среда, 9 апреля 2014 г.

Արևը




Արևն ամբողջ օրը չարչարվեց իր ողջ կարողությամբ ու ուժասպառ կորավ շենքի ետևում:
Նրա ջերմությունը դեռ երկար կմնա շենքի, ծառերի, ավտոմեքենաների, պատուհանների վրա:
Ջերմությունից քրտնած աշխարհի այս հատվածը դեռ շուտ ուշքի չի գա:
Ջերմացնելու համար արևը ոչինչ չի խնդրում, ուղղակի կատարում է իր գործն ու անցնում ժամանակավոր հանգստի:
Նա չունի պատմություն:
Չունի պատկերավոր դեմքեր, որոնք պետք է գովաբանեն իրեն:
Չունի պատվիրաններ:
Չունի առաքյալներ:
Նա խտրականություն չի դնում և բոլորին միատեսակ է «սիրում»:
Միատեսակ գուրգուրում, շոյում:
Նա, միայն նա կարող է առանց վիրահատական միջամտության գեղեցկացնել քեզ՝ լցվելով սիրտդ մեծացնել կուրծքդ, շոյել ազդրերդ ողորկացնելով, խաղալ շրթիդ վրա՝ ստիպելով ժպտալ:
Գրկել մարմինդ ու մարմնիդ ջերմությունը փոխանցել ուղեղիդ, մնացած բոլոր օրգաններիդ առանց խտրականության…
Շատ ազգերի համար է Արևը եղել Աստված, թե հետագայում ինչու են հրաժարվել առայժմ մնում է անհայտ…

Արևի Գաղտնիքը

Արևը տանել չի կարողանում տղամարդու լացը:
Երբ լաց լինող տղամարդու մեջ է մտնում, զգում է, որ անզոր է, ոչինչ չի կարող անել, չի կարող պայքարել , դա մի ուրիշ անհասկանալի աշխարհ է, որտեղ ինքն իրոք անզոր է ու անօգնական հեռանում է…
(Միգուցե սա է եղել պատճառը, որ նախկինում հրաժարվել են Արևի աստված լինելու գաղափարից, քանի որ մայրիշխանությունից հետո մինչ այսօր հայրիշխանության ժամանակներում, տղամարդու խոսքն է եղել առաջնայինը)

Արևը տանել չի կարողանում  Սերը:
Սերն արևի թշնամին է:
Աշխարհի վրա Արևը ստեղծել է չորս եղանակ:
Գարուն, ամառ, աշուն, ձմեռ:
Երբ գալիս է Սերը, դառնում է աշխարհի հինգերորդ եղանակը ու մարդ չի կարողանում կողմնորոշվել թե ի՞նչ կարող է հագնել, ի՞նչ կարող է հանել, ի՞նչ կարող է խոսել, ի՞նչ կարող է անել, ի՞նչ կարող է…
Արևն այստեղ էլ է անզոր:
Արևը վախենում է մոռանալ իր երկնային գոյության մասին ու հավերժ մտնել մարդու մեջ, այն պարզ պատճառով, որ վաղ թե ուշ մարդու մեջ կմտնի Սերն ու կսպանի իրեն:



Արևիկ

Ինձ թվում էր, որ աչքերս փակելով ու ոչինչ չտեսնելով ես կարող էի «չտեսնել» նաև հիշողությանը:
Երիտասարդ էի:
Աչքերս փակեցի, լքելով նրան հեռացա մի մարդու հետ, որին թվում էր  թե սիրում եի:
Ես դավաճանեցի մեր սիրուն:
Ես այն ժամանակ չգիտեի, որ իմ կյանքը Դու էիր:
Դու սիրում էիր ինձ այնպես, որ հիշելիս մի այնպիսի ցավ եմ զգում, մեղքի ցավ, որ քիչ է մնում հեռանամ նորից, բայց այս անգամ ոչ թե քեզնից այլ իմ սեփական կյանքից:
Տեսնես հիմա ի՞նչ ես անում:
Ի՞նչպես է իմ դուստրը:
Անցել է տասնչորս տարի, ես ինձ այնքան էլ մեղավոր չեմ զգում, քանի որ հնարավոր է բացատրել, որ վերադառնալ արտասահմանից առանց անձնագրի, բռնաբարված ինքնասիրությամբ, խաբված ու լքված…
… վավաշոտ սրիկաների համույրներից ու ատամների տեղերից մարմնիդ տարբեր մասերն այրող անընդհատ ցավերով…
…տարիներով կեղտոտ ու ցածրակարգ հյուրանոց կոչված այդ կառույցերում թափված արցունքներից էլ ոչինչ չի մնացել, ուզում եմ լաց լինել, չկան արցունքներ, աչքերս հոգուս նման դատարկվել են ու սա մի վերջին փորձն է արևի տակ մնալու…
… տեղ չունեմ արևի տակ, բայց խնդրում եմ Բարձրյալին, գոնե աղջկաս տեսնեմ, թող  չներեն ինձ ոչ Նա ոչ էլ աղջիկս, դա իմ վարձի չափն է այս աշխարհում, չեմ նեղանա, բայց մի պահ գրկեմ, սեղմեմ արդեն իսկ չորացած կրծքերիս…
… ոչ, աղջկաս չեմ գրկի, չեմ սեղմի կրծքերիս, նա շատ մաքուր արարած է, որ ես փորձեմ հպվել նրան իմ կեղտոտ կրծքերով…
…կրծքերիս վրա ցեխոտ ոտնահետքեր են… աչքերիս առաջ է այն հարյուր քսան կիլոգրամանոց գոմիկը, որ կրծքերիս վրա լցրեց շոտլանդական վիսկին ու բոլորին հրավիրում էր ոտքերով ման գալ կրծքիս վրա…
… լաց լինել եմ ուզում, չի ստացվում…
Ինձ թվում է թե սիրտս այնպես է բաբախում, որ լսվում է բոլոր հարևանների մոտ:
Վստահ եմ, որ տասնչորս տարին այնքան քիչ է համեմատելու այն րոպեների հետ, որ ես կտեսնեմ քեզ  և աղջկաս:

Վարագույրները բացեց, հաճելի ու ցանկալի արևը լցվեց սենյակ:
Դեմքի մկաններից ոչ մեկը չշարժվեց:

Կաթիլայինի տակ պառկելը նույն է թե սպասես  երբ ես վերջապես ազատվելու մարմինդ մոտավորապես անշարժ լինելու հնարավորությունից, չնայած որ  խանգարող բան չկա:
- Ես ի՞նչ հիվանդ, բժիշկ ջան, տեսնո՞ւմ ես իմ դեղը, կողքս նստած բռնել է ձեռքս, չի թողնում նույնիսկ շարժվեմ:
Բժշկի մորուքը դողաց:
- Այո, տեսնում եմ, ես էլ այդպիսի մի հրաշք ունեմ, այն տարբերությամբ որ իմն ավելի քաղցր է,- ժպտաց ծերունական խորհրդավոր ժպիտով:
- Չհասկացա ուրեմն ես քա՞ղցր չեմ, - Արմենուհին շրթունքը երեխայի նման ուռեցրեց:
- Իհարկե քաղցր ես, ուղակի դու նրա աղջիկն ես, իսկ ես խոսում եմ իմ թոռնուհուս մասին, պա՞րզ է:
- Պարզ է, իսկ հայրիկս ե՞րբ է դուրս գրվելու:
- Շուտով, այ եթե չծխի մի երկու օր, ես վստահ դուս կգրեմ նրան: Իսկ հիմա մի խնդրանք, կարո՞ղ ես մեզ մենակ թողնել, մի տաս րոպե:
Արմենուհին կռացավ համբուրեց հորը:
- Պապ, երեկոյան կգամ նրա հետ, լա՞վ: Հանկարծ սառը չընդունես, ես նրան սիրում եմ, եղա՞վ պապ ջան:
- Քեզ դեռ շուտ է նման բաներով տարվելը, ի՞սկ ինստիտուտը…
- Պապ, արդեն տասնութ եմ, մոռանո՞ւմ ես, ես քեզ մենակ չեմ թողնի ինչ էլ լինի:
- Լավ, լավ, գնա: Հետո կխոսենք:
Բժիշկն աթոռն ավելի մոտեցրեց մահճակալին:
- Չգիտեմ ինչպես սկսել, դժվարանում եմ:
- Ի՞նչ որ բան կարգին չէ, ի՞նչ է կարող է քաղցկեղ եմ, կամ ավելի վատ…
- Հիմար բաներ ես ասում, լավ, միանգամից հեշտ կլինի:
Ինձ խնդրանքով դիմել է մի կին, հասկանո՞ւմ ես, որպես միջնորդի, որ ես կազմակերպեմ ձեր հանդիպումը, այստեղ, հիվանդասենյակում, դե ասենք իմ՝ որպես բժշկի ներկայությամբ, եթե հանկարծ քեզ վատ զգաս…
- Կի՞ն, իսկ ինչո՞ւ պետք է վատ զգամ, չեմ հասկանում:
- Նա ներկայացավ որպես քո կին, նեխկին կին թե՞… չգիտեմ, անունն  Արևիկ է:
Տղամարդը փորձեց վեր կենալ:
Երեսը կարմրեց ձգումներից, զգաց որ շունչը կտրվում է:
- Հանգիստ, արտառոց ոչինչ չկա, եթե չես ցանականում, խնդիր չէ, բայց լսիր ծերուկիս, միևնույն է, եթե նա իրոք քո կինն է անպայման քեզ կհանդիպի, իսկ Արմինե՞ն, գիտե նրա գոյության մասին:

Վատ հիշողությունը փտած ծառի փչակում նեխող մածուցիկ մի հեղուկ է, որից գալիս է անտանելի վատ հոտ, հաճախ նույնիսկ մահվան հոտ, վիրավորանքի հոտ, նսեմացված լինելու մի տհաճ համ, որից անպայման սիրտդ խառնելու է, խառնելով հիշողությունդ ու պայթելով մարմնիդ մեջ ցիրուցան է անելու ներկադ ու նորից գցելու անցյալի մոխրագույն թևերին:
Տասնչորս տարի…
Ամեն անգամ տեսնել դստերդ դեմքին վստահ ժպիտը ու մտածել գունաթափ գույների ներքո, լսել աղջկադ ծիծաղը խառնված տոնայնությամբ ու մտածել, որ զրկված մայրական փաղաքշանքից, ի՞նչ կամքի ուժ ունի, ի՞նչ ներաշխարհ, որ ոչ մի անգամ իմաստալից տարիքում չհարցրեց թե որտե՞ղ է մայրը, որտե՞ղ գտնել…

Բժիշկը շարժական վարագույրները բացեց, հաճելի ու ցանկալի արևը լցվեց սենյակ:
Դեմքի մկաններից ոչ մեկը չշարժվեց:
Ատամների արանքից արտասանեց:
- Թող գա, միայն մինչև Արմենուհու գալը:

Օտար քայլվածքը մոտեցավ մահճակալին:
Նայեց երկար, սպասո՞ւմ էր, թե՞ խոսքեր չէր գտնում:
- Չե՛ս փոխվել:
Տղամարդը բռնեց կնոջ ձեռքը, հետո միանգամից ետ քաշեց:
- Ուզում եմ լաց լինել, չի ստացվում: Սիրտս քար է կամ մեկ ուրիշ բան:
Բժիշկը վեր կացավ աթոռից:
- Ձեզ մենակ թողնեմ, ամեն ինչ լավ է: Չէի սպասում:
- Ոչինչ մի ասա, ինձ հետաքրքիր չէ, միայն ասեմ, որ եթե քո լացը չի գալիս ես արդեն չեմ դիմանում, ու չեմ էլ ամաչում իմ արցունքների համար:
Տղամարդը լաց էր լինում: Դա կարող էր երկար շատ երկար տևել, քանի որ պետք էր լաց լինել այն տասնչորս տարվա համար, որ հոգին չէր սպասել, իսկ աչքերը միշտ դեպի դուռն են եղել՝ այն դուռը որով հեռացավ նա:
- Նախանձում եմ քեզ, լալիս ես: Ես համարյա մահացած եմ: Հանուն մեր անցյալի, թույլ տուր հանդիպել Արմենուհուն, ես ձեզ չեմ խանգարի, ես կհեռանամ, բավական է քո մի խոսքը, բայց աղաչում եմ քեզ:
Կինը ծնկեց ամուսնու մահճակալի մոտ, գլուխը դրեց անկողնուն:
Չէր լալիս ու տարօրինակը դա էր:
- Վեր կաց, թե չէ կստիպես ինձ վեր կենալու: Նույն գեղեցկուհին ես, միայն տխուր աչքերով:
- Քո ռոմանտիզմն անփոփոխ է, - փորձեց ժպտալ, հիվանդի մոտ դատարկաձեռն չեն գալիս ես քեզ նվեր եմ բերել:
- Ինձ ոչինչ պետք չէ:
- Ինձ է պետք:
Արևիկը պայուսակից հանեց ու մեկնեց մի սպիտակ երկծալ թուղթ:
- Սա ի՞նչ է սիրո խոստովանություն:
- Ոչ, բաց արա կտեսնես:
Թուղթը դատարկ էր Արևիկի աչքերի նման:
- Պատռիր խնդրեմ, սկսե՞նք նորից:
Չհասկացավ ինչու սկսեց նյարդայնացած պատռել թուղթը, վերածելով բազմաթիվ կտորների:
Կնոջ աչքերի անտարբերությունը չփոխվեց, միգուցե սպասում էր նման վերջաբանի:
- Ես հասկացա, որ դժվար էր պատռելը, դու այն ավտոմատ արեցիր, ես այլ բան էի սպասում, կներես:
- Ոչ, հեշտ էր, ես արեցի ինչ ցանկացար, իսկ հիմա հավաքիր ու կպցրու բոլոր կտորները, վերականգնիր թուղթը, կարո՞ղ ես: Սոսնձված բազմաթիվ տեղեր կմնան, որոնք մեզ հետագայում շատ են խանգարելու, ստիպելու են անընդհատ սայթաքել, ընկնել, նորից բարձրանալ ու նորից ընկնել:
Ես իմ կողմից քեզ ներեցի:
Իսկ ինքդ քեզ ներո՞ւմ ես:
Տղամարդը փակեց աչքերը:
Արևիկն արագ վեր կացավ աթոռից ու դուրս փախավ հիվանդասենյակից:
Միջանցքում սկսվեց այնքան երկար ժամանակ սպասված լացը:

Սկզբից դռան բացվածքում երևաց Արմենուհու չարաճճի գլուխը:
- Պա՞պ, քնա՞ծ ես:
- Ոչ, արի: Գիտեմ, որ մենակ չես: Ներս եկեք:
- Գոռն է պապ, ծանոթացեք:
- Գոռ մոտ արի, ես հիմա վեր կենամ մի լավ ծանոթանանք:
- Ոչ ավելի լավ է պառկեք, այդպես ավելի անվտանգ է:
Ծիծաղեցին երեքով: Ծիծաղն անքան բարձ էր, որ դռանը մոտեցած Արևիկը ողջ մարմնով դողաց:
- Դե Գոռ, ասա տեսնեմ ինչո՞վ կամ ումո՞վ ես կարողացել գրավել աղջկաս սիրտը, Տերյա՞ն, Սևա՞կ, Բոդլե՞ր կարդալով, թե…
- Ոչ, հիմա աղջիկներին հետաքրքրում են ուրիշ անուններ:
- Օրինակ:
- «БМВ Х5» , «Պորշ Կայեն» կամ  «Լենդ Կրաուզեր»…
- Քոնը դրանցից որն է:
- Ոչ մեկը, ես դեռ ուսանող եմ:
- Պապ, լավ էլի, մի սկսիր:
- Արմենուհի, ճիշտ է ժամանակը չէ, բայց լուրջ բան պետք է ասեմ, չընդհատես ինձ, խնդրում եմ: Գոռ ջան մի հինգ րոպեով…:
Դռների մեջ հանդիպեցին Գոռն ու Արևիկը:
Արմենուհու հորը խանդող աչքերը հանդիպեցին Արևիկի լացակումած աչքերին:
- Պա՞պ, ի՞նչ է կատարվում, ո՞վ է այս կինը:
- Ես քո մայրն եմ, չես հիշո՞ւմ ինձ, Արմենուհի, - ձեռքերը պարզեց ու մոտեցավ գրկելու, բայց աղջկա ձեռքերը կոպիտ հեռացրեցին նրան:
- Ինձ չկպչես, իմ և մայրը և հայրը նա է: Իմ և մայրը և հայրը տատիկս է, ու դուրս արի սենյակից քանի դեռ չի եկել:
- Տատիկդ էլ կին է, նա ինձ կհասկանա, - Արևիկը մի վերջին փորձ արեց:
- Արմենուհի ջան, ես ներել եմ նրան:
- Պապ, դա քո գործն է: Ես չեմ ներել, չեմ էլ ների, իզուր փորձեր են: Իսկ տատիկս թուլամորթ տղամարդ չէ, որ ների, նա մեր տան արևն է:
Ներս մտավ Գոռը:
- Արմենուհի, ես ամեն ինչ լսեցի, քեզ ի՞նչ եղավ, հանգստացիր, մարդ իրավունք ունի վերջին փորձի:
- Ի՞նչ, ուրեմն լսիր, դու էլ նա էլ դուրս սենյակից, չեմ ուզում ձեզ տեսնել: Դուրս:
Մնացին հայր ու դուստր:
Արմինեն նստեց մահճակալին, գրկեց հորն ու սկսեց համբուրել:
- Ես քեզ ոչ մեկին չեմ տա, դու իմն ես, բարի ու զիճող: Պապ ջան, ես սիրում եմ քեզ:
Երբ տատիկը մտավ, հայր ու աղջիկ գրկախառնված լաց էին լինում:

* * *
Արևը տանել չի կարողանում տղամարդու լացը:
Երբ լաց լինող տղամարդու մեջ է մտնում, զգում է, որ անզոր է, ոչինչ չի կարող անել, չի կարող պայքարել , դա մի ուրիշ անհասկանալի աշխարհ է, որտեղ ինքն իրոք անզոր է ու անօգնական հեռանում է…






Комментариев нет: