հայտնաբերեցին գրիչով գծած սև գույնի մի ծուռումուռ կիսախաչ:
Երկու օր կարծես անցավ խաղաղ, բայց հինգշաբթի հյուրասենյակում՝ հեռուստացույցի վրա գտան Անահիտի կրծկալը:
Երեկոյան երբ երեխաները քնեցին չորսով խոհանոցում թեյ էին խմում:
Մայրը խաղաքարտերով ինչ որ բան էր գցում:
- Այդպես էլ գիտեի, խնդրե՜մ:
- Ի՞նչ, - երեք միաժամանակյա ձայներով ու վախեցած նայեցին մորը:
- Ղառի տասնոցն է դուրս գալիս, պոլթերգեյտս: Աստվա՜ծ իմ: Սա էր մեզ պակաս:
- Մա՛մ դա ուրիշ բան է, դա ձայների հետ է կապված, ի՞նչեր ես ասում:
- Ի՞նչ ձայն,- ասաց հայրը, - երբ պատուհանը բաց ենք քնում, էլ ի՞նչ ձայն:
- Պա՛պ, ութերորդ հարկում ենք ապրում:
- Կապ չունի, լսի՛ր հորդ, կամ հյուրասենյակի պատուհանն ենք փակում կամ թաց շոր փռիր տակը, ես լսել եմ: Հորդ լսիր:
- Իսկ ես ձայն լսել եմ, - ասաց Անահիտը,- կարծես մեկը զգույշ քայլում էր, վախից չկարողացա աչքերս բացել ու քեզ արթնացնել, կարծես դմրել էին ձեռքերս:
Սկեսուրը թարս նայեց հարսին:
- Դու ավելի լավ է քո խայտառակ շորերիդ տիրություն արա, վաղն էլ ինչ իմանաս որ մի շորդ կհայտնվի, մեղա քեզ Աստվա՜ծ, մեղա՜…
- Ինչո՞ւ խայտառակ, ի՞նչեր ես խոսում, դու չունես ինչ է՞:
- Ունե՛մ, իմս միշտ ինձ վրա է: Լա՜վ, դիմենք երրորդ հարկի Արշալույսին թող գա աղոթի, կարծեմ մի այսպիսի բան ունի, անունը ՛՛Գայլի բերան՛՛, խունկ է վառում ու…
- Մամ, վերջացրու, ամբողջ շենքով մեկ խայտառակվելու ենք:
Հայրը ոտքի կանգնեց:
- Չէի ցանկանում ասել, բայց ես իրոք գիշերը վեր եմ կացել, փակել պատուհանը, թե չէ չէի կարողանում քնել:
- Այս շոգին պատուհան չեն փակում, սա, նորից եմ ասում, բարձր հարկ է, դա ի՞նչ տվեց քեզ:
- Ինչ տվե՜ց, ինչ տվե՜ց, ակնոցս չեմ գտնում առավոտից:
Անահիտը ափով փակեց բերանը:
Սկեսուրն անընդմեջ խաչակնքում էր՝ աչքերը չռած սեղանին՝ ղառի տասանոցին:
Ստեղծվեց այնպիսի պահ, որ մեկ ավելորդ ձայն կարող էր մահացու հարված հասցնել:
Հենց այդ պահին էլ հնչեց դռան զանգը:
Անահիտն աթոռից ընկավ, սկեսուրը մի խոր շունչ քաշեց ու…փակեց աչքերը:
Հայրը դողում էր նստած տեղում:

3
Ներս եկան քույրն ու փեսան:
- Մամ ջան, ի՞նչ է եղել, հեռախոսով ձայնիցդ հասկացա, որ վատ եք:
- Նուն ջան, պոլթերգե՜յթս, մեռած ենք թաղած չենք:
- Դա ի՞նչ է մամ ջան սրտի հետ է կապվա՞ծ, թե ուրիշ…
- Ավելի վատ, դա որբ երեխայի ուրվականն է, ընդ որում սոված, տեղավորվել է մեր տանը, կորա՜ծ ենք:
Փեսա Վանիկը սկսեց ծիծաղել:
- Կատակի ժամանակ եք գտել, մենք էլ շտապեցինք:
- Էլ դրանից էլ կարգին բա՞ն, - հայրը խիստ աչքերով նայեց փեսային:
- Լավ, սկսեք սկզբից առանց մանրուքները բաց թողնելու:

Երբ պատմությունը հասավ գագաթնակետին, ծայրագույն լռության պայմաններում  դանդաղ սկսեց բացվել ննջարանի դուռը:
Վեց զույգ հասուն աչքեր դարձան բազմաթիվ վախի կտորներ ուղղված դռանը:
Հանգիստ դուրս եկավ Արթուրիկը ու աչքերով փնտրելով մորը ասաց.
- Մա՛մ, չիշիկ ունեմ:

- Ուրեմն այսպես, հիմա բոլորդ գնում եք ձեր սենյակները, դուրս չգաք, ես իջնում եմ, ավտոմեքենայումս դրա միջոցը կա, բերում եմ տեղադրում ու Նունեի հետ մենք գնում ենք: Վաղն ամեն ինչ կպարզվի:
- Մեզ թողո՞ւմ եք Վանիկ ջան, բա ո՞նց կլինի:
- Այսօր էլ մնացեք, լավ կլինի:

Չնայած Վանիկը գիտեր, որ որվականները տեսախցիկներում չեն նկարահանվում, այլ միայն իրերի շարժն է նկարահանվում, բայց ավտոռեգիստրատորը, շարժման տվիչի ռեժիմում տեղադրեց պահարանի վրա՝ այնպես,  որ հյուրասենյակում ցանկացած շարժ նկարահանվի ու գնաց:

4

Հաջորդ առավոտը կարծես թե անցավ խաղաղ, ոչ մեկը չէր բողոքում ինչ որ իրի տեղաշարժից կամ պակասությունից, բայց անհամբեր սպասում էին Վանիկին:
Երեկոյան Վանիկը եկավ, բերեց իր Նոութբուքը:
Բարձրացավ անջատեց ավտոռեգիստրատորը, դանդաղ հանեց չիպը, տեղավորեց համակարգչի մեջ, նորից առանց շտապելու մի ծխախոտ կպցրեց նոր միացրեց տեսագրությունը:

Գիշերվա ժամը 3-ին մոտ հանկարծ ռեգիտրատորի կարմիր լույսը սկսեց թարթել սկսվում էր ձայնագրությունը:
- Բայց շարժ չկա, ինչո՞ւ է ձայնագրում:
- Նայիր ձեր դռանը:
 Պարզ երևում էր Անահիտենց ննջարանի դռան բռնակի դանդաղ իջնելը:
Բոլորի մտքում մի հարց էր թե ի՞նչպես էր այդ օտար երևույթը պատուհանից հասել դռանը:
Հետո սկսեց ավելի դանդաղ բացվել դուռը:
Ներսից դուրս եկավ Արթուրիկը՝ ձեռքին այն  մնացած կոշիկի թայը, մոտեցավ բաց պատուհանին ու շպրտեց դուրս…


Ս.Ումառ-Հարությունյան

пятница, 27 марта 2015 г.

Վերջին կանգառը



Ամեն առավոտ ճանապարհորդությունը սկսվում էր նույն տեղից՝ ջահից:
Աչքերի ճանապարհորդություն էր:
Սկսվում էր ջահից, անցնում առաստաղի մյուս մասերով, իջնում պատից կախված կնոջ նկարի վրա, մի պահ կանգ առնում, հիշում, որ կոկորդը չորացած է, ջուր տվող չկա, հետո նորից շարունակվում:
Հաջորդ պատի վրա Ամերիկայում մշտական բնակվող դստեր նկարն էր՝ իր երկու դպրոցական երեխաների հետ միասին, որոնց նա չէր տեսել:
Գիտեր, որ ճանապարհորդելու հաջորդ կանգառը ժամացույցն է, միակ աշխատող իրը սենյակում, այսինքն միակը չէր աշխատում էր նաև իր սիրտը՝ դեռ աշխատում էր:
Վերջին հարաբերական կանգառը իր տղայի՝ Վահրամի նկարն է, լուսանկարված մանկական տարիներին, ուրախ, ժպտացող:
Վերջին կանգառը ամսագրերի սեղանին դրված բջջային հեռախոսն   էր, որը Վահրամի կողմից նվիրվելուց հետո զանգել էր ընդամենը մեկ անգամ, երբ տղան փորձել էր հեռախոսն ու բացատրել թե ինչպես օգտվել:
Անցել էր երեք ամիս ու հեռախոսը  այդպես էլ  զանգեր չէր ընդունել:

Փողոցում դիմացից մի հասակակից կին էր գալիս թոռան ձեռքը բռնած, երևի խանութից, քանի որ փոքրիկը ձեռքում բռնած ծամոնի տուփից աչքը չէր հեռացնում:
- Անհամբերն է, ինչո՞ւ չի ծամում:
- Փողոցում չի կարելի, համ էլ թող դիմանա, տղա՛ է:
- Չէի՞ք ասի, բջջային հեռախոսներ որտեղ կարող եմ ստուգել տալ:
- Այն խանութի կողմից իջեք ցած, ավտոբուսների վերջին կանգառում կետ կա:
- Շնորհակալ եմ: Ինչո՞ւ վերջին, միգուցե սկի՞զբն է:
Կինը գլխով արեց, երևի մտքում ասաց թե - այ բիձա քո ինչին է պետք հեռախոսը,
հայ-հայդ գնացել վայ-վայդ է մնացել:

Կետը սպասարկում էին երեք աղջիկներ՝ մեկը գեղեցիկ, մյուսն ավելի գեղեցիկ, երրորդն իրեն գեղեցիկ չէր համարում երևի դրա համար էր այդքան տխուր աչքերով:
Հարգեցին տարիքը, անհերթ մոտեցավ ամենագեղեցիկ աղջկան:
- Հայրիկ ջան ի՞նչ է եղել, մուծո՞ւմ ես, ասա համարը:
- Ո՜չ, ես երբեք չեմ մուծել, իսկ պետք էր մուծե՞լ, տղաս ոչինչ չի ասել:
- Համարդ ասա:
Գլուխը շարժելով սկսեց համակարգչի վրա ինչ որ բան հավաքել:
- Ո՛չ, հայրիկ պարտք չունես: Կանոնավոր մուծվում է:
- Վահրա՜մս…
- Մի քիչ արագացրու, հերթ է, ի՞նչ ես ցանկանում:
- Զանգ չի գալիս, լուռ ընկած է արդեն երեք ամիս:
Աղջիկն իր հեռախոսից հավաքեց համարը, զանգը բարձր լսվեց ու շարժեց հերթում կանգնած մարդկանց ժպիտը:
- Նորմալ է, գնա հայրիկ ջան, հերթը սպասում է:
- Աղջիկ ջան իսկ կլինի՞ այնպես անես որ ինչ որ կոճակ սեղմեմ ու զանգ գա, որ լսեմ զանգը: Խոստանում եմ, չեմ պատասխանի:
- Ես ֆոկուսնիկ չեմ հայրիկ ջան, - բարձրաձայն ասաց աղջիկը իսկ ավելի ցածր ձայնով,
- Օ՜ֆ, էս ցնդած բիձեքից պրծում չկա:
Լսեց, մի քիչ հեռացավ, տեղ տալով հերթը զիճած տղամարդուն:
- Երիտասարդ ժամանակ իմ կինն էլ քեզ նման գեղեցիկ էր, բայց բարի, չարությունից կկորցնես հմայքդ, ափսոս չէ՞:
Մարդը հասել էր այն պատուհանին որի ետևում իրեն գեղեցիկ չհամարող աղջիկն էր, որին էլ դիմեց ավելի գեղեցիկ աղջիկը:
- Պապիկի հեռախոսում  բուդիլնիկ միացրու թող ամեն օր զանգի:
- Տո՛ւր հեռախոսդ պապի ջան: Հիմա մի բան կանենք: Այսպե՜ս, ուրեմն բլոկնո՜տ, ահա, հարևան Անուշ, Վահրամ, շտապ օգնություն, բժիշկ Ռիմա: Չորս հոգի են պապի ջան ո՞ւմ զանգին ես սպասում, լա՜վ հասկացա: Հանգիստ գնա կզանգեն, խոստանում եմ:
- Ապրե՛ս աղջիկ ջան, որ գար ավելի լավ կլիներ…

Շենքի մուտքին դեռ չէր հասել երբ հեռախոսը զանգեց:
Ժպտաց, գիտեր զանգողի ով լինելը, միացրեց հեռախոսն ու միանգամից պատասխանեց.
- Դեռ չեմ հասել, աղջիկ ջան, ամեն ինչ լավ է, այո, արդեն բարձրանում եմ աստիճաններով, ապրե՜ս:

Ամեն առավոտ ճանապարհորդությունը սկսվում էր նույն տեղից՝ ջահից:
Աչքերի ճանապարհորդություն էր:
Սկսվում էր ջահից, անցնում առաստաղի մյուս մասերով…
… Վերջին կանգառը ամսագրերի սեղանին դրված բջջային հեռախոսն   էր…
… Հեռախոսը զանգում էր, աչքերը շտապում էին հասնելու վերջին կանգառին՝ հեռախոսին:
Չնայած գիտեր ով է զանգողը, (Վահրամս կգա ու կտեսնի, որ հեռախոսիս զանգ է եկել) բայց համոզված չէր, որ կկարողանա վեր կենալ ու մոտենալ հեռախոսին, միգուցե աչքերը մինչև անօգնական փակվելը հասնեին, բայց վստահ էր, որ ինքը չի կարող, ինքն արդեն հասել էր իր վերջին կանգառին:

Ս.Ումառ-Հարությունյան


Աստված իմ



Փոքրիկ սրճարանի ապակիները այցելուների պակասից այնքան էին խամրել, որ նույնիսկ վարագույրի կարիք չէին զգում փողոցի անդուդարձը ներս թափանցելը խանգարելու համար:
Մատուցողուհին, որը նաև հավաքարարն էր,նաև խոհարարն էր նաև դռնապանը տխուր աչքերով նայում էր համարյա անթափանց ապակիներին:
«Աստվա՜ծ իմ, այսօր էլ այցելու չի լինի, այսօր էլ ոչինչ չեմ ստանա»
մտածելու պատասխանը համընկավ դռնից կախված զանգակների ձայնին:
Ներս մտավ միջին տարիքի, ճմրթված շորերով, մի քանի օր չսափրված դեմքով մի մարդ:
Հաճախ էին նման այցելուներ լինում, որոնք միայն խնդրում էին հաց կամ թեյ, վստահ իմանալով, որ աղջիկը ոչնչով չէր կարող օգնել իրենց, բայց դե սովը ստիպում էր, որի դեմ անկարող էր և աղջիկը և խնդրողը:
«Աստվա՜ծ իմ, նորից սրանք, չէ՞ որ ես ոչնչով չեմ կարող օգնել, իսկ նրանք գալիս են, անձայն,  իրենց խնդրողի աչքերով հարցնում, պատասխանը ստանում իմ աչքերով ու գլխահակ հեռանում, որից ես ավելի վատ եմ զգում:»

Այս մեկի աչքերը խնդրողի չեն, չնայած բարի են, դեմքն էլ անծանոթ, նման չէ ամենորյա կիսաայցելող բոմժերին, բայց տեսքը…

- Բարև Ձեզ,  ես Աստվածն եմ:
- Ներեցե՞ք…
- Ո՛չ մի ներեցեք, խորհուրդներ չեմ ընդունում, ի՛նքս եմ որոշում:
- Բա՞յց…
- Ո՛չ մի բայց, ասացի չէ՞ խորհուրդներ չեմ ընդունում:
- Ուրե՜մն…
- Դա՛ էլ եմ ես որոշում, մի բաժակ քաղցր սուրճ, մեկ հատիկ ծխախոտ, միայն արա՛գ, շտապո՛ւմ եմ:
Ի՞նչը ստիպեց աղջկան ենթարկվել, չհասկացավ արագ անցավ գործի, հետո նոր միայն մտքում ասաց.
«Պատկերացնեմ, որ հայրս է, որին կյանքում չեմ տեսել, այս անգամ էլ թող այսպես լինի, տնօրենին էլ մի բան կխաբեմ, Աստվա՜ծ իմ, ո՞ր մեղքիս համար:»

Արագ –արագ ծխախոտի ծուխն ագահաբար ներս քաշելով, աչքը չկտրելով աղջկա ձեռքերից, որոնք ծալել էր կրծքին, խմեց սուրճն ու առանց վճարելու հպարտ հեռացավ…
Խմած սուրճի բաժակը դեռ չէր հասցրել լվացարանի մոտ երբ վազելով ներս մտան երեք քաղաքացիական հագուստով մարդիկ:
- Այստեղ մարդ մտե՞լ է, ճմրթված շորերով, կեղտոտ փողկապով, իրեն Աստված է անվանում, դա ի՞ր խմած բաժակն է:
Աղջիկը, որ շատ էր ցանկանում ստել, բայց ստել չգիտեր, պատասխանեց գլխով:
Նրանցից մեկը, որն ավելի տարիքով էր զայրացած հարցրեց.
- Իսկ ինչո՞ւ չես զանգահարել:
- Ո՞ւմ, ինչո՞ւ համար:
- Ինչպե՞ս թե ում, դու ի՞նչ է հեռուստացույց  չես նայում:
- Ես հեռուստացույց չունեմ, նա ասաց, որ Աստվածն է:
- Այդ մարդը հոգեբուժարանից է փախել, ամբողջ քաղաքն է նրան փնտրում:
- Լա՜վ, թող աղջկան, հեռու չի կարող գնալ, սուրճ խմենք ու նոր շարունակենք, միևնույն է նա անվնաս է: Երեք սուրճ ու խմորեղեն:
Աղջիկն ուրախությունից անցավ գործի:
Նոր էին դուրս եկել նրանք երբ ներս մտան երկու ոստիկան:
- Այստե՞ղ է մտել իրեն Աստված անվանող մարդը, դու հիմա կպատասխանես մեր հարցերին: Սկզբից երկու ՛՛Ամարեթո՛՛ հետո սուրճ, միայն թե արագ: Նրա խմած բաժակը չլվանալ, փորձագետներ են գալու, պա՞րզ է:

Հետո եկան հոգեբուժարանից, ինչ որ լրատվական թերթից, եկան քաղաքապետարանից, շտապ օգնությունից, եկան փորձագետներ, եկավ սրճարանի տնօրենը, եկան ինչ որ կուսակցություններից…
…եկավ մի երիտասարդ տղա, ասաց, որ այդ մարդը իր հայրն է, որ մեկ ամիս առաջ քաղաքապետն էր ու իր կամքով հրաժարական է տվել, նրան համարում են հոգեկան խանգարված մարդ ու խնդրեց, երբ երևա անմիջապես զանգի իրեն, մեծ գումար թողեց աղջկան ու հեռացավ:
Աղջիկն ամբողջ օրը վազվզում էր մի սեղանից մյուսն ու ժամանակ չուներ մտածելու:

Երբ պատրաստվում էր փակել սրճարանի դուռը, անսպասելի, կարծես ստվերից հայտնվեց այդ մարդը:
- Բարև Ձեզ,  ես Աստվածն եմ:
- Գիտե՜մ…
- Կարո՞ղ եմ այս գիշեր քնել այստեղ, այստեղ ինձ ոչ ոք չի փնտրի:


Ս.Ումառ-Հարությունյան