пятница, 29 августа 2014 г.

Այս դատարկ վիրտուալ աշխարհը



Ժամանակն անցնում է անաղմուկ,
Այս դատարկ աշխարհում վիրտուալ,
Ժամանակը մեռնում է հեռվո՜ւմ…
Մենք էլ՝ ծերանում ժամ առ ժամ…

……………………………………….

« …Այսօր Սև շրջազգեստով եմ,
Մտքերս գրում եմ  կիսատ…
Մի քիչ տխո՜ւր, ամտրամադիր եմ,
Բայց ոչի՜նչ,
Ամեն ինչ ունի և սկիզբ և ավարտ…»

«…Առավոտից Կարմիր եմ հագել,
Փորձի՛ր, միգուցե հասկանա՞ս,
Վիրտուա՜լ, հիմար այս Սերը,
Դարձել է գլխիս պատուհաս…»

«…Հավատացնո՜ւմ եմ, այսօր Սպիտակով եմ,
Փորձում եմ հաղթողին հանձնվել,
Հաղթողը դո՞ւ ես, թե՞ ես,  չգիտե՜մ,
Դե սկսիր վիրտուալ ինձ սիրել…»
…………………………………….

Մենք չենք ընկալում Բառերը…
Չենք զգում Ջերմությունը խոսքի…
Ընդամենը կարդում ենք բառերը՝
Անմարմին, անհոգի….



Ս.Ումառ

среда, 27 августа 2014 г.

* * *

* * *
Քո՛ մեջ Արևն է այրվում…
Քո՛ մեջ Սպասումը չի ձանձրանում…
Քո՛ մեջ սպասումը անձրև է դառնում…

Բարոյակա՜ն է անձրևը,
Սպասումն առաքինի՛…
… ու մոտեցող անդունդի հաճելի շնչառությունն է
քո դեմքին:
Դու երկնքի բաշին ես՝
Օրորվո՜ւմ ես նրա նրա վազքին համահունչ՝
Ծա՛ռս ես լինում լո՜ւռ ու մունջ:
Տիեզերքի աչքերը թա՜ց են ու
Շուրթերն են են ժպտում,
Տիեզերքը քեզնով է ծածկվում …
Տիեզերքի ժպտացող շուրթերը
Ընկնո՛ւմ են գետնին
Ու հեծկլտո՜ւմ…
Քսվում ես լուսնի եռացող կատարին
ու ցորենի կիսածլած հասկի մի կտոր
շշնջում է քո             ականջին…
- Սա՞ էիր, ցանկանում, դե մահացի՛ր…ու
մահանում ես ապրելո՛ւ համար:

Մահանում ես ամենաբարո անձրևի
Կաթիլների հարվածներից,
Ու զարկերակդ հանձնած առվակի ալիքներին
Փլվո՜ւմ ես,
Ինչպես փլվում են երազանքներդ…
Գրկո՜ւմ ես…

Նախապես ձևած ու չափած քո շրջագիծը՝
Դերձակի մկրատը հմուտ
Սեղմում է,  ծամում,
Դու չես դիմադրում,
տեղի ես տալիս ինչպես մթանն է տեղի տալիս
իրիկնապահը,
Քեզ լափում է պահը…
(Ինչո՞ւ դիմադրել, երբ այսքան քաղցր է Մահը)
Փորձ ես անում հավաքել ինքդ քեզ,
Մի տեղ՝ քո գրկում…
Փորձում ես մտնել սեփական գիրկդ,
Որտեղ տեղ չկա քեզ համար…

Քեզ կուլ է տալիս երկինքը…
- Սա՞ էիր ցանկանում, մահանա՞լ…
Ու մահանում ես ապրելու համար:

Մահանում ես, ցանկանում
Նորի՛ց
Մահանալ…


Ս.Ումառ

Մենություն (շարք) բանաստեղծություն

*  *  *
Մենությունն ունի իր դիմակը՝
Գեղեցի՜կ,
Հաճելի՜,
Թախծո՜տ..
Նրան թվում է, որ աշխարհում միակն է,
Իր  դեղի՜ն, չքնաղ աչքերով…

Հիմա հաճելի է գիշերը,
Որ ստիպում  է ամեն ինչ մոռանալ,
Հիմա Մենության ձեռքերը
Փորձում են ինձ զգույշ մոտենալ…

Չգիտե՜մ, կլինի՞ հանդիպում՝
Կոկորդումս
անուրջներ են խեղդված,
- Մո՛տ արի, նստի՛ր Մենություն,
Դու բուրում ես ինչպես Նա…

Թող մնա՛,
Ձեռք չեմ տա դիմակիդ,
Կյանքն ինքը դիմակ է ահարկու,
Քեզ ստեղծել եմ սևով սպիտակին,
Քեզ բառեր եմ հնարել հազվագյուտ:

Մենությունն ընտրեց դատարկ պահը,
Փաթաթվեց կոկորդիս դողալով,
Գրկեցի՝ սառն էր ինչպես մահը
Մենությունն իր չքնաղ աչքերով…

Ս.Ումառ


пятница, 22 августа 2014 г.

Լքված խաչքարեր

     
Սերը դա մի հնարավորություն է երկուսով միաժամանակ նայելու անհրաժեշտ ուղղությամբ, որպիսզի ճանապարհը լինի միաձույլ, այլ ոչ թե ճակատագրի հարվածից բաժանվի մասերի:
                                                        Ս. Ումառ

Լքված խաչքարեր

* * *
- Կանգնեցրու այստեղ, այսքան տարի Գլենդելում ես ու դեռ Գեղեցկության սրահների տեղերը չես կարողանում սովորել:
Նայեց կնոջը:
- Ի՞սկ ինչ ունես այնտեղ անելու, տեսքդ լավն է:
- Ուրեմն իմ եղունգի կոտրվելը քո համար ոչի՞նչ է: Ի՞սկ մազերս, համ էլ դա քո փողով չէ, ինչո՞ւ ավելորդ անհանգստանալ:
- Իսկ ի՞նչ տարբերություն, ի՞մն են թե՞ քոնը:
- Սա Ամերիկան է, Հայաստանը չէ, դու միշտ մոռանում ես: Մեքենան իմն է, տունը նույնպես: Ապրում ենք հայրիկիս փողերով: Քեզնից ոչինչ չենք պահանջում, հանգիստ ապրիր էլի, ի՞նչ ես ուզում:
- Ես ուզում եմ մարդավարի, հասկացիր…
- Վերջացրո՛ւ, մարդավարի…Քեզ ո՞վ էր խնդրել այդքան դրամ ծախսել ու քարի վրա նկարի պատվեր տալ պարոն Կարպիսին, հայրիկս այնպես էր բարկացել քո վրա:
- Բայց ես քո մայրիկի համար էի ցանկանում, քո մոր նկարն եմ պատվիրել:
- Դու  գիտե՞ս, որ այդքան գումար ծախսելուց հետո չթույլատրեցին գերեզմանին նկար կպցնել: Չէ՞ որ ոչ մեկի վրա չկա նկար:
- Իսկ այդ Կարպիսը չգիտե՞ր:
- Գիտեր, բայց դրամ աշխատեց: Հո չէր հրաժարվելո՞ւ: Մեկ էլ քեզ խնդրում եմ, տանը խունկ չվառել, հարևանները բողոքում են, հատկապես վերևի չինացին: Ամբողջ շենքով մեկ հոտ ես գցել:
- Մեռելոց էր երեկ, ինձ արգելեցիք գերեզմաններ գնալու…
Կորեք դուք էլ, ձեր Ամերիկան էլ, հայրդ էլ, Կարպիսն էլ…ես ձեր…
- Կարող ես վերադառնալ հայրենիք, քեզ պահող չկա, ուզո՞ւմ ես: Միևնույն է մեր հարաբերությունները կարծես…

* * *
Գերեզմանոցը նման էր ինքն իրեն՝ լուռ, խորհրդավոր:
Թանգարանային նմուշների նման իրար հաջորդող վաղուց այցելու չտեսած շիրմաքարերը կարծես ականջիդ շշնջում են.
<Մի անցիր անտարբեր, մոտեցիր, գլուխ խոնարհիր, վաղուց մեզ չեն մոտեցել, մեզ լքյալ ենք համարում, լքված մեզ այցելողներից…
Մեզ այցելողները միգուցե լքել են Հայրենիքն ու հիմա  մենք կարոտ խնկահոտին, կանչում ենք ամեն մի անցնողի ու երանի տալիս այն շիրիմներին, որոնց այցելում են:
Մի անցիր անտարբեր, մեզ էլ մոտեցիր… >

Արդեն երկու ժամ կլինի, որ փնտրում եմ ու չեմ գտնում Նրա գերեզմանը:
Լավ հիշում եմ որ, ձախ թեքվելիս կար մի նստած արձան, որին հաջորդում էր բարձր քարի վրա քանդակած մի գլուխ՝ ձյան տակ էր մնացել, սառել մահացել:
Գերեզմանատան ճամփաբաժանի մոտ մի կին է կանգնած, արևից վառված դեմքով, անխնամ շորերով, ձեռքերը հողոտ:
Միգուցե աղքատ է, փող է հավաքում:
Միգուցե աշխատողներից է, ու կարող է հիշել, ի՞նչ իմանաս, ուրիշ տարբերակ չունեմ:

- Մայրիկ, կարո՞ղ է Սոնայի  գերեզմանի տեղն իմանաս, չեմ գտնում, վաղուց այստեղ չեմ եղել:
- Սոնա՞, ինչից է մահացել, քո տարիքի՞ն էր:
- Հա, իմ տարիքին, գազից է խեղվել, հարսանիքից մի քանի օր առաջ:
Ձեռքս տանում եմ գրպանս, գիտեմ, որ մանր դրամ ունեմ:
Հեռախոսի զանգը ընդհատում է մտքերս:
Բայց իմ ՛՛զանգը՛՛ չէ:
Կինն իր բազմաթիվ շրջազգեստները ետ տալով հանում է կարմիր գույնի  բացովի մի Samsung հեռախոս:
- Ախչի Մարիամ, վերջացրեցի՞ր, ավելն առ ու արի, ես ներքևի խաչմերուկում եմ:
Ձեռքս հանում եմ գրպանիցս:
- Տղա ջան ընտանիքո՞վ են մահացել, թե…
- Չէ, մենակ, գազից, լոգարանում: Տաս տարի առաջ էր: Այս կողմերում պետք է լինի, այ այս արձանը հիշում եմ:
Ձեռքով ցույց եմ տալիս նստած քանդակին:
- Որ այսքան տարի չես եղել, չես գտնի, իզուր ես ման գալիս, ծաղիկներդ լավն են, թանկանոց, դիր մի որևե գերեզմանի ու…ի՞նչ տարբերություն:
- Այստեղ չէի, Ամերիկայից եմ:
- Դե մի 20 դոլար տայիր, Ռոզան իրա դավթարներում կգտներ ու ցույց կտար տեղը:
- Ասացին այսօր չի լինելու:
Հեռվից նկատեցի ծուխ:
Խնկահոտը սկսեց տարածվել:
- Նոր մի բաձա էլ իրա կնգա գերեզմանն էր ման գալիս, էս ինչ երկիրա դառե՞լ այ մարդ, մա՞րդ էլ կնգա գերեզմանը կորցնի:

Գնացի դեպի խնկահոտը:
Մի անխնամ գերեզմանին ծուխ էր ու սևազգեստ մի կին:
Մոտեցա, առանց նրան նայելու ծաղիկներս դրեցի գերեզմանաթմբի վրա:
Կարծես չի նկատում:
Հայացքը գամված շիրմաթմբին արտասվում է:
- Կոտրիր ծաղիկների գլուխները, թե չէ այստեղի աշխատող կանայք կտանեն վերավաճառելու:
Երեկվա իմ բերած ծաղիկներից հետք անգամ չկա: Ընկերների՞ց ես, չեմ կարողանում քեզ հիշել:
- Ոչ, չեմ ճանաչում, ուղղակի չգտա փնտրածս գերեզմանը, դե՞…
Դիմագծերը նուրբ են, համաչափ:
Դողացող մատներով կոտրում եմ ծաղիկների գլուխներն ու ակամա հիշում աշխատող կնոջ կարմիր հեռախոսը:
- Ձեր ի՞նչն էր, կներեք:
- Ամուսինս, գնաց, իր հետ տանելով իմ կյանքը, արդեն երկու տարի է այստեղի ամեն շաբաթվա այցելուներից եմ դարձել:
Խունկ եմ գցում ամանի մեջ:
- Կարո՞ղ է պատհմամբ իմանաք Սոնայի գերեզմանը, գազից է խեղդվել…
- Այն կողմը մի գերեզման կա, ես այդ ճանապարհով եմ միշտ գալիս, կարծեմ Սոնա է գրված վրան, կոտրված խաչքարով, առանց նկար, միգուցե…

* * *
Գերեզմանն անխնամ է, ցուցանակը ժանգոտված, չնայած կարդացվում է անուն ազգանունն ու մահվան տարեթիվը:
՛՛Մուրադյան Սոնա Սահակի
1965 – 1990 թ.թ՛՛
Կոտրված խաչքարն էլ թեքվել է մի կողմ:
Հարևան գերեզմանից մի ալյումինե կաթսա գտա, ծակ:
Յասամանի չորացած ճյուղերը պոկեցի ու փորձեցի վառել:
Ստացվեց:

Սոնա:
Առաջին սերը դա ոչ առաջին ոչ էլ վերջին սերն է: Դա այն միակ սերն է որի մեջ մենք ներարկում ենք մեր ամեն մի մասնիկ, մեզ լիովին, մեր հոգին, նպատակներն ու ցանկությունները:
Առաջին սիրո ավարտից կարծես դատարկվում ենք ու դառնում բացարձակ միայնակ:
Դառնում լքված:
Դառնում ենք աշնան մի տխուր գիշեր, տարածվում ինչ որ տարածության մեջ:
Բոլոր փողոցները դառնում են դատարկ ու մութ:
Աչքերդ դատարկ սկսում ես երկնքում փնտրել հարազատ աչքեր:
Շուրթերդ սառչում են կարծես համբուրել են սառած քարեր ու դողում են սպասումից:
Կգտնե՞ս…
Կգա՞ս…
Կվերադառնա՞ս…
Դա կյանքում չի մոռացվում:

Յասամանի չորացած ճյուղերը մահվան լռության մեջ ճարճատում են:
Հանեցի խունկն ու լցրեցի կրակի վրա:
Ուրոգվայահայ քահանայի տված խունկն ուրիշ բուրմունք ուներ:
Ծուխ տարածվեց:
Նստեցի մի քարի ու սպասում եմ…
Ո՞ւմ:
Ինչի՞:
Մինչև վերջանա խնկահո՞տը:
Ինչո՞ւ համար:
Այդպես է ընդունված երևի:

Երբ վառում էի ծխախոտս ոտնաձայներ լսեցի:
Ձեռքերը կրծքին ծալած զգույշ մոտենում էր սևազգեստ այն կինը:
Մոտեցավ հողաթմբին, ձեռքերն ազատեց կրծքից ու հողաթմբին անկանոն թափվեցին գլուխները պոկած իմ ծաղիկները:
Լուռ կռացավ, առանց իմ կողմը նայելու, սկսեց կանոնավոր դասավորել հողաթմբով մեկ:
Հետո ծնկների վրա գլուխը կախ լուռ նայում էր ծաղիկներին, կամ հողաթմբին:
Թափանցիկ հախճապակու նման մի արցունքի կաթիլ ընկավ գերեզմանին:
Վեր կացավ, մոտեցավ, նստեց նույն քարի վրա՝ կողքս:
- Մի հատ էլ ինձ տուր ծխեմ, ծխող չեմ, բայց չգիտեմ ինչու հանկարծ ցանկացա:
Մեկնեցի:
Ծխախոտի ծուխը խառնվում էր խնկածխին ու բարձրանում վեր:
Երկար մուգ գույնի մազեր:
Սև շրջազգեստն ու գլխի կապած շորը թաքցնում էին աչքերում կուտակված կայծերի դուրս բռնկման ուժը:
Ի՞նչ հոգնածություն կա աչքերում թաքնված, բայց միգուցե սխալվո՞ւմ եմ, ոչ թե հոգնածություն այլ տխուր լինելու սովորություն:
- Ծխախոտդ այրվել է, ֆիլտրին ես հասել, մատներդ կայրվեն:
Վաղուց չլսված հոգատար ձայն:
Միգուցե ցանկանում է որ ձեռքս ազատվի ու գրկի իրեն, այստե՞ղ, այս լքված խաչքարի ներկայությա՞մբ:
Աչքերը լցված են:
Աստված իմ, ի՞նչ կարող է անել սևազգեստը նման հաճելի արտաքին ունեցողին:
Ինչպե՞ս կարող է հայացքում ներարկել այդքան ցավ ու վիշտ:
Ձեռքս գցեցի ուսին:
Գլուխը հենեց իմ ուսին ու հեծկլտոցն ավելացավ:
Քիչ այն կողմ թփերի ետևից լսվեց մի ձայն:
- Մեղա քեզ Աստված, գերեզմանոցն էլ են վերածել ժամադրավայրի:
Ախչի Մարիամ,  էս կողմն արի, ջարդված խաչքարի կողմը…


Սկսվում էր աշնան մի նոր օր:
Աշուն որ վերափոխվել էր գարնան զգացմունքի:
Աշնան ցուրտ վերմակը գրկել էր շրջապատը:
Մի նոր օր էր ու շատ նման այն աշնան օրվան, երբ աչքերիս առաջ առաջին անգամ երևաց կոտրված խաչքարը:
Երբ առաջին անգամ դատարկության մեջ զգացի քո կոտրված սիրտի անհույս թփթփոցը:
Երբ իմ սիրտն էլ սկսեց քոնի հետ համաչափ, դանդաղ կծկվել ու սպասել հերթական զարկին:

Պատշգամբում կինն էր կանգնած, հայացքն ուղղած երկնքին:
Երկինքն արդեն օտար էր իսկ իր հարազատը դեռ քնած էր ու չէր կասկածում, որ երկնքին նայելուց առաջ կնոջ շուրթերն անպայման հպվելու են իր աչքերին ու շշնջալու.
Չանցնես անտարբեր, աչքերս քեզ են սպասել, գտել:
Չլքես երբեք, դա շատ ցավոտ է:
Չէ՞ որ դու գիտես ցավը տանջվողի:





среда, 13 августа 2014 г.

Կոտրված սիրտը



Գլուխը կախ, մարմինը կոր մի էլեկտրական սյուն էր փողոցում, որը սպսում էր թե երբ են աստղերը քուն մտնելու, որ ինքն ինչ որ տեղ իրեն աստղ զգա, գոնե այդ նրբանցքում:

Սյան սիրտը՝ էլետրալամպը, իրեն սպառել էր վաղուց, բայց դեռ պայքարում էր կիսաուժով, հասկացնելով, որ դեռ ապրում է…
Դիմացի շենքի պատի աղյուսներից մեկը, որը հազիվ էր կախված մնում պատից ուշադիր նայում էր էլեկտրական սյան կախված գլխին, փորձ էր անում տեսնել նրա խամրած աչքերը, որոնք իր համար մի ամբողջ լույս էին…
- Մի տխրիր, գլուխդ բարձր, քեզնից լուսավորը չկա,- աղյուսի մի կերպ արտասանած բառերը սյանը ոչինչ չասացին:

Ծերանալը տխուր փաստ էր, գուցե և ցավոտ ու ցավի մեջ փորձ էր ինքնահաստատումը պահելու:
Վերջապես աստղերը հոգնեցին ու իրենց հնգաթև ձեռքերով փակեցին աչքերը:
Սյանը տրված էր կատարելու իր վերջին փորձերից մեկը մնալու ու իր լույսով գետնին, դիմացի շենքի պատերին, պատուհաններին նկարելու իր հերթական, վաղուց արդեն սովորական դարձած լույսի նկարները…
Իր ծերանալու հետ հմտացել էին նրա լուսա-մատները, որոնք ավելի ցայտուն ու առավելագույնս էին օգտագործում իրեն հատկացված մութ տարածքի  նկարներում արտահայտելու իր առաքելությունը…
Նրա լույսի շողերից մեկը՝ ամենահամառը, սահում էր գետնից դանդաղ ու վստահ բարձրանում պատի վրայով, հասնում երկրորդ հարկի պատուհաններին ու արդեն անկարող ավելի բարձրանալու մահանում էր պատուհանագոգին…
Մնացած շողերն էլ արդեն վերջին շնչում փորձում էին հիշողության օգնությամբ լուսավորել իրենց հատկացված տարածքը…
Լուսավորված, ցեմենտի ու ավազի հին խառնուրդով իրար արդեն մի կերպ գրկած շենքի պատի աղյուսները  շշնջում էին…
- Հիանալի՜ է, դու գեղեցիկ ես ինչպես միշտ, ստեղծագործ ու՜…
Շողերից մեկը, մի առանձին, կարծես  մայրական սիրով էր ողողել  շենքի միակ շքամուտքը:

Օրը չորեքշաբթի էր ու կիսաօր - կեսգիշեր…
Քամին էլ  հոգնած էր, անտրամադիր…
Ծառերն էլ կարծես ի միջիայլոց էին պարում, դանդաղ շարժելով իրենց վերջույթները…
Շենքի քարերից մեկից մի ափաչափ քար պոկվեց ու ընկավ գետնին…
Շենքը, որն իր ցանկացած քար համարում էր որպես իր զավակը, շքամուտքի բերանով  ցավից շշնջաց.
- Ա՜խ…
Էլետրասյունը իր շողերից մեկը ուղղեց ընկած քարակտորը, շոյեց, լուսավորեց նրա սահմանափակ տարածքը…
- Շնորհակա՜լ եմ…
Սյունը ժպտաց, քարակտորի վրա ավելացրեց ևս մի քանի շող…
Շքամուտքի դեմքը պայծառացավ ու այդ պահին երևացին երկու ստվեր…

Ստվերները համբուրվում էին շքամուտքում ու լույսի ավելանալուն հետ ակամա ետ քաշվեցին:
Աղջկա ձեռքը ետ մղեց տղամարդու դեմքը:
- Ի՞նչ ես անում, կտեսնեն:
- Թո՛ղ տեսնեն, համ էլ այս ժամին մարդ չկա:
- Ո՛չ, չե՛մ ուզում,- աղջիկը տղամարդու ձեռքերը հեռացրեց կոնքերից:
- Բայց ի՞նչ եղավ, քեզ ի՞նչն է խանգարում, ասա՛:
Աղջիկը մատով ցույց տվեց սյանը:
- Լույսը, ինչո՞ւ պայծառացավ, ատո՛ւմ եմ լույսը:
Շենքի շքամուտքը վախի զարմանքով փակեց բերանը:
Սյունը, որ մինչ այդ պահը իր լուսավորությունը համարել էր աստվածային ներկայություն, մի պահ դողաց ու ամաչեց իր զառամյալ գոյությունից.
« Ես ապրե՜լ եմ, լուսավորե՜լ, պարզվում է, որ ատելի եմ եղել ու դրա մասին իմանում եմ այսքան տարիներ անց:
Ինչո՞ւ մինչև հիմա չեմ զգացել իմ ավելորդությունը:
Ա՜խ…»

- Ատո՞ւմ ես, լույսը, հիմա սիրելիս, մի անհանգստացիր:
Տղամարդու ստվերը սողաց շքամուտքից դուրս, մոտեցավ ընկած քարակտորին, վերցրեց, նայեց նրան, բարձրացրեց գլխից վերև ու հարվածեց սյան էլեկտրալամպին…

… Էլետրասյունը իր կոտրված սրտով, առանց լուսավորման նայում էր զավակին կորցրած շենքի մթության մեջ լաց լինող աչքերին, կարոտում իր կոտրված սրտին,  որն ընդամենը  մեկ համբույրի գին ուներ…

Ս.Ումառ