пятница, 15 июля 2016 г.

Չե՛մ սիրում վաղը


Իր ներկայությունն  է տարիքն ընդգծել
Իմ մեջ ինչ-որ տեղ
(չգիտեմ որտեղ)
Իրոք որ, զգո՜ւմ եմ,
Զգո՜ւմ եմ թե իմ մեջ
Ինչպես է արյունս  թանձրացել…

Եվ ապրումնե՜րս են  մի  քիչ  ծանրացել,
Եվ երազնե՜րս են  դարձել  ծակծկող,
Ապրելու ծարա՜վն էլ կարծես  հագեցել
Ու խռովքներս
Դարձրել է  Կարոտ…

Անգո կենցաղի սուր ճիրաններից
Օրորոցի է կյանքը վերածվել,
Ինձ ճիշտ հասկացեք – չե՛մ կառչել կյանքից,
Հեռվից լսվում են ինձ կանչող ձայներ…

Մի՞գուցե ես էլ Հարություն կառնեմ
Ի՜նչ-որ ժամանակ,
Ի՜նչ-որ սրտի մեջ,
Բայց հիմա՛ եմ ես ուզում բարբառել -
Այլ ոչ թե հետո՜-
Ինչ-որ մեկի մեջ…

Է՜հ, ինչ լինելու է, թող լինի՛ այսօր-
Մինչ մթնշաղը՝
Գեղեցիկ  մի օր ծնված արևից,
Վա՞ղը,
Վաղը այնքան էլ հարազատ չէ ինձ…
Չե՜մ սիրում վաղը…

Այսօր արդա՜ր եմ
Քան թե երբևէ,
Կարո՛տն է հոսում երակներով իմ,
… Եվ բարբառում եմ ինչպես մարգարե
Կյանքի ու մահվան սահմանագծին…

Այսօ՛ր կարող եմ խոսել թղթի հետ,
Վիճել գրիչիս ծայրով անողոք,

Այսօ՛ր կարող եմ ինքս ինձ մասնատել՝
Մաս-մաս ուղարկել եդեմ ու դժոխք…

Քիչ չափազանց են տողերս գրված
(Երևակայության պայծառ պատկերներ)

Մեկ անգա՛մ է մեզ կյանքը տրված,
Իսկ մահը՝
Հազա՜ր ու մի անգամներ…

Ս.Ումառ-Հարությունյան

15.07.16 Երևան

Комментариев нет: