воскресенье, 29 ноября 2015 г.

Դու կլռե՞ս…



Լռությունը դատա՜րկ աշխարհ է՝
Անկյանք մի հայացք ուղղված առաստաղին,
Լռությունն անկեղծություն է-
Սառն ինչպես մատներն անցյալի:

Մենախոսությունը տխուր աչքերը չեն,
Որ նայում են չոր պատերին ու զրուցում,
Մենախոսությունը մենությունն է,
Երբ սիրտն է կոկորդում բաբախում:

Երբ դատում ես քեզ, որ այսօր ուրի՛շ ես,
Այսօր մի գի՛րք ես կարծես քրքրված,
Մի քիչ տխո՜ւր ես…
Մի քիչ ուրա՜խ ես…
Բայց չես հասկանում -
Ինչո՞ւ են էջերդ խառնվել այսքան…

Լռությունը հիշողության  լեզուն է՝
Փաղաքշական խոսքի սպասող  շան քոթոտ,
Տրտունջի նման լավագույն -
Մութի ու լույսի սահմանագծի մի նեղ արանքում:

…Աչքերդ կփակես -
Լուսնին տեսնելով,
Երբ դրսում արև է՝ անցյալի նման,
Կփակվես մենության ծածկոցով ՝
Չլսելու հոգոցը հարբած գիշերվա:

Դու կլռե՞ս
Թե՞ կբղավես լեզվով լռության.
- Ցմահ անիծվես դու
«Սպասո՜ւմ»,-
Լռությունն անկեղծությո՞ւն է,
Թե՞ ատամներովդ սեղմված լեզուն:


Ս.Ումառ-Հարությունյան


суббота, 28 ноября 2015 г.

Հեռացող քայլեր



Հեռացող քայլերը միգուցե լքո՜ւմ են,
Միգուցե ուղղակի հեռանո՜ւմ,
Ինչպես աչքի բիբի մեջ թախիծն է կծկվում՝
Աչքի ետևում թաքնվում:

Հղի ձկան նման թաց ու լպրծուն,
Ծանրանում է աչքն ու արցունքոտվում,
Աչքը բաբախում է,  ճիշտ սրտի նման
Ո՞վ գիտե քանի՜ անգամ վայրկյանում:

Արցունքը չի՛ սառում,
Սառույց չի՛ կախվում աչքերից,
Բայց չգիտես ինչու սառո՜ւմ են աչքերը
Ճանապարհներին երկա՜ր նայելիս …

Հեռուն գնացող քայլերը պատժամիջո՞ց են լքողի կողմից,
Թե՞ փորձությո՜ւն են, պատի՛ժ լքվողի համար,
Ամեն դեպքում լքո՛ղ են հեռացող քայլերը՝
Սառն ինչպես արյունը ձկան:


Ս.Ումառ-Հարությունյան

пятница, 20 ноября 2015 г.

Ուշացած սեր



Պատահում է, որ արևն է դուրս գալիս
Ու չես զգում ջերմություն,
Դա ա՛յն պահն է,
Երբ որ սիրտդ աշխարհից
Նեղացե՜լ է, ու արտասվում է թաքուն …

Պատահում է, որ պառկում ես քնելու
Ու աչքերդ չե՜ն փակվում,
Դա ա՛յն պահն է,
Երբ աչքերդ չե՛ն հոգնել,
Չե՛ն հագեցել փնտրելուց…

Պատահում է, որ պատահում է ա՛յն,
Ինչին սպասում ես սրտատրոփ,
Դա ա՛յն պահն է, երբ հեռացած հուշերդ
Հույզի ամպեր բարձրացնելով
Ե՛տ են գալիս քառատրոփ…

Պատահում է, որ չե՛ս զգում
Ժամե՜րը, րոպեներն ու վայրկյանները,
Դա ա՛յն պահն է
Երբ զգո՜ւմ ես, որ հեռվում,
Մի ժամանակ քեզ փայփայող ձեռքերը
Իրենց հուշերից քո ոտնահետքերը են
Մաքրում…

Հպարտությունդ տեղի է տալիս գիտակցությանդ,
Գիտակցությունդ իրականության ձեռքերով
քամվում է՝
Կաթիլ  առ կաթիլ փոխարինում արյանդ,
Դա ա՛յն պահն է,
Երբ լեզուդ որսը տեսած արծվի նման
Քարանո՛ւմ, իսկ
Վա՜ռ, ճո՜խ ու շռա՛յլ հույզերդ
Պա՛ր են պարում խավարում…

Պատահում է, որ սթափվո՛ւմ ես-
Արծաթագույն սպասումդ դառնում է հրե գունդ
Ու խավա՛րն է շիկացնում,
Դա ա՛յն պահն է, երբ  թվում է թե
Արևն է դուրս եկել
Ու չես զգում ջերմություն ….



Ս.Ումառ-Հարությունյան

четверг, 19 ноября 2015 г.

Իմ լույսն ես



Դու իմ Լուսաբացի լույսն ես…
Սպիտա՜կ ու մաքուր,
Հազարավոր կիլիմետրեր անցած արևի ճառագայթներ, որ անվանդ վանկերին համահունչ հարվածում են պատուհանիս ապակուն:
Լսում եմ օրվա մեղեդին…

Դու իմ Կեսօրի լույսն ես…
Արևի նման փափո՜ւկ, նուրբ ձեռքերով ու
Կատաղեցնող կարմիր գույնով, որ քունքերս շոյելով
Քո մասին հորինած Մի երգ է երգում …

Դու իմ Երեկոյի լույսն ես,
որ ցույց ես տալիս ոսկեգույն ավազի միջով անցնող
Քա՜ղցր, քնկոտ, թեյագույն մի արահետ…

Դու իմ Գիշերվա լույսն ես…

Հավերժ լո՜ւյս…
Լո՛ւյս անընդհատ:


Ս.Ումառ-Հարությունյան

воскресенье, 15 ноября 2015 г.

Իմ հեռավոր կապույտ երազ


Չեմ ցանկացել ձեզ տխրեցնել
Իմ հեռավոր կապույտների
Վերքի մասին հիշելիս,
Ամեն անգամ լուռ եմ եղել
Ավելացող կնճիռներս
Հաշվելիս…

Ցերեկները դեռ ոչի՜նչ,
Ցա՛վ են եղել գիշերները
Իրենց թախծոտ աչքերով,
Ամեն անգամ գիշերային անձրևները
Համարել եմ
Ծաղկի վրա իջնող ցող…

Արցունքներիս ճանապարհը երկարել է
Կնճիռներիս երկայնքով,
Թե նրանց էլ ես ցող հաշվեմ-
Կխորտակվե՜մ,
Ի՞նչ կապ ունի ցերեկո՞վ, թե՞ գիշերով…

Ցո՜ղը աղի չի՛ լինում
Արցունքից էլ ծիածաններ չեն ծնվում,
Իմ հեռավոր կապույտների աշխարհում
Ծաղիկներիս
Կաթ-կաթ հուշերս են կաթում…

Խարույկներ են դեմքիս վրա -
Երկա՜ր ու ձիգ բոցերով,
Ե՛ռ են գալիս արցունքներս
Սրտումս քար դառնալով:

Ո՞ւմ կամ ի՞նչի եմ սպասել՝
Դանդաղ ետ-ետ գնալով,

… Չեմ ցանկացել ձեզ տխրեցնել
Իմ հեռավոր կապույտների
Վերքի մասին գրելով…


Ս.Ումառ-Հարությունյան