пятница, 31 июля 2015 г.

Բարև ճանապա՜րհ, բարև՜


Ասո՜ւմ են
«Գնա՜, ճանապարհդ հա՜րթ լինի»
Եվ ո՞ւմ է հարկավոր նման ճանապարհը,
Երբ սիրտդ չի՛ թպրտալու կյանքի ճանապարհի
խորդուբորդ լինելուց,
Երբ անվերջանալի թվացող ճանապարհն իր հարթ լինելուց
Կփակի՜ աչքերդ,
որոնց առաջ անըդհատ միապաղաղ կտատանվի
Հորիզոնի ուղիղ գիծը…

Ճանապարհները պե՛տք է լինեն ոլորաններով,
Դա՛ր ու փոսերով՝
Լի անակընկալներով
ու հաճելի արկածներով…
ամեն մի ոլորանի ետևում պետք է գտնես
աչքերի նո՛ր արտահայտություն,
ձեռքերի նո՛ր շարժում,
ոտքերի ա՜յլ օրորում,
խոսքերի նո՜ր ջերմություն…

… ամեն մի դա՛ր ու փոսից հետո
սիրտդ պե՛տք է ելնի - դուրս գա բերանովդ
կամ
ընկնի՜ ու սոված կատվի ձագի նման մլավելով
ոտքերիդ փաթաթվի …

Ճանապարհը պետք է մարմինդ
մի նո՛ր ձևով,
մի նո՛ր ուժով կոտրատի՝
քեզ տալով մի նո՛ր մարմնական ցանկություն,
մի նո՜ր հոգեկան ցնցում…

Պետք է համոզվես,
որ ճանապարհը-ճանապարհ չէ առանց քեզ՝
տգե՛ղ է և անիրատես,
վստահ լինես, որ քո ճանապարհին
չես լքում ոչ մեկին…
ճանապարհը քո՛ սլացքն է,
քո՛ գնացքն է,
քո՛ կյանքը, որին
դու՝ ճանապարհիդ միակ ուղևորը
տալիս ես  քո վերջի՜ն մի պտղունց
քնքշանքը…

Հարթ ճանապարհը լինում է վերջի՜նը,
երբ քեզ հրաժեշտ տալու համար եկած ցանկացած մարդ
իր լուման է ներդնում, որ դու առանց ցնցումների անցնես ու
հասնես քո վերջի՜ն…վերջին կանգառին…
երևի հենց այստեղ է պետք ասել.
«Գնա՜, ճանապարհդ հա՜րթ լինի»


Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: