среда, 3 мая 2017 г.

ՄԵ՜ՆՔ…



1.
Մեր Մայրերը՝ բարի՜, հլո՜ւ
Մեր Քույրերը՝ նազելի՜ ու հեզահամբո՜ւյր,
Մեր Դուստրերը՝ մեր սարերի կատարների նման
Մաքո՜ւր…
Մեր այրերը Աստվածատո՜ւր..

…Ու թվում է թե մեր սե՜րը
(Ժամանակի՜ն թե ուշացա՜ծ)
Պետք է լինի նրանց նման
Խո՜ր ու տոկուն -
Արմատներով կառչած լինի
Միայն հողի՜ն,
Միայն հոգո՜ւն…

…Չի՜ հասկացվում, թե ի՞նչու է լինում այնպե՜ս,
Որ մեր սե՜րը հայրենիքին
Այսպես դաժա՜ն տանջո՛ւմ է մեզ…

2.
Գա՜վ ենք բարձրացնում, որ կենա՛ց ասենք՝
Թախի՜ծ ենք ըմպում,

Մեր մտածածը չասելու համար՝
Լեզու չե՜նք կծում,

Հա՜յ ենք
Ու հայի նման ենք սիրում:

Մեր սարերի պես վե՜հ
Մեր գետերի պես գի՜ժ
Մեր արյան պես վարա՜ր
Շա՜տ ենք տարբերվում ցեղերից վայրագ

և…մնացածի՜ց,

Սակայն միշտ ներկա ենք մնում նրանց սեղանին՝
Ա՜յն աղի նման,
Որը, որ համն է փոխում կերածի…
և առանց որի ո՛չ կյանք կա ո՛չ մահ:

Միգուցե շա՜տ է մեր ունեցածը՝
Ա՜ղը,
Ու ստիպված լցնում ենք մեր իսկ վերքերի վրա՜,
Մոռանալով, որ մենք ենք հնարել
Դժոխք (դրախտ) բառը
Բոլորի համար…

3.
Փո՞քր ենք, չգիտե՜մ -
Մեզ մե՜ծ ենք կարծում,
Մե՞ծ ենք՝
Մեր հողում չե՛նք տեղավորվում,

Հայրենիք ունենք- գիրկը դատա՜րկ է,
Գինի՜ ենք քաշում -
Հա՜մը տառապանք է,

Չապրելը զանցա՛նք է,
Ապրելը՝ պատիժ,
Տուժե՜լ ենք,
Տուժո՜ւմ ենք
Հենց «հայի խելք»-ից:

Հա՜յ ենք
Ու մտածում ենք հենց հայի նման…

Հայի նման սիրո՜ւմ ենք,
Հայի նման պահանջո՛ւմ,
Հայի նման վաճառո՜ւմ ենք,
Հայի նման վաճառվո՛ւմ,

Ու…
Զավեշտը նա՛ է միայն,
Որ ո՛չ մի կերպ չե՜նք հասկանում,
Թե ի՞նչու ենք այսքան դաժա՜ն,
Այսքան անխի՜ղճ պատժվում…

4.
Իմ ընթերցո՛ղ…
Թվում է թե
Քո աչքե՞րը պետք է խղճամ,
Որ չկարդա՞ն տողերս,
Լեզո՞ւս կծեմ ու թաքցնե՞մ մտքերս,

Չէ՜,  նման բան չե՛մ անի ես,

… Գուցե միայն ա՜յն ժամանակ,
Երբ հայտնվեմ
օտա՜ր հողում, օտա՜ր մայթում -
Ձեռքս պարզա՜ծ,
Գլխահա՜կ…

6.
Ժայռո՜տ,
Քարո՜տ,
Արյո՛ւն խմած
Իմ պապերի հողին կանգնել,
Սրտիս հետ եմ զրուցում,

Այո՛, Հա՛յ եմ,
Մտածում եմ հային վայել,


Ինձ վրե՛ժն է փրկելու…

Комментариев нет: