суббота, 29 августа 2015 г.

Ճշմարտությունը



Ճշմարտությունը
Ցորենի հատիկի մեջ է,
Հասկի՜,
Ալյուրի՜,
Խմորի՜,
Հացի՜,
Հա՛ց թխող ձեռքերի մեջ է,
Հա՛ց տվող սրտերի մեջ է,
Ա՜յն հոգիների մեջ է,
Որոնք ծնվել են Կիսելու համար
Մի վերջի՜ն պատառ…

…Եվ բոլորովին էլ պարտադիր չէ
Որ հոգուդ միջով սուր պիտի անցնի
Հանգիստդ փառավոր լինելու համար:

Ճշմարտությունը աչքերի մեջ է,
Ո՛չ քո աչքերի
Այլ այն Աչքերի,
Որոնք հսկում են անդունդից մինչև
Գողգոթա տանող ողջ ճանապարհը
Փուշ ու տատասկից,
Օձ ու կարիճից
Քեզ զգուշացնելու,
Սատանաների լարած թակարդից
Հեռու պահելու:

Ճշմարտությունը աչքերի մեջ է,
Ո՛չ քո աչքերի,
Այլ ա՛յն Աչքերի,
Որոնք վերջին փշուրը կիսելու պատրաստ
Սրտերի նման,
Կիսում են մեղքդ՝ թեթևացնելու,
Քեզ հետ բարձրանում դեպի Գողգոթա-
Ստորոտից-կատար…

…Եվ բոլորովին էլ պարտադիր չէ
Որ հոգուդ միջով  պիտի լույս անցնի
Հանգիստդ՝ հանգիստ լինելու համար:

Ճշմարտությունը ցորյան սրտում է
Ու հավատարիմ Աչքի բիբում է:

Ս.Ումառ-Հարությունյան







пятница, 28 августа 2015 г.

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն


Բարև Ձե՜զ, բառեր….


 Մեկնում ես ձեռքդ բարևում`
Բարևող չկա,
Բոլոր ձեռքերը զբաղված են
Աղոթքով-
Տեսնես ո՞ւմ  համար:

Քայլ ես անում դեպի բեմ-
Ներկայացում է՝ պատկեր,
Որտեղ մեկը սպանում է մյուսին,
Ծափահարում են բոլոր ձեռքերը
Համերաշխ-
Միասին:

Ձեռքդ ե՛րգ է գրում,
Երգում է տմարդին,
Բառդ վիրավորվում է
Ընկնում դիմացի մայթին:

Մայթով քայլում է մի ժպիտ-
Տրորում բառդ,
Շրջվում ես  անսպասելի
Ու ինքդ ես ժպտում
Բացվող դռանդ:

Մեկնում ես ձեռքերդ
Գրկում մի պատկեր:

Պատկերը՝ երգեր ալեհեր,
Այրվող թռչուններ են օդում,
Վերադառնում են բումերանգի պես,
Գլուխ խոնարհում:

Քաղցրանում է արյունդ դեղձի հյութի նման…
Ծավալվում է քո մեջ
Բա՛ռդ վիրավոր,
Խառնուրդն այդ թանձր
Մերկ կնոջ նման մոտենում է քեզ
Մեկնում ես ձեռքդ բարևում՝
Բարև Ձե՜զ,
Բարև Ձե՜զ բառեր….

Ս.Ումառ-Հարությունյան





четверг, 27 августа 2015 г.

Լեզուն անցյալի


Գլխիդ վրա հիմա սավառնում են թևեր
Խոսո՜ւմ են քեզ հետ-
Չե՛ս լսում նրանց,
Թափվում են քեզ վրա ցայգացող ծաղիկներ՝
Ճեղքում հուշերիդ հորձանուտն անձայն:

Այնքա՜ն բնական կարծես կողքիդ են
Հեռացա՜ծ, բայց ներկա
Հարազատ դեմքեր,
Ձեռքիցդ բռնած եթեր-ճամփեքով
Քեզ ուղեկցում են դեպի հեռուներ:

Մի՛ տխրիր, մենա՛կ չես, լո՛ւյսի է  փոխվել
Սիրտդ կարոտող
Ու բարձրացել է լույսը սրտիցդ՝
Դարձել աղոթող…

Կար մի ժամանակ, երբ հավաքվում էինք
Ուրախանալու
Չնչին պատճառով,
Հիմա ուրախանում ենք, երբ հանդիպում ենք
Նույնիսկ շատ տխուր առիթով:

Ի՞նչ արած,
Նոսրանո՜ւմ ենք,
Պակասո՜ւմ,
Գլխներիս վրա ավելանում են թևեր-
Խոսում անցյալով:

Ս.Ումառ-Հարությունյան





Երկխոսություն



Երկխոսությունը այսպե՛ս է սկսվում…
Դու հա՛րց ես տալիս-
Լսել չես ուզում՝
Այսինքն ուզում ես լսել ա՛յն
Ինչ ի՛նքդ ես ուզում,
Ես էլ խոսում եմ
Ու քեզ չե՛մ լսում-
Այսինքն ուզում եմ լսել այն՝
Ինչ ե՛ս եմ ուզում,

Մի վարագույր է աստղերին ծածկում,
Լուսնին՝ քմծիծաղը շուրթին,
Մի տապան է հայտնվում երկնքում
Ու հանդարտ իջնում կոպերին:

Դու ո՞ւմ որդին ես
Եվ կամ էլ դուստրը,
Որ չես հասկանում լեզուն բնության,
Երեկոն հագնում է իր գույնը
Խոսում իր լեզով դյութական:

Արդյո՞ք խորթ է մեզ սիրո առոգանությունը
Ու  էլ չի շոյում ձա՛յնը
Կարոտի՜,
Կրքի՜,
Մեղքի հրակեզ,
Դու հա՛րց ես տալիս,
Լսե՜լ չես ուզում,
Ես էլ խոսո՜ւմ եմ
Ու չե՛մ լսում քեզ:


Ս.Ումառ-Հարությունյան