понедельник, 24 августа 2015 г.

Կապույտ արև


- Դու երբևիցե տեսե՞լ ես երկինք, ի՞նչ գույն ունի:
- Իհարկե տեսե՜լ եմ, կապույտ է, բայց շա՜տ վաղուց էր:
- Ի՞սկ արև:
- Այո՜, արևն էլ է կապույտ:
- Ի՞նչպես, և երկի՞նքն է կապույտ և արև՞ը, այդպես չի լինի: Երկինքը կանա՜չ է, , երկրի կանաչն է արտացոլվում երկնքում, արևը նարնջագո՜ւյն:
- Դու քանի՞ տարեկան ես, ես երեսունութ:
- Ես տասնչորս եմ, բայց դա կապ չունի, երբ մեկ տարեկան եմ եղել տեսել եմ, հիշո՜ւմ եմ:
- Քո վիրակապերը երբ են քանդելո՞ւ, վա՞ղը:
- Այո՛, այդպես ասացին:
- Իմ վիրակապերը երկու օրից, այն ժամանակ էլ կխոսենք: Մենք չենք տեսնում, բայց զգում ենք ավելին քան տեսնողները: Դու զգո՞ւմ ես, որ սենյակում մենակ չենք:
- Այո՛, օծանելիքի հոտ եմ առնում, բուժքո՛ւյրն է: Ես վաղուց գիտեմ, որ այստեղ է:
Բուժքույրը, որն իրոք սենյակում էր անհարմար զգաց, կարմրեց ամոթից, մտածեց որ արևը կարմիր է, հետո ժպտաց իր մտքից.
- Հիմա կեսգիշե՛ր է, արև չկա, դուք էլ չեք քնում, որ ես էլ հանգստանամ:

« Նա երեսունութ տարեկան է, չի՛ հիշի գույները, հաստա՛տ սխալվում է, իսկ ես դեռ տասներեք տարի առաջ տեսել եմ, երկնքում մի մեծ արևածաղիկ էր, տա՜ք ու նարնջի նման կլո՜ր, հյութալի՜:
Վիրահատության ժամանակ լսեցի, որ բժիշկուհին ասած թե շանսը հավասար է զրոյի, նրա մասին էր ասում, իսկ ես ի՞նչպես եմ վաղն ապացուցելու, որ ես ճիշտ եմ…»

«Երեխա է դեռ, ոչի՜նչ չի հասկանում, տասնչորս տարեկան, ե՞րբ պետք է տեսած լիներ բնության գույները, նա մեկ տարեկանում է կորցրել տեսողությունը, իսկ ես ծնված օրից, բայց իմ իմացածն ու զգացածը չեն կարող խաբել ինձ, ես ավելի լավ  եմ զգում գույները, որոնք իրենց ջերմությունն ունեն, իմ փորձը շա՜տ է ու հաստատ գիտեմ, արևը կապո՜ւյտ է…անկախ նրանից թե ինձ ինչ են պատմե՜լ, բացատրե՜լ…»

- Բարի՜ լույս, լավ քնեցի՞ք, հուսանք, որ ամեն ինչ լա՜վ է լինելու:
- Բարի լո՜ւյս, բժշկուհի:
- Բարի լո՜ւյս:
- Դե, Մանե պատրա՞ստ ես, զգուշացնում եմ, ընդամենը երկու-երեք րոպե է բաց լինելու, այսօր այդպես է: Հիմա բուժքրոջ հետ միասին դանդաղ կքանդենք, երբ թեկուզ շատ փոքր լույս տեսնես քանդելիս անպայման ասա, լա՞վ:
- Լա՛վ, բայց երբ տեսնեմ այդ լույսը, ինձ մենակ կթողնե՞ք այդ երեք րոպեն, խնդրո՜ւմ եմ:
- Բուժքույրը կմնա քեզ հետ: Դե ինչ, սկսե՞նք:
Դանդաղ, քանդվում էր աշխարհն իր գեղեցիկ գույներով ընկալելուն խանգարող սպիտակ վիրակապը:
Բժշկուհու ձեռքերը փորձ էին անում կարծես բացելու մի նո՜ր, այլ աշխարհ, կախարդակա՜ն ու հմայիչ գույներով:

Մի պահ և կարծես ինչ-որ սուր բանով ծակեցին Մանեի աչքերը:
Արագ բռնեց վիրակապերը քանդող բժշկուհու ձեռքերը:
- Լո՛ւյս եմ տեսնում, սպիտա՜կ, տեսնո՜ւմ եմ:
- Դա արդեն լավ է, փակի՛ր աչքերդ, ես շարունակում եմ, երբ կասեմ դանդաղ կբացես, լա՞վ:
Մանեի բղավոցից սենյակ լցվող արևի լույսն ավելի փքվեց, ընդարձակվեց ու չարաճճի ձեռքերով սկսեց օգնել վիրակապը քանդելու՝ անհամբեր լցվելու աչքերի մեջ:

…Պարզ երևացին ժպտացող բժշկուհին, արցունքոտ աչքերով բուժքույրը, քիչ հեռու պառկած գեղեցիկ, փարթամ մազերով, վիրակապերով երեկվա զրուցակիցն ու պատուհանից ագահորեն իրենց ներս գցած արևի բազմաթիվ լուսավոր ճառագայթներ…
- Ես տեսնո՜ւմ եմ, տեսնո՜ւմ, թողեք ինձ մենակ, հեռացե՛ք, գոնե մե՜կ րոպե խնդրո՜ւմ եմ, ես ուզում եմ քայլել:
- Այդպես չի՛ կարելի, Մանե, դու ամեն ինչ կփչացնես:
- Մե՜կ րոպե, խնդրո՜ւմ եմ, դո՛ւրս եկեք:
- Լավ, քեզ չի՛ կարելի հուզվել, արտասուքը վնաս կտա: Միայն մեկ րոպե:

Տեսավ թե ինչպես բժշկուհին ու բուժքույրը դուրս եկան հիվանդասենյակից:
Դանդաղ մոտեցավ պատուհանին, նայեց դուրս:
Արևը դեղին էր, կապույտ երկնքում:
Մինչ այդ լուռ մնացած հիվանդը հարցրեց:
- Դե ի՞նչ, տեսնո՞ւմ ես, ի՞նչ ես տեսնում ասա՛, ի՞նչ գույնի են, դե՜…
- Դուք ճի՜շտ էիք, կապույտ երկինք, մաքո՜ւր:
- Իսկ արև՞ը, արևն ի՞նչ գույն ունի:
Հիշեց բժշկուհու խոսքերը. «Շանսերը հավասար են զրոյի»

- Արև՞ը, արևն էլ է կապո՜ւյտ-կապո՜ւյտ…


Ս.Ումառ-Հարությունյան





Комментариев нет: