вторник, 12 июля 2016 г.

Ատո՜ւմ եմ, ատո՜ւմ...


Վաղո՜ւց, շա՜տ  վաղուց է,
Որ ես Ատո՜ւմ եմ քեզ
Քո համբերության,
Քո լռության համար,

Ատո՛ւմ եմ, որ փորձեր եմ անում-
Չե՛մ կարողանում
մտքերդ կարդալ…

Ատո՜ւմ եմ որ կո՛ղքս ես,
Բայց չե՛մ տեսնում քեզ,

Ատո՜ւմ եմ
Որ ուզում ես ինչ-որ բան ասել-
Չի՜ ստացվում ոչինչ,

Ատո՜ւմ եմ,
Որ ուզում եմ պատասխանել՝
Չգիտեմ թե ի՞նչ:

Եվ ի՞նչ է ստացվում-
Կարո՞ղ ենք ապրել այսքա՜ն անկարող՝
Ես իմ ատելով,
Դու  համբերությամբ
ու լռությամբ քո…

Ատո՜ւմ եմ,
Որ դեռ չգիտե՜ս աչքերի լեզուն
Ու թարթիչների քերականությունը,
Բայց արդար լինեմ ու ասեմ թաքուն -
Ի՛նքս էլ չգիտեմ օտար այդ լեզուն…

Չգիտեմ ի՞նչպես են աչքերի լեզվով
«Ես սիրո՜ւմ եմ քեզ…»
Շշնջո՜ւմ մեղմիկ՝
Աչքերը
Փակո՞ւմ են,
Բացո՞ւմ,
Կկոցո՞ւմ,
Ծածկո՞ւմ,
Թե՞ չռված նայում անշարժ մի կետի…

Խոսե՛լ չգիտե՜ս,
Լսե՛լ  չգիտե՜ս,
Տեսնե՜լ չգիտես,

Ի՞նչ է, խիղճ չունե՞ս -
Մի Հասարակ բա՜ն՝
Ատե՜լ չգիտես…

Գոնե սիրեիր
Ու ցավ չէր լինի
Ոչ համբերությունդ
Ոչ լռությունդ

Չէ՜,
Ավելի լավ է մնանք ինչպես կա՝
Ես իմ ատելով
Դու համբերությամբ
Ու լռությամբ քո

Թող շարունակեմ ատել քեզ ավելի
Ավելի խոր…
Այն աստիճանի,
Ինչ աստիճանի որ
Ատում եմ այսօր…

Ս.Ումառ-Հարությունյան
11.07.16 Երևան-Գիշեր




Комментариев нет: