воскресенье, 19 февраля 2017 г.

Մայրամուտը մի հարբած պոետ


  
Հորիզոնը դանդա՜ղ
Արև՜ էր ըմպում
Կարծես թե արյո՜ւն էր քսում երկրի եզերքին,
Ու թվում էր թե հարբած մի պոետ
Իր վի՜շտն էր պատմում
Բաժակը ձեռքին…

Ասես, պոետը պատմում էր
Թե ի՞նչ պատահեց,
Երբ  որ հավատաց իր իսկ տողերին,
Թե ինչպես սիրեց «փոքրիկ» մի կնոջ
Փոքրը մեծացավ դարձավ «ահռելի»…

Ասես թե չէր տեղավորվել պոետի հոգում
Ահռելի մի վի՜շտ,
Ցասկոտ մի սպասո՜ւմ,
Ասես չէր դիմացել պոետի սիրտը
Պայթել –
Ներկել էր մի ամբողջ գարուն…

*
Ա՜խ, պոետ, խնդրում եմ այդպես մի՛ խոսիր,
Միշտ չէ, որ լույսն է վշտերը սպանում,
Կյանքի առեղծվածն է՝
Լինում է այնպես,
Որ խավարն էլ է դառնում իմաստուն…
*

Չէ~ր լսում պոետը
Խո՜ւլ էր, ավերա՜կ,
Պատմում էր կապույտ շուրթերի մասին-
Այնքան պա՜րզ, շիտա՜կ
Այնքա՜ն հասարակ՝
Հայացքը ուղղած իր դատարկ թասին…

Ասես թափվել էր նռնագույն գինին,
Սպիտակ սփռոցը ներկել կարմիրով,
Ասես մի գնդակ էր սիրտը պոետի
Ցիրուցան արել ամբողջ աշխարհով…

Հորիզոնն արդեն մարսել էր լույսը
Արյուն էր լերդացել մնացել շրթին

…Խռմփացնում էր հարբած մի պոետ
Գլուխը սեղանին…

18.02.17   Երևան

Ս.Ումառ-Հարությունյան

воскресенье, 29 января 2017 г.

« ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈւՆ »

Բառերդ հաճախ այնպե՜ս են գժվում,
Որ քեզ մատնում են անծայր տրտմության,
Ու քարանում է քո՛ մեջ՝ քո՛ ներսում
Քո երկրորդ կեսը - այնքան հարազատ:

Կարծես կանգնած ես հուշարձանի մոտ
Ու շուրջդ չկա ոչինչ մնայուն,
Ու անկեղծության լեզուն անամոթ
Խոսում է քեզ հետ օտար մի ձայնով:

Դաժան է լեզուն քո երկրորդ կեսի՝
Ակե՜ղծ, բայց սա՜ռը – անեծքի նման,
Ասես կանգնած ես անդունդի եզրին
Ու  շշնջում ես.  «Կյա՜նք, կա՛նգ առ մի պահ»

Ու կա՛նգ է առնում զարկը քո արյան,
Անշարժանում է կե՛սը քո երկրորդ,
Որն ամե՜ն պահի, ամեն մի վայրկյան
Կարող է գլորել քեզ անդո՜ւնդը խոր…

Ու բաժանվո՜ւմ ես ինքդ քեզանից,
Դառնո՛ւմ ես երկո՜ւ, երկու տարբեր անձ՝
Մեկը մարմի՛նդ է, մյուսը հոգի՜դ -
Աչքերն անդունդի խորքերը հառած:

Տեսնում ես հոգուդ պատյանից անդարձ
Հեռացած կնոջ աղոտ մի հայացք,
Վաղուց ծվարած քո մեջ քո ներսում՝
Այնքա՜ն մերձավոր, այնքա՜ն հեռահաս…

Մարմինդ արյունդ է խմում կո՜ւմ առ կում,
Հոգիդ ըմպում է արցունքի թասից,

… Բառերդ դառնում են Բանաստեղծությո՜ւն
Ու դու կախված ես մնում նրանից:

Ս.Ումառ-Հարությունյան

29.01.17թ.   ք. Երևան

воскресенье, 22 января 2017 г.

Սի՜րտը…



Ասո՜ւմ են
Մահը ցավո՜տ չէ բնավ-
Ուղղակի սիրտը էլ չի՛ աշխատում,
Ասո՜ւմ են  « Գնա՜ց…
Ու աչքը փակեց բոլորի համար…
Մնայուն ոչի՜նչ  չկա աշխարհում…»

Ցավոտ է մա՜հը,
Երբ  քո սրտո՛ւմ է մեկը մահանում
Կամ դո՛ւ ես մահանում ուրիշի սրտում,
Ա՜յ,  ցա՜վ եմ ասել,
Ա՜յ,  դա՛ է ցավը,
Որը իրոք կա՜, բայց չի երևում…

Ցա՜վ է,
Երբ  սիրտդ գրաված մարդը
Պատե՜հ, անպատեհ աչքերն է թարթում,
Ցա՜վ է,
Երբ դիրքն է սրտիդ մեջ փոխում -
Ասես թե սիրտդ ոտքե՜րդ է ընկնում:

Ցա՜վ է,
Երբ սիրտդ է փորձում ինչ-որ բան ասել
Ու դու չես լսում
Կամ չես հասկանում լեզուն քո սրտի,
Ա՜յ,  ցա՜վ եմ ասել,
Ա՜յ,  դա՛ է ցավը,
Որ բաբախում է ռիթմով կրկնակի:

Կա՞ ցավի Աստված
Կամ Աստվածուհի՜,
Որի հետ խոսես  ցավերի լեզվով,
Որ քեզ հասկանա
Կամ էլ դու Նրան՝
Բերկրանքից բացված շուրթերի դողով…

Կա՛,
Այդ Աստծուն Սի՜րտ են անվանում,
Որը կարող է կրել հազա՜ր ցավ,
տա՜ս հազար կսկիծ
ու միլիո՜ն մորմոք…
Ու տրոփում է այն միայն քեզ համար
ու մեկ էլ Նրա,
Որ քո սրտում է անո՜ւժ ու անօգ…

Եվ  ում որ ունես սրտումդ պահած…
Եվ ինչ կունենաս դրանից հետո,
Կյանքի ու մահվան կծիկ կդառնա,
Ցավո՜տ, շա՜տ ցավոտ:


Եվ ո՞վ կբացի հանգույցն այդ Գորդյան,
Սիրտ-Աստծո ձե՞ռքը թե՞ Բախտն անիծված,
Մի շատ անզգույշ քայլ ու…
Կարող է սիրտդ պատռվել հանկարծ…


Ս.Ումառ-Հարությունյան

вторник, 27 декабря 2016 г.

Արի՜…



Երկար ժամանակ է -
Փնտրում եմ մի բառ,
Որ ոչ կա՛րճ լինի ու ո՛չ էլ երկար,
Որ բարի՜ լինի ու չլինի՛ չար,
Որ բառն այդ լսես ու չտատանվե՜ս,
Չանհանգստանա՜ս՝
Այլ վեր կենաս ու գաս…

Որ այդ մեկ բառը լինի
Կարոտի դահիճ,
Թախիծի տապան,
Ակունքներ փնտրող անհագ հայացքի
Պղտոր հորձանքը պարզեցնող մի բան,

Որ կյանքը չանցնի լույսի պես արագ,
Սպասումը դառնա փոքրիկ մի արկած
Ճանապարհներին հանկարծ հայտնված…

Թվաց թե գտե՜լ եմ…
Ու ծանր մի բան իջել է ուսիս,
Թվաց թե մի դիմակ արդեն կոտրվել է
Ու ընկել գետին:

… Ու հողը լափել է խոլ ապրումների
Թափառող մի խումբ
… Ու մոխրացել է արևն երկնքում,
Դարձել է դատա՜րկ մի ներկապնակ
… Ու սևն է դարձել արքան գույների -
Ներկում է գիշե՜ր,
Ներկում է խավա՜ր…

… Թվում է կրկին ժամադրում եմ քեզ
Վաղուց կանգ առած ժամացույցի տակ:

Ժամացույցները կանգնա՜ծ, փչացա՜ծ
Երկու անգամ են ճիշտ ժամ ցույց տալիս,
Իսկ կյանքը վազո՜ւմ է, հեռանում անդարձ
Ու լռում ինչպես լեզուն անցյալի…

Լսո՞ւմ ես,  գտել եմ շատ ծանր մի բառ՝
Մի հոգնած «Արի՜» `
Սպասումով լցված,
 - Արի՜,-  ու թող բառն այս չլինի ավարտ
Սպասումների մեջ  խեղդվող պոետի…

Չէ՜,
«Արի՜»-ն կարճ բառ չէ՝ այլ չափազանց երկար,
«Արի՜» -ն չեզոք է, ոչ  չա՜ր, ոչ բարի՜,
Ավելի հեշտ է միլիոն անգամ կրկնել.
- Մի՜ գնա…
Քան թե մեկ անգամ աղաչել.
- Արի՜…

Ս.Ումառ-Հարությունյան

25.12.16                      Երևան

воскресенье, 27 ноября 2016 г.

Մի պոետ...

Աչքիդ մեջ կյանքի մի կտոր ընկավ-
Աչքդ արցունքից  բորբոքվեց,
Վախի՞ց, թե՞ ցավից տեղից վեր կացար-
Աշխարհն աչքերումդ
Մարեց:

Կույրի աչքերով լո՜ւյս էիր փնտրում -
Շոշափելով  մի պոետ գտար խելագար,
Հոգնա՜ծ էր պոետը, տե՜ղ էր որոնում -
Մտավ աչքիդ մեջ՝
Մահացավ…

Կյանքի մի կտոր՝ պոետի հոգին
Պտտվեց քո մեջ մոլորված,
Ինչպես անցավո՜ր, անհանգիստ քամի
Դուրս եկավ քեզնից,
Հեռացավ:

Ու մշուշ դարձա՜վ,
նոսրացա՛վ պոետը`
Քո ողն ու ծուծը ոռոգող սիրով,

Ու հիշողությո՜ւն դարձավ,
խո՛հ դարձավ պոետը,
Որ հյուլեի պես անցավ քո միջով …


Ս.Ումառ-Հարությունյան