четверг, 20 апреля 2017 г.

ԱՍՏՎԱ՜Ծ ՍԻՐԵՍ, ՉՀԱՐՑՆԵ՛Ս…


Աստվա՜ծ սիրես -
Չհարցնե՛ս
Թե ի՞նչեր եմ մտածում…
Գորշ մտքեր են սիրտս մտե՜լ, կրծոտո՜ւմ:

*
Թե  չլիներ
Օրն այս մառախլապա՜տ, անձրևո՜տ
Տխո՜ւր -
Արևոտ օրերն ո՞վ էր հիշելու:

Գիշե՜ր չլիներ,
Ո՞վ կկարոտեր առավոտ-լույսին,
Սպիտա՜կ չլիներ,
Սև՛ն էր առագաստ դառնալու կույսին…

Արյո՜ւն չլիներ -

Արյունը մեր գինի լինե՜ր,
Օտար լիներ ցա՜վը մեզ,
Կորուստներից վախ չզգայինք՝
Չունենայինք
Վերջին համբո՜ւյր
Վերջին ծե՜ս…

Սե՜ր չլիներ -
Հո՜ղն առանց սեր
Մեզ ի՞նչպես էր կուլ տալու,

Սի՜րտ չլիներ -
Տեսնես ի՞նչ էր ոտքերի տակ ընկնելու:

Մա՜հ չլիներ-
Կյանքի  մասին տեսնես  ո՞վ էր հոգալու …

… Եվ դուրս եկավ, որ առանց մահ

Տխո՜ւր կյանք է  լինելու…

*
Գորշ մտքեր են սիրտս մտե՜լ, կրծոտո՜ւմ
Աստվա՜ծ սիրես -
Չհարցնե՛ս
Էլ ի՞նչեր եմ մտածում…

Ս.Ումառ-Հարությունյան


Комментариев нет: