суббота, 6 декабря 2014 г.

Իդեալական ցավ



Արցունքներն ակամայից թափվում էին աչքերից, ու յուրաքանչյուր կաթիլն այրում էր այտերը:
Պատասխան չուներ, ավելի ճիշտ` անիմաստ էր պատասխանել, քանի որ միևնույն է` ոչինչ չէր կարող ապացուցել:
- Տիկի´ն Սանթրոսյան, ինչպե՞ս կարելի է նման մարդու երեխային «չորս» նշանակել: Դուք ի՞նչ է, չե՞ք հասկանում, թե ինչպիսի անելանելի վիճակի եք հասցնում դպրոցը:
- Բայց Մոնիկան նույնիսկ Հայաստանի տեղը չգիտի քարտեզի վրա…
- Նա իր տեղը գիտի այս մոլորակի վրա, և նրան բավական է: Մի՞թե պարզ չէ:
Ձեր նման վերաբերմունքից, եթե շարունակվի, դպրոցը զրկվելու է և´ վերանորոգման ծախսերից, և´ համակարգիչներից, որ արդեն ինչքան ժամանակ է` սպասում ենք:
- Բայց ես… Հասկանո՞ւմ եք, նրա մայրն իմ դեմ լարվել է, որովհետև բոլոր ծնողների ներկայությամբ նկատողություն եմ արել, որ Կոմիտաս լսելիս հաց ու երշիկ չեն ծամում, այն էլ` Ֆիլհարմոնիայում… Չէ՞ որ…
- Այսքան տարվա մանկավարժական փորձ ունեք ու տարրական բաներ չեք հասկանում:
Մի՞թե չեք հասկանում, որ պետք է սկսել հարգել և ընդհանրապես չի կարելի նկատողություն անել նրանց, ում տարեկան եկամուտն հասել ու անցել է որոշակի սահմանը… Եթե մի անգամ էլ կրկնվի… Ես հասկանում եմ, որ զոհված ազատամարտիկի քույր եք, բայց այդ հանգամանքը Ձեզ իրավունք չի տալիս … Եթե մեկ անգամ էլ Մոնիկայի մայրը բողոքեց, մենք իրար հրաժեշտ կտանք:
Ես ասացի արդեն:

* * *
Մանկավարժական ինստիտուտն ավարտողներից առաջինն էր, որ կամավոր հանձն առավ մեկնել Քաշաթաղի դպրոց:
Պատերազմ էր:
Աշակերտները շատ չէին` տասներկուսը:
Բնակվելու պայմաններն անտանելի էին, բայց դիմացավ: Գիտեր նաև, որ եղբայրը մոտերքում է` ազատամարտիկների շարքերում:
Մեկ ուսումնական տարի աշխատեց ու այդպես էլ չտեսավ եղբորը:
Ձմռան մի խստաշունչ օր էր, երբ տանից կանչեցին դպրոցի տնօրենի մոտ:
- Ինչ-որ հանձնաժողով է գալու Հայաստանից` Երևանից: Պետք է տեղավորել դպրոցում: Երեխաներին զգուշացրո´ւ, որ մեկ շաբաթով դասեր չեն լինելու:
Բոլոր երեխաներին կտեղավորենք Սմբատ դայու տանը: Մի տեղ կտաքացնենք, որ չմրսեն: Հարմարն այդ տունն է: Նրա կինն էլ քեզ կօգնի:
Դպրոցի տնօրենը նախկին հրշեջ էր` միակ աշխատունակ տղամարդը: Մնացածը պատերազմում էին: Մանկավարժությունից հեռու մարդ էր, բարի ու համակերպվող:
- Վառարանների փայտը քո մոտից կվերցնենք: Հո չե՞ն սառելու: Հետո մի բան կմտածենք երեխաների համար:

* * *
Հանձնաժողովը, որ դպրոցի հարցերով չէր, բաղկացած էր վեց հոգուց: Անդամներն ասես զինվորականներ լինեին, բայց` քաղաքացիական զգեստներով:
Հենց այդտեղ էլ տեսավ նրան` Անդրանիկին:
Թիկնեղ էր, միջինից բարձրահասակ, կապույտ աչքերով:
Երեք օրվա ընթացքում հասկացավ, որ առանց նրա իր կյանքն անիմաստ է:
Օրերը, որ այստեղ անցնում էին ձանձրալի ու տանջալից, դարձան տոնական:
Հատկապես այն օրվանից հետո, երբ առաջին անգամ` գիշերը, դպրոցի բակում համբուրվեցին:
Երկրագունդը պտտվում էր նրա´նց համար:
… Մի գիշեր էլ, երբ սովորականի նման աստիճաններին նստած համբուրվում էին` քրքրված շալով ծածկված, գյուղը թնդաց արկի պայթյունի ձայնից:
Քանդվել էր Սմբատ դայու տան կեսը:
Բոլորը վազեցին դեպի երեխաների կացարանը:
Մոտ երկու ժամ տեղափոխում էին երեխաներին ու փլատակների տակ մնացած կահույքը, գրքերը…
Ձեռքերում ուժ չկար արդեն, ոտքերը հազիվ էին շարժվում, երբ մի կերպ հասավ դպրոցի շենք:
Հիշեց, որ այդ թոհուբոհի մեջ ոչ մի անգամ աչքին չերևաց Անդրանիկը:
«Աստվա´ծ իմ, մի՞թե… Ես կգժվեմ, եթե նրան մի բան պատահած լինի»:
… Անդրանիկին գտավ կողքի տան գոմի անկյունում` կուչ եկած, սարսափահար աչքերով:
Ոտքերի տակ երևում էր վառված գրքերի մոխիրը, որով փորձ էր արել տաքանալ:
Ատամները վախի՞ց, թե՞ ցրտից` չխչխկում էին: Ոչինչ չէր կարողանում ասել:
Վախի՞ց, թե՞ ամոթից` գլուխը կախել էր ծնկների վրա:
Մի կերպ թևատակերից բարձրացրած` քարշ տվեց մինչև դպրոցի աստիճանները:
Չէր ցանկանում օգնություն կանչել: Ամաչում էր նրա համար, բայց սիրում էր ու չէր կարող թողնել…
Առավոտյան, երբ մահճակալի մոտ ծնկած, գլուխը դրած Անդրանիկի անկողնուն` կիսաքուն էր, դպրոցի տնօրենի հետ ներս մտավ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Ղուկասյանը.
- Ի՞նչ է եղել այս մամայի բալային: Մրսե՞լ է:
- Չէ´, կարծես կոնտուզիա է, չի էլ կարողանում խոսել,- ամաչեց ստելու համար: Բայց հանուն նրա կարելի էր, սիրում էր:
- Այդ հեռավորությունից կոնտուզիա չեն ստանում, աղջի´կ ջան, - Ղուկասյանն արհամարհական ժպտաց ու դուրս եկավ:
Այդ և մնացած օրերին զբաղված էր քանդված տունը կարգի բերելով:
Անդրանիկը պառկած մնաց:

* * *
«Մի քանի օրից մեկնելու են, ի՞նչ է լինելու հետո»:
Հիշեց, ինչպես երեկ անկողնում Անդրանիկը շշնջաց .
- Դու հիմա հավերժ իմն ես, հավերժ:
Կռացավ, համբուրեց, համբուրեց, տրվեց:
«Դու եղար իմ առաջին տղամարդը ու այդպես էլ կմնաս: Ես վստահեցի քեզ, չնայած մենք ծանոթ էինք ընդամենը մի քանի օր: Հետո՞ ինչ: Ես չեմ փոշմանել: Ընդհակառակը` ուրախ եմ, որ հենց դու կարողացար ինձ ցույց տալ իսկական սիրո համը, կիրքը, զգացմունքների աշխարհը: Մինչ այդ ես այսքան կանացի չէի, զգայուն չէի, թույլ չէի իմ զգացմունքների հանդեպ»:
Հաջորդ` վերջին գիշերը նորից նստած էին աստիճանների վրա, երբ առանց խոսքի Անդրանիկը վերարկուի ծոցագրպանից հանեց ու մեկնեց բաց կապտավուն անմոռուկ:
«Որտեղի՞ց էլ գտել է այս ձմռան կեսին»,- անցավ մտքով ու սեղմեց կրծքին:
- Ես քեզ Երևանում կսպասեմ, լա՞վ: Հիշի´ր հասցես…

* * *
Երկրագունդը պտտվում էր:
Օրերն անցնում էին չափազանց ծանր: Անընդհատ սպասումների մեջ էր: Ամեն անգամ, երբ տեսնում էր, որ փոստատարն անտարբեր հայացքով էր անցնում դպրոցի մոտով, հիշում էր գիշերային համբույրների համը, շոյանքները, բառերը, որ ասես մատներով ճանկռում էին հոգին:
«Մի՞թե հնարավոր չէ գոնե մեկ տող, մեկ բառ գրել»:
Երկրագունդը պտտվում էր:
Մի օր էլ, իրոք որ պտտվեց, քանի որ տեսավ կաղ փոստատարի` դեպի դպրոց` քայլերը:
Վազեց խելակորույս ու խլեց ձեռքից նամակը: Երևանից էր: Չհասցրեց նայել հետադարձ հասցեն: Միանգամից պատռեց ծայրն ու դուրս քաշեց նամակը:
Գրողը հայրն էր, որ խնդրում էր վերադառնալ Երևան: Եղբայրը զոհվել էր, երկու օրից հուղակավորությունն էր լինելու Եռաբլուրում:

* * *
Հասցեն լավ էր հիշում` Արամի 5:
Երբ մոտեցավ շենքին, սիրտն արագ բաբախում էր. «Եկել եմ հյուր` հավերժ մնալու համար»:
Առաջին հարկում ակնոցներով մի կին հետաքրքրվեց, թե ո՞ւմ մոտ է գնում, ո՞ր հարկ:
- Հարկը չգիտեմ, Անդրանիկի մոտ:
- Ի՞նչ Անդրանիկ, աղջի´կ ջան: Ճի՞շտ հասցեով ես եկել:
- Քոչարյան Անդրանիկի: Իհարկե ճիշտ է:
- Դեպուտատի տղայի՞:
- Չգիտեմ, ի՞նչ դեպուտատ: Այսպես` թիկնեղ, կապույտ աչքերով…
- Արդեն երեք օր է, ինչ մեկնել են հարսանեկան ճամփորդության: Եթե գործ ունես, արի 10-15 օր հետո:

* * *
Մի անգամ հպարտությունս բացակայեց մի քանի րոպեով, ու ես կարողացա զանգել քեզ:
Խոսեցինք երկար, գրեթե ամեն ինչի մասին, բացի գլխավորից:
Գլխավորը մնաց լեզվիս տակ, ուռեցրեց լեզուս, ու չկարողացա ոչ մի խոսք ասել այդ պահին:
Դու ցանկացար ինձ առողջություն, անսահման երջանկություն ու …
… Իսկ ես այդքան հեռավորությունից սկսեցի քեզ ատել, ատել ու խելակորույս սիրել` ինչքան որ կարողանում էի:
Հազիվ կարողացա ասել . «Շնորհակալությո´ւն, զանգի´ր, երբ ժամանակ կգտնես: Ուրախ կլինեմ»: Ու դրեցի լսափողը:
Սիրտս, սիրտս բաժանվեց հազարավոր կտորների, ու ամեն մեկն սկսեց իր ձևով ցավել, ցավեցնել, բայց չկարողացավ մոռանալ քո շուրթերը, քո նուրբ ձեռքերը, քո խոսքերը` անսահման սիրո մասին:
Նորից եմ ուզում վերադառնալ Քաշաթաղ, զգալ քո շունչը ծոծրակիս:
Քայլել քեզ հետ ամայի բնակավայրերով (և ոչ ոք չիմանա, թե որտեղ ենք), զգալ քո ձեռքերի զգույշ հպումը շուրթերիս…
… Նորից զգում եմ քեզ, զգում կողքիս:
Մենք թաքնվեցինք այն բանից, որ առաջին անգամ կյանքում փորձեցինք:
… Մեր միջև ձգված տարածությունը չի թողնում վերադարձնել այն ամենը, ինչից երջանիկ էինք…
… Ե´վ իմ, և´ քո հպարտություններն անքուն հսկում են մեզ…
… Հետագա կյանքն էլ գնաց իր հունով` երկրագնդի պտույտներին համընթաց…
Բայց մի՞թե այս բոլորը կարող են թեթևացնել այն ցավը, որ ծնվել է սիրուց:
Իդեալական ցավ, որ բուժում չունի…

* * *
- Երկրագունդը պտտվում է: 
Քոչարյան Մոնի´կա, ազատի´ր ականջներդ այդ ականջակալներից: Դասն սկսվել է:
- Ինչպե՞ս, տիկի´ն Սանթրոսյան, չէ՞ որ սա Բոբ Մառլին է: Ինչպե՞ս կարելի է:
- Դա ո՞վ է, ի՞նչ կապ ունի աշխարհագրության հետ:
- Այն կապը, որ ամբողջ աշխարն է լսում նրան: Համ էլ` Ձեր ասած երկրագունդը բոլորի համար չէ, որ պտտվում է:
- Ինչպե՞ս: Ինչե՞ր ես խոսում, չեմ հասկանում:
- Հայրիկս ասում է, որ երկրագունդը պտտվում է միայն այն մարդկանց համար, ովքեր կարողանում են`«make money» անել: Իսկ հայրիկս ամեն բան գիտի: Նա դեպուտատ է, նա չի սխալվի: Նա պատերազմում էլ է եղել:
- Քո հայրիկը չի սխալվի, բայց դու ես սխալ հասկացել նրան, Մոնիկա՛:
- Միգուցե մայրի՞կս էլ է սխալվում:
- Ի՞նչ է, նույն բա՞նն է ասում մայրիկդ:
- Ո´չ: Ասում է, եթե երկրագունդը պտտվեր նաև տիկին Սանթրոսյանի համար, ապա նա գոնե շաբաթը մեկ շրջազգեստը կփոխեր:

* * *
Երկրագունդը պտտվում է:
Պտտվեց գլուխը, չհասկացավ` ինչ պատահեց: Սիրտը բռնած` ընկավ աթոռին:
Ոչ ոք չվազեց` օգնություն կանչելու:
Գիտակցությունը տեղն էր, բայց ասես հեռվից էր լսում աշակերտների խոսակցությունները:
- Դնում եմ 50 դոլար, որ կես ժամից ամեն ինչ վերջացած կլինի: Ո՞վ է համաձայն make money անել,- Մոնիկայի ձայնը ամենածակողն էր:
- Քսանհինգ հազար դրամ,- Արտաքին գործերի նախարարության աշխատակցի դստեր` Էլենի ձայնն էր:
- Երեսուն հազար դրամ, - լսեց Հրաչիկի՝ Թռչնաբուծական ֆերմայի տիրոջ տղայի ձայնը:
- Ո՞վ է ավել տալիս: Հաշվում եմ: Երեսուն հազար` մեկ, երեսուն հազար` երկուս…

* * *
Առաջին հարկում ակնոցներով մի կին հետաքրքրվեց, թե ո՞ւմ մոտ է գնում, ո՞ր հարկ:
Տիկին Շուշանիկն ուշադիր նայեց կնոջը.
- Հարկը չգիտեմ, դեպուտատ Քոչարյան Անդրանիկի մոտ եմ գնում:
- Սպասեք զանգեմ, եթե կընդունի՞…
- Բայց չէ՞ որ սա բնակարան է: Սա հո ընդունարա՞ն չէ:
Ընդունեց:
Ներս չհրավիրեց: Աստիճանավանդակում հարցրեց, թե ումից է ծրարը` վստահեցնելով, որ պատրաստ է օգնելու ամեն ինչով:
Իմացավ, որ ուսուցչուհի Կարինե Սանթրոսյանից է:
Խնդրել էր, որ եթե իրեն որևէ բան պատահի, այդ ծրարը հասցնեն հասցեատիրոջը:
Զարմացավ:
Երկար նայեց հաստ ծրարին:
Կարծես տարիների` չուղարկված նամակներ լինեին:
Հենց տեղում բացեց ու ծրարի միջից հանեց թերթերի` խնամքով կտրած հատվածներ` իր մասին տեղեկություններով, որոնցում արտացոլված էր գրեթե իր ամբողջ կարիերան:
«Հավաքել է 11 տարի»,- մտածեց ու շրջեց ծրարը: Ասես պակաս թերթի կտոր էր փնտրում:
Ծրարից` սալիկապատ աստիճանավանդակին թափվեցին չորացած անմոռուկների թերթիկները ….


Ս.Ումառ

суббота, 22 ноября 2014 г.

Այս խելակորո՜ւյս, խելակորո՜ւյս սև ռոմանտիկան…



Գյուղացի Մարգոյի տունը կռիվ էր ընկել…
Չէ՜, ասենք Մարգոն արդեն գյուղացի չէր, ինչը վկայում էր ամեն երեք օրը մեկ փոխվող մանiկյուրի գույների հետ համապատասխան և կոշիկների գույնը և պայուսակի գույնը, գումարած ոտքերին քաշած մարմնագույն զուգագուլպաները:
Մարգոն ուզում էր իր քսանութամյա մարմինը ամբողջ էլեմենտներով, իր սարերում ու անտառներում վաղուց ծնունդ առած մտքերն ու երազանքները տարալուծել մայրաքաղաքի մեջ, բայց Տյոմը՝ Մարգոյի ամուսինը, որին բոլորը ասում էին Բազար Արտեմ՝ մի համեստ աշխատավոր տղա, որը Մաշտոցի շուկայի տարածքում սայլակ քշելով, մի կերպ էր ծայրը ծայրին հասցնում ընտանեկան կենսական պահանջները - չէր համաձայնվում…

Մի խաղաղ առավոտ էր, մի տխուր առավոտ երբ սենյակով մեկ լսվեց Մարգոյի ճիչը:
- Տյո՜մ…
Մի ժամանակ մանուշակի գույն ունեցող, մինչև ծնկները հասնող փոխանը հագին Տյոմը վազելով  մտավ սենյակ:
- Ի՞նչ է եղել, ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել, տրտինգ տվող ձիու նման մի պատուհանից մյուսը վազում:
- Տրտինգ չի, ստրինգ է, դու չես հասկանում:
Տյոմը աչքը չէր կարողանում հեռացնել Մարգոյի կիսաբաց հետույքից:
- Բա դու խիղճ ունե՞ս, բա դու տղամա՞րդ ես, բա ես սրա՞ մասին եմ երազել մեր գյուղի հանդերը ու սարերը չափելով, բա քո նմաննե՞ր են ինձ նման գեղատեսիլին…
- Այ ախչի, ի՞նչ է եղել, բան ասա, բան հասկանամ:
- Պատուհանից նայի՛ր, կհասկանա՜ս:
Տյոմը մոտեցավ բաց պատուհանին:
Բակում դեռ ոչ ոք չկար, բակը դեռ քնած էր, միայն եզդի հավաքարար Բլուշն էր, որ արմունկով հենված պատին ծխում էր՝ աչքը շենքին:
- Հա, ի՞նչ:
- Չես տեսնո՞ւմ:
- Չէ, քամի՞ն է լվացքդ տարել:
- Վայ քո քաղաքացի ինչն եմ ասել, բա լվացքատներն ի՞նչի համար են, ես ե՞րբ եմ լվացք անում, մի լավ նայիր, չե՞ս տեսնում կանաչ «Օպելը»:
- Ե՞վ…
- Բա մե՞նք, մենք չենք ունենալո՞ւ, ուրեմն 6-րդ հարկի Հովսեփը ավտո ունենա, մենք չունենա՞նք, բա նրա կինը՝ այդ գեղացի Ազգանուշը ինձ վերևից նայի՞, բա դու խի՞ղճ ունես:
- Հովսեփենց մեքենա՞ն է, չէ, ես չեմ կարող գնել, այդքան փող…երեկ էլ ամբողջ փողս տվեցի քեզ: Լսի՛ր, Մարգուշ ջան, հագնվի՛ր, սոված եմ մի բան սարքիր:
- Ուշքն ու միտքդ ուտելն է, տանը ոչինչ չկա, նոր տարվանից մնացած չոր բաստուրմա կա, կե՛ր:
- Ո՞նց թե, բա երեկ եմ տվել:
- Դա ի՞նչ փող է որ, լսի՛ր, ո՛չ ինձ ես սիրում, ո՛չ փող ունես, ո՛չ խիղճ ունես, ո՛չ ռոմանտիկա, ո՛չ էլ ասենք ֆանտազիա ունես, դու ի՞նչպես ես ապրում, գլխումս չի տեղավորվում:
- Ի՞նչ ռոմանտիկա, ի՞նչ ֆանտազիա, սովա՜ծ եմ:
- Համբերի՛ր, պատկերացրու, որ ես Մոխրոտն եմ:
- Դա ո՞վ է, առաջին հարկի Լենայի չամուսնացած քո՞ւյրը, էն որ Շամշադինում…
- Ի՞նչ Լենա, դա հեքիաթից է, հերոսուհի, հասկացա՞ր:
- Հետո՞:
- Դու էլ քո այդ նախնադարյան փոխանով արքայազն ես, պատկերացրեցի՞ր:
Բազար Արտեմը նայեց իր հոգնած փոխանին, հետո հայացքը սահեցրեց Մարգուշի ստրինգին, հետո գլուխն օրորեց ու հաստատակամ, տղամարդուն վայել ասաց.
- Ո՛չ:
- Խնդր՜ում եմ Տյոմ ջան մի քանի րոպեով:
- Լավ, հետո, ի՞նչ:
- Դու պետք է գտնես մի կոշիկ, որը իմ ոտքին լինի, երբ որ համապատասխանեց ուրեմն սիրում ես, հասկացա՞ր:

Ընդհանրապես սոված տղամարդիկ ուշ են հասկանում, բայց անհասկանալի պատճառով Տյոմն իսկույն հասկացավ ու վազեց դեպի պահարանը:
Մարգոն ընկավ բազկաթոռի մեջ ու աջ ոտքը տնկեց վերև:
Պահարանից դուրս եկավ մի ստվարաթղթե արկղիկ:
Բազար Արտեմը անհամբերությամբ բացեց արկղն ու տեսավ մի զույգ նոր դեղին բարձրակրունկ կոշիկներ:
Մի քիչ մտածեց, հասկացավ, որ սրա շարունակությունը պետք է որ միջանցքում լինի:
Կոշիկի մի հատը ձեռքում վազեց ու միջանցքում տեսավ նոր դեղին գույնի պայուսակ:
Քաշեց, պոկեց կախիչի վրայից ու արագ վազելով մտավ սենյակ ու…
շպրտեց պատուհանից դուրս:
Միաժամանակ, ասես խոսքները մեկ արած լսվեցին Մարգոյի լացի ու բակում կանգնած կանաչ «Օպելի» ազդանշանային համակարգի սրտառուչ ձայները:

Սենյակում, մի ժամանակ մանուշակի գույն ունեցող փոխանով Տյոմն էր ձեռքերը ծնկներին դրած մտածում, բազկաթոռի մեջ սև ստրինգով Մարգոն էր հեծկլտում, իսկ բակից անիծում էր Հովսեփի կին Ազգանուշը.
- Բա սա անելու բա՞ն է, հա՛մ մեքենան քերծեցիք, հա՛մ էլ ակկումուլյատորը կնստի, թաղեմ քո նախանձ գլուխը, գեղացի Մարգո, չունենամ քո նման հարևան…

- Տյո՜մ…
- Հը՜…
- Ինձ ՛՛Ռեալ ԱյՓի՛՛ (Real IP)  կառնե՞ս,
- Դա ի՞նչ է:
- Չգիտե՜մ, երեկ ութերորդ հարկի Հասմիկն ասաց, որ իրենք արդեն երկու օր է Ռեալ ԱյՓի ունեն…Ես էլ եմ ուզում:

Գյուղացի Մարգոյի տունը կռիվ էր…

Ս.Ումառ









вторник, 11 ноября 2014 г.

Սարդոստայնե վզնոցը (հեքիաթ)

Սարդոստայնե վզնոցը
(հեքիաթ)


Հեքիաթները չար չեն լինում, բարի են, բայց բարին շատ հարաբերական է քանի որ միշտ սկսվում է «Լինո՜ւմ է չի՛ լինում…»
Իսկ որտեղ որ կասկած կա այնտեղ ոչ բարի կարող է լինել և ոչ էլ չար:
Այնտեղ իրականությունն է, ուղղակի հեքիաթային բառերով…

Եվ քանի որ հեքիաթ է այն պետք է սկսվի հետևյալ տողերով՝
Յոթ փողոց այն կողմ, յոթ թփից այն կողմ, յոթերորդ շենքի նկուղի մի պատուհանից ներս…
Լինո՜ւմ է չի՛ լինում…
Մի սենյակ:
Սենյակում մի համակարգիչ,
համակարգչում մի արխիվ,
արխիվում մի թղթապանակ,
թղթապանակում մի ֆայլ,
ֆայլում մի ասեղ, որից էլ ժամանակին մահացել էր հեքիաթների անմահ մի ինչ որ ծերուկ…
Ո՜չ, սխալ հասկացաք, դա ներակիչի ասեղ չէր, ծերուկն էլ թմրամոլ չէր այլ սովորական մի ասեղ էր:
Չար լեզուներն ասում են որ դա համակարգչի տիրոջ լեզուն է, բայց դա կարևոր չէ:
Ուրեմն այսպես – սենյակ:
Սենյակում այդ ապրում էր մի սարդ:
Չար լեզուներն ասում են որ այդ սարդի անունը Անահիտ էր կամ Գեղամ, բայց դա էլ նշանակություն չունի, քանի որ եթե սարդ է, ուրեմն գործում էր իր սարդոստայնը ու սենյակ մտնող մոլոր միջատներին գցում իր թակարդն ու ոչնչացնում:
Սարդոստայնը շատ գեղեցիկ էր, համաչափ ինչպես տանտիրուհուն վայել կոնքերը, կոկիկ ինչպես արքայադստեր կուրծքը  ու թափանցիկ ինչպես արև չտեսնող բարի ծերուկի աչքից կաթող արցունքի կաթիլը…
Ի տարբերություն սարդոստայնի, սարդը տգեղ էր ինչպես հեքիաթի կախարդի մերկացած մարմինը ու չար ինչպես բոլոր հեքիաթներում ապրող խորթ մայրերը, ագահ  ինչպես յոթգլխանի դևը, անխիղճ ինչպես սենյակում գտնվող համակարգչի տիրոջ աջ ձեռքը՝ մի խոսքով սարդ էր…
…Մի գեղեցիկ հեքիաթային աշնան առավոտ էր, երբ բարի քամին տեսնելով մի սոված ճնճղուկի, իր քամոտ ձեռքերով բացեց այդ սենյակի պատուհանի փեղկն ու ներս հրավիրեց ճնճղուկին:
Սենյակում իրենց գոյությունը պահպանող բոլոր միջատները վախից թաքնվեցին մի ֆայլում, որը գտնվում էր թղթապանակի մեջ,թղթապանակն էլ արխիվում, արխիվն էլ համակարգչում:
Համակարգչի մկնիկը, որը մի բարի ծերուկ էր, անմիջապես փակեց համակարգչի էկրանն ու այնտեղ շտապող սարդը մնաց ճանապարհին:
Դա չվրիպեց ճնճղուկի աչքից, ճնճղուկը կտուցով հարվածեց ու կերավ սարդին…
Քանի որ սենյակում էլ ոչինչ չկար, ճնճղուկը թռավ ու գնաց…
Որոշ ժամանակա անց սարդոստայնը իր երգեցիկ ձայնով բղավեց.
- Դուրս եկեք, կխեղվեք, ճնճղուկն էլ չկա, սարդը չկա, ձեզ ոչինչ չի սպառնում, հավատացեք ինձ, խնդրում եմ, ես մենակ եմ մնացել, այսպես տխուր է ապրելը…
Հերթով սկսեցին դուրս գալ բոլոր թաքնված միջատները:
- Մի սրան նայիր, - ասաց մի կիսածեր մոծակ, որի ազգանունը դժվար արտասանելի էր:
- Ուզում է մեզ իր թակարդը գցել, մեզ հիմարի տեղ է դրել:
- Ամեն տեղ սրա նմաններն են հրամայում, - ասաց բանաստեղծական հակումներ ունեցող մի փայտոջիլ:
- Այնպես էլ թաքնվել է պատուհանի անկյունում, որ ոչ ոք չտեսնի,- ասաց ցեցը, միաժամանակ վրան ուղղելով շրջազգեստը:
- Միամիտ ու հիմար, - ասաց մի լրագրող կիսամերկ մլակ:

Սարդոստայնը միտք էլ չուներ ինչ որ մեկին իր թակարդը գցելու, բայց միթե կարող էր բացատրել, հատկապես երբ ոչ մեկը չէր ցանկանում լսել:
Ու նեղվելով ավելի քաշվեց պատուհանի անկյունն ու փորձ արեց արտասվելու:
Բայց քանի որ սարդոստայնները արտասվել չգիտեն, տխրեց ու ավելի սեղմվեց:  
- Մի սրան նայեք ինչպես է թաքնվում:
- Հիմարներ չկան, քեզ ոչ մեկս չի մոտենա:
Համակարգչի մկնիկը որը մինչ այդ լուռ էր ասաց.
- Բայց սարդը չկա, ինչու եք վախենում նրանից, նա շատ գեղեցիկ է, գեղեցիկները երկար չեն ապրում, նա ուզում է ուղղակի շփվել:
- Իսկ դու սուս, նրա փաստաբանը չես,- ասաց փաստաբանական կրթություն ստացած մի խավարասեր:

Քանի որ լաց լինել չէր ստացվում սարդոստայնը սկսեց իր վրա հավաքել ցողի կաթիլներին ու մեկիկ մեկիկ կախել իր բարակ ու նուրբ թելերից:
Նա էլ այդպես էր մխիթարվում քանի որ գեղեցիկները մենակ մնալ չեն կարող ու շատ են տխրում երբ իրենց բանի տեղ չեն դնում:
Իսկ երեկոյան…
Մայրամուտի թեք շողերը ընկան սարդոստայնի վրա, արտացոլվեցին ցողի կաթիլներից, անդրադարձան մի կաթիլից մյուսը ու մի այնպիսի գույնզգուն գեղեցիկ պատկեր ստացվեց, որ բոլորը անխոս սկսեցին հիանալ պատուհանի անկյունում ստեղծված այդ պատկերով:
Սարդոստայնը երջանիկ էր, նա ր լացը, արցունքները ի ցույց դրեց ու գոհ էր, որ արհամարված չէր իր գեղեցկությունը:
Բոլորը հասկացան« որ նա չի թաքնվում, նա իրեն ի ցույց է դրել, նա ուղղակի մենակ էր ու շատ, շատ գեղեցիկ…

… Գիշերը, երբ բոլորը քնած էին,  մի ծղրիդ թռավ պատուհանի գոգին, հիացավ սարդոստայնով:
Երկար ժամանակ նայեց ու հանկարծ բղավեց պատուհանից դուրս գտնվող մի ուրիշ ծղրիդի:
- Սիրելիս, ես մեր ամուսնության առիթով քեզ կնվիրեմ այս տանը գտնվող ամենագեղեցիկ բանը, որ երբևիցե տեսել եմ կյանքում՝ Սարդոստայնե գեղեցիկ վզնոց…
Պոկեց պատի անկյունում վախից ծվարած սարդոստայնին ու թռավ պատուհանից դուրս…

Վերջաբան

Այս անգամ էլ չստացվեց բարի հեքիաթ, բայց միգուցե բարին դա էր կամ ճիշտ էր համակարգչի ծեր մկնիկը՝ գեղեցիկները երկար չեն ապրում…
Ո՞վ գիտե…

Ս.Ումառ



воскресенье, 9 ноября 2014 г.

Զանգ…





- Այդ ո՞ւր, այսօր շաբաթ է:
- Ո՛չ մի տեղ, մա՛մ ջան, ուղղակի:
- Հայելին մաշվեց քո հայացքից, եթե տեղ չես գնում ի՞նչու ես շրթունքներդ ներկում և վերջապես հագնվիր, ի՞նչ վիճակ է:
- Մամ լա՜վ էլի, զգեստ եմ ընտրում, չեմ կարողանում որոշել:
- Երեսուն տարեկան ես, բայց դեռ քամիներ են գլխումդ, սպիտակը հագի՛ր, ի՞նչ կա մտածելու:
Լուռ նայեց մոր աչքերին, ժպտաց, ձեռքը բարի կախարդի նման սահեցրեց ուսերին իջնող մազերի վրայով, հետո շոյեց իրանը, ազդրերը, մեկ քայլ ետ գնաց, հայելու առաջ կոտրատվեց:
- Դեռ մի բան արժե՞մ, մամ ջան:
- Գեղեցիկ ես, բայց  ինչպես միշտ՝ գլուխդ դատարկ:
Ծիծաղեց:

«Մնաց տասնութ րոպե, կզանգի նոր մամային կասեմ, որ հրավիրված եմ, թող ժամանակից շուտ չիմանա, ճիշտ է պայմանավորվելու ենք երեկոյան հանդիպման համար, բայց ես լավ գիտեմ տղամարդկանց, նույնիսկ հեռախոսով խոսելիս պետք է լինես կոկիկ ու հարդարված…»

- Մամ գիտե՞ս ինչն եմ ափսոսում, գժվելու աստիճան:
Մայրը հարցական նայեց աղջկան, նայե՞ց, ո՜չ, տեսավ իրեն երիտասարդ ժամանակ,  թռի վռի մի աղջնակի տեսքով, անհո՜գ, սիրահարվա՜ծ, ամեն ինչ մոռացած հանուն…
- Ի՞նչ, մի խելոք բան ասա:
- Որ դու մազերը ֆեն անել այդպես էլ չսովորեցիր, հիմա ի՞նչ, առավոտ շուտ հարևան Լիլոյին կանչեմ, մի քիչ շո՞ւտ չի:
Նայեց ժամացույցին:
« Մնաց տասնչորս րոպե, չեմ հասցնի…»
- Զուգագուլպա մի՛ հագիր, ինչո՞ւ ես ձգում մարմինդ:
- Մա՞մ, ի՞նչ ես ասում:
- Առաջին հանդիպման ժամանակ ճիշտ չէ, նա քո երեսին է նայելու անընդհատ, քեզ է լսելու, երբեք թույլ չտաս նրանից առաջ ընկնել, որ ետևիցդ չնայի, հասկանո՞ւմ ես:
Իսկ այ, երկրորդ անգամ անպայման մարմինդ ձգած կգնաս, չնայած լավ մարմին ունես:
- Մա՞մ,  այդ դո՞ւ ես ասում, դո՞ւ, որ ամբողջ կյանքումդ ուսանողներին Չերնիշևսկի ես բացատրել, հիմա տղամարդկանցից ես խոսում, որտեղի՞ց այդքան գործնական խորհուրդներ: Մենք երեկոյան ենք հանդիպելու:
- Գիտե՜մ, մոտավորապես կռահեցի, հիմա սպասում ես նրա զանգին, անհանգստանում, գեղեցկանում, այդպես ենք մենք՝կանայք: Ե՞րբ է խոսք տվել զանգելու:
- Տասին, նա պարտաճանաչ է, գիտեմ, մնաց իննը րոպե, մա՛մ:
- Կզանգի՜, մի անհանգստացիր, տղամարդիկ արդեն երկու հազար տարի է չեն փոխվում, այդպիսին են նրանք, լավ, ես սուրճ պատրաստեմ, խմենք:
- Մա՞մ, չես հասկանո՞ւմ, մնացել է ութ րոպե ի՞սկ դու, սուրճ, ա՜յ քեզ բան:

Մայրը խոհանոցում էր, երբ լսեց կորցրած ձագին գրկին սեղմելու մի վայրի բղավոց:
- Մա՜մ…
Ձեռքի սրճեփը ընկավ սալահատակին:
Վազելով մտավ սենյակ ու վախեցած նայեց աղջկան:
- Մա՜մ, հեռախոսս չեմ գտնում, մնաց երեք րոպե:
- Դու իրո՞ք գժվել ես, հեռախոսդ պատշգամբում է, ես եմ դրել լիցքավորման, իսկ քո այդ Նա-ն անուն ունի՞ գոնե:
- Ունի՜, ունի, Արսե՛ն է անունը:
Բջջային հեռախոսը սեղմած կրծքին փլվեց բազկաթոռին:
Երկու զույգ կանացի հետաքրքրասեր ու անհամբեր աչքեր հետևում էին պատի ժամացույցի վայրկյանաչափին, որն անասելի դանդաղկոտությամբ մոտենում էր ցանկալի ժամանակին:
« Մնաց երկու րոպե…»
« Մնաց մեկ րոպե…»

Զա~նգ…
Երկու հայացք միանգամից ուղղվեցին այս դարի հրաշք ստեղծագործությանը՝ բջջային հեռախոսին:
- Հանգի’ստ, սպասի’ր, միանգամից չվերցնես, երրորդ զանգից հետո խոր շունչ քաշիր, կիսաքնատ ձայնով ցածր կասես ալլո~, թող չիմանա որ սպասում էիր, հասկացա՞ր, այ հիմա վերցրու:
Երախտագետ հայացքը մորից տեղափոխվեց հեռախոսին ու խորը շունչ քաշելով միացրեց կոճակը:
- Ալլո՜…
- Բարև Ձեզ, Մալաթիա-Սեբաստիա…փոքրիկը տառապում է լեյկոզով…Ձեր օգնությունը…ամսագիր ընդամենը 600 դրամով, կարող ենք հասցեն ասել..,

Հատակին ընկած ու կոտրված հեռախոսի միջից դուրս ընկավ Բի Լայնի սպիտակ հեռախոսաքարտը…

Ս.Ումառ

воскресенье, 2 ноября 2014 г.

Բարդին ու տղան (բանաստեղծություն)


 Աշո՜ւն էր…
աշնան օր՝ տգե՞ղ, թե՞ գեղեցիկ,
փողոցում մի բարդի էր մերկացած՝
կարծես անպարկեշտ ու լկտի…

Գեղեցիկ էր բարդին իր
երկար ստվերով,
խրո՛խտ էր, հպա՛րտ, սլացի՛կ,
ո՞ւմ էր փորձ անում գրավել իր տեսքով,
կամ էլ ստվերով պոետիկ…

… Մի տղա մոտեցավ,
հանեց վերարկուն,
խնամքով ծածկեց բունը մերկացած,
ձեռքերով գրկեց միայնակ բարդուն՝
կարծես ամեն ինչ մոռացած:

Ո՞ւմ էր հիշեցնում ծերացած բարդին,
դեպի ամպերը ճյուղերը մեկնած,
եվ ինչե՞ր անցան մտքով տղայի…
… Բարդին հաճույքից դողդողաց:

- Նա ծեր է արդեն, ապրել է իրենը,-
Աշունն էր վայրի բղավում,
- Ո՞ւմ է հարկավոր նրա մերկ մարմինը…
թերևս միայն աշնան խենթ քամուն: 

Գնա քո ճամփով, տղա՛,
հեռացի՛ր, ,
մեռնելը հեշտ է աշխարհում, 
սիրելն անկասկած դժվար,
…Աստվա՜ծ իմ, ի՞նչ ծանր հնչեցին,
բառերն ու մտքերը աշնան:

Իսկ տղան երևի խուլ էր ու համր,
կամ գուցե չուներ խոսքեր ասելու,
ավելի ամուր գրկեց դողահար
գեղեցիկ իրանը բարդու:

…Կյանքի ու մահվան սահմանագծին,
որպես իդեալի սիրո գերեզման,
այդպես էլ իրար գրկած մնացին
մերկացած բարդին ու տղան…

Ս.Ումառ