понедельник, 28 апреля 2014 г.

Քամին ու կակաչը




Քամին հայկական էր՝ տաք, կրքոտ, միայնակ ու քթի տակ երգելով երգ Երեքնուկի մասին, թափառում էր սարերում:
Քաղաքում անելու գործ չուներ, քաղաքը հանգիստ չէր սարերի ու սարալանջերի նման, որտեղ կարելի է հանգիստ, առանց շտապելու վայելել անդորրը…
Քամին հայկական էր, սառը, տխուր ու թևերին բարձած կրքի ուղեբեռը, շարունակում էր քթի տակ երգել այն Երեքնուկի մասին:
Քաղաքում անելու բան չուներ, եթե ինչ որ բան գտներ մխիթարվելու ապա դա լինելու էր այստեղ՝ սարերում կամ սարալանջերին:
Պատահականությունը Տիեզերքի կեղծանունն է ու հենց դա էր պատճառը, որ ընդհատվեց քամու երգը, երբ երեքնուկի փոխարեն հանդիպեց մի կակաչի:
Կակաչը կոկետ էր ու սև քրթը դուրս հանած կարմիր զգեստների միջից հոտոտեց քամուն…
Նա սիրում էր շոգ ամառը, ամպրոպը, գիշերը:
Տարօրինակ է, բայց սիրում էր նաև խուճուճ ու գորշ ամպերին:
Կակաչի երազանքն էր թռչել ու գնալ հեռու հեռվում երևացող սարերի գագաթների նստել, նայել վերևից անտառին ու ամառվա տապին շնչել սարերի ցուրտ օդը:
Կակաչն ուներ բոլոր երազանքները սիրելու ու սիրվելու:
Սիրահարվեց ինչը որ բնական էր… քամու համար, նաև կակաչի…
Քամին սկսեց նուրբ շոյել կակաչին, կակաչն էլ հոգնել էր վաղուց միայնակ մնալուց ու սկսեց պատասխանել քամու շոյանքներին, որն արտահայտվում էր իր գույնով ու բույրով:
Քամին սովորեց նրա պատասխաններին ու մտածեց, որ եթե նրան ավելի ուժեղ շոյի, սիրի, ապա ավելին կստանա նրանից:
Քամին ուժեղ մի վայրենի փնչոցով ընկավ նուրբ ու փխրուն ծաղիկի վրա:
Կակաչը չդիմացավ քամու կրքին ու կոտրվեց:
Քամին պտտվում էր նրա շուրջը, լաց լինում, աղոթում, օգնության էր կանչում ինչ որ երկնային ուժերի, շնչում էր ավելի նուրբ, գերնուրբ շնչով, որը չգիտես ինչու պահել էր իր մեջ, բայց կակաչին բարձրացնել չէր հաջողվում:
Վայրկյան առ վայրկյան թոռոմում էր գեղեցիկ ծաղիկը:
Կատաղությունից քամին բղավեց հայերեն.
- Ես քեզ տվեցի սիրո ամենամեծ ուժը, որ կար իմ մեջ, բայց սխալվեցի, քո մեջ չկար այն սիրո ուժը, որը կարող էր դիմանալ ինձ, դու ինձ չսիրեցիր…
Կակաչը ոչինչ չպատասխանեց ու մահացավ:
Լուսինը բարկությունից կարմրած ձգվեց ու ձեռքը դնելով քամու ուսին ատամների արանքիս ասաց:
- Սերը չի չափվում ուժգնության ու կրքի չափով, այլ նրբությամբ ու հուզումնալից հարաբերությամբ, ավելի լավ է զսպեիր քեզ, իսկ հիմա կորիր աչքիս…

Քամին մինչ օրս գլխիկոր փնտրում է…
Երբ հոգնում է փնտրելուց կատաղում է…
Հանգստանում է, նորից է փնտրում…
Նորից կատաղում…

Ս.Ումառ

Комментариев нет: