суббота, 29 марта 2014 г.

Լիալուսին


Քաղաքը ժամանակակից է,  երիտասարդ, փոքր:
Բնակիչներից շատերն իրար ճանաչում են դեմքով:
Եկեղեցի չունի, և համեմատաբար ավելի տարեց մարդիկ եկեղեցական տոներին բարձրանում են քաղաքից քիչ հեռու գտնվող վանքը: 
Հուսավանք:
Վանքը քաղաքից դեպի հարավ-արևմուտք է`մի մացառաշատ բլրի վրա:
Գիշերներն այստեղ` վանքի շրջանաձև տարածքում, կարելի է հանդիպել անկանոն շարված տապանաքարերի: Լուռ տապանաքարերի, որոնց մեջ ոչ միայն դարերի պատմության տխուր էջերն են, այլև ` նստած զույգերի զուսպ ծիծաղը, քչփչոցը, համբույրները, խոստովանությունները…
Պահակը չի առարկում, քաշվում է վանքի խցերից մեկն ու քնում ժպտալով:
Երիտասարդներն իրար մեջ վանքն անվանում են <Ռոմեոյի մոտ>:
Թե, երբ և ով առաջին անգամ անվանեց Ռոմեոյի և Ջուլիետայի վանք, արդեն վաղուց ոչ ոք չի հիշում:

* * *
Բնակիչներն ապրում էին իրնց հասանելիք մոտավոր հինգ հարյուր վաթսուներկու հազար ժամերն անհոգ, առանց ցնցումների, երբ պատերազմի դաժան տրամաբանությամբ` բոթը երկրաշարժի նման ցնցեց քաղաքը:
Երեք դպրոցներից մեկի 41 ամյա քիմիայի ուսուցիչը ֆակուլտատիվ պարապունքի պատրվակով դասերից հետո պահել էր մի ավարտական դասարանի աշակերտուհու ու բռնաբարել:
Աղջկա հայրը փորձ էր արել սպանել ուսուցչին, բայց չէր ստացվել: Աղջիկն էլ ինքնասպանության փորձ էր արել`չէր ստացվել ու փախել էր տանից:
Շատ էին փնտրել աղջկան, հետո գտել էին վանքի տարածքում` պահակի հետ նստած մի տապանաքարի` հանգիստ` խաղող ու հաց ուտելիս:
Թե, ինչ էին խոսել`ոչ ոք չիմացավ: Բայց մտերիմները գիտեին, որ աղջիկը սիրում է իրենից երկու տարի շուտ նույն դպրոցն ավարտած, իր քրոջ համադասարանցի մի տղայի, որը ծառայում է բանակում` խաղաղապահ զորքերում ու գտնվում է հարյուրավոր կիլոմետրեր հեռու, անտեղյակ քաղաքի անցուդարձից: 

* * *
Երկու` իրարից քիչ հեռու տապանաքարերի արանքում մի հողաթումբ է:
Վաղուց արդեն գիշերային զույգերին չի զարմացնում այդ տապանաքարերից մեկի վրա նստած միայնակ աղջիկը: 
Նրա տեղը ոչ ոք չի զբաղեցնում:
Նստում է հողաթմբին ավելի մոտ գտնվող տապանաքարին, արմունկներով հենվում ծնկներին, ափերով այտերը գրկում ու նայում մի կետի:
Հեռանում է մինչ կեսգիշեր:

* * *
Քաղաքի տներից մեկում եռուզեռ էր:
- Մեռնե´մ բոյիդ, ցա´վդ տանեմ, զինվոր ջանի´դ ղուրբան…
- Տա´տ, լա´վ էլի, թո´ղ մնացածներին էլ բարևեմ:
Տատի լվացքից սմքած ձեռքերը ջերմ են, գրկել ջերմացնում են ու չեն ցանկանում բաց թողնել:
Հետո զինվորը հերթով անցավ ներկաների գրկով:
Երբ արդեն սեղան էին նստել, տղան թեքվեց հոր կողմն ու հարցրեց.
- Պապին որտե՞ղ եք թաղել:
- Շատ էր ցանկանում քեզ զինվորի շորով տեսներ, նկարվեր հետդ, չդիմացավ:
Թաղել ենք իր աշխատավայրում`վանքի բակում, ինչպես ինքն էր խնդրել: Մեծ խնդիրներ ունեցանք Մարզպետարանի հետ ,բայց, դե, հորեղբայրդ լուծեց այդ հարցը:
Առավոտյան կգտնես: Վրան դեռ քար չկա, իսկ հիմա քեֆ ենք անում:
Հայրը մի ումպով կուլ տվեց դառնահամ հեղուկը:

* * *
Քաղաքից դեպի հարավ-արևմուտք ճանապարհով մի ստվեր էր բարձրանում դանդաղ` կարծես վայելելով գիշերվա լռությունն ու մութը:
Լռությունն ու մութը միասին` բարի են, իսկ բարիներն անպաշտպան են:
Բարիներին միշտ հետևում են բազմաթիվ չար աչքեր` իրենց բաժինը ժամանակին խլելու վայրի պատրաստակամությամբ: 
Ստվերը լավ գիտեր, թե այդ ժամին վանքատարածքում ինչ է կատարվում ու գլուխը կախ` սկսեց շրջել:
Զույգերը կիսամութի մեջ հետաքրքրությամբ նայում էին անծանոթ զինվորին:
Գտավ:
<Եկա, պա´պ, զինվորի շորով եմ>:
Ծնկեց, երեսը հպեց հողաթմբին…ձեռքերով շոշափեց հողաթումբը:
Զգաց որ հողաթմբին այրված, վերջացած մոմերի հետքեր են` փափուկ ու խոսուն:
Սկսեց զրուցել պապի հետ`աչքերը թաց, կիսափակ, կարծես մի նոր աղոթք կար մտքում` անվերջանալի ու տարանջատված աշխարհից:
Աղջիկը, որ միայնակ էր տարածքում, մոտեցավ ու ծնկեց տղայի մոտ:
Նման պահին աղոթողները ոչ մեկին չեն տեսնում, ոչինչ չեն զգում, թերևս միայն աստղերի սառը թրթռոցը:
- Քեզ երկար եմ սպասել, շատ երկար, իսկ պապիկդ ասաց. <Սպասի´ր, հաստատ գալու է>:
Աղջկա նուրբ ,քնքուշ ձեռքն իջավ տղայի ուսին:
Տղան հիշեց տատիկի ջերմ ձեռքերը ու թվաց, թե այդ ջերմությունն է դեռ պահպանվել:
Հետո նստեցին տապանաքարին:
Աղջիկը երկու ձեռքով ամուր գրկել էր տղայի արմունկն ու մտածում էր, թե տղան գիտի՞, որ արյունով է ներկված երկար սպասված նավակի սպիտակ առագաստը, գիտե արդյո՞ք, որ սպիտակ նժույգի վրա իր մոտ սլացող ասպետը ճանապարհին կանգնել է, հիշել որ տանն է մոռացել …երևի ծխախոտը ու հետ է գնացել:

Լռության մեջ մի բու բղավեց:
Իր երգն սկսեց լուսատիտիկը:

Մոտակա տապանաքարի վրա նստած զույգից մի ստվեր առանձնացավ ու մոտեցավ:
- Ծխելիք ունե՞ս,  զինվո´ր:
Տղան ազատեց արմունկն աղջկա ձեռքերից ու ձեռքը տարավ գրպանը: Ինքն էլ էր ուզում ծխել:
- Ի~նչ ռոմանտիկ տեսարան է` Զինվորն ու Կծած խնձորը..
Տղան ոտքի կանգնեց, սեղմեց բռունցքները, նայեց գլուխը կախած աղջկան:
Աղջկա հեծկլտոցն աղմուկով արձագանքվեց վանքի պատերից:
Ուշադիր նայեց լպիրշ դեմքին:
Իր տանից երկու տուն հեռու ապրող հարևանի մեծացած տղան էր`Էդոն:
- Չունեմ, ռա´դ եղիր, քեզ էլ դեռ շուտ է ծխելը: Վաղը կգամ ձեր տուն, կծխենք իրար հետ:
Իրեն էլ ճանաչեցին:
Լսեց Էդոյի հեռացող քայլերը, լսեց մի աղջկա ձայն. < Չտվե՞ց, քծի՞բ էր>:                  
Հետո լսվեց Էդոյի ձայնը. <Ախր, ուզում էի, որ լավ լիներ:  Ինքը չգիտի…>:                                 Հետո կարծես երազում` աղջիկը շշնջոցով պատմում, պատմում էր, ու վերջը չէր երևում:

Գրկեց դեռ լաց լինող աղջկան, գլուխը դրեց աղջկա կրծքերին, զգաց մի այլ ջերմություն` այնքան նման իր տատի ձեռքերի, իր կողքը հանգչող պապի խոսքերի ջերմությանը:

Լաց եղավ: Չհասկացավ, թե ինչու` աղջկա ոտնահարված հպարտությա՞ն, թե՞ պապին անվերադարձ կորցնեու համար:
Աղջիկը հեծկլտալով շոյում էր տղայի գլուխը:

Վանքատարածքում մի բու բղավեց:
Շրջապատը, չնայած մութ էր, բայց այնքան բացատրելի էր ու այնքան պարզ: 
Լիալուսինն իջավ ու թառեց աղջկա դողացող ծնկներին:
Ծնկները դարձան աղոթագրքեր:
Միաժամանակ նայեցին շուրջը:
“Ռոմեոյի մոտ” երկուսով էին ու մի երգող լուսատիտիկ:
Լիալուսին էր:


Երեկո (բանաստեղծություն)


Երեկոն է դանդաղ քայլով
Դուրս գալիս մութ  լեռներից,
Ու լուսինն է խորհուրդ տեսքով,
Սահում կախված երկնքից:

Տարիներս մեկիկ մեկիկ,
Մի շրջան են բոլորել,
Պար են պարում ոտաբոբիկ,
Նոր պարեր են մոգոնել:

Ահա մի հուշ հեռվում նստած,
Վարսերդ է գզգզում,
Մի այլ հուշ էլ ծնկի իջած,
Աղոթքներ է շշնջում:

Անապատ է, լռության հոտ,
Մի գիժ հուշ՝ ինքնամոռաց,
Մի ուրիշ հուշ աչքով ամպոտ,
Կրծքերիցդ է սահում ցած:

Մեկ ուրիշն էլ աչքս է սրբում,
մետաքսե թաշկինակով,
Մի ուրիշը նազ է անում,
Եդեմական թևերով:

Աչքիս անցած պատկերներ են
Շուրջս հուշեր ու լուսին,
Ու կոպերիս նստոտում են
Երազներս մեկուսի:

Առավոտյան արեգակը սրիկա
Լափում է հուշերս խռով,
Ախ, երբ պետք է գիշերը գա,
Նորից ապրեմ ես քեզնով:


Ս.Ումառ

" Սատանայի աչքը" (բանաստեղծություն)

* * *
Սատանայի ա՞չքն էր արդյոք,
թե՞ ավարտն էր երկու ծնկով աղոթում,
լույսի մի շերտ երևաց փակված դռան
գողտրիկ անցքից բանալու:

ու անճար դայակի նման…
ու կացնի նման սուր,
ինձ հետ էր քայլում,
ես ո՜ւր…
նա էլ ուր…
և երբ կանգ առա,
հեզ ձիու նման դանդաղ խոնարհվեց,
ցածր շշնջաց ոտքերս գրկած …
- Կավարտվի օրը, ինձ կկարոտես,
մենակ կպառկես,
կոկորդ կպատռես…
սիրիր ինչպես կամ՝ կացնի նման սուր
ու ոտքերիդ մոտ անճա՜ր ու տխուր…

…Օրը ավարտվեց սարերի սառը լանջերի եզրին,
եղյամն էլ փարվեց սավանի շրթին,
կարոտը գրկած մարմինս անճար
բղավում էր.
- Տա՜ր…
ես ջերմն եմ սիրում՝ մասնիկը լույսի,
սուր ատամները տատնվող հույսի,
վերնաշապիկի օձիքից եկող
բույրը այն կույսի,
որն իր ձեռքերով
խունկն է խնկարկում ամբողջ աշխարհի…
Ուր մատների մեջ մաղձը -
դառնում է գինի,
թախիծը՝ ստվեր
Ըմպելու համար պատրաստ սիրո գավ,
Լույսն՝ ապաշխարանք,
իսկ պղինձը կավ…
որտեղ ինչ որ  կույս
երկնում է մի նոր,
երկնում է նոր մարդ…

Աղոթքի ավա՞րտն էր,
որ բառը դարձավ բանաստեղծություն,
եղյամը հալվեց,
հալվեց դարձավ ցող…
Թե՞ սատանայի աչքն էր արցունքոտ
որ սպանեց մի օր՝
հոգնա՜ծ,
տառապա՜ծ…
ու երազանքը պառկեց որպես զոհ՝
սառը վերմակի ոտքերը գրկած…


Ս.Ումառ

Մի´ վախեցիր, համբուրի´ր


Գիշերն Արարչի կողմից ստեղծած այն երևույթն է, որ հնարավորություն է տալիս մեր գիտակցությանը հրաշագործ երազներում հանգստանալու:
Գիշերն է ընդունակ հանգստացնելու մարմինն ու գիտակցությունը, պատրաստելով հաջորդ օրվան:
Գիշերն է, որ կարող է շուռ տալ ամեն ինչ, ստիպել գիտակցությանը դառնալու անկարող:
Գիշերն է, որ կարող է լուսավորել մեր հոգին մթան մեջ:
Գիշերը…

* * *
Մթան մեջ կարծես բացի նրա դեմքից ոչինչ չէր երևում:
Լուսավոր, ժպիտը դեմքին, արևահամ մազերով ու կանչող աչքերով:
Աչքերի  առաջ ձայնի արագությամբ անցավ երեկվա պատկերը, երբ նվագելուց հետո բեմից իջավ ցած ու մոտենալով լրագրողուհիների համար առանձնացված առաջին շարքում նստած աղջկան` անխոս համբուրեց շուրթերը:
Ամբողջ նվագի ընթացքում նա նայում էր իրեն: Արտասվում, հետո կարծես ժպտում…
Դալիճում կարծես միայն նա էր, որ հասկանում էր նվագող տղային:
Համերգը կազմակերպված էր գիշերօթիկ երաժշտական դպրոցի շրջանավարտների համար:
Բեմից իջնելու պահին ամբողջ դահլիճը ցնծում էր մինչև այն պահը, երբ տղան մոտեցավ աղջկան:
Համբուրելուց հետո դահլիճում տիրեց մեռելային լռություն:
Աղջկա կողքը նստած կինը վեր թռավ տեղից ու ապտակեց տղային:
- Անտեր սրիկա, քո համար եմ մեծացրե՞լ…

Դեղձի կորիզի նման դեմք ունեցող երաժշտական գիշերօթիկի տնօրենի  կատաղությանը չափ  չկար:
- Դու ի՞նչ է, քեզ Պագանինի՞ զգացիր, դո´ւ հասկանո՞ւմ ես թե ի՞նչ արեցիր: Վե´րջ, դո´ւ վաղվանից հեռացված ես, կորի´ր գրողի ծոցը:
Քանի անգամ եմ աչք փակել քո արածների վրա: Եթե դու մեր ամենալավ ջութակահարն ես, դա դեռ քեզ իրավունք չի տալիս խայտառակելու դպրոցն ու դնելու մեզ այս վիճակում:
- Բայց ես ոչ ոք չունեմ, ես  ո՞ւր պետք է գնամ…
- Կգնաս հորեղբորդ տո´ւն, ինչպես որ քեզ բերել է այստեղ տաս տարի առաջ, այնպես էլ թող…
- Հորեղբայրս արդեն երկու տարի է մահացել է:
- Կգնաս հորեղբորդ կնոջ մոտ, ուրիշ քեզ ասելու բա´ն չունեմ, հեռացի´ր, այսօր այստեղ քո վերջին գիշերն է:
- Դա պատահական չէր, մենք սիրում ենք իրար: Հանդիպում ենք արդեն ութ ամիս:
- Հիմար-հիմար մի´ խոսիր, դու գիշերօթիկի սան, նա `Կրթության փոխնախարարի աղջիկ, ի՞նչ սիրո մասին ես խոսում:
- Բայց տիկին Սանթրոսյան, դուք մեզ գրականություն եք դասավանդել, սովորեցրել ապրել հերոսների կյանքով:
- Գրականությունը գիտություն չէ, որ քեզ սովորեցնի, թե ինչպես ապրել, այլ տեղեկատվություն է, թե ինչպես պետք էր անել կամ չանել անցյալում:

Գիշեր…
Միթե պետք էր, որ հիմա զրուցակիցս լիներ մութը:
Աստվա´ծ իմ, պահպանի´ր նրան: Ես ուրիշ ոչինչ քեզնից չեմ ուզում:
Դու գիտես, որ ես հաճախ չեմ քեզնից որևէ բան խնդրում:
Թող նրա մոտ ամեն ինչ լավ լինի:
Գիշեր…
Ինչ լավ է մութը, որ չեն երևում արցունքներս:
Ոչինչ չի երևում, բայց կա ձայն` գիշերվա ձայնը:
Ու ձայնը փաթաթվում է ականջներիդ, իջնում ամբողջ ամբողջ մարմնով, լցվում ներս ու ուտում է քեզ ներսից...
<< Եթե ցանկություն կա համբուրելու մարդուն, համբուրիր շուրթերը:
Կարևոր չէ դա հրաժեշտի համբույր է, թե՞ ուղղակի հենց այնպես:
Կարևորը, որ հետո կարող է էլ չլինել նման առիթ:
Այնժամ դու կափսոսաս, որ չես համբուրել, երբ Նա կողքիդ էր ու չէր պատրաստվում հեռանալ:
Կարևոր չէ նա տղամարդ է, թե՞ կին, կարևորը, որ Թանկագին  մարդ է քո համար, մնացածը մանրուքներ են::
Բաց մի թող ոչ մի վայրկյան նրան ցույց տալու թե ինչքան կարևոր է նա քեզ համար:
Հիմարություն է վախենալ թանկագին մարդուն հաճելին պարգևելուց:
Համբուրիր, մի´ վախեցիր, նա նույն կերպ կպատասխանի քեզ, եթե ոչ միանգամից, ապա ինչ որ մի ժամանակ, բայց անպայման կպատասխանի…>>
Գիշեր…

* * *
- Հեռախոսդ դիր սեղանին ու անցիր քո սենյակ:
Մոր ձայնը տիրական էր: Անառարկելի կատարման:
- Մա´մ, հեռախոսն ի՞նչ կապ ունի…
- Չլսեմ ձայնդ, հորդ ի՞նչ պատասխան ենք տալու, խայտառակվեցինք…
- Ի՞նչ պարտադիր է իմանա, չէ՞ որ մենք կանայք…
- Ինչպես թե՞ կանայք, այդ ինչե՞ր ես խոսում, դո՞ւ ինչ է նրա հետ…
- Այո, արդեն մեկ ամիս կլինի:
Ապտակը շառաչեց:
Մայրն երկու ափերով բռնած դեմքն արտասվում էր:
- Աստված իմ, միթե այդքան զբաղված էիր այլ գործերով, որ չկարողացար հետևել նրան, չկարողացար պահպանել: Ի՞նչ պետք է անեմ ես հիմա, ի՞նչ եմ պատասխանելու ինքս ինձ:

… Վերմակը քաշած գլխին արտասվում էր:
Վերմակի տաք մութ է, ոչինչ չի երևում, թերևս միայն նրա դեմքն ու ձեռքին բռնած ջութակը:
Իսկ աչքերը.. տաք կաթիլների պես շոյանք արտահայտող ու միանգամից փոխվելով մի սուր հարվածի կրծքավանդակիդ, հետո նորից հանգիստ ու լուռ ինչպես մայիսյան մի երեկո:
Միշտ ցանկալի ձեռքերը` օդի նման անհրաժեշտ, որ կարծես ճակատագրի մեծագույն պարգևներ լինեն:
Տաք այդ ափերը կրծքերիս վրա ավելի լավ են քան սառը ծակոցները հատկապես կրծքիս ձախ մասում:
Սեղմիր ափերիդ մեջ  քո առաջին “մեղքը” կյանքում ` կրծքերս:
Մութը…
- …, դու ի՞նչ է նրա հետ…
- Այո, արդեն մեկ ամիս կլինի:
Սուտն արցունքի կաթիլների տեսքով դուրս փախավ աչքերից ու թրջեց բարձը:
Ինչո՞ւ խաբեցի, ինչո՞ւ:
Ի՞նչ եմ արել…
Հիմա ի՞նչ է լինելու նրա հետ, ինձ հետ:
Հայրս կոչնչացնի նրան:
Մութը ծղրտաց վերմակի տակ:
- Քե´զ են կանչում, չե՞ս լսում:
Սենյակից լսվեց հոր ձայնը:
- Մինչև հիմա որտե՞ղ էին քո աչքերը, ինչո՞վ էիր զբաղված,  ինչո՞ւ չկարողացար…
- Գուրգեն իմ մտքով երբեք չի անցել…
- Երբ տասնվեց տարի առաջ մանկատնից վերցրեցինք նրան  ես քեզ դեռ այն ժամանակ զգուշացրեցի, որ չգիտենք ինչ գեներ ունի, ո՞վ է մայրը, հայրը, իսկ դո՞ւ… կսպանեմ քեզ էլ նրան էլ, կանչի´ր այստեղ:
- Խնդրում եմ, կամաց, կլսի, այսքան տարի նման խոսակցություն չի եղել:
- Կանչիր, թե չէ…
Սենյակ մտավ ճմրթած շորերով, քանի որ առանց հանվելու էր պառկել:
Ուղիղ նայեց հոր աչքերին:
- Ինչ որ մայրդ պատմեց ճի՞շտ է:
- Ճիշտ է, - ստեց ու հպարտ էր իր ստով:
- Անառա´կ, դու աղտոտում ես իմ անունը, իմ այսքան տարվա տանջանքը…
- Միգուցե դու ի՞նքդ ես աղտոտում քո Նունե քարտուղարուհիով, որ համարյա իմ հասակակիցն է:
Չհասցրեց ավարտել, երբ հոր բռուցքը դիպավ բերանին:
Մայրն անգիտակից ընկավ հատակին:
Բերանից արյունը սկսեց կաթալ հատակին ընկած մոր շորի վրա:
Կռացավ, արյունոտ բերանով համբուրեց մորը:
- Դո´ւրս իմ տանից, դո´ւրս…
- Կգնամ, միայն շորերս հավաքեմ:
- Դո´ւ ոչինչ չունես, ի՞նչ շորեր, անզգա´մ, դո´ւրս…

* * *
Հնարավո՞ր է սիրել դժբախտ մարդկանց… նրանց հետ հեշտ է:
Օգնեցիր և վերջ: Դե ասենք տվեցիր ողորմություն, կամ կերակրեցիր: Կամ տվեցիր արդեն քեզ անպետք մի շոր:
Դժբախտին կերջանկացնես մի քիչ և վերջ:
Դժբախտներին սիրում են հանուն իրենց, կամ ավելի ճիշտ Աստծո մոտ գթառատ երևալու համար:
Այդպես հաճախ է պատահում:
Դա սեր չէ, դա գթասրտություն է, բայց դա էլ է անհրաժեշտ մարդուն:
Աշխարհում շատ է դաժանությունը, իսկ գթությունը քիչ:
Հակառակն անելու համար մարդն անզոր է:

* * *
Բարձրացավ տեղից:
Թևքով մաքրեց բերանն ու ուղղվեց դեպի դուռը:
Հայրը մեջքով շրջված դեպի սենյակը, դեմքով դեպի պատուհանը` ծխում էր:
Միգուցե չէ՞ր ցանկանում ցույց տալ արցունքները, ով գիտե…

* * *
Կան մարդիկ սառն անձրևի հոգով, որոնց հետ շոգ եղանակին հաճելի է:
Ուզում ես վայելել անվերջ:
Կան մարդիկ փոթորկի հոգովխցկվում են քո կյանք, շրջում են քեզ ոտքից գլուխ:
Ինչպես անսպասելի հայտնվում, այնպես էլ անսպասելի անհետանում են քո կյանքից:
Կան մարդիկ արևի հոգով: Նրանց հետ լավ է միշտ և ամեն տեղ
Կան մարդիկ ցավի հոգով: Նրանց պոկել քեզնից ցավոտ է, բայց դե ներկայությունն էլ ցավալի ծանր:

* * *
Կյանքը խաղատուն է:
Ամենահուզիչ ու հետաքրքիր խաղը – դա սերն է:
Քիչ հավանական է այդ խաղում հաղթելը:
Կարմիր, սև, զրո…
Բայց եթե հաղթես, ամբողջ կյանքում կլինես երջանիկ:
Սերը դա կյանքում առաջին ու միակ փորձն է, բայց կյանքում վերջին փորձեր չեն լինում:

* * *
Մոտեցավ հորը, իր նուրբ ձեռքերով շրջեց դեպի իրեն, ոտքերի թաթերի վրա բարձրանալով համբուրեց հորը, ձեռքի մատներով մաքրեց հոր արցունքներըն ու շրջվելով հեռացավ:

* * *
Մետրոպոլիտեն:
Սա մի ուրիշ աշխարհ է, իր չգրված օրենքներով, յուրահատուկ դեպքերով, ավանդույթներով…
Այստեղի լռությունն էլ այլ է, մի տեսակ պարտավորեցնող, խորհրդավոր:
Բոլորի դեմքերը մի տեսակ տխուր են, մտածկոտ:
Երևի ամաչում են, որ Նոր տարվա առաջին օրը ստիպված մետրոյով են գնում:
Ուզում եմ բղավել, որ մի վհատվեք, սա հրաշք է, այսքան մարդ մի տեղ ու միասին…
Աջ կողքս տեղավորվել է մի մարդ, որը տարբերվում է իր չափերով, հագուստով ու հայացքով:
Տիրական իր հայացքով նայում է հերթով բոլորին, քմծիծաղում:
Փողկապի վրա բազմագույներով փայլում է ամրակը:
Ինքն իր հետ խոսում է ցածրաձայն:
- Սրանց հետ, մի վագոնում, այս ո՞ւր հասա…
Նայում եմ կողքից դեմքին, ուզում եմ  մի երկու բառ ասել:
- Մեքենաս փողոցում փչացավ, ոչ մի տաքսու մեջ չեմ տեղավորվում, - ցույց է տալիս փորը:
Աչքերի տակ բաց կապույտ  է, հոգնած տեսքով:
Մետրոյի վագոնի առջևի դռնից մտավ մի զույգ` տղա և աղջիկ, երևի փող են հավաքելու:
Միաժամանակ ետևի դռնից մտավ մի մարդ ու միանգամից ամբողջ վագոնը լցրեց իր ձայնով.
- Գնդիկավոր գրիչներ, երեք հատը հարյուր դրամ, ստուգում, նոր տալիս ենք, տարբեր գույների: Գնդիկավոր գրիչներ:
Վագոնում գտնվողների դեմքերը միանգամից կախվեցին հատակին:
Վագոն մտած տղայի հետ աղջկա ձեռքին հայտնեց կապրոնե մի բաժակ:
Դե պարզ է փող են հավաքելու, մյուսը գոնե գրիչներ է վաճառում, իսկ սրա՞նք…
Տղան, որ շատ նիհար էր, բաճկոնի տակից հանեց մի փոքրիկ ջութակ:
- Գնդիկավոր գրիչներ, երեք հատը հարյուր դրամ, ստուգում, նոր տալիս ենք, տարբեր գույների: Գնդիկավոր գրիչներ:
Վագոնը լցվեց ջութակի ձայներով:
Տղան նվագում էր հիասքանչ, տաղանդավոր, վագոնի անիվների ձայնը չէր կարողանում խանգարել նրա ջութակից ելնող երաժշտությանը:
Երաժշտություն, որ կարծես սրտից կաթիլ առ կաթիլ դուրս եկող արցունքներ էին:
Այո, արցունքներ սրտից, ոչ թե աչքերից:
Վագոնում մի այնպիսի դրություն տիրեց, որ կարծես բոլորը շունչները պահած սպասում էին ինչ որ բանի…ինչի՞, չգիտեին:
Նույնիսկ, մի կնոջ գրկում երեխան, որ մինչ այդ անհանգիստ լաց էր լինում, սսկվել էր ու աչքերը չռած նայում էր դանդաղ մոտեցող տղային:
 - Գնդիկավոր գրիչներ, երեք հատը հարյուր դրամ, ստուգում, նոր տալիս ենք, տարբեր գույների: Գնդիկավոր գրիչներ:
Կողքիս հաստափոր տղամարդը լուռ վեր կացավ տեղից, մի կերպ պահելով հավասարակշռությունը իր ծանր մարմնով մոտեցավ, ձեռքը դրեց գրիչներ վաճառող մարդու ուսին ու փորձեց հրել դեպի նստարաններից մեկի վրա ազատ տեղը:
Գրիչներ վաճառողը բռնեց տղամարդու բաճկոնից, փորձեց դիմադրել, բայց չստացվեց:
Ընկավ նստարանի վրա,ձեռքից բաց չթողնելով վաճառվող գրիչների տրցակը:
Իսկ տղան նվագում էր: Ավելի ճիշտ տղայի ձեռքերում լաց էր լինում ջութակը:
Երևի լաց էր լինում նվագողի դժբախտ ճակատագրից, որ ստիպված հաց է վաստակում վագոններում կամ փողոցում նվագելով:
Միգուցե դժբախտ սիրո մասին, որ խոր, շատ խոր հետք էր թողել նրա սրտում:
Իսկ միգուցե դա ծանր ու անբուժելի հիվանդությունից մահացած մոր մասին էր:
Ով գիտե:
Ջութակը լաց չէր լինում, արտասվում էր:
Թվում էր, թե նրա լարերի տակից դուրս էին գալիս այնպիսի կախարդական ձայներ, որ արտացոլում էր ողջ մարդկության ամբողջ ցավը:
Երաժշտական գործիքը վերածվել էր մի կենդանի էակի, որը պատմում էր մի տխուր պատմություն, իսկ նվագողը ձուլվեր էր նրան ու աչքերը կիսափակ դանդաղ շարժվում էր մարդկանց մոտով:
Թվում էր, թե ժամանակը կանգ էր առել:
Վագոնում գտնվող մարդկանց դեմքերը միանգամից փոխվեցին, կարծես հագած դիմակները ընկան հատակին, տղայի ոտքերի մոտ:
Ջութակի լացը մերկացրեց մարդկանց հոգիները:
Տարեց մի կին, գլուխը թեքել էր ուսի վրա ու կարծես ժպտում էր, ի՞նչ է անցնում մտքով…
Կողքիս նստած մարդը գլուխը կախել էր ու ինչ որ բան էր մրմնջում, ի՞նչ…
Փոքրիկ երեխան ամուր փաթաթվել էր մորը, չհասկանալով թե ինչ կատարվեց:
Միգուցե դա իր կյանքում առաջին հանդիպումն էր արվեստի հետ:
Հետաքրքիր է ի՞նչ է դառնալու այս փոքրիկը:
Հայացքս ընկավ մի ուրիշ կնոջ, որը մեղավոր ժպտալով թաշկինակի ծայրով մաքրում էր արցունքի մի աներես կաթիլ:
Տղայի ընկերուհին բաժակը ձեռքին անցնում էր մարդկանց մոտով ու ջութակի ձայների տակ չէին լսվում բաժակի մեջ ընկնող մետաղադրամների ձայները:
Թվում էր,  թե դրա մեջ մի ամոթալի բան կար:
Ամոթ, որ լացը վեր էր ածվում մետաղադրամների:
Միթե հնարավոր էր փողով գնահատել կամ չափել այն զգացմունքները, որ կարողացավ այդ տղան տալ մարդկանց:
Ով է մեղավոր այս պահին կատարվածի համար:
Ջութակը լռեց:
- “Գործարանային”, հաջորդ կանգառը “Շենգավիթ”,- բարձրախոսից լսվող ձայնն անտարբեր էր:
- Գնդիկավոր գրիչներ, երեք հատը հարյուր դրամ, ստուգում նոր տալիս ենք, տարբեր գույների: Գնդիկավոր գրիչներ, - գրիչներ վաճառողը մի վերջին անգամ նայեց վագոնում նստածներին ու դուրս եկավ վագոնից:

Կանգնած վագոնից դուրս եկան նաև տղան ու փող հավաքող աղջիկը, վերջնականապես հեռանալով վագոնում նստած մարդկանցից, որոնց նվիրեցին իսկական հրաշք` ջութակի ձայնը:


Ս.Ումառ

Քայլո՜ւմ էիր... (բանաստեղծություն)

Քայլո՜ւմ էիր...
Կարծես կյանքն էր կծկվել՝
Հարմարվելով շորերիդ մեջ,
Ու քաշում էր իր հետևից
Բյուր աչքերի հոծ բանակը
Ուղտերի պես:

Քայլո՜ւմ էիր...
Տառապանքների փշոտ հուշերը
Մեջքիդ բեռ բարձած,
Քայլով դողացող:
Ժպտո՜ւմ էիր,
Ինչպես դիակի
Կապույտ շուրթերին
Արև խայտացող:

Դառն էր քայլքդ,
Բայց գեղեցիկ ոչ ինձ համար,
Քանզի քայլքիդ ու աչքերիս ճանապարհը
Մեծանում էր ոչ իմ օգտին,
Քանզի քայլքդ հեռանալով
Կուլ էր գնում
Արդեն մեռնող
Մայրամուտին:


Ս.Ումառ