воскресенье, 1 ноября 2015 г.

Տեսնես ի՞նչ մարդ ես եղել, Ավո՜


Անտառի ու բացատի շոշափող գծից
Մի քիչ դեպի աջ
Մի հողաթումբ է,
Վրան անտաշ քար ու մի փայտե խաչ:
Քարի անհարթ մակերեսին կապտագույն ներկով
Գրված է մեկ բառ.
«Ավո»

Քիչ հեռու երկաթե մի սեղան է,
Երկու զույգ նստարան…
Ոտքերի վրա մի ժանգոտ մանղալ է,
Ու  դատարկ շշեր անհամար:

Տեսնես ի՞նչ մարդ ես եղել, Ավո՜:

Ո՞վ է քեզ այստեղ հուղակավորել,
Որ չի էլ իմացել թիվը ծննդյա՜ն, մահվա՜ն,
Թե՞, կապույտ ներկը չի բավականացրել,
…Հանգրվանդ դարձել է վայրի գերեզման:

Հողը դնելիս ի՞նչ երգ են  երգել
«Դլե յամա՜ն»  թե՞
«Օտար ամայի ճամփեքի վրա…»
Ավո՜, հետաքրքիր է ի՞նչ մարդ ես եղել,
…Երբեք չեմ տեսել նման գերեզման:

Տեսնես ինչ-որ մեկի աչքը
Թա՞ց է եղել այդ պահին,
Ինչ-որ մեկը կո՞ւրծքն է ծեծել,
Բղավե՞լ է լալագին,
Թե՞ համբերող համբերությամբ
Սպասել են լուռ
կապույտ բոցով մանղալի մեջ
Խորովածի ավարտին…

Ավո, տեսնես ո՞վ ես եղել,
Ազգի վերջին մի անհա՞տ,
Մա՞րդ ես եղել  դու հողածին…
Թե՞, Բաքոսների սերնդից
Սուրբ ես եղել մի անհայտ ….

Վստահ եմ որ կամքդ է եղել
Քեզ հիշելու ձևը այս
Աչքով արցունք հեղեղելը
Խորթ է եղել քեզ համար:

Ամեն դեպքում եղել ես Մա՜րդ,
Օղորմի քեզ մարդ աստծո,
Հողը թեթև լինի վրադ,
Ավո,՜ եղբա՜յր անծանոթ…


Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: