четверг, 21 декабря 2017 г.

Գիտե՜մ

Գիտե՜մ,
Ինձ հետ կտանեմ աչքե՜րդ,
Ցավե՜րս ինձ հետ կննջեն հողում,
Սակայն չգիտե՜մ,
Երբ վերջին անգամ աչքերս թարթեմ
Արդյո՞ք կլսեմ.
- Այդ ո՞ւր ես գնում…

Գիտե՜մ
Դրախտում տեղ չե՛մ ունենա,
Իմը դժո՜խքն է՝ ինչպես կյա՜նքը այս,
Սակայն չգիտե՜մ
Դժոխքում ի՞նչպես բաժակ բարձրացնեմ-
Կենացդ խմեմ հոտընկայս…

Գիտե՜մ,
Որ հաճախ կնայեմ աչքերիդ,
Հա՜տ-հատ կհիշեմ օրերը անցած,
Սակայն չգիտե՜մ
Ի՞նչ պետք է անեմ, որ աչքի՜դ չընկնի
Կարոտի պատին իմ հոգին խաչված…

Գիտե՜մ,
Ինձ այցի կգաս տերևաթափի՜ն
(Աշնան համար ծա՜նր, տհա՜ճ երևույթ)
Երկար չնստե՜ս իմ շիրմաքարին-
Տարվա ա՛յդ պահին
Ցո՜ւրտ է լինելու…

Գիտե՜մ,
Հագած կլինես  կապույտ վերարկուդ
(Կապույտն եմ սիրել,  դու գիտես)
Եվ քո կանացի քմայքին հլո՜ւ
Գուցե՜ արտասվես.
Գուցե՜ ծիծաղես…

Գիտե՜մ,
Ինձ  հարցեր կտաս-
Պատասխան չունեմ՝
Իմը խոհե՜րն են բառերով շար-շար,
Փակված կոպերով դեմքս կհիշե՞ս-՝
Չէ՞ որ աչքերդ ես ինձ հետ տարա…

Թե ո՞վ գոհացում կտա կարոտիս,
Անկե՜ղծ եմ ասում չգիտե՜մ
Հեռու կլինեմ մարդկային ցավից,
Թե որ աչքե՜րդ

Մի՛շտ ինձ հետ լինեն…

Комментариев нет: