суббота, 4 ноября 2017 г.

Իմ քաղաքում Հաց չունեցո՜ղ Ինչքա՜ն ասես…

Իմ քաղաքում
Հաց չունեցո՜ղ
Ինչքա՜ն ասես…

Ի՞սկ ես…
Իսկ ես հիմարի պե՜ս
Բան եմ գրում աղքատությա՜ն
Սովածության մասին-
Այնպե՜ս՝
Ասես հա՜ց եմ տալիս սովածներին:

Մեկը լինի՜ ասի անկեղծ.
Դե՜ գրածդ վերցրո՜ւ ու կեր,
Տես կդառնա՞ կո՜ւժը կուլա,
Խեժը արդյո՞ք խունկ կդառնա,
Սուրբը արդյո՞ք սուրբ կմնա-
Փորդ արդյո՞ք կկշտանա…

Հա՜ց ես տալիս
Առանց ցորե՜ն, առանց հասկի՜,
Ջո՜ւր ես տալիս առանց թասի.
- Ա՛ռ,  քեզ սնո՜ւնդ հոգևոր:

Իսկ քաղաքո՜ւմ՝
Ի՛մ քաղաքում
Ինչքա՜ն ասես հա՛ց չունեցող,

… չքավոր…

ԱՂՄՈւԿ


Ամենաբա՜րձր աղմուկը սրտի՜նն է,
Երբ բղավում է
Թափառող ներկան  կամ
Գալիքը թաքուն,
Տեսնես աշխարհում ուրիշ էլ ի՞նչ կա,
Որ մեզ բոլորիս իրա՜ր է կապում…

Աղմուկով ծնվո՜ւմ ենք, մահանո՜ւմ,
Աղմուկով սիրո՜ւմ ենք
Աղմուկով ատո՜ւմ
Նույնիսկ հոգով խուլ մարդն է
Պատե՜հ անպատեհ
Հաճախ աղմկում…

Ամենահետքրքիրը սիրելու աղմուկն է,
Ամենադաժանը՝ խանդը աղմկող,
Մահվան աղմուկը ամենատաղտո՜ւկն է
Լռելու աղմուկը՝
Ամենակարող:

Դե ե՜կ ընթերցող, միասին լռենք
Ծիծաղի՛ աղմուկով,
Աղմուկով վշտի,
Ե՛կ չարհամարենք պոետի ստեղծա՜ծ

Աղմուկը սիրո՜ ու հրաժեշտի…

Լեզուն աստղերի…



*
Ակնթարթները ձգվո՜ւմ են
Դառնում պա՜հեր,
Պահերը ձգվո՜ւմ դառնում են ամի՜ս,
Կյանքի ընթացքին լրիվ անտարբեր

Դու քո պատյանից դեռ դուրս չե՛ս գալիս:

*
Ամե՜ն մի աստղ
Մի սպիտակ մեղու,
Լուսինը՝ մայր-մեղու արծաթից,
Գիշերվա շուրթից մի քա՜ղցր է ծորում

Դու քո պատյանից դեռ դուրս չե՛ս գալիս:

*
Խոհդ քնած է պատյանում-խեցի
Քնով համակո՜ղ,
Քնով անձկալի՜,
Ասե՜ս գալիքը գրկել անցյալին

Ու քեզ չի՛ թողնում դուրս գալ պատյանից:

*
Եվ հանկարծ երկնից
մի աստղ է ընկնում
Գիշերվա խորունկ պարտեզի վրա,
Քեզ թվո՜ւմ է թե մի լո՜ւր ես ստանում
- Գիտե՞ս,
Ճամպրուկս կապե՜լ եմ հիմա:

*
Դու քո պատյանից
շպրտվում ես դուրս,
Վազո՜ւմ գալիքին ընդառաջ,
Դու շա՜տ լավ գիտես լեզուն աստղերի,
Աստղապարսերի պա՜րը խենթացած:

*
Գիշերվա կպչո՜ւն ու մերկ ձեռքերով,
Փորձում ես գրկել խո՜հդ կարոտի,
Կարոտի շուրթից ծորում են քաղցրով
Ակնթարթնե՜րը
Սպասվող պահերի…

*
Եվ ստացվո՜ւմ է, որ այն ա՜ստղ-մեղուն
Սայթաքե՜ց ընկա՜վ, մահացավ,
… Չէ՞ որ գիտեի՜ր աստղերի լեզուն,
Ուղակի չուզեցար հավատալ:

*
Ակնթարթները դառնում են պահե՜ր,
պահերը օրե՜ր…
տարինե՜ր…

Դու նորի՜ց փակված խեցի-պատյանում
Լրի՜վ
Անտարբեր…



ԹՈՌՆԻԿ-ԲԱԼԻԿՆԵՐԻՆ



Ավելի նուրբ բան չկա՛ աշխարհում,
Քան թաթի՜կը նուրբ թոռնիկ-բալիկի,
Ինչքա՞ն բերկրանք է բերել մեզ կյանքում
…և դեռ կբերի՜:

* * *
Ուզում եմ փա՜ռք տալ, բայց չգիտեմ ո՞ւմ,
Որ իմ թոռ-բալի՜կը, երբ որ մեծանա,
Իմ ձեռագրերը պահի ձեռքերում՝
Շուռումո՜ւռ տա՜, կարդա՜, զարմանա:

- Ա՜խ, պապի՜կ, պապիկ վի՜շտ ու ցավ ապրած,
Այս ի՞նչ դժվար ես ապրել աշխարհում,
Պապի՜կ ջան, ինչո՞ւ փոքր ժամանակ
Ես դա չե՛մ տեսել քո պարզ հայացքում:

Սեղմե՜լ ես գրկումդ, գլուխս  շոյե՜լ,
Սրտումդ հազա՜ր ու մի երազանք,
Ինձ հիմա՛ է պետք քո կրծքին փարվել
Ասել. «Պապիկ ջա՜ն, տես ո՜նց մեծացա»

Հիշո՜ւմ եմ, պապի՜կ ջան, ծոցումդ տաքուկ
Քանի՜- քանի՜ հատ հեքիաթ եմ լսել,
Հիմա քո գի՛րն եմ քեզ համար կարդում,
Բայց դու չե՛ս լսում,  քնե՜լ ես հավերժ:

Հիմա դու չկա՜ս և տողերը քո
Սահո՜ւմ, ընկնում են մատներիցս ցած,
Արևի բուռ-բուռ ոսկի շռայլող
Այս ի՞նչ մտքեր ես թողել ինձ ընծա:

Շա՜տ-շատ բառեր կան, որ չե՛մ հասկանում,
Մտքեր կա՜ն խո՛րթ են ինձ համար,
Քի՜չ էլ մեծանամ քո ձեռագրերում
Գիտե՜մ, կգտնեմ մի նոր ճանապարհ:

Պապի՜կ ջան, այս ի՞նչ բաներ ես գրել,
«Սրտումս դատա՜րկ, սրտումս տխո՜ւր»
Բա՞ ես, պապի՜կ ջան,  ո՞ւր էի կորել-
Միշտ ասո՜ւմ էիր, որ կա՛մ քո սրտում:

Այս ի՞նչ ես գրել,  բան չե՛մ հասկանում,
Մեկ գրել ես «սիրո՜ւմ եմ» ու մե՛կ էլ «ատում»,
Պապի՜կ, նման բա՜ն չկա՛ աշխարհում-
Սիրող սրտերը ինչպե՞ս են ատում:

Միգուցե շո՞ւտ է քեզ ընկալելը,
Դու էլ այսքան շո՜ւտ հեռացար ինձնից,
Մեր դասարանի բոլոր տղաները
Խոսում եմ միայն իրենց պապիկից:


Իսկ ես ձեռագրերդ եմ սեղմում իմ կրծքին՝
Ինձ հետ դպրո՜ց եմ տանում,
Ինձ հետ բերո՜ւմ տուն,
Մի բան եմ հասկացել, որ Ժամանակի՜ն
Կանգնեցնել չկա՛, դադար չի՛ լինում:

* * *
Աշխարհում սուրբ բան քան սի՜րտը մանկան,
Չի՛ եղել երբե՛ք, չկա՛ նման բան,
Ինչքա՞ն բերկրանք են բերել մեզ կյանքում
Նրանց թոթովա՜նքն ու թաթիկները տաք:







ՔԱՂՑՐ ԴՈՂ



Երբ համբուրվո՜ւմ ենք-
Աչքե՜րդ ես փակում
Կամ աչքի տակով գողունի նայո՜ւմ,
Գիտե՜մ թե ինչ կա՛ աչքերիդ խորքում՝
Ա՜յն, ինչը ո՜չ ոք չունի աչքերում …
*
Դու սրտիս նման
Կարծես թե ի՜մն ես,
Բայց և ի՜մը չես միաժամանակ,
Ուզում՝ թպրտո՜ւմ ես,
Ուզում ես կանգնո՜ւմ ես,
Նայո՜ւմ ես, նայո՜ւմ այլ տեսակ:
*
Մեծ սիրո ծովին քամի՜ն է ընկեր՝
Հզոր ալիքներ բարձրացնող,
Բամբասող ծառե՜ր, արև՜ ու անձրև՜,
Եվ մեկ էլ կո՜ւրծքդ՝
Կրքից դողացող:
*
Կի՜րքը, սիրելիս,
Խանդի նմա՜ն է՝
Ծնվում է,  երբ որ նրան չե՛ս սպասում,
Ալիքի նման գալի՜ս հարվածում է,
Ալիքի նմա՜ն կորչում մարմնում:
*
Անձև-անմարմին ձուլվում ենք իրար,
Ինչպես որ բա՜ռն է ձուլվում ականջին,
Ու օրորվո՜ւմ է աշխարհը համայն,
Մեզ քշո՜ւմ, տանո՜ւմ է համընթաց քամին:
*
Գրկո՜ւմ են ձեռքերդ
ուսերս նիհար՝
Ափերում շիկացած ավազ երազում,
Ի՞նչ են շշնջում շուրթերդ խոնավ,
…Կի՜րքը, սիրելիս, քեզ շա՜տ է սազում:
*
Երա՜զ ես փնտրում,
Ցնորքի ափե՜ր,
Գերված մարմի՜ն ես փնտրում լազուրում,
Իսկ ես միամիտ բանաստեղծի պես
Թերթո՜ւմ եմ, սերտո՜ւմ սիրո քո լեզուն:
*
Կո՞ւրծքդ է դողում
Թե՞ ափս այրված
Շիկացած մարմնիդ խոռոչից,
Զգո՞ւմ ես թե ինչպե՜ս խենթ կիրքը ժպտաց
Ու հալվե՜ց տենչից:
*
Ծիածանվում է անձրևն արևին,
Ծիրանաձևը շո՜ւրթն է կախ գցում,
Վերջի՜ն կաթիլն է ընկնում արցունքի՝
Լուծվում դրախտում:
*
Եվ սա վերջը չի՝
Աչքե՜րդ ես փակում,
Կամ աչքի տակով գողունի նայո՜ւմ,
Գիտե՜մ թե ինչ կա աչքերիդ խորքում՝
Ա՜յն, ինչը ո՛չ ոք չունի աչքերում …