понедельник, 28 апреля 2014 г.

Ինքնախաբեություն



«Ինքնախաբեություն» բառը փոխեցի
«Ազատություն» բառով…
Ու սլանում եմ  մետրոյի շարժասանդուղքով,
Այն միայն իջնում է,
Բարձրացողը չի աշխատում…
Ինչպես խաղամ - վեր ու վար…
Ցուրտ է, մրսում եմ,
Փորձում եմ ձեռքերս տաքացնել շնչովս,
Ստացվում է, բայց դրանիս սիրտս ավելի է մրսում…
Սիրտս տաքացնելու համար չեմ կարողանում ասել
«Տաքացրու»…
«Ինքնախաբեություն» բառը փոխել եմ
«Ազատություն» բառով …

Դեղատուն-Հայացք

-Մենք-
Երկար ժամանակ է հանդիպում ենք…
միայն հայացքներով:
Ժպտում ենք իրար, ու … անցնում:
Պակասում է ինչ որ բան, ոչ ես, ոչ Նա
Չենք հասկանում…
Օգնության է հասնում դեղատունը:
«Դե ասա, ի՞նչ ես ուզում», մտքում հարցնում է Նա:
Նա Կին է, ուժեղ ինչպես փոթորիկը…
Սպիտակ խալաթի մեջ Նա ավելի գեղեցիկ է քան փողոցում:
Փոթորիկները սպիտա՞կ են լինում…
Ես ժպտում եմ, Նա ժպտում է…
ու նորից մենք հանդիպում ենք հայացքով…

-Ես-
Օգնության է հասնում դեղատունը:
Նորից նայում ենք իրար…
Այնքան մոտիկ ենք իրար, որ կորցնում ենք
թաքնված մտքերի Հսկողությունը:
Երկուսիս աչքերն էլ փայլում են…
Առանց իրար հետ համաձայնության նայում ենք
Դռանը, որտեղից մարդ չի մտնում ներս,
գիշերը գեղեցիկ է Նրա նման:
Ուշ է… դեղատունն էլ գիշերային:
Ես…
Նա…
Շրջապատը կախարդական է ու…
Ուժեղը նա է…
- Քեզ սա կփրկի, վերցրո՛ւ, գուցե և ինձ…
Ձեռքերս այրում է այդ թղթի կտորը
Սեղմած կրծքիս դուրս եմ փախչում դեղատնից:

- Ես-
Հանգցնում եմ տանս բոլոր լույսերը
Վառում եմ մի մոմ – ռոմանտիկ,
Սափրվում եմ մոմի տակ, նստում
Գրասեղանիս մոտ ու վերջապես
Բացում եմ ծալած թղթի կտորը…
Հանդիպել էինք հայացքներով ես և Նա…
Ոչինչ չեմ հասկանում, աչքերս կարդալ չգիտեն,
Նրա ձեռքերն էլ գրել չգիտեն…

-Նա-
Նա գուցե կարդալ չգիտի, նա սպասել գիտի,
Նա գիտի հայացքով պատմել
Թե ինչպես է սիրում:
Նա թույլ է, տղամարդ,
Երկչոտ է, բայց…
Ինչքան կարելի է սպասել, բոլոր վառած մոմերս
Արդեն վերջանում են,
Գրողի ծոցը այդ դեղատունն էլ, աշխարհն էլ,
Գրողի ծոցն էլ այս զգեստը, որ հագա որը
Չունի սկիզբ, որը չունի վերջ…
Գրողի ծոցը նա ով հնարել է մենակությունը…
Բայց ինչո՞ւ մենակ, մի՞գուցե կգա…
Կգա՜…
Կսպասեմ, Նա ուղղակի ուշանում է…

-Վերջաբան-
Վազք աստիճաններով
Չէ որ առավոտ է,
Սլացք ավտոբուսով, ուշանում եմ…
Մեկ ուրիշ դեղատուն, Նա չէ իհարկե:
Նա չի կարող լինել միաժամանակ բոլոր
Դեղատներում:
Մի հաստ ակնոց է նայում դեմքիս
- Ձեզ ի՞նչ է հարկավոր:
- Սա, չկարողացա կարդալ, բժշկի ձեռագիր է:
Ակնոցը կարդաց գրածը, հետո դուրս եկավ դեմքից
Ու թառեց գլխի վրա:
- Երիտասարդ, սա դեղատուն է ոչ թե կատակատուն:
- Իսկ ի՞նչ է գրված, չկարողացա կարդալ, բժշկի ձեռագիր է:
Հայացքը երկար է, հարթ մակերեսով, այնպիսի հայացք
Որ շոյել չի լինի,
Փախչել չի լինի,
Պետք է դիմանալ:
Դիմանալ, դիմանալ մինչև որ կբացվեն զոդված
Շուրթերը ու դեղի անունը նետի արագությամբ
Կխրվի ականջս, կլցվի սիրտս ու…
- Այստեղ հասցե է, Փափազյան 24, բն. 8:




Комментариев нет: