среда, 23 апреля 2014 г.

Սիրո դառը բաժակը




Բակը դատա՞րկ է:
Ոչ, դատարկ չէ, լուսաբացի հետ է:
Ոչ, դատարկ չէ, կիսաթաց նստարանի վրա մի կին է՝ տնային շորերով:
Բակը կիսամութ է ու ոչ խոստումնալից:
<Աստված իմ մի բան պատահած չլինի… թե ինչո»ւ եմ բակում սպասում ինքս էլ չգիտեմ, հիմար եմ էլի, ինչո՞ւ այդքան կոպիտ վարվեցի, հա՛մ սիրում եմ հա՛մ էլ…>

Լուսացավ:
Շենքի պատուհաններից մեկից լսվում է  դաշնամուրի ձայն, որը լուծվելով օդում կարծես մի մի նոր երանգ է ավելացնում երկնքին, մի նոր մինչ այդ գոյություն չունեցող գույն՝ թախիծի գույն:
Մեկ այլ պատուհանից լսվում է լաց, կոտրվող ամենեղենի ձայն, կանացի լացակումած  բղավոց.
- Նորի՞ց ես եմ մեղավոր, կյանքս կերար հերիք չէ՞:

Երկնքի թախծագույնը ավելի մուգ երանգ ստացավ, կորցրեց իր թախիծ-հմայքը:

Բակը դատա՞րկ է:
Ոչ, դատարկ չէ…
Բակում արդեն հավաքարարն է որը կարծես անտարբեր ամեն ինչի նկատմամբ, ավլում է գետնին թափված տերևները:
<Աստված իմ, մեկն էլ լիներ այսպիսի հեշտությամբ ավլեր իմ ապրած  օրերն ու տաներ մի տեղ տերևների նման վառեր..միայն թե  մի բան պատահած չլինի…, ինչո՞ւ այդքան կոպիտ վարվեցի, հա՛մ սիրում եմ հա՛մ էլ…>

Բակը դատա՞րկ է:
Ոչ, դատարկ չէ…
Սկսեց անձրև մաղել ու ասֆալտը կամաց կամաց վերածվեց բնական մի հայելու:

* * *
Գլուխը բարձացրեց, նայեց թափվող կաթիլներին:
Անկախ իրենից ձեռքը պարզեց ու փորձեց բռան մեջ հավաքել անձրևի կաթիլները, որ հետո վազելով տանի տուն ու երկնքի մի բուռ արցունքները լցնի իր կյանք կոչված  բաժակի մեջ, հետո հայելուն նայելով ու հիշելով իր երիտասարդ օրերը, մի ումպով, մինչև վերջին կաթիլը դատարկի բաժակը՝ իմանալով, որ դա չի կարելի խմել, բայց չէ որ դեռ մանկուց գիտեր, որ կյանքում ամեն բան պետք է փորձել…

Բաժակը դառնում է քո կյանքի անբաժանելի մասնիկն ու անփոխարինելի ընկերը:
Ամեն օր ամեն ժամ վարագույրի ետևում սիրագորով թաքցրած բաժակը լցվում է արցունքներով, դառը բառերով, վիրավորանքներով ու նախատինքով…
Թվում է թե բավական է ձեռքից գցել ու կոտրել բաժակը, վերջ դնել ամեն ինչին, բայց հասկանում ես, որ դա քոնն է, առանց նրա ապրելն իմաստ չունի ու նորից ըմպում ես բաժակի պարունակությունը մինչև վերջին կաթիլը…
Բերանում հայտնված դառնահամն ու հոգում գլուխ բարձրացրած վիրավորանքը բաժակը դարձնում են ժամանակավոր անտանելի ու զզվելի, բայց հասկացնում, որ առանց նրա կյանք չկա, չկա…
<Չկա, չկա… արդեն ժամը ութն է, չէ որ աշխատանքի պետք է գնա, ե՞րբ է սափրվելու, ե՞րբ է մի բան ուտելու, Աստված իմ, ո՞ր մեղքիս համար…>

Բակը դատա՞րկ է:
Ոչ, դատարկ չէ…
Շենքի անկյունից երևաց մի ստվեր ու ասֆալտե հայելու մեջ պարզ երևում է, որ հոգնած քայլերից գլուխը կախ է:
Շենքի պատուհաններից երկուսում դեռ ձայների պայքար էր գնում:
Մի ձայնը դաշնամուրի ձայնն էր, որ փորձում էր գույների մի խելակորույս խառնուրդ ստեղծել երկնքում, մի նոր գույն, մի նոր երանգ, մի նոր տրամադրություն նոր օրվա մի այլ պատկեր հանգիստ ու խաղաղ:
Մյուս ձայնը փորձում էր այդ երևակայական գեղեցիկ պատկերին ավելացնել ավելի ռեալ գույներ, մուգ գույներ, որ հասկանալի լիներ - առանց վստահության ու փոխըմբռնման սերը կյանք չունի:
Ու դրա վառ ապացույցը նորից մի կանացի հուսահատ ձայն էր.
- Սրիկա՛, դու ձեռք ես բարձրացնո՞ւմ…
Լսվեց կոտրվող ապակու ձայն:

* * *
Տղամարդու ստվերը գլուխը բարձացրեց, նայեց վեր դեպի պատուհանը:
Հետո տեսավ նստարանի վրա նստած կնոջը, մոտեցավ:
Անխոս տեղավորվեց նստարանին ու վառեց ծխախոտը:
- Կմրսես, ինչո՞ւ ես բակում:
- Կասես ո՞ւր էիր, չնայած պարզ է, Նառայի մոտ, չէ՞:
- Դա հիմա կարևոր չէ:
- Իսկ ի՞նչն է կարևոր:
- Վերադարձնել ժամանակը, անցյալը, տարիները: Քայլել այս ասֆալտե հայելիով դեպի…
- Ո՞ւր:
- Չգիտեմ, միայն գիտեմ որ դժվար է, հասկացիր ես վերջապես երեխա կունենամ, երկու ամսից:
- Իսկ ե՞ս, ես որ արդեն երեք տարի է խմում եմ Իմ բաժակի դառնահամը, ես որ հոյակապ հոտառու շան նման ամեն առավոտ գտնում եմ չգիտես ինչպես անհասկանալի տեղերում թաքնված քո ՛՛բուրող՛՛գուլպաներն ու մատուցում քեզ առավոտյան նախաճաշի նման: Ես որ…

Մաղող անձրևին ավելացան նաև ամենօրյա արցունքների մի նոր հեղեղ ու կինը ձեռքերով փակեց դեմքը:

Բակը դատա՞րկ է:
Ո՛չ, դատարկ չէ:
Բակը լցված էր, զոհաբերություններով առանց որի դժվար թե դիմանար համատեղ կյանքը:
Բակում նստած էր մեկը, որ կարողացել էր տալ այն ամենը, որ կարող է տալ սիրած էակը, բացի երեխա կոչվող անմեղությունից:

* * *
- Ես հասկանում եմ քեզ, հասկանում…
- Դու ոչինչ էլ չես հասկանում, մի՞թե պետք էր ոչնչացնել սերը այն հասկանալու համար, իսկ ես քո համար…
Շենքի պատուհաններից լսվող դաշնամուրի ձայնը կարծես գտավ ինչ էր փնտրում ու երկնքում երևաց կարմիր մի գունդ, սիրո գույնով լցված ամոթխած արևը:

Բակը դատա՞րկ էր:
Ո՛չ, դատարկ չէր…
Արև էր ու անձրև:

* * *
- Իրերդ հավաքել եմ, արդուկել ու դասավորել: Բարձրանանք տուն, թրջվել ես: Մեջքիդ մասին մոռացե՞լ ես:
- Վախենում եմ, չգիտեմ,  ինձ թվում է գոյություն ունի հավերժ վերադառնալու գաղափարը, ասֆալտն աչքերիս բազմաթիվ հայելիների է վերածվել, որոնցից չեմ կարողանում գտնել իմը:
- Իսկ որևէ հայելու մեջ մենք երկուսո՞վ ենք, թե՞ նրա հետ ես,- ձայնը նորից լացակումած էր:
- Չէ, կարծես մենակ եմ ու դրանից եմ վախենում, ինձ կներես չէ՞: Ես սիրեցի ուրիշ կնոջ, բայց քո հետ այլ էր, ես ոչինչ չեմ հասկանում:
Կինը ցուցամատով խաղում էր աներես մի մազափնջի հետ ու կարծես չէր զգում կողքը նստած տղամարդուն:
Նայում էր կարմիր արևին, դեղին տերևներին, սև ասֆալտին, կանաչ մեքենային մոտեցող այն մոխրագույն շորերով աղջկան, որը ոտքերով անտարբեր ցիրուցան արեց հավաքարարի հավաքած տերևները:
Կինն արդեն վերջնականապես  անտարբեր էր ու չէր հասկանում թե կա՞ արդյոք մի գույն, որով կարելի կլինի նկատել հոգու վիճակը:
Միթե բնությունը չէր նախատեսել այդպիսի մի գույն:

Բակը դատարկ էր…
Պատուհանից դուրս նետված կոտրված բաժակի կտորներից կտրվել էր հավաքարարի մատը, որն ուշադիր նայում էր կաթող արյան կաթիլներին:
<Ամեն ինչ լավ է, նորից կբարձրանամ տուն, նորից կխմեմ Իմ բաժակի դառնահամն ու այլևս ծանր չի լինի, ուղղակի պետք է ավելացնել բաժակը նոր կաթիլներով, այն չպետք է թողնել դատարկ, ես էլ կապրեմ այն հույսով որ Նա երեխա կունենա վերջապես ու երջանիկ կլինի, երևի…>
Ձեռքը երկարեց դեպի դատարկություն…
Ափը մնաց չոր:
Անձրևը դադարել էր ու բակը դատարկ էր:

* * *
- Չե՞ս լսում, որ հեռախոսդ է, վերցրու, երևի արդեն կարոտել է, քեզ է ուզում:
- Դու այդքան չար չես եղել, քեզ ի՞նչ է եղել, ինչո՞ւ չես ուզում հասկանալ ինձ:
Կինը ձայն չհանեց:
Գրպանից հանեց հեռախոսը, որը չէր դադարում զանգերից:
Կինը վեր կացավ ու անխոս ուղղվեց դեպի շքամուտքը:
Հեռախոսի վրա լուսավորված էր Նառայի մոր հեռախոսահամարը:
Վերցնե՞լ թե ոչ: Ինչ էլ ժամանակ գտավ զանգելու:
- Ի՞նչ է պատահել, ես աշխատանքի եմ գնում, ճանապարհին եմ…Ի՞նչ, Նառան ի՞նչը կորցրեց,  չեմ հասկանում…պարզ ասա, ի՞նչ է եղել…բայց դեռ երկու ամիս կար, ոնց թե էլ երեխա չկա, խոսքներդ մե՞կ եք արել…

Բակը դատարկ էր…ու դատարկության մեջ հնարավոր էր սերը բաժանաել փոքրիկ մասնիկների:
Հնարավոր էր սերը կոտրել ու ավիրել, ապագայում վերականգնելու նպատակով…
Հասկանալ դատարկությունը ու թաքնվել մեղավոր անմեղավորությունով…

* * *
Բակը դատարկ էր…
Տղամարդը փորձեց քայլել բայց ինչ ուղղությամ, չգիտեր…
Գիտեր, որ հարկավոր է գնալ, գնալ, բայց անձրևը ճանապարհը վեր էր ածել հայելիների ու չէր երևում թե ուր գնալ….

* * *
Բնակարանը կարծես սառցե պատերից էր:
Կնոջ դողացող ձեռքը ետ տարավ ծանր վարագույրն ու պատուհանագոգին դրած բաժակը վերցրեց, մոտեցրեց շուրթերին:
Բերանում հայտնված դառնահամն ու հոգում գլուխ բարձրացրած վիրավորանքը բաժակը դարձնում են ժամանակավոր անտանելի ու զզվելի, բայց հասկացնում, որ առանց նրա կյանք չկա, չկա…

Թվում է թե բավական է ձեռքից գցել ու կոտրել բաժակը, վերջ դնել ամեն ինչին, բայց հասկանում ես, որ դա քոնն է, առանց նրա ապրելն իմաստ չունի ու նորից ըմպում ես բաժակի պարունակությունը մինչև վերջին կաթիլը…

Նամակ Ընթերցողիս




Հեղինակային իմ իրավունքով
Թույլատրում եմ,
անկախ տարիքից,
անկախ սեռից,
անկախ սոցիալական դրությունից,
անկախ խնամի - բարեկամական կապերից…
ցանկացած կարդացողի այս տողերը վերագրել, որպես նամակ ուղղված իրեն…

Ս.Ումառ


Ունես ընտրելու իրավունք ապրել սիրելով թե առանց սիրո…
Առանց սիրո իհարկե չես մահանա, կարող ես նորմալ սնվել, քնել, բայց այս դեպքում քո կյանքը երբեք չի լինի պայծառ ու լիարժեք, որովհետև անընդհատ զգալու ես տագնապ, պարուրված ես լինելու թախիծով, անտեղի բարկանալու ես հենց ինքդ քեզ վրա…
Անընդհատ քեզ տանջելու է ներքին մի դատարկություն ու պատրաստ կլինես այդ դատարկությունը լցնել ինչով որ պատահի, միայն թե չզգաս դատարկության զգացումը, բայց երբեք երջանիկ չես կարող լինել, եթե Սեր չլինի…

Երբ սպասում ես ինչ որ մեկին, մի տեղդ անպայաման ցավում է…
Այդպես է, կարծես մեջդ սկսվում է մի բորբոքային պրոցես ու տանջում մի անտանելի կերպ:
Այդպիսի պրոցեսների ժամանակ խորհուրդ է տրվում ցավող տեղն անպայման  ողողել աղաջրով…
Աղը կյանք է, աղաջուրն էլ մեղմացնող մի լուծույթ, բայց այդ բոլորն իմանալով մեկը մեկի ետևից դատարկում եմ սուրճի բաժակներն ու սպասում, սպասում…
Մատուցողուհին իմ այժմյա կյանքն է, արդեն վաղուց անտարբեր է ինձ, մոտենում է, նոր գավաթը դնում, հինը վերցնում ու շորորալով հեռանում, վստահ, որ անպայման նայելու եմ իր ետևից:
Մատուցողուհին անտարբեր…
Աշխարհն անտարբեր…
Դու անտարբեր…
Իրոք աղաջրի ժամանակ է:
Ինչ որ տեղ, ինչ որ համաստեղությունից լսվում է մի հիասքանչ երաժշտություն, միգուցե միայն ես եմ լսում, ես՝ Երկրի մարդս, որն արդեն կարծես մահանում է սպասելով, բայց ամեն անգամ ոտքը կախ է գցում, չի շտապում, ցանկանում է անպայման լսել այդ հիասքանչ երաժշտության վերջին ակորդները ու նորից….սպասում:

Ես գիտեմ, որ հյուր եմ այս աշխարհում, գիտեմ նաև որ կգա ժամանակը ու ես կհեռանամ դեպի հավերժություն, բայց չգիտեմ ինչ եմ վերցնելու ինձ հետ:
Երկար մտորումներից հետո որոշել եմ ինձ հետ տանել ինձ համար ամենաթանկ բանն աշխարհում՝ իմ Սերը…
Բայց ես այն նվիրել եմ Քեզ, իսկ նվերը հետ չեն վերցնում, ի՞նչ  անեմ:
Իմ սիրտն այն եզակի նվերներից է, որ կարող եմ նվիրել ցանկացած ժամանակ՝ ձմռանը, աշնանը, ամռանը, գարնանը, ցանկացած տոնի առթիվ…բայց ԱՌԱՅԺՄ ես երկրային եմ, իսկ
Երկրի վրա միշտ այսպես է՝ ցանկանում ես Սերը ոչ թե նվիրել այլ միայն ՍՏԱՆԱԼ, ՍՏԱՆԱԼ…
Մատուցողուհին անտարբեր…
Աշխարհն անտարբեր…
Դու անտարբեր…
Ես շատ եմ լացեցրել քեզ իմ Սեր, շատ եմ նաև ուրախացրել, դա իմ միակ նվերն է Քեզ, իսկ դու գիտե՞ս ինչ է նշանակում նվիրել ՍԵՐ, եթե գիտես ու նորից ստիպում ես ինձ սպասել, ուրեմն…

Զարկերակս կրկնակի է զարկում, հուշելով, որ զարկում է երկու հոգու համար, ափերիս մեջ զգում եմ սրտիս անհանգիստ թփրտոցն ու զգում, որ դա կարող է լինել միայն նրանից,  որ երկար,շատ երկար պահել եմ քո ափն իմ ափի մեջ…

Հիմա ես լսում եմ մի այլ՝ ոչ երկրային երաժշտություն՝ դա քո քայլերի ձայնն է, որոնք ճիշտ է դանդաղ, բայց մոտենում են ինձ…
…դա այն փոքրիկ ու գեղեցիկ ծաղիկներն են, որոնց գեղեցկությունը ես վաղուց կուլ եմ տվել ու սպասում եմ արդյունքին, զգում եմ որ սրտումս մի ինչ որ բան կա, որ մի բան չէ այլ երկուսը՝ Երազանքն ու Հույսը…
Երկուսն էլ շատ տաք են, կրակի նման այրող ու չի ստացվի երբեք հանգցնել նրանց…

Այսօր երազ տեսա, շուշան ծաղիկի ճյուղերով մի ծառ, այսպիսի ծառեր Երկրի վրա չեն լինում, բայց իրոք գոյություն ունեն:
Միթե քեզ թվում է, որ երազները դրանք չեն իրականանում, սխալվում ես Սիրելիս, եթե այդպես լիներ ապա դու այսօր չէիր կարդա գրածներս, չնայած.
Մատուցողուհին անտարբեր…
Աշխարհն անտարբեր…
Դու…ՍՊԱՍԻՐ, դժվար է, բայց ինչ արած, այլ ելք չկա…

Հ.Գ
Ես չգիտեմ, կպատասխանես թե ոչ, դա կարևոր էլ չի, միայն վստահ լինեմ, որ անպայման կարդացել ես, վստահ լինեմ որ Քեզ հիմա լավ ես զգում, վստահ լինեմ, որ նվերը ետ չեն վերցնում ու հեռանամ միայնակ, Սերս թողնելով Քո մոտ, գրավական հաջորդ կյանքում նրան հանդիպելու նուրբ խնամված ու աչքի լույսի նման պահպանված.
Քո Ումառ






понедельник, 21 апреля 2014 г.

Կյանք... բանաստեղծություն



* * *
Դու լսո՞ւմ ես…
Քեզ սիրեցի, որ դու տխուր չմնաս,
Արդյոք զգո՞ւմ ես,
Շրջում եմ քո մեջ մոլորված…

Ես խաղաղվելու տեղ եմ ման գալիս,
Թեկուզ մի անկյուն, թա՜ց, խոնա՜վ ու մութ,
Որտեղ թաքնվեմ իմ երազներից -
Դաժան ու անգութ…

Քեզ հետ դժվար է մենամարտելը,
տարիները իրենցն են անում,
անհնա՛ր է քեզ…  չսիրելը
թե այս և թե ա՜յն աշխարհում:

Դաժան չես, գիտե՜մ,
Ուղղակի դժվա՜ր է,
Քեզ հասկանալը մարդկանց հասարակ,
Իսկ դո՞ւ, շտապում ես, կանգառդ մա՛հն է,
Փախչո՜ւմ, հեռանում ես հողմի պես արագ:

Դու լսո՞ւմ ես…
Կյա՜նք,
Չտխրե՛ս հանկարծ,
Երբ վայրի մեղրը չորանա շրթիս,
Երբ էլ չե՛ն խոսի աչքերս փակված,
Երբ ժամանակը կհոգնի ինձնից…

Ս.Ումառ

воскресенье, 20 апреля 2014 г.

Վերադարձ … հեռանալով




 Տարօրինակ զգացողություն եմ ունենում, երբ փորձում եմ հիշել իմ երազները:
Ինձ թվում է թե իրական կյանքից իմ երազները բաժանված են մի բարակ շղարշով ու շղարշից այն կողմ քաոսային ձևով թափառում են տարբեր երազներ՝ հույսով, որ կարող է ձեռքս պարզեմ ու բռնեմ որևէ մի երազի օձիքից, քարշ տամ իրական կյանք…
Նրանց մեջ կան թույլ ու ուժեղ երազներ:
Ուժեղները շատ մոտ են բաժանող շղարշին ու միշտ պատրաստ են անցնելու այս կողմ:
Թույլ երազները ավելի հեռու են, կծկված, քաշված մի կողմ:
Այդ բոլորի ետևում երևում է մի դուռ, դա՞ էլ է երազ թե ոչ՝ չեմ հասկանում:
Մի՞գուցե փորձեմ ինքս անցնել շզարշն ու մոտենալ դռանը:
Պետք չէ բերել իրական կյանք, ի՞նչ իմանաս ինչ դուռ է:
Քայլ եմ անում դեպի շղարշն ու փորձում անցնել սահմանը:
Չորս կողմից վրա են տալիս երազները, հատկապես չարաճճիները:
Մեկն ականջս է քաշում, մյուս երազը օձիքիցս սողում է ներս, երրորդը փորձում է շորերս հանել, չորորդը կպել է շուրթերս ու չի ուզում պոկվել…
Մի կերպ հասա դռանը:
Դռան վրա թղթի մի կտորի վրա գրված է «Խնդրում եմ թույլ տալ հանգիստ ապրել»:
Զգույշ թակեցի:
- Մտե՛ք, բա՛ց է:
Ներսում գրասեղանի ետևը մի մարդ է նստած, ծանոթ դեմքով, հարազատ աչքերով:
Ում եմ նմանեցնում չեմ կարողանում հիշել:
Ձեռքին մի մատիտ է, որով կտկտացնում է սեղանին, այնպես ինչպես ես եմ անում:
- Լսում եմ, եղբայր, մո՛տ արի, քո տունն է, ինչո՞ւ կանգնած մնացիր:
- Ուղղակի ցանկանում էի իմանալ ի՞նչ դուռ է, համ էլ կծանոթանանք, իմ անունը …, - չի թողնում ավարտել:
- Գիտեմ, չե՞ս կարողանում հիշել, նմանեցնել, գոնե մոտավոր, - ժպտում է:
- Իսկ դուք, կներեք…
- Ես այս բոլոր երազների Տերն եմ, ինձ այդպես էլ ասում են, Տե՛ր:
- Եվ ինչ, դա ի՞նչ է նշանակում:
- Դե քո գաղափարը, երազանքները, անցյալը, ապագան… դրանք բոլորն էլ իմ ձեռքում են, եթե իհարկե հավատում ես երազներին:
- Եթե չեմ հավատո՞ւմ:
Բերանը բաց ծիծաղում է, տեսնում եմ թե, որ և քանի ատամներ են պակասում, ճիշտ այնպես ինչպես ինձ մոտ:
Ես հասկացա, որ դա ես եմ, ուղղակի երազում:
Կարծես թե ինքնատիրապետումս հասավ իր գագաթնակետին ու անցա իմ սովորական տոնին:
- Ապա մի վեր կաց, ու դուրս այստեղից, սա ի՛մ սեղանն է, ի՛մ սենյակը ու դու ավելորդ ես քանի ես այստեղ եմ:
Մարդը կարծես կորցրեց վստահությունը կամ գոնե հասկացավ թե ում հետ գործ ունի:
- Լավ, լավ, ես կարող եմ հեռանալ, բայց դու գլուխ չես հանի ոչ մի բանից: Դե ասենք թեկուզ թղթապանակներից, որոնց վրա քո երազային կենսագրությունն է:
- Լավ, համոզեցիր, խելոք նստիր այ այնտեղ,- ցույց տվեցի քիչ հեռու դրված առանց թիկնակ աթոռը:
- Թղթապանակներն ինչո՞ւ են տարբեր գույնի:
- Դե որ տարբերվեն, այ օրինակ այս վարդագույն  թղթապանակում էրոտիկ երազներն են, կապույտում ՝ ռոմանտիկ երազները,  սպիտակում, դե այսպես ասած իրական, կանաչում՝ միստիկական և այլն:
- Իսկ սև գույնի թղթապանակում, իմ դժբա՞խտ երազներն են:
- Ոչ, այդտեղ քո մահվան երազն է, քո մահը երազի տեսքով: Դա չի կարելի նայել: Այդպես ընդունված չէ:
- Դու ինքդ նայել ես, այդպե՞ս չէ:
- Այդպես է, բայց ես ուրիշ, - ձեռքերը տարածում է:
- Դու՝ դա ես եմ, իսկ ես չեմ նայել, ուրեմն կնայեմ:
- Գիտեմ, որ չեմ համոզի, անիմաստ է…
Զգույշ բացելու փոխարեն բարկացած միանգամից բացեցի թղթապանակն ու ամբողջ սենյակը միանգամից լցվեց սև թափանցիկ գույնով:
Երազի տարբեր կտորներ խառնվեցին իրար խառնելով ամբողջ սենյակը:
Սենյակում պարում էին սեփական մահվանս տարբեր կտորները:
Պատուհանից երևում էր լուսինը՝ սև գույնի, կարծես մարտինիի բաժակի մեջ գցած ձիթապտղի մի հատիկ:
Սենյակի աջ անկյունում երկու հոգի փորձում են մեխել դագաղի կափարիչը:
Մեկին չճանաչեցի, իսկ մյուսը Ռաֆիկն է, հարևանս:
(Ասա թե դու որ օրվա մեխողն ես, քո տանն ամեն ինչ ես եմ արել, կամ այս որ դարն է՝ մեխովի դագաղ):
Հոգեհացի սեղանի մոտ քաոսային վիճակ է, չորորդ բաժակից հետո ում մտքով ինչ անցնում է վեր է կենում կենաց ասում:
Սեղանի մոտ տարբեր  փոքրիկ խմբերից լսվում են.
«Ինչ գեղեցիկ թաղում է…»
«Անուղղելի կորուստ…»
«Հանգուցյալը բարոյական մարդ էր…»
«Այս լոբուց փորձիր, լավ է սարքած…»
«Ապրեն երեխեքը, բա ի՞նչ, թաղումը կյանքում մեկ անգամ է լինում…»

Տղայիս շփոթված դեմքը, աղջկաս լացակումած աչքերը թափառում են սենյակով մեկ:
Ամեն ինչ շարժվում է, խառնված իրար հետ տարբեր պատկերներ հասցնում են խելագարության:
Այսքան շարժում, այսքան տխուր երաժշտություն, այսքան ծանոթ ու անծանոթ դեմքերի կարծես հավաքել են մի տեղ, լցրել պտտվող մի թափանցիկ անիվի մեջ ու մի անտեսանելի ձեռքով պտտում են գլուխ պտտող արագությամբ:
Սենյակի հատակի մակերեսով մեկ փռվել է բանակականության հետ գրկախառնված, ոտնատակ ընկած խիղճս,:
Առաստաղից կախվել է երկար ու սուր լեզուս, անընդհատ փորձում է մի բան ասել, բայց կարծես չի ստացվում, ես չեմ լսում նրան:
Հարցականներ դարձած բազմաթիվ մտքեր այս քաոսում պահմտոցի են խաղում իրար հետ:
«Քեզ միս դնե՞մ…»
«Կարտոֆիլը լավ չէ եփված…»
«Տեսնես ինչքա՞ն փող ծախսվեց…»
«Թթվաշ խնձորից շատ լավ մուրաբա է լինում, ո՞ւմ մտքով կանցնի, չէ՞…»
Հոգեհացի սեղանից դուրս, սրահի դռանը հենված է մի կին:
Ինչպես միշտ գեղեցիկ է, նույնիսկ սև շորերով:
Իր ամբողջ էությամբ իմ ճաշակն է թե՞…
Առաջին անգամ եմ տեսնում թե ինչպես է արտասվում սերը, երբ մերժված չէ:
Լաց է լինում:
Ինչո՞ւ:
Արդեն մեկ ժամ կլինի ոչ ոք էլ լաց չի լինում:

- Մոտեցիր, ես վստահ եմ, որ միայն իմ արցունքները քեզ կօգնեն, մի շփոթվիր, ամեն ինչ հենց այնպես է ինչպես որ պետք է լիներ, դե մոտեցիր, այստեղ վախենալն արդեն անիմաստ է, իմ արցունքները…
Փորձում եմ մոտենալ, հանկարծ Տիրոջ ձեռքը բռնում է իմ ձեռքից:
- Մի՛ արա, այդպես ճիշտ չէ, թող ամեն ինչ ընթանա իր հունով, պետք չէ խառնվել ոչ մի բանի, միայն նայիր:
Հրում եմ ինքս ինձ: Իմ երազ-կեսը ընկնում է հատակին ու վախեցած աչքերով նայում ինձ, որ փորձում եմ խառնվել իր՝ Տիրոջ գործերին:
Ճիշտ է, ճիշտ չէ, նշանակություն չունի, ինձ կանչում են, պետք է մոտենամ, անպայման:
Ես երբ կանչել եմ նա եկել է, հիմա ինչո՞ւ պետք է նրա կանչին չարձագանքեմ:
Մոտենում եմ, ծնկում:
Երկու ափերս դարձնում եմ շերեփ, արցունքները լցվում են ափիս մեջ:
Տա՜ք են, թա՜ց, վախենում եմ հանկարծ գոլորշիանան ու ափերս մնան չոր:
Գլուխս բարձրացնում եմ ու նայում դեմքին:
Արցունքների միջից տեսնում եմ մի շողացող թույլ լույս, վախ, որ կարող է նորից հեռանամ:
Ափերիս մեջ եռում են արցունքները:
Բարձրացնում եմ կենդանի այդ շերեփը դեպի շրթունքներս:
- Չանե՛ս,- ծղրտում է իմ երկրորդ կեսը,- այդպես ճի՛շտ չէ:
Ըմպում եմ ափիս մեջ հավաքված արցունքներից մի կում, ու զգում որ երակներումս սկսեց մի տաք գետ հոսել, անցավ ամբողջ  մարմնովս մեկ ու լցվեց գլուխս:
Կանգնեցի: Գլուխս պտտվում է:
Բոլոր պատկերները կարծես կիզակետները կորցրած նկարներ, սկսում են կամաց կամաց լողալ օդում, պտտվել ու բարձրանալով հպվել առաստաղին:
Պտույտ…
Պտույտ…
Պտույտ…

Սենյակի մի հատվածն է միայն, որ չի մասնակցում այդ պտույտին, այդ վայրենի արագությանը, մի փոքրիկ հատված, որտեղ այս ամենից կարծես վախեցած,անակնկալի եկած, կամ այս ամենին անտարբեր ու մտքերով հեռու, կանգնած է մեծ թոռս՝ իմ մեծացրած նկարը կրծքին սեղմած::

Անպայման պետք է մոտենալ:
Մոտենում եմ, բայց չգիտես ինչու՝ հայտնվում պատուհանի մոտ:
Բակում երեք խաչեր են ու սև լուսին…
Աշխարհում միայն մեկը չէ, որ խաչվել է:
Միայն մեկին են հիշում:
Բալենու բարակ ճյուղերից պատրաստված խաչի վրա ես եմ:
Կողքս մի այլ խաչ է, հին տախտակներից պատրաստված՝ վրան մի  կին, մաշված շորերով:
Կրծքին մի տախտակ է վրան շրթներկով գրված «Դրամաշորթ»:
Քիչ այն կողմ`դիմացս, երկու ջրի մեջ փտած գերաններից պատրաստված խաչի վրա, կարմիր սպորտային համազգեստով մի մարդ է խաչված:
Գլխավերևում ամրացված տախտակը դատարկ է:
Իմ տախտակը, երևի վատ մեխելուց,  ընկած է գետնին, հակառակ կողմով, չի երևում ինչ է գրված վրան:
- Մայրիկ, ո՞ւմից ես դրամ շորթել…
- Էհ, տղա ջան, ինձ համար Սևանի լողափերից մեկում ավազների մեջ փնտրում ու հավաքում էի ապակու կտորներ, որ երեխաների ոտքերը չվնասվեն, հեռվում կանգնած «Շտապօգնության»  մեքենայից զանգահարել էին ոստիկանություն, բողոքել, որ դրամ եմ հավաքում հանգստացողներից:
Եկան, բռնեցին տարան, ասում էին ինչու եմ ուրիշի գործին խփում, այդպես էլ չհասկացա թե ի՞նչ եղավ ու ինչպես հայտնվեցի այստեղ:
Դեմքս շրջեցի դիմացս մարդուն: Սպասում էր:
- Քո ի՞նչ գործն է թե ինչի համար, ավելի լավ է ուշադիր եղիր, խաչդ ընկնում է:

Ձեռքերիցս մեխված տեղերից արյուն է կաթում, լավ չեն մեխել, երևի էլի Ռաֆոն է մեխողը եղել:

Իմ տեսքով մարդը տեղից վեր կացավ, մի շարժումով բռան մեջ հավաքեց երազի բոլոր կտորները, խնամքով սեղմեց ու տեղավորեց թղթապանակի մեջ:
- Ասացի չէ՞, որ դա նայել չի կարելի: Բայց պետք է ասեմ, որ բախտդ բերել է:  Ավելի ճիշտ երկուսիս բախտն է բերել:
- Ձե՞ռք ես առնում:
- Ոչ, այն մարդկանց բախտն է բերում, ովքեր կարողանում են հեռանալ կյանքից կենդանի մնալով:
- Ես չեմ վախենում մահից, ուղղակի չեմ ցանկանում ներկա գտնվել իմ մահվան ներկայացմանը:
- Մահը դա կյանքի ճանապարհի ավարտը չէ, հավատա՛, դա սխալների վրա աշխատելու ամենահավանական սկիզբն է: Հասկացա՞ր:
Ես կարծես կորցրեցի իմ նրա հանդեպ ունեցած առավելությունը ու աչքերս կիսափակ ցածր ձայնով ասացի.
- Կգա ժամանակը, ե՞րբ, չգիտեմ: Կգա մահը  ու այն հաստատ կունենա իմ աչքերը:
Ցավալին դա է:
- Մի բան հարցնե՞մ, կպատասխանե՞ս անկեղծ:
- Կաշխատեմ, հարցրո՛ւ, հիմա կարծես թե ոչ մի բան նշանակություն չունի ինձ համար:
- Այս ամբողջ քաոսում, որ դու տեսար, հատկապես ի՞նչը դուր չեկավ, անկեղծ եղիր, ես ամեն բան կկազմակերպեմ:
Առանց երկար մտածելու պատասխանեցի:
- Ռաֆոյի դագաղի կափարիչ մեխելը, բա այդպես մեխ են խփո՞ւմ:
Դեղին ատամների արանքից դուրս ժայթքեց ժպիտի նման մի բան:
- Լավ, հասկացա: Հիմա գնա քեզ կանչում են: Հիշիր, մեկ մարդու մահը մահ է, բայց դու մենակ չես այլ միլիոնավորվորների հետ, իսկ դա արդեն վիճակագրություն է:

* * *
Լսում եմ ինչ որ տղամարդու ձայն:
- Դե ինչ կարող եմ ասել, ըստ վիճակագրության…այ քեզ բան, աչքերը բացեց… ներս եկեք:
Դեմքիս վրա կռացան հարազատներիս դեմքերը:
- Փառք Աստծո, ինչպե՞ս ես:
Հիվանդասենյակի օդը խեղդող է, տարօրինակ ծանր:
- Պատուհանը բացեք, - ձայնս մի քիչ խռպոտ է, բայց հաստատուն:
- Ուրեմն ուշադիր լսեք, մահվան ոչ մի շոու, ես չեմ ուզում այդպես մահանալ, պա՞րզ է:
Նայում եմ տղայիս:
- Անպայման տերտեր կկանչես, ես ճիշտ է հավատացյալ չեմ, բայց քեզ շատ կօգնի, կենացների հերթականություն, ավելի զսպվածություն, հնարավորություն կտա քեզ ավելի վստահ զգալու, պա՞րզ է:

Իմ մահճակալի վրա կռացած դեմքերի մեջ կարծես մի դեմք է պակասում, չեմ կարողանում հասկանալ թե ում:
Մի քիչ գլուխս բարձրացրեցի ու քիչ հեռվում տեսա բոլորից առանձին, միայնակ կանգնած մեծ թոռանս՝ կրծքին ամուր սեղմած վերջին անգամ նրա համար գնածս խաղալիքը:

пятница, 18 апреля 2014 г.

Երկու դոլարի սեր



 - Բարև´:
- Բարև´, դու ո՞վ ես:
- Ե՞ս, ես Խիղճն եմ:
- Խի՞ղճը: Իսկ ինչո՞ւ ես այդքան կեղտոտ:
- Որովհետև ես քո Խիղճն եմ: Եկել եմ մաքրվելու…
- Ինձ մո՞տ, մի՞թե հնարավոր է:
- Չգիտեմ, փորձի´ր…

* * *
Գարունը շնչում է ուղիղ թիկունքին, տաքացնում…
Կարծես մի տաք ափ շոյում է բետոնե սառը մեջքը, ու անասելի հաճելի է:
Նա իր հետ է քայլ առ քայլ: Ու զգում է, որ պրծում չկա: Բայց վախենում է` գիտակցելով, որ իր վերջին գարունն է:
Վերջի՞ն:
Միգուցե:
Ագահորեն կլանելով ծխախոտի ծուխը և ձմռան վերջին մահացող սառը օդը` ցանկանում է նորից սիրահարվել, նորից զգալ ուրիշ ջերմ մատների հպում` ապրելու վերջին ճիգերն անող մարմնին…
Ցանկանում է բղավել, որ չի վախենում, չի  ընդդիմանա, բայց կդիմանա՞:

* * *
Սուրբ Սարգիս եկեղեցու պատը համեմատաբար տաք է:
Իր տեղն է: Այստեղ ուրիշ փող մուրացող չի գալիս: Դեռ երեսուն չկա, բայց որ աշխատանք չունի, ի՞նչ կարող է անել:
Այսօր էլ իմացավ Տեր հորից, որ հարսանիք կա, սովորականից ավելի շուտ է եկել:
Տեսնողին կթվա, թե 50-60 տարեկան է` չսափրված, անխնամ, կեղտոտ  մազերով, քրքրված շորերով…
Ծանոթներից շատերը չեն կարողանում ճանաչել, բայց ինքը ճանաչում է ու գլուխը կախ` բռան մեջ հավաքում տված լումաները:
Անիծյա´լ կյանք…չէ´, ինքն է անիծված…և կարծես թե` տեղին:

Լումաներով լիքը բուռը դատարկեց գրպանում ու նորից մեկնեց ձեռքը…
Խոնարհած աչքերի առջև կանգնեցին կանացի զույգ ոտքեր, ափի մեջ իջավ հազար դրամանոց թղթադրամ:
Նայի՞ վերև, թե՞ ոչ…
Տատանման մի քանի վայրկյան, ու աչքերը հառեց վեր:
Կինն ուշադիր նայեց: Հետո, կարծես, աչքերը լցվեցին:
Նորից բացեց պայուսակն ու երկու  դոլարանոց թղադրամ դրեց ափի մեջ…
- Սա երջանկություն է բերում, հավատա´…

* * *
Տեր Հովհաննեսն սպասում էր հյուրի:
Անհամբեր հետ ու առաջ էր քայլում  եկեղեցու հարևանությամբ գտնվող իր տան հյուրասենյակում:
- Մարիա´մ, իմ քաշած օղո´ւց դիր, թթո´ւն էլ ավելացրու, մայրդ ո՞ւր է:
- Կգա: Իջել է նկուղ` գինի հանելու: Ես վախենում եմ մկներից:
- Մեծ աղջիկ ես: Դեռ ուզում ես գնալ Երևան` սովորելու: Դու մենակ ապրել չես կարող:
Մինչև հիմա շանն էլ ճաշ չես կարողանում մոտեցնել:
- Պա´պ, դու էլ լավ  գիտես, որ շուն չէ, այլ գայլ, իզուր…-, չշարունակեց` հիշելով գայլի ժանիքները:
Գայլը միայն Տեր հորն էր իրեն մոտ թողնում:

* * *
Ձագ էր, երբ հայրը բերեց տուն:
Մեծացավ աննկատ ու դարձավ, ինչ պետք է դառնար` գազան…
Սկզբից գայլն ամեն օր սպասում էր իրեն դպրոցի մոտ: Երբ ավարտական դասարանում էր, գայլի ձագը կծեց համադասարանցիներից մեկին, որը փորձ էր արել քաշել իր թևը:
Սկսեցին կապել շան բնում: Կատաղեց ու մինչև օրս ոչ մեկին չի ընդունում:

* * *
Հյուրը, որին սպասում էր Տեր Հովհաննեսը, տան  հարևանությամբ գտնվող զինվորական զորամասի  հրամանատար մայոր Ավագյանն էր:
Երբ նստեցին սեղանի մոտ, Տեր հայրը չդիմացավ ու հարցրեց.
- Հը´, Հրա´չ, նորակոչիկներից մի բան կա՞: Գիտեմ, որ հենց այնպես չէիր գա:
- Մի հատ խմե´նք, կխոսենք: Ես քո քաշած մորու օղին պաշտում եմ, գիտե´ս, չէ՞:
Նրանց միացավ նաև երեցկինը` Վերան:
Երբ բավականին խմեցին, Վերան գնաց սուրճ պատրաստելու, մայորը սկսեց խոսել:
- Նորակոչիկների մեջ մի զինվոր կա, շուն պահող է եղել, Գել Գևոր են ասում, Երևանի` 3-րդ մասի տղա է: Ծնողներ չունի, տատի, պապի  հետ է ապրում: Չեմ հասկանում ինչպե՞ս է ընկել Ղարաբաղ: Ուղարկե՞մ մոտդ:
- Փորձենք, փա~ռք շատ, Աստվա´ծ: Այդ գայլի ձագը Աստծո տված նվեր է, պետք է վարժեցնել:

* * *
Գևորգն ու Մարիամը շատ շուտ ընկերացան:
Գայլն էլ մեկ ամսվա ընթացքում դարձավ կառավարելի ու հանգիստ:
Ման էր գալիս առանց պարանի ու հստակ կատարում Գևորգի հրամանները:
Գևորգը ոչ միայն գայլին վարժեցրեց, այլ նաև գրավեց Մարիամի սիրտը: Աչքաբաց տղա էր, մարդամոտ, շուտ ընտելացավ Տեր հոր ընտանիքին:
Զորամաս չէր գնում, միայն անհրաժեշտության դեպքում: Ամբողջ ցերեկը գայլի հետ թափառում էր մոտակա անտառում:
Շաբաթը մեկ ներկայանում էր զորամաս ու նորից` Տեր Հովհաննեսի տուն:
Օգնում էր բոլոր հարցերում:
Ե´վ Տեր հայրը, և´ նրա կինը նկատել էին դստեր ու Գևորգի մտերմությունը, ու թեև դեմ չէին, բայց աչալուրջ էին:
Գևորգը քնում էր նրանց տան առաջին հարկում:
Ծառայող ընկերներ  ուներ` Երևանից` Անդրանիկն ու Հրազդանից` Սարգիսը, որոնք հաճախ էին լինում Տեր հոր տանը:
Ճաշում էին միասին: Գիշերները լոտո խաղում…
Հաճախ էին ծնողները տեսնում  Մարիամին Գևորգի հետ այս կամ այն գործն անելիս կամ շշուկով խոսելիս:
Ծառայությունն անցնում էր արագ ու ոչ զինվորական կարգով, ինչը գոհացնում էր գալիս բոլորին:
Մի անգամ էլ  Գևորգը ցուցադրեց գայլի՞, թե՞ իր շնորքը:
Ծխախոտը դրեց բերանն ու կողքը նստած գայլին հրամայեց.
- Կգնաս խոհանոց: Ձախ կողմի դարակին`գազօջախի մոտ,  լուցկի կա դրած, կվերցնես ու կբերես ինձ, հասկացա՞ր: Արա´գ:
Գայլն արագ սլացավ դեպի խոհանոց ու վերադարձավ, բերանում սեղմած լուցկու տուփը բերեց, դրեց Գևորգի ոտքերի մոտ:
Բոլորը հիացած էին:
Հետո, երբ Մարիամի հետ մենակ էին, բացատրեց, որ բացարձակ կապ չունի, թե ինչ լեզվով  և ինչ է ասում գայլին: Գայլը, երբ տեսնում է բերանում ծխախոտ, գիտի, թե ինչ պետք է անի. ահա ամբողջ գաղտնիքը:
Մի քանի անգամ մայոր Ավագյանը Տեր հորը զգուշացրել էր.
- Հարկավոր է զգույշ մնալ: Ի՞նչ իմանաս, ի՞նչ ընտանիքի տղա է, ի՞նչ կա մտքում: Այսպես ես էլ կծառայեի:
- Նորմալ տղա է, Հրա´չ, մի´ մտածիր: Շուտով մեկ տարի կլինի, որ մեր ընտանիքում է, ոչ մի ավելորդ բան չենք նկատել` ո´չ ես, ո´չ էլ Վերան: Լա´վ կլինի:
Մեկ ամիս էր մնացել, որ զորացրվեր, երբ մի օր Գևորգը մտավ Տեր Հովհաննեսի սենյակ:
- Ես ու Մարիամը որոշել ենք միասին գնալ: Ես նրան ինձ հետ տանում եմ Երևան: 
- Ինչպե՞ս, առանց մե՞զ…
- Մենք կգնանք ու հետո ձեզ կկանչենք: Դե, արդեն երկուսով որոշել ենք: Մի բան պետք է խնդրեմ: Մեկ օրից Մարիամի ծնունդն է, բայց ես նվեր չունեմ, չգիտեմ ինչ անեմ:
Երկար նայեց Տեր Հովհանեսը նրան:
Դարակից հանեց ու մի փոքրիկ աղոթագիրք մեկնեց Գևորգին:
- Սա կնվիրես, սա լավ նվեր է:
Հետո մոտեցավ Տիրամոր սրբապատկերին, ձեռքը երկարեց ու  նկարի հետևից հանեց երկու դոլարանոց մի թղթադրամ:
- Սա երջանկություն է բերում: Սա դրամ չէ, խորհրդանիշ է` բախտի նշանակ: Հասկանո՞ւմ ես ինձ:
Սրա վրա փոխվել է երեք մարդու դիմանկար: Հասկանո՞ւմ ես, թե  երեքն ինչ է խորհրդանշում: Առաջինը Ալեքսանդր Համիլտոնի դիմանկարն էր: Երկորդը` Թոմաս Ջեֆերսոնինը, որը 33 տարեկան էր անկախության դեկլարացիան ընդունելիս և Ամերիկայի երրորդ նախագահը: Նկարի հետևում նաև երկրորդ նախագահ Ադամսն է, որի ոտքը կարծես տրորում է Ջեֆերսոնը:
Ամեն ամերիկացի չէ, որ ձեռքում պահել է  երկու դոլարանոց թղթադրամ:
Գիտե՞ս ետևում ինչ է գրված, < Մենք հավատում ենք Աստծուն >:
- Երկու դոլարանոց թղթադրամը նաև…
Ուշադիր լսում էր Տեր Հովհաննեսի բացատրությունները:
Շատ երկար եմ պահել: Ուզում էի որդի ունենալուց նվիրել նրան, բայց…նվիրում եմ քեզ` գնալուցդ առաջ:

Վերջին օրվա գիշերը գայլն անհանգիստ էր: Ոռնում էր:
Ժամը երեքն էր, երբ տիկին Վերան  իջավ առաջին հարկ, որտեղ Գևորգն էր քնում: Մթան մեջ տեսավ ծխախոտի կրակը:
- Անկողնում մի´ ծխիր: Ինչո՞ւ է ոռնում, քնել չի լինում: Դո՞ւ ինչու չես քնում:
- Երևի զգում է, որ գնալու եմ: Հիմա կհանգստացնեմ:
Դուրս եկավ տանից: Մոտեցավ գայլին: Նստեց բնի մոտ, գրկեց գլուխը:
Գայլը ձայնը կտրեց, դունչը դրեց ոտքերին ու նայում էր տղայի աչքերի մեջ:

* * *
Տեր Հովհաննեսի խնդրանքով միաժամանակ` նույն օրը զորացրվեցին և Գևորգի ընկերները` Անդրանիկն ու Սարգիսը:
Ավտոբուսը դեռ Գորիս քաղաքին չհասած` խաթարվեց:
- Ոչի´նչ, մինչև Գորիս մի կերպ կհասնենք, առավոտյան կշարունակենք,- ասաց վարորդը:
- Բոլորիդ էլ կտեղավորենք հյուրանոցում, մի երեք ժամվա պատմություն է սարքելը:
Հյուրանոցում նրանց առաջարկեցին մեկ` երկու և մեկ` մեկ տեղանոց համարներ:
- Երկու տեղանոցում մի ծալովի մահճակալ կդնենք,- ասաց աշխատողը,- մի գիշեր է, էլի:
Մեկ տեղանոցում տեղավորվեց Մարիամը:
Տղաները երկու տեղանոցում իրերը դասավորելուց հետո իջան բար:
Գիշեր էր, երբ նրանց սենյակի ձայներից Մարիամն արթնացավ:
- Դու էլ պետք է ասես, որ ծառայել ես, հա՞: Երկու տարի այդ տերտերի քամակը մտած ապրեցիր, կնկան, աղջկան,  ինչ ասես արեցիր…,- Անդրանիկի ձայնն էր:
- Արա´, քո տեղը մենք հա´մ հատակ ենք լվացել, հա´մ գործ ենք արել, հիմա մե՞ր վրա ես մուննաթ գալիս…հլա սրան նայիր, ծալովի մահճակալի վրա էլ չի ուզում մի օր քնի…
- Ձեզ ի՞նչ, ով ոնց կարողանում է, այնպես էլ…- Գևորգի ձայնն ավելի ցածր էր լսվում:
Հետո ձայներից հասկացավ, որ կռվում են, հարվածում իրար: Վեր կացավ ու վազեց դեպի սենյակը:
Երբ բացեց դուռն ու ներս մտավ, Գևորգը հատակին էր` գլուխը բռնած, իսկ ընկերները ոտքերով հարվածում էին:
Ամբողջ երեսն արյունոտ էր…
Փորձեց մոտենալ, բայց զարմացած նայեց հարվածող տղաներին ու չհասկացավ, նրանց  վայրի ժպիտի պատճառը:
Երբ հասկացավ, որ ժպտում են իր կիսամերկ մարմնին նայելով, ուշ էր արդեն:
Անդրանիկը մոտեցավ ու մազերից քաշելով` գցեց հատակին:
Սարգիսը ձեռքով բերանը փակեց:
Կծկվեց, փորձեց կծել բերանը փակող ձեռքը, բայց մի ուժեղ հարված ստացավ գլխին:
Զգաց, որ պատռելով հանում են իր գիշերանոցը…
Երկար չկարողացավ դիմադրել ու երևի անզորությունից կորցրեց գիտակցությունը …
… Երբ աչքերը բացեց, լուսացել էր:
Հիշեց ու նայեց կողքերը: Հյուրանոցի` իր համարում էր` պատառոտված ու արյունոտ գիշերանոցով:
Գլխի մոտ` բարձի վրա  ընկած էր երկու դոլարանոց մի թղթադրամ..   

* * *
- Ավտոբուսը մի երկու ժամ առաջ է գնացել: Տղաներն ասացին, որ դու մնում ես, քեզ չարթնացնենք,- հյուրանոցի աշխատող կինը հետաքրքրությամբ նայում էր ամբողջովին իրեն կարգի չբերած Մարիամին:
- Աղջի´կ ջան, բա այդ տարիքում խմո՞ւմ են այդքան, չգիտե՞ս, որ չարիք է…
- Կարո՞ղ եմ զանգել: Խնդրում եմ, ընդամենը մի քանի րոպե:
Կինը դեպի Մարիամը հրեց հեռախոսը:
- Երկար չխոսես:
- Մա´մ, բարև´,  պապան ո՞ւր է:
- Հասե՞լ եք, Մարիա´մ ջան, ամեն ինչ լա՞վ է: Պապան տարավ գայլին թաղելու անտառում: Գիշերը գյուղացիները կրակել, սատկեցրել էին: Կատաղել էր, երեկ ցերեկը մի հարևանի շանն էր գզել, մյուսի` հորթին…
- Մա´մ, պապային ասա` գա հետևիցս: Ես Գորիսում եմ, հյուրանոցում…

* * *
- Սա երջանկություն է բերում, հավատա´…
Մարիամի ոտքերը դանդաղ հեռանում էին աչքերից, իսկ ականջներում Տեր Հովհաննեսի խոսքերն էին.
 < Ամեն ամերիկացի չէ, որ ձեռքում պահել է  երկու դոլարանոց թղթադրամ: Երկու դոլարանոց թղթադրամը նաև…
…Վիետնամի պատերազմի ժամանակ վիետնամուհիների` ամերիկացի զինվորներին մատուցած սեքս ծառայություններն արժեին երկու դոլար և դա պատահական չէր քանի որ հինգ դոլարանոց թղթադրամիներին, որոնցով սովորաբար վճարվում էին վարձու զինվորները, վիետնամուհիները երբեք մանրադրամ չէին ունենում վերադարձնելու:
Երկու դոլարանոց թղթադրամը դարձավ նաև սիրո վաճառքի խորհրդանիշը…
Ուշադիր կլինես, զգույշ կվերաբերվես…>:

* * *
Գևորգը նայեց ձեռքի ափին, ու կարծես թղթադրամը խոսում էր իր հետ.
-Ես քո Խիղճն եմ:
Եկել եմ մաքրվելու…