пятница, 1 мая 2015 г.

Դրախտի 666-րդ օրը





- Կանչեցիր եկա՛, Տե՜ր:
- Լա՜վ է Ադամ, բայց քեզ մենակ չեմ կանչել:
- Կգա՜, մի քիչ ուշացումով, ինչպես միշտ:
- Հը՜մ…
Երբ Եվան ներս մտավ առաջինը, որ ուշադդրություն դարձրեց դա Տիրոջ բնակարանի մաշվա՜ծ, տեղ-տեղ պատռված կաշվե կահույքն էր:
Չգիտեր ինչ ասել, ուղղակի ասաց.
- Եկա՛:
Տերը չպատասխանեց, երկար նայեց խնամքով հարդարված մազերին, արդուկված զգեստին, գեղեցիկ ոտքերին…
Եվան լեզվի ծայրով շոշափում էր շուրթերին  քսված շրթներկը:
« Այդպիսի նուրբ լեզվով ես էլ չէի կարողանա լռել» - մտածեց Տերը:
- Նորի՞ց կռվել եք, այս անգամ ի՞նչ է պատահել:
- Ամեն ինչ սկսվեց Ադամից,- Եվան ընդհատեց Տիրոջ խոսքը:
- Այո՛, ամեն ինչն է սկսվել Ադամից, դա ի՞նչ նորություն է:
- Գիտե՜մ, ասաց Եվան,- ես որպես իդեալական կին, գիտեմ երբ լռել և որքան ժամանակով, բայց… Սատանան տանի չեմ կարողանում:
Սատանայի անունը բարկացրեց:
Ադամի լռությունը կասկած առաջացրեց:
Եվայի գեղեցիկ տեսքը մեղմացրեց:
Դանդաղ մոտեցավ պատուհանին, նայեց դուրս:
Խնձորենու վրա մի Օձ էր նստած ու մեծ եռանդով շփում էր ձեռքերը:
Կտրուկ շուռ եկավ դեպի Ադամը:
- Ադա՛մ:
- Ես ասացի, որ Դժբախտությունը նրանում է, որ ոչ թե Դու չես սիրում, այլ Քեզ չեն սիրում: Իսկ նա ասաց՝ հակառակը:
- Սո՛ւտ է,- բղավեց Եվան, - ես ասացի ով ոչինչ չի տալիս, ոչինչ էլ չի ստանում:
Տիրոջ դեմքը մռայլվեց:
- Դուք ունեք Երջանիկ ապրելու բոլոր պայմանները:
- Եվան ասում է, որ դա սո՛ւտ է, Երջանկությունը ընդամենը պա՛հ է, ժամանակահատվա՜ծ, կներես Տեր, ընդհատեցի:
- Սո՛ւտ է,- բղավեց Եվան,- ես ասացի, որ դա մի կրկնվող հատված է, այնպես ինչպես երբ լսում ես Ռախմանինովի երկրորդ սիմֆոնիան:
- Դա ո՞վ է քեզ ասել,- բարկացավ Տերը:
- Օձը…, - Եվան գլուխը կախեց:
Գեղեցիկ էր Եվան, ինչ խոսք, հատկապես  այդ վիճակում երբ այտերը շառագունել էին, մազերը կախվել կիսաբաց ուսերին, ձախ ձեռքը կոնքին…
«Գեղեցի՜կն է, Սատանան տանի» - մտածեց Տերը ու Սատանա բառը նորից բարկացրեց:
- Էլ ի՞նչ է ասել քեզ այդ Օձը:
- Դե, ասաց, որ Ադամը կփորձի ինձ համոզել, որ ես նրա համար հետագայում մի բաժակ ջուր տվողն եմ, որ երբ մենք թուլանա՜նք, ծերանա՜նք…ես չեմ ուզում ծերանալ, թող ուրիշը նրան ջուր տա, ես մեկ կյանք ունեմ, ես ուզում եմ Ապրել, ես Ժամանակ չունեմ…
- Այդպես էլ ասա՞ց:
- Այո՛, ասաց, որ ապրում են ուժեղները, իսկ թույլերը թող իրենք մտածեն:
Տերը ձեռքով ընդհատեց Եվային:
- Ադա՛մ, Եվա դուք հավատո՞ւմ եք Հրաշքներին:
- Ավելի լավ է լռեմ,- պատասխանեց Ադամը:
- Ո՛չ, - պատասխանեց Եվան:
- Իսկ Սեր առաջին հայացքից:
- Այո՜:
- Ո՛չ, - պատասխանեց Եվան:
- Ի՞սկ կարող եք ապրել երազանքներով:
- Ես այդպես եմ ապրում, Տե՜ր իմ:
- Ո՛չ - պատասխանեց Եվան:
Տերը հասկացավ, որ ինչ որ բան այնպես չի ստացվել, բայց ի՞նչ անել, վերակառուցել այս երկուսին, որոնցից ամեն մեկն էլ ունի ի՛ր Ճիշտը, ի՛ր Սխալը:
Փորձեց հիշել թե ինչքա՞ն ժամանակ է անցել նրանց դրախտում հայտնվելուց հետո, չհիշեց:
- Այսօր ի՞նչ օր է, կարո՞ղ եք ասել:
- Այսօր 666-րդ օրն է, Տեր իմ, - Ադամը ձեռքը դրեց սրտին:
Պատուհանին հայտնվեց Օձը՝ ձեռքին երկու հրավիրատոմսեր:
- Եվա՛, այսօր համեգի օր է, գնացի՜նք:
Եվան շրջվեց դեպի Ադամը:
- Ես գնացի, երեկոյան ուշ կլինեմ, ինձ չսպասե՛ս, սառնարանում խնձոր կա, կուտե՛ս:

Տերն ու Ադամը դեռ երկար նայում էին միմյանց…
Դրախտի 666-րդ օրն էր…

Ս.Ումառ-Հարությունյան












Комментариев нет: